Ադիբեկ Գրիգորյան
Ադիբեկ Բալաբեկի Գրիգորյան (մարտի 25, 1922, Թթուջուր, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - մարտի 16, 1996, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1972)։
Ադիբեկ Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 25, 1922 |
Ծննդավայր | Թթուջուր, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Մահացել է | մարտի 16, 1996 (73 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1951) |
Ստեղծագործություն(ներ) | Ստեփան Շահումյանի հուշարձան և Գրիգոր Տաթևացու հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Սուսաննա, Վարդան և Վահան |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ադիբեկ Բալաբեկի Գրիգորյանը ծնվել է 1922 թվականին Ապարանի շրջանի Թթուջուր գյուղում։ 9 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է բնակվելու Երևան։ Հաճախել է մայրաքաղաքի Մաքսիմ Գորկու անվան դպրոց (1930-1938) և զուգահեռ սկսել է հաճախել Պիոներ պալատի նկարչական խմբակ։ Հետագայում մասնագիտական կրթությունն ստացել է մայրաքաղաքի «Գեղարդ» ուսումնարանի գունանկարի բաժնում (1938-1942)։ Այնուհետև Հայրենական պատերազմի տարիներին ծառայել է Սովետական բանակի շարքերում (1942-1945)։ Պատերազմից հետո ուսանել է Երևանի գեղարվեստի ինստիտուտուտի (1945-1951) քանդակի նորաբաց ամբիոնում Արա Սարգսյանի և Սուրեն Ստեփանյանի մոտ։ Ուսման տարիների ընթացքում (1946-1951) աշխատել է նաև Երևանի Տիկնիկային թատրոնում, որպես բեմադրող նկարիչ[1]։ Ուսումը ավարտելուց հետո դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանի քանդակի ամբիոնում, որպես քանդակի և կոմպոզիցիայի դասատու ընդհուպ մինչև մահվան օրը[2] (1951-1996)։ 1972 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը։ Ստեղծագործել է կոմպոզիցիայի, դիմաքանդակի և մոնումենտալ քանդակի բնագավառներում[3]։
Ստեղծագործական գործունեություն Խմբագրել
Ադիբեկ Բալաբեկի Գրիգորյանն իր երկարատև տարիների ստեղծագործական գործունեությունը սկսել է 1948 թվականից՝ դեռ լինելով Երևանի գեղարվեստի ինստիտուտի 3֊րդ կուրսի ուսանող, մասնակցելով բոլոր հանրապետական և համիամիութենական ցուցահանդեսներին՝ նեկայացնելով բազմաթիվ ստեղծագործություններ, արժանանալով բարձր գնահատականների և մրցանակների։ Նրա աշխատանքները բազմիցս ցուցադրվել են Խորհրդային միության տարբեր հանրապետություններում, Եվրոպական մայրաքաղաքներում, Հավանայում (Կուբա), Մոնրեալում (Կանադա) և Տոկիոյում (Ճապոնիա)։
50-ականներ Խմբագրել
1951 թվականին ավարտելով Գեղարվեստի Ինստիտուտը՝ ներկայացրել է դիպլոմային աշխատանք «Թենիսիստուհի» կոմպոզիցիա, որը արժանացել է բարձր գնահատականի և տպագրվել է Կոմունիստ համահանրապետական թերթի ապրիլի 25ի համարում [4] (Հայաստանի ազգային պատկերասրահ)։
1952 թվականին քանդակել է «Երկրաբաններ» երկֆիգուր կոմպոզիցիան։ Այն այժմ գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի պահոցում։
1953 թվականին քանդակել է «Սեր» երկֆիգուր քանդակային կոմպոզիցիան։ Այն ցուցադրվել է հանրապետական ցուցահանդեսում, այնուհետև՝ Մոսկվայում։ Տպագրվել է նամակի բացիկների վրա (1955 “Любовь”) և արժանացել մամուլի ուշադրությանը։ Այժմ գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի պահոցում։
1954 թվականին «Առատ Բերք» երկֆիգուր քանդակային կոմպոզիցիայով մասնակցել է հանրապետական ցուցահանդեսին։ Արժանացել է հասարակության և մամուլի գովասանքին (Պիոներ Կանչ 1954[5])։ Տեղադրվել է «Նաիրի» կինոթատրոնի սրահում, քանդակի գտնվելու վայրն այժմ անհայտ է։
1955 թվականին մասնակցել և հաղթել է Խաչատուր Աբովյանի հուշարձանին նվիրված մրցույթում՝ քանդակելով Աբովյանի՝ բրոնզից ձուլված 2.5 նատուրա մեծությամբ կիսանդրին։ Այն մինչ այսօր տեղադրված է Երևանի համանուն մանկավարժական ինստիտուտի մուտքի առջև։
1956 թվականին քանդակել է Խորհրդային Միության հերոս Վահիկ (Հայկ) Լևոնյանի բազալտե կիսանդրին։ Այն տեղադրված է հերոսի ծննդավայր Գնիշիկ գյուղում (ՀՀ Վայոց ձորի մարզ)։
Նույն 1956 թվականին մասնակցել է Միքայել Նալբանդյանի հուշարձանի մրցույթին և «Պայքար» և «Լուսաբաց» ստեղծագործությունների համար արժանացել է երկրորդ ու երրորդ տեղերի մրցանակներին։ Առաջինի հեղինակը Ադիբեկ Գրիգորյանն է, իսկ երկրորդի հեղինակներն էին Ադիբեկ Գրիգորյանը և Խաչատուր Իսկանդարյանը (Коммунист, 25.11.1956[4])։ Քանդակները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահի պահոցում։
1957 թվականին համահեղինակ Սուրեն Ստեփանյանի հետ համատեղ քանդակել է Ստեփան Շահումյանի հուշարձանը Ստեփանակերտ քաղաքում տեղադրելու համար։ Հուշարձանը հանդիսավոր արարողությամբ բացվել է 1957 թվականի մայիսի 1֊ին (Սովետական Հայաստան 19.05.1957, N 10 11027[6])։ Ցավոք, ներկայումս հայտնի չէ հուշարձանի գտնման վայրը։
Նույն 1957 թվականին քանդակել է հայ մեծանուն գրող Պետրոս Դուրյանի մարմարե կիսանդրին, որը ցուցադրվել է հանրապետական ցուցահանդեսում և արժանացել է հասարակության և մամուլի գովասանքին։ Քանդակի մասին հոդվածներ տպագրվել են ինչպես սովետական մամուլում, գրքերում, այնպես էլ արտասահմանյան մամուլում (Սովետական Հայաստան, 7.01.1958, N 5 11227[6][4])։ 2021 թվականից այն այժմ գտնվում է Դիլիջանի Երկրագիտական թանգարան–պատկերասրահում։
1958 թվականին Մեղրի քաղաքի N1 միջնակարգ դպրոցի համար քանդակել է Ստեփան Շահումյանի բրոնզե կիսանդրին։
60-ականներ Խմբագրել
1960 թվականին Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակի համար քանդակել է Ստեփան Շահումյանի մոնումենտալ հուշարձանը, որի համար ստացել է պատվոգիր Գյումրիի քաղաքապետարանից։
1961 թվականին Գյումրի քաղաքի համար քանդակել է երկու բրոնզե դեկորատիվ կոմպոզիցիաներ՝ «Աշխատանք» և «Գիտություն»։ Քանդակները 1988 թվականի երկրաշարժից հետո չեն պահպանվել։
1963 թվականին «Քրդուհի» կոմպոզիցիայով (հղկված բազալտ) մասնակցել է հանրապետական ցուցահանդեսին, որից հետո այդ աշխատանքը մեկ տարի ցուցադրվեց Մոսկվայի ժողովրդական Տնտեսության ցուցահանդեսի արվեստի բաժնում (ВДНХ)՝ արժանանալով դիպլոմի, իսկ ավելի ուշ այն ցուցադրվեց Կանադայի Մոնրեալ քաղաքի միջազգային ցուցահանդեսում (Павильон № 70 «Москва» на ВДНХ)։ Քանդակի գտնման վայրը հայտնի չէ։
1964 թվականին քանդակել է Խորհրդային Միության հերոս Ջահան Կարախանյանի բազալտե կիսանդրին, որը դրված է հերոսի ծննդավայր Կողբ գյուղի՝ վերջինիս անունը կրող դպրոցի բակում (ՀՀ Տավուշի մարզ)։
1964 թվականի հանրապետական ցուցահանդեսին մասնակցել է «Սերմնացան» կոմպոզիցիայով (Լալվար քար ), որում Խորհրդային Կարմիր բանակայինը ցորեն է ցանում։ Երևանից հետո այն ցուցադրվեց Մոսկվայում (“На страже мира” ВДНХ)։ Այս աշխատանքի համար Ադիբեկ Գրիգորյանին շնորհվել են պատվոգրեր ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության և ԽՍՀՄ նկարիչների միության կողմից։ «Սերմնացանը» ցուցադրվել է նաև Գերմանիայում, պատմական Չեխոսլովակյայում, Լեհաստանում, Կուբայում և Ճապոնիայում։ Այժմ արձանը գտնվում է Մինսկում՝ Բելառուսի ազգային արվեստի թանգարանi պատկերասրահում։
1966 թվականին մասնակցել է Մատենադարանի համար հայտարարված մրցույթին, որտեղ շահել է Գրիգոր Տաթևացու հուշարձանը պատրաստելու իրավունքը։ Քանդակը կերտված է բազալտից և տեղադրված է Մատենադարանի քանդակաշարքում՝ ձախից երկրորդը։
Նույն 1966 թվականին քանդակել է Արմավիրի (Հոկտեմբերյան) քաղաքի Հայրենական պատերազմում զոհված մարտիկների հիշատակին նվիրված մոնումենտալ հուշարձան՝ հղկված գրանիտից։
Նույն 1966 թվականին քանդակել է Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին՝ Գյումրի քաղաքի համանուն դպրոցի համար։
1967 թվականի ցուցահանդեսին մասնակցել է «Կոլտնտեսուհին» կոմպոզիցիայով՝ հղկված բազալտից։ Երևանում այն արժանացել է երրորդ մրցանակին, իսկ Մոսկվայում ցուցադրվել և արժանացել մամուլի, քննադատների և ժողովրդի հավանությանը։ Սկզբում տեղադրվել է Երևանի Կայարանում, այժմ տեղահանված է։
Նույն 1967 թվականին Գորիսի (այժմ Սյունիքի մարզ) Կոռնիձոր՝ գյուղում բացվել է բազալտե երեք մետրանոց հուշարձանը նվիրված Հայրենական պատերազմի զոհված մարտիկներին։ Այս հուշարձանում Ադիբեկ Գրիգորյանը քանդակել է Խորհրդային բանակի զինվորին, ով ոտքով տրորում է վիշապին։
70-ականներ Խմբագրել
1970 թվականին Տավուշի Բարեկամավան (Դոստլու) գյուղում բացվել է հայրենական պատերազմի զոհված մարտիկներին նվիրված բազալտե հուշարձանը։
1974 թվականին քանդակել է դեկորատիվ առյուծներ, որոնք տեղադրված են Էջմիածին քաղաքի Կոմիտասի հուշարձանի հարևանությամբ գտնվող պուրակում։
1976 թվականին քանդակել է «Մայր Հայաստան» կամ «Արևիկ» 10 մետրանոց ալյումինե կոմպոզիցիան, որը տեղադրվել է Ադրբեջանից Հայաստան եկող ճանապարհին, Այգեհովիտ (ՀՀ Տավուշի շրջան) գյուղի Կայան թաղամասի մոտակայքում, դեպի սահման տանող ճանապարհի եզրին[7]։ Երիզող շրջանակը 2014 թվականի հոկտեմբերին քանդվել է ուժեղ քամուց[7][8]։
Նույն 1976 թվականին քանդակել է Արթիկ քաղաքի զոհված մարտիկների հիշատակին նվիրված գրանիտե հուշարձանը։
1978 թվականին մասնակցել է «Մայրություն» հանրապետական ցուցահանդեսին՝ բազալտե քանդակով։
80-ականներ Խմբագրել
1985 թվականին կերտել է «Մտորումներ» մարմարե քանդակը։
Կերտել է նաև մի շարք այլ քանդակներ, որոնց մասին շատ քիչ տվյալներ են պահպանվել.
- «Ծովինար» կոմպոզիցիա։
Մանկավարժական գործունեություն Խմբագրել
Ադիբեկ Գրիգորյանը, ստեղծագործական գործունեությանը զուգահեռ, երկար տարիներ դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանի քանդակի ամբիոնում (1951-1996)։ Այս տարիների ընթացքում նա կրթել է ավելի քան 9 սերունդ ապագա քանդակագործներ և արվեստի գործիչներ, ովքեր իրենց մասնագիտական կրթությունն են ստացել իր ղեկավարությամբ։
Մրցանակներ, պատվոգրեր Խմբագրել
Ադիբեկ Գրիգորյանն իր երկարատև բեղմնավոր մանկավարժական աշխատանքի համար արժանացել է մի շարք պատվոգրերի, որոնց շարքում են.
- 1963 թվականին Հայկական ԽՍՀ Մինիստրների սովետի բարձրագույն և բիջնակարգ բասնագիտական կրթության կոմիտեի և Հայկական ԽՍՀ Լուսավորության, բարձրագույն դպրոցի և գիտական հիմնարկների աշխատողների պրոֆմիության ռեսպուբլիկական կոմիտեի կողմից։
- 1987 թվականին Երևանի Գեղարվեստի դպրոցի տնօրինության կողմից երկարամյա ուսումնական գործունեության համար։
Պատկերասրահ Խմբագրել
-
Ստեփան Շահումյանի հուշարձանը Գյումրիում
-
Խաչատուր Աբովյանի կիսանդրին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի առջև
-
Անհայտ զինվորի հուշարձան Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում
-
«Մայր Հայաստան» (Արևիկ) հուշարձան
-
Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին Գյումրիում
-
Ջահան Կարախանյանի կիսանդրին Կողբի իր անվան դպրոցի բակում
-
«Քրդուհի», 1963
-
«Թենիսիստուհի», 1951
-
«Սերմնացան», 1966
-
Պետրոս Դուրյանի կիսանդրին Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի առջևում
-
«Երկրաբաններ», 1952
-
«Սեր», 1953
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Մարտիրոսյան Դերենիկ (1986)։ Տիկնիկների աշխարհում։ Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն 50 / В мире кукол Ереванский государственный кукольный театр имени Ов.Туманяна։ Երևան: Հայկական թատերական ընկերություն
- ↑ Erevani Pʻanos Tʻerlemezyani anvan gegharvesti petakan kʻolej : (Hushagirkʻ albom)։ Erevanskiĭ gosudarstvennyĭ khudozhestvennyĭ kolledzh imeni Fanosa Terlemezi︠a︡na, Ереванский государственный художественный колледж имени Фаноса Терлемезяна.։ Erevan։ 2014։ ISBN 978-9939-9077-2-7։ OCLC 964569666
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ 4,0 4,1 4,2 Коммунист : Орган ЦК. ЭК КП(в) и ЦИК ССР Армении = Կոմունիստ ։ Որգան ՀԿ(բ)Կ ԿԿ.ՅԵՐ յեվ ՀՍԽՀ ԿԳԿ / ЦК КП Армении; Верховный Совет и Совет Министров Арм. ССР.
- ↑ Պիոներ կանչ։ Խմբ. կոլլ.; Որգան Հ.Լ.Կ.ՅԵ.Մ. Կենտկոմին կից պատանի պիոներների կենտ. բյուրոյի.
- ↑ 6,0 6,1 Բաշինջաղյան Զաքար Գևորգի, Արտասահմանի հետ կուլտուրական կապի հայկական ընկերություն, eds. (1945)։ Սովետական Հայաստան։ Հասարակական - քաղաքական և գրական - գեղարվեստական պատկերազարդ ամսագիր։ Երևան: տպ. Հայպետհրատի(չաշխատող հղում)
- ↑ 7,0 7,1 ««Արևիկին» հեռվից պետք է նայես, կկրակեն, եթե շատ մոտենաս»»։ archive3.ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2020-08-16
- ↑ «r/armenia - Statue of "Arevik" stuck in the neutral zone between Armenia and Azerbaijan. She used to greet visitors coming to Tavush, Armenia from Azerbaijan.»։ reddit (en-US)։ Վերցված է 2020-08-16