Նարոդնիկություն
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Նարոդնիկություն (ռուս.՝ народничество, народ - ժողովուրդ), ուղղություն է ռուս հասարակական շարժման մեջ, գլխավորապես տարածված է եղել 19-րդ դարի երկրորդ կեսերին (1860-ականներ և 1870-ականներ), արտահայտում էր քաղաքականապես գիտակից ինտելեգենցիայի հայացքներն ու տեսակետները, որն իր հենարանը տեսնում էր գյուղացիության մեջ։
Նարոդնիկներն ընդունում էին, որ Ռուսաստանն ընթանում է զարգացման ինքնուրույն ուղիով, որը տարբեր է Արևմուտքի զարգացման ուղղուց, և որ Ռուսաստանում շնորհիվ այն հանգամանքի, որն հողն օգտագործվում է համայնական ձևով («հողային օբշչինա» ― հողը կազմում է համայնքի բոլոր անդամների կոլլեկտիվ սեփականությունը և միայն ժամանակավորապես է տրվում առանձին անհատներին օգտագործելու) ― հնարավոր կլինի անմիջականապես անցնել ագրարային սոցիալիզմին՝ առանց անցկենալու կապիտալիստական զարգացման ստադիան։ 20-րդ դարի սկզբին Նարոդնիկությունը վերածնվեց եսերների, տրուդովիկների, ժողովրդական սոցիալիստների կուսակցությունների ծրագրերում։
1870—1880-ական թվականներին Մոսկվայի և Պետերբուրգի նարոդնիկական խմբակների անդամ են եղել Ս․ Ղարդաշյանը, ով հայտնի էր Կարդաշե անվամբ, Կոստանդին Մամիկոնյանը, ով գործուն մասնակցություն է ունեցել «Զեմլյա ի վոլյա» նարոդնիկական օրգանի հրատարակմանն ու տարածմանը, սակայն 1880 թվականին աքսորվել է Սիբիր, Պավել Արղությանը, ով Մոսկվայի նարոդովոլյան խմբակի անդամ էր և բանտարկվել ու աքսորվել է Թիֆլիս, Գրիգոր Արազյանը, ով 1884 թվականին բանտարկվել է և մեկ տարի անց մահացել բանտում, Թամար Ադամյանը, Դավիթ Այվազյանը, ով փորձել է զինված հարձակումով Մոսկվայի բանտից ազատել մի խումբ նարոդնիկների և բանտարկվել է ու աքսորվել, Օ․ Քանանյանը, ով Պետերբուրգում ստեղծված «Կովկասցիներ» նարոդնիկական խմբակի ղեկավարներից էր, Պ․Թելալյանը և ուրիշներ։ Տագանրոգի, Դոնի Ռոստովի, Նոր Նախիջևանի նարոդնիկական խմբակներում գործել են Սերոբ և Պետրոս Պեշկերով եղբայրները, Եկատերինա Ռաֆաիլովան, Մելքոն Կայալովը, Ուլյանա Ասվադուրովան, Գեորգի խոջաևը և ուրիշներ, որոնք տարածել են ընդհատակյա գրականություն, ուսանողների, բանվորների և գյուղացիների մեջ քարոզել հակացարական գաղափարներ։ Նրանց մեծ մասը բանտարկվել է և աքսորվել. 1870—1880-ական թվականներին Անդրկովկասում՝ Թիֆլիսում, Բութայիսում, ստեղծվել են ինտերնացիոնալ կազմ ունեցող նարոդնիկական խմբակներ, որոնք սերտ կապեր են ունեցել «Զեմլյա ի վոլյա» և «Նարոդնայա վոլյա» կենտրոնական կազմակերպությունների հետ և զգալի աշխատանք կատարել Անդրկովկասում հեղափոխական գաղափարներ տարածելու ուղղությամբ։
Թիֆլիսի նարոդնիկական խմբակների գործունեությանը մասնակցել են Գրիգոր և Սմբատ Տեր-Գրիգորյանները, Նիկոլայ Ալիխանյանը, Արշակ և Օլգա Սաֆարյանները, Ալեքսանդր Վերմիշևը, Հովհաննես Լորիս-Մելիքյանը, Հակոբ Քոչարյանը և ուրիշներ։ 1880-ական թվականների սկզբին, Պետերբուրգում, Խարկովում, Դոնի Ռոստովում և Օդեսայում ծավալած իր գործունեությամբ առանձնապես աչքի է ընկել «Նարոդնայա վոլյա»-ի ականավոր գործիչներից մեկը՝ Հովհաննես Մանուչարյանը։ Ռուս, նարոդնիկական շարժումը խոր ազդեցություն է գործել ժամանակի հայ առաջադեմ մտավորականության վրա։ Մոսկվայում հայ ուսանողները ռուս նարոդնիկների օրինակով հիմնել են «Հայրենասերների միություն» գաղտնի խմբակը։ Վերջինիս անդամներն էին Ն․ Աբեյանը, Դավիթ Ներսիսյանը, Թամար Ադամյանը, Միքայել Զալյանը և ուրիշներ։ 1882 թվականի վերջին Թիֆլիսում ստեղծվել է համանման մի այլ ընդհատակյա խմբակ, որի կազմում էին Գաբո Միրզոյանը, Կոստանդին Մելիքյանը, Քրիստափոր Միքայելյանը, Ալեքսանդր Պետրոսյանը, Գևորգ Ղարաշյանը։ Այս խմբակները ինքնատիպ նարոդնիկական կազմակերպություններ էին, քարոզում էին ինչպես ռուս նարոդնիկության, այնպես էլ հայ ազատագրական շարժման գաղափարներ։ Նարոդնիկության ազդեցությունը կրեցին նաև հայկական այլ քաղաքական կազմակերպություններ, այդ թվում՝ հնչակյան կուսակցությունը։ 1880-ական թվականների վերջին, երբ հեղափոխական նարոդնիկությունը վերասերվեց լիբերալ նարոդնիկության, հայ նարոդնիկների զգալի մասն անցավ ազգային կազմակերպությունների ու կուսակցությունների շարքերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 207)։ |