Սուրեն Նազարյան

հայ քանդակագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Բենիամինի Նազարյան (հուլիսի 30, 1929(1929-07-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 15, 1999(1999-01-15), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1980

Սուրեն Նազարյան
Ծնվել էհուլիսի 30, 1929(1929-07-30)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունվարի 15, 1999(1999-01-15) (69 տարեկան)
Վախճանի վայրըԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1957)[1] և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ և դասախոս
ԱշխատավայրՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
ԵրեխաներԱրշակ Նազարյան և Արա Նազարյան
 Suren Nazaryan Վիքիպահեստում

Քանդակագործ Արշակ և պետական գործիչ Արա Նազարյանների հայրն է։

Կենսագրություն

խմբագրել

1947-1951 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործություն բաժինը, ուր դասավանդել է 1969-1974 թվականներին, (1957-1973 թվականներին՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում)։ Նա կրթել և իր փորձն է փոխանցել տաղանդավոր արվեստագետների մի քանի սերունդների՝ Երվանդ Գոջաբաշյան, Արա Շիրազ, Յուրի Պետրոսյան և ուրիշներ։

Ստեղծագործական գործունեություն

խմբագրել

1957 թվականին ուսումն ավարտելուց հետո մասնակցել է հանրապետական և համամիութենական բազմաթիվ ցուցահանդեսների՝ ստեղծելով թեմատիկ կոմպոզիցիոն աշխատանքներ, որոնցից «Քաղաքական բանտարկյալներ» անվանումը կրող բազմաֆիգուր կոմպոզիցիան 1959 թվականին մշտական ցուցադրության է դրվում Երևանի Հեղափոխության թանգարանում։

Վազգեն Առաջինի պատվերով իրականացնում է «Հայկական եկեղեցիներ» հարթաքանդակների շարքն ամենայն հայոց կաթողիկոսի վեհարանում։ Սուրեն Նազարյանը իրեն դրսևորելով մոնումենտալ քանդակագործության ասպարեզում՝ դառնում է մի շարք բարձրարվեստ հուշարձանների հեղինակ։

Սուրեն Նազարյանը մոնումենտալ քանդակագործության լավագույն վարպետներից է։ Կերպարի ճշմարտացի մեկնաբանմանը Սուրեն Նազարյանը հասնում է առաջին հերթին անհատական վառ երևակայության և բարձր վարպետության շնորհիվ։

Սիմվոլիկ արտահայտչաձևերը, ծավալները, Նազարյանին հատուկ մոնումենտալ ընդհանրացումները, ընդգծված ներքին դինամիզմը նրա ստեղծագործությունները դարձնում են տպավորիչ և անկրկնելի։

 
Սուրեն Նազարյանին նվիրված հուշաքար համանուն զբոսայգում
 
Սուրեն Նազարյանի հուշաքարը, գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում, Վահրամ Փափազյան փողոցում, որտեղ 1969-1991 թթ. ապրել և ստեղծագործել է ժողովրդական նկարիչը

Լավագույն աշխատանքներից են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասենյակի քանդակազարդ ձևավորումները (1964, ֆելզիտ, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան), Ֆրիկի հուշարձանը Մատենադարանի առջև (բազալտ, 1967), «Բերքի տոն» (բրոնզ, 1967), Չարենցավան քաղաքի մուտքի հուշակոթողը (կոփածո պղինձ, ֆիլզիտ, 1970, համահեղինակ է Թերեզա Միրզոյան), Հայրենական պատերազմում զոհված մարտիկների հուշարձան Ղազախստանի Տեմիրթաու քաղաքում (կոփածո պղինձ, 1974), Գայի հուշարձանը Երևանում (բրոնզ, գրանիտ, բազալտ, 1977, ճարտարապետ Սարգիս Գուրզադյան), ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի հուշահամալիրը Սանահինում (բրոնզ, գրանիտ, բազալտ, 1982, ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան), Հայրենական պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հաղթանակի կոթողն ու քանդակաշարը (1985, բրոնզ, գրանիտ, բազալտ, ճարտ ՝ Գարրի Ռաշիդյան, Երևան), «Ավետում» հարթաքանդակը (1986, տուֆ, ճարտ.՝ Գարրի Ռաշիդյան, Էջմիածնի կենտրոնական փոստատուն), «Թռիչք» բարձրաքանդակային պաննոն (1987, տուֆ, Սամարայի մետրոպոլիտենի «Պոլյոտ» կայարան)։

1961 թվականից մասնակցել է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։ Ստեղծագործել է նաև հաստոցային քանդակագործության բնագավառում, հեղինակ է մի շարք դիմաքանդակների՝ «Վիլյամ Շեքսպիր» (1985, մարմար, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն), «Ջուզեպպե Վերդի» (1986, բրոնզ, Անդրկովկասյան բիենալեի արծաթե մեդալ՝ 1986, Թբիլիսի, Հայաստանի մշակույթի նախարարության սեփականություն

Սուրեն Նազարյանը երկար տարիներ աշխատելով ՀԽՍՀ նկարիչների միության վարչությունում՝ զբաղեցրել է նկարիչների միության պատասխանատու քարտուղարի պաշտոնը, ինչպես նաև ղեկավարել է գեղարվեստական խորհուրդը։

Պարգևատրվել է կառավարական պարգևներով, որոնցից են՝ «Քաջարի Աշխատանքի համար» մեդալը (1970), Գերագույն Խորհրդի նախագահի պատվոգիրը (1981)։ Արժանացել է Արվեստի վաստակավոր գործչի, հետագայում Հայաստանի ժողովրդական նկարչի կոչումներին։

Կյանքի վերջին տարիներն անց է կացրել ԱՄՆ-ում՝ մեծ փափագ ունենալով իրականացնել 1988 թվականին մրցանակաբաշխությամբ շահած Երևանի Հանրապետության հրապարակի թանգարանային շենքի քանդակային ձևավորման նախագիծը։

1992 թվականից ստեղծագործել է Լոս Անջելեսում[2]։

Հիշատակ

խմբագրել

Երևանի Նոր Նորք համայնքի առաջին զանգվածի Գայի պողոտային հարող Գայի ձիարձանի հուշահամալիրի հատվածի այգին անվանվել է Սուրեն Նազարյանի անունով։

Մեջբերումներ Սուրեն Նազարյանի մասին

խմբագրել
  Սիրելի Սուրիկ, ինձ համար միշտ էլ թանկ են եղել քո մարդկային բացառիկ արժեքները՝ նաև զգացմունքներով խորունկ, համոզմունքներով աներեր, նվիրվածության մեջ անձնուրաց։ Քո տարիների տքնանքն ու ստեղծագործական ողջ երևակայությունը՝ մարմնավորված մեր ազնիվ բազալտով ու ձուլածո բրոնզով, կմնան որպես մնայուն արժեքներ գալիք ժամանակների համար...  

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Երվանդ Գոջաբաշյան, «Այսօր նա կլիներ ութսունհինգ տարեկան» («Քանդակագործ, ուսուցիչ, ընկեր» (ծննդյան 85 ամյակի առթիվ։ «Առավոտ» օրաթերթ, 2014 թ.):
  • Պողոս Հայթայան, «Նրա քանդակները դիմանում էին ժամանակի փորձությանը» (ծննդյան 85-ամյակի առթիվ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ , 2014 թ.):
  • Պողոս Հայթայան, «Սուրեն Նազարյան» («Հայ Արվեստ» ամսագիր, հ. 3-4, էջ 9-10 , 2004 թ.):
  • «Սուրեն Նազարյան» («Հայ արվեստ» ամսագիր, հ. 3-4, էջ 25-26, 2008 թ.):
  • Արմեն Առուստամյան, «Մնայուն հետք ժամանակի արվեստում» («Գարուն» ամսագիր, հ. 2-3 , էջ 34-38 , 2017 թ.) :

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 148.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Նազարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 143