Կոլոկոլ
Կոլոկոլ (ռուս.՝ «Колокол», «Հնչակ»), ռուսական հեղափոխական առաջին թերթը։ Հրատարակել են Ալեքսանդր Գերցենը և Նիկոլայ Օգարյովը 1857-1865 թվականներին՝ Լոնդոնում, 1865-1867 թվականներին՝ Ժնևում (սկզբում որպես «Պոլյարնայա զվեզդա» տարեգրքի հավելյալ թերթիկ)։
Կոլոկոլ ռուս.՝ Колокол | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | ռուսերեն և ֆրանսերեն |
Հիմնադրվել է | 1857 |
Հրատարակիչ | Free Russian Press? |
Սեփականատեր | Ալեքսանդր Գերցեն և Նիկոլայ Օգարյով |
Գրասենյակ | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Ժնև, Շվեյցարիա |
Լուծարվել է | հուլիսի 1, 1867 |
Kolokol Վիքիպահեստում |
«Կոլոկոլ»-ի ծրագիրը նախատեսում էր «գյուղացիության ազատագրում» և «համայնքային հողատիրություն, գրաքննության և մարմնական պատիժների վերացում»։
Տպագրել է Գերցենի և Օգարյովի ռեֆորմին դեմ արտահայտվող հոդվածներ, թռուցիկներ, ռուսական հեղափոխական ընդհատակի փաստաթղթեր։ Խմբագրության կապը ռուսական հեղափոխական մտավորականության հետ նպաստեց վերջինիս համախմբմանն ու «Զեմլյա ի վոլյա» գաղտնի ընկերության ստեղծմանը։
«Կոլոկոլ»-ի թղթակիցներից և տարածողներից են եղել Նիկոլայ Դոբրոլյուբովը, Ն. Սերնո-Սոլովևիչը, Մ. Միխայլովը, դեկաբրիստներ, գրողներ (Ի. Ակսակով, Յ. Սամարիկ, Ա. Կոշելև, Իվան Տուրգենև), հեղափոխական վտարանդիներ։ 1867-1869 թվականներին հրատարակվել են. «Колокол. Прибавочный лист к первому десятилетию», «Колокол. Pyccкoe прибавление» (6 համար) և «Supplement du Kolokol» ֆրանսերեն։
1870 թվականին Օգարյովը և Ս. Նեչաևը լույս են ընծայել «Կոլոկոլ»-ի ևս 6 համար, որոնք զգալիորեն տարբերվում էին գերցենյան «Կոլոկոլ»-ից։
Թերթն անդրադարձել է նաև Թուրքիայում ապրող հայերի վիճակին։ Միքայել Նալբանդյանը բարեկամական կապեր է ունեցել «Կոլոկոլ»-ի շուրջ համախմբված ռուս հեղափոխական դեմոկրատների հետ (Գերցեն, Օգարյով, Բակունին, Սերնո-Սոլովևիչ և ուրիշներ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 514)։ |