Փարամազ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարամազ (այլ կիրառումներ)
Փարամազ (Մատթեոս Սարգիսյան, 1863[1][2], Մեղրի[2] - հունիսի 2 (15), 1915, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2]), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ։
Փարամազ | |
---|---|
Ծնվել է | 1863[1][2] |
Ծննդավայր | Մեղրի[2] |
Մահացել է | հունիսի 2 (15), 1915 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան (1883)[2] |
Մասնագիտություն | քաղաքական ակտիվիստ, ուսուցիչ և գրող |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն |
Անդամություն | Հայ ֆիդայիներ |
Paramaz Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՓարամազ ծնվել է Մեղրիում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1878-1883 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1884 թվականից զբաղվել է ուսուցչությամբ Նախիջևանում, ապա տեղափոխվել է Ճահուկ, այնուհետև՝ Արդաբիլ։ 1897 թվականին իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբակալվել է։ Դատի ժամանակ արտասանած ճառում խիստ քննադատության է ենթարկել հայկական կոտորածները կազմակերպած թուրքական կառավարությանը։ Դատարանի կողմից դատապարտվել է մահվան։ Բայց Վանի ռուսական փոխհյուպատոսի միջնորդությամբ ազատվել է կալանքից և ուղարկվել Կովկաս։ 1903 թվականին, երբ ռուսական իշխանությունները սկսել են իրագործել 1903 թվականի հունիսի 12-ի հայկական եկեղեցական կալվածքների բռնագրավման մասին օրենքը՝ Փարամազը կազմակերպել է Կովկասի փոխարքա Գոլիցինի ահաբեկումը։ 1905-1906 թվականների հայ-թաթարական բախումների ժամանակ Փարամազը հայերին և Կովկասի թաթարներին կոչ է արել վերջ տալ ցարական կառավարության և թուրք լրտեսների կազմակերպած կոտորածներին։ 1908 թվականին երիտթուրքերի հեղաշրջումից հետո անցել է Թուրքիա և Արևմտյան Հայաստան, քարոզել Օսմանյան կայսրությունում ապրող ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու գաղափարը։ Հետագայում անվստահություն է հայտնել երիտթուրքերի նկատմամբ, նրանց անվանել «հայոց դահիճներ»՝ կանխատեսելով նրանց հայաջինջ քաղաքականությունը։ Հեղինակել է պիեսներ, հայկական մամուլում հանդես եկել հոդվածներով։ 1914 թվականի հուլիսի 14-ին թուրքական իշխանությունների կողմից հնչակյանների ձերբակալությունների ժամանակ բանտարկվել է նաև Փարամազը և ամիսներ տևած դատավարությունից հետո 19 հոգու հետ կախաղան բարձացվել Կ. Պոլսում[3]։
Հիշատակ
խմբագրել2001 թվականին ծննդավայրում կանգնեցվել է Փարամազի հուշարձանը։ Մեղրիի փողոցներից մեկը կոչվում է նրա անունով։
Երկեր
խմբագրել- Երկերի ժողովածու, Ե., 1992։
Գրականություն
խմբագրել- Հայկազ Պողոսյան, Փարամազ, Երևան, 1992։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարամազ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 223)։ |