Սասունի հերոսամարտ (1894)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասունի հերոսամարտ (այլ կիրառումներ)
Սասունի հերոսամարտ 1894 թվական, Սասունի հայերի զինված ելույթն ընդդեմ թուրքական բռնապետության։ 19-րդ դարի 90-ական թվականներին թուրք իշխանությունները որոշել են վերացնել Սասունում հայերի դեռևս գոյատևող կիսանկախ վիճակը։ Սասուն արշավելու պատրվակ ունենալու համար թուրքական կառավարությունը հրահրել է հայ-քրդական ընդհարումներ։
Սասունի հերոսամարտեր | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Համիդյան կոտորածներ | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Հայ Հայդուկներ |
Օսմանյան կայսրություն | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Միհրան Տամատյան Համբարձում Պոյաջյան Գևորգ Չաուշ Հրայր Դժոխք |
Զեքին փաշա Օսման փաշա | ||||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||||
մոտ 25.000 | Մի քանի հազար | ||||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||||
մոտ 10.000 | Ծանր |
1891-ին, 1892-ին, 1893-ին, և 1894-ի գարնանը սասունցիները մի քանի անգամ պարտության են մատնել հարձակվող թուրք, կանոնավոր զորքին ու քրդական խաժամուժին։ 1894-ին թուրք, կառավարությունը վճռական միջոցներ է ձեռնարկել Սասունն ընկճելու համար։ Սասունի շուրջն ստեղծվել է ռազմական գոտի և հայտարարվել պատերազմական վիճակ, զորքերի ընդհանուր ղեկավարությունը հանձնըվել է 4-րդ բանակի հրամանատար Զեքի փաշային։ Նրա տրամադրության տակ եղած 12 հազար թուրք զինվորներից բացի Դիարբեքիրից Սասուն են բերվել Օսման փաշայի հետևակային կորպուսը (3 հազար զինվոր), Երզնկայից ու Մուշից՝ հեծելազորային երկու գունդ, Կարինի (Էրզրում) 26-րդ հետևակային գունդը և կանոնավոր այլ ուժեր, որոնց միացել են մի քանի տասնյակ հազար քուրդ և թուրք բաշիբոզուկներ։
Թուրքական և քրդական հարձակումներին դիմակայելու համար սասունցիները Մեծն Մուրադի (Համբարձում Պոյաճյան) գլխավորությամբ նախապատրաստվել են ինքնապաշտպանության։ Թուրքերը գլխավոր հարվածը հասցրել են հյուսիսից՝ Շենիկ և Սեմալ գյուղերի շրջանում, սակայն, զգալի կորուստներ կրելով, նահանջել են։ Անհաջողության են մատնվել նաև օգոստոսի սկզբին Շենիկի և Սեմալի ուղղությամբ հարձակվելիս։ Օգոստոսի 3-ին թուրքական ուժերը ներխուժել են Շատախ, որի բնակիչները ծանր մարտերով հետ են քաշվել Գելիեգուզան, այնուհետև՝ Անդոկ լեռան բարձունքները։ Թշնամու գերակշիռ ուժերը պաշարել են լեռը և օգոստոսի 13-ին անցել հարձակման։ Դիմադրելով մինչև օգոստոսի 27-ը՝ պարենի և ռազմամթերքի պաշարները սպառած սասունցիները նահանջել են Կեփինի բարձունքներն ու Տալվորիկի կիրճերը, սակայն, ընկնելով քրդական բազմաքանակ ուժերի շրջապատման մեջ, զոհվել են անհավասար կռվում։ Տղամարդկանց հետ կողք կողքի կռվող կանայք թշնամու ձեռքը չընկնելու համար նետվել են անդունդը։ Հերոսի մահով ընկել է ազատագրական շարժման գործիչ Գրգոն (Գ. Մոսեսյան), գերվել են Գևորգ Չաուշը և ուրիշներ։ Թուրքական և քրդական զորքերը շարունակ հարձակվելով ավերել են 40-ից ավելի գյուղ, կոտորել անզեն հայերին (ավելի քան 10 հազար մարդ)։
Սասունի 1894 թվականի ապստամբությունը միջազգային լայն արձագանք է գտել․ աշխարհի առաջադեմ մարդիկ հանդես են եկել ի պաշտպանություն սասունցիների։ Սասունի հայերի կոտորածը այն դրդապատճառներից էր, որը հարկադրել էր Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Ռուսաստանին թուրքական կառավարությանը ներկայացնել Արևմտյան Հայաստանում Բեռլինի կոնգրեսի (1878) որոշումներից բխող բարեփոխումներ անցկացնելու ծրագիր (տես՝ «Մայիսյան բարենորոգումներ 1895»)։
1894 թվականի Սասունի կոտորածը 1894-1896 թվականների հայկական կոտորածների սկիզբն Էր։
Գրականություն
խմբագրել- Թառոյան Կ., «ժողովրդական շարժումները Սասունում», 1890-1894, Երևան, 1966։
- Саркисян Е К., Политика османского правительства в Западной Армении и державы в последней четверти XIX и начале XX вв., Е, 1972
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 202)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |