Սուշրուտա (սանսկրիտ՝ सुश्रुत, Suśruta IAST, բառացի՝ լավ լսված, հանրաճանաչ[1]; մ. թ. ա. 600, Վարանասի - մ. թ. ա. 500), հին հնդիկ բժիշկ, վիրաբույժ և գրող, որն այսօր գիտության պատմության մեջ հայտնի է որպես «Հնդկական վիրաբուժության հայր» և «պլաստիկ վիրաբուժության հայր»[Ն 1]։ Այս թեմայով նրա աշխատանքը՝ «Սուշրուտա սամհիտան» (Սուշրուտայի ամփոփագիր) համարվում է պլաստիկ վիրաբուժության վերաբերյալ աշխարհի ամենահին տրակտատը և Այուրվեդական բժշկության մեծ եռագրություններից երկրորդը․ առաջինը՝ Չարակա Սամհիտա, երրորդը՝ Աշտանգա Հրիդայա տրակտատներն են[7]։

Սուշրուտա
Ծնվել էմ. թ. ա. 600
ԾննդավայրՎարանասի
Վախճանվել էմ. թ. ա. 500
Մասնագիտությունբժիշկ, վիրաբույժ և Ayurvedacharya
 Sushruta Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժամանակաշրջանի վերծանում խմբագրել

Սուշրուտայի ապրած տարիները և վայրը հստակ հայտնի չեն։ Նրա անունը հիշատակվում է հին հնդկական Մահաբհարաթա էպոսում։ Նրա մասին տեղեկությունները քաղվում են «Սուշրուտա սամհիտա» տրակտատի հիման վրա։ Եվ ըստ այդմ, ենթադրվում է, որ Սուշրուտան ծնվել է Վարանասիում, քանի որ համարվում է, որ նա պատկանել է հին հնդկական բժշկության Կաշի դպրոցին (ներկայիս՝ Բենարես)։ Նա ապրել է մ․թ․ա․ 7-6 րդ դարերում[8], ոչ ուշ, քան 8-րդ դարի ավարտը, երբ նրա աշխատությունը թարգմանվել է արաբերեն։

Ըստ Ռուդոլֆ Հերնլեի (1841-1918), Սուշրուտա սամհիտա տրակտատի որոշ հասկացություններ կարելի է գտնել «Սատապատհա» (Śatapatha-Brāhmaṇa) վեդայական բրահմանում[9], որը թվագրվում է մինչև մ.թ.ա. 600 թվական[10]։ Սակայն նրանից հետո՝ հնդկական բժշկական գրականության պատմության վերաբերյալ ուսումնասիրությունների նշանակալիորեն առաջադիմելու արդյունքում, ապացուցվել է, որ Սուշրուտա Սամհիտան մի քանի պատմական շերտերի աշխատանք է։ Նրա կազմումը կարող է սկսվել մ.թ.ա. վերջին դարերում, և ներկայիս տեսքով այն լրացվել է մեկ այլ հեղինակի կողմից, որը վերափոխել է տրակտատի առաջին հինգ գլուխները և ավելացրել վերջին՝ «Ուտարատանտրան» (Uttaratantra) ծավալուն գլուխը։ Հավանաբար, Սուշրուտա Սամհիտհան հայտնի է եղել գիտնական Դրդհաբալային (Dṛḍhabala, մ. թ. 300-500 թթ.), որը Չարակա Սամհիտայում տալիս է այսօր մեզ հասած ստեղծագործության տարբերակի վերջին ամսաթիվը[11]։ Պատմական հետազոտությունների միջոցով պարզվել է նաև, որ կան մի քանի հնագույն հեղինակներ, որոնք կոչվում են «Suśruta»[11]։

Վկայություններ խմբագրել

1907 թվականին հրատարակված Մահաբհարաթա հնդկական հնագույն էպիկական տեքստում թարգմանիչ Բհիշագրատնան Սուշրուտային ներկայացնում է որպես հնագույն իմաստուն Վիշվամիտրայի որդիներից մեկը[12]։ Բիշագրատնան նաև պնդում է, որ Սուշրուտան այն կլանի անունն էր, որին պատկանում էր Վիշվամիտրան[12]։ Բհիշագրատնայից հետո Սուշրուտայի և «Սուշրուտա սամհիթի» տրակտատի մասին տեղեկությունները փոխվել են ավելի նոր հայտնագործությունների և գիտելիքների շնորհիվ, որոնց մեծ մասը դիտարկվում է Մյուլենբելդի «Հնդկական բժշկական գրականության պատմության» IA հատորում (5 հատոր, 1999-2002)[13]։

Սուշրուտայի անունը հիշատակվում է ավելի ուշ գրականության մեջ՝ դեղորայքային սխտորի մասին տրակտատում, որը ներառված է «Բովեր ձեռագրերում» (Bower Manuscript, մ.թ. 6-րդ դար), որտեղ Սուշրուտան Հիմալայներում բնակվող տասը իմաստուններից մեկն է[14]։

Սուշրուտան հնդուական ավանդույթի մեջ ակնածանքով ընդունվում է որպես բժշկության առասպելական աստծո սերունդ։

Լեգենդի համաձայն, Սուշրուտան աշակերտել է բժշկության աստված Դհանվանտարիին[Ն 2], ով վերածնվել է Կաշի թագավորության Դիվոդասա թագավորի կերպարով[15]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

 
Սուշրուտա

Սուշրուտային է վերագրվում «Սուշրուտա Սամհիտա» տրակտատը, որը պարունակում է հին հնդկական բժշկության ամբողջական համակարգը։ Տրակտատը գրված է պարզ և հասկանալի լեզվով, և կարող է համեմատվել էպիկական պոեզիայի լեզվի հետ։ Թեև լեզվական ավելի հին ձևերի բացակայությունը վկայում է դրա ավելի ուշ ծագման մասին։ Սուշրուտան այն գրել է իր «համակուրսեցիների» խնդրանքով՝ այն գրելու համար թույլտվություն ստանալով հենց Դհանվանտարիից։

Սուշրուտայի տրակտատում մեծ տեղ է հատկացված դիահերձումների նկարագրությանը, որտեղ նկարագրվել է ավելի քան 500 մկան, 300 ոսկոր, 107 հոդակապեր, 70 արյունատար անոթ և մարմնի այլ օրգաններ[16]։ Նկարագրված են նաև անձնական հիգիենայի կանոնները, ավելի քան 700 դեղաբույսեր, կենդանական և հանքային ծագման դեղամիջոցներ, դրանց պատրաստման և օգտագործման եղանակները[17][18]։

Սուշրուտան նկարագրել է նաև մի շարք սուր և քրոնիկ հիվանդություններ, նշելով հիվանդությունների ախտանշանները, որոնք հետագայում հայտնի են դարձել ջրծաղիկ, խոլերա, շաքարախտ, էպիլեպսիա անվանումներով։ Լինելով ժամանակի ականավոր վիրաբույժ, ներկայացրել է ավելի քան 100 վիրաբուժական գործիք, տարատեսակ զոնդեր, մետաքսյա և վուշե թելեր։ Նա վիրահատության մեջ կիրառել է ուղիղ և կոր ասեղներ, բանգի և հաշիշ՝ որպես անզգայացնող միջոց։

Նկարագրել է 76 տեսակի աչքի հիվանդություններ, ընդուպ՝ կատարակտի հեռացման գործողությունը։ Նրան են վերագրում աչքից օտար մարմինները հեռացնելու համար մագնիս օգտագործելու հնարը[19]։

Ընդհանուր վիրաբուժության հետ կապված վնասվածքներից բացի, Սուշրուտան մանրամասն նկարագրել է կոտրվածքների 12 տեսակների և հոդախախտման 6 տեսակների բուժման մանրամասները, որով այսօր էլ հետաքրքրված են ժամանակակից օրթոպեդիկ մասնագետները։

Բացի այդ նա մանրամասն կերպով տվել է վիրակապերի 14 ձևերի նկարագրություն, կատարել է անդամահատումներ, պլաստիկ վիրաբուժական միջամտությունների, ծանր ծննդաբերության դեպքերում բժշկական ընթացակարգերի նկարագրություններ, կեսարյան հատում, որը կիրառում էր ծննդկանի մահվան դեպքում՝ պտղին փրկելու համար[20]։

«Սուշրուտա սամհիտա» տրակտատ խմբագրել

 
Սուշրուտա Սամհիտա

Սուշրուտա Սամհիտան վիրաբուժական տեխնիկայի կարևոր և անգնահատելի աշխատություն է, որի 184 գլուխներում ներկայացվում է ավելի քան 120 վիրաբուժական գործիքներ, ավելի քան 650 դեղամիջոց, 64 հանքային և 57 կենդանական հիմքով պատրաստուկներ, 1120 հիվանդագին վիճակ, 700 դեղաբույսեր, ավելի քան 300 վիրահատություն, 14 տեսակի վիրակապ։ Սուշրուտայի աշխատություններում կան տվյալներ անատոմիայի վերաբերյալ. նկարագրված են 500 մկաններ, 300 ոսկորներ, 107 հոդեր, 700 արյունատար անոթներ և այլ օրգաններ[8]։

Հիվանդի նկատմամբ անհատական մոտեցման ուսմունքում մարմնի կառուցվածքային երեք սուբստանցին՝ դոշային (օդ, լորձ, լեղի), ավելացրել է չորրորդը՝ արյունը[8][21]։

Խորհուրդ է տվել ֆիզիկական վարժություններ՝ որպես հիվանդության բուժման և կանխարգելման մեթոդ։

Հետաքրքրական է, որ ո՛չ Սուշրուտան, ո՛չ Չարական ոչինչ չեն հայտնում զարկերակային ուսումնասիրությունների մասին։ Միևնույն ժամանակ, Սուշրուտան նկարագրում է նույնիսկ հին հույներին անհայտ շաքարային դիաբետը, որը նա որոշում էր մեզի համով[20]։ Տարբերակել է շաքարային դիաբետի 2 տեսակ՝ ժառանգական (անբուժելի) և առաջացած «ուտելու խանգարումներով», որը նա բուժում էր դիետայով, դեղաբույսերով, սպորտով զբաղվելով[8]։

Որոշ գիտնականներ՝ (Վիգլիանի, Իթոն) ենթադրվում են, որ վիրաբուժությունը բուժման վերջին միջոցն է, քանի որ շատերը փորձում են խուսափել մարդու մարմինը կտրելուց և հաճախ ուսումնասիրելով բուժման այլ մեթոդներ։ Սուշրուտան վիրաբուժությունը համարել է «բժշկական գիտություններից առաջինը և լավագույնը»[20] և կիրառել է այն որպես տառապանքը մեղմացնելու լավագույն միջոց։

Գրքի մի շարք գլուխներում նկարագրվում են որոշակի իրավիճակներ առաջարկելով համապատասխան բուժում։ Ներառվում են մանրամասներ այն մասին, թե ինչպես պետք է բժիշկը սկզբից մինչև վերջ կատարի վիրահատություն։ Սուշրուտան նկարագրել է գլխի 8 վիրաբուժական միջամտություն, պլաստիկ վիրաբուժության բոլոր հիմնական սկզբունքներով։ Բացի այդ, նկարագրվել է տարբեր տեսակի արատների վերականգնողական տարբեր մեթոդներ, ինչպիսիք են՝ պեդիկուլայի ճարմանդները, մաշկի օգտագործումը փոքր արատները ծածկելու համար, փեղկերի ռոտացիան՝ մասնակի կորուստը փոխհատուցելու և վնասվածքի մաշկի ամբողջական կորուստը ծածկելու համար[22]։ Այս մեթոդները կիրառվել են տարբեր դեպքերի՝ սկսած քթի և այտի պլաստիկ վիրաբուժությունից մինչև ճողվածքի վիրահատություն, կեսարյան հատում, շագանակագեղձի, ատամի, կատարակտի հեռացում, վերքերի և ներքին արյունահոսության բուժում և այլն։

Հետագայում սահմանեց նաև աչքերի և ականջների հիվանդությունները, օգտագործման համար ներկայացվեցին աչքի և ականջի կաթիլներ, ստեղծեց սաղմնագիտական դպրոցը, զարգացրեց պրոթեզային վերջույթների ստեղծման մի շարք մեթոդներ, կուտակվեցին մարդու մարմնի մասերի մասնատման մասին առաջատար գիտելիքներ և մարդու անատոմիայի արդյունքում դրանք հասկանալու պրակտիկա։

Տեքստը ներկայացնում է շնչափողի զոնդավորման, օրգանիզմից օտար մարմիններ հեռացնելու վիրահատական կտրվածքներ, ալկալիական և ջերմային խարանման, ատամների հեռացման, վիրահատման վիրաբուժական մեթոդներ կատարելու և թրոքարների (անգլ.՝ trocar) տեղադրման տեխնիկան՝ թարախի արտահոսքի, հիդրոցելի և ասցիտային հեղուկի հեռացման, շագանակագեղձի հեռացման, միզուկի նեղացման, վեզիկոլիթոտոմիայի, ճողվածքի վիրահատության, կեսարյան հատման, թութքի բուժման, ֆիստուլաների, լապարոտոմիայի և աղիքային անանցանելիության բուժման, ծակված աղիների և պատահական վնասվածքից օմենտումի՝ որովայնի խոռոչ ներթափանցելու և ոսկրային կոտրվածքների բուժման հնարքներ, այսինքն՝ ձգում, մանիպուլյացիա, տեղադրում և կայունացում, ներառյալ պրոթեզի վերականգնման և տեղադրման որոշ միջոցառումներ։

Այն թվարկում է վեց տեսակի հոդախախտումներ, տասներկու տեսակի կոտրվածքներ և ոսկորների դասակարգում և դրանց արձագանքը վնասվածքներին, և տալիս է աչքի հիվանդությունների դասակարգում, ներառյալ կատարակտի վիրահատությունը։

Թարգմանություններ խմբագրել

Գոյություն ունեն Սուշրուտա սամհիտա շարադրանքի մի քանի հրատարակություններ (հրապարակված՝ Կալկաթայում 1836, 1873, 1885 թվականներին)։

Սանսկրիտյան այլ տեքստերի նման, Սուշրուտա Սամահիտան նույնպես Հնդկաստանից տարածվել է աշխարհի տարբեր ծայրեր։ 8-րդ դարի սկզբին Մանկահ անունով հնդիկ բժիշկը Բաղդադի խալիֆ Հարուն-ալ-Ռաշիդի հզոր նախարար Յահյա Բարմակիդի հրամանով տեքստը թարգմանել է արաբերեն՝ որպես «Քիթաբ Շահ Շուն ալ-Հինդի»։ Տեքստի մասին պատմական հիշատակում կա նաև Քմերական կայսրության թագավոր Յասովարման I- ի (մ. թ. 889 - մ. թ․ 900) արքունիքում, ինչպես նաև Տիբեթի վանքերում։ Սուշրուտա սամհիտայի առաջին եվրոպական թարգմանությունը լատիներենով հրատարակել է Հեսլերը, 19 -րդ դարի սկզբին (Էռլանգեն, 1845-1854 թվականներ)։ Եղել են անգլերեն անավարտ թարգմանություններ (Կալկաթա, «Biblioth. Indica», 1883-1891 և 1897 թվականներ), իսկ առաջին ամբողջական անգլերեն թարգմանությունը կատարել է Կավիրաջ Կունջա Լալ Բիշագրատնան երեք հատորով՝ 1907 թվականին, Կալկաթայում[23]։

Սուշրուտան բժիշկների և բժշկության մասին խմբագրել

 
«Սուշրուտա սամհիտա» տրակտատի հեղինակ․ պլաստիկ վիրաբուժության «հայր» Սուշրուտայի արձանը (մ.թ.ա. 800 թ.) Ավստրալիայի Մելբուռն քաղաքի Վիրաբույժների ավստալաասիական Թագավորական քոլեջում (RACS)

Սուշրուտա սամհիտան հիվանդներին լիարժեք ուշադրություն ցուցաբերելու մասին ուղեցույց է բժիշկներին։ Նրա խոսքով, հիվանդությունը (հետևելով Չարակայի պատվիրաններին) առաջանում է մարմնի անհավասարակշռությունից, և բժշկի պարտքն է օգնել վերականգնելու և պահպանելու հավասարակշռությունը[24]։ Այդ նպատակով յուրաքանչյուր ոք, ով զբաղվում է բժշկական պրակտիկայով, պետք է ինքը նախ լինի հավասարակշռված[16]։ Սուշրուտան անդրադառնում է իդեալական բժշկական պրակտիկային՝ կենտրոնանալով բուժքրոջ գործունեության վրա, հետևյալ կերպ.

  Միայն այն մարդը կարող է զբաղվել հիվանդի խնամքով զբաղվել կամ անկողնում բուժել նրան, ով սառնասիրտ է և բարեհամբույր, որ ոքի մասին չի չարախոսում, ուժեղ է և ուշադիր հիվանդի կարիքներին, ինչպես նաև՝ խստորեն և ջանադրաբար հետևում է բժշկի ցուցումներին[24]։
- Սուշրուտա սամհիտա, I.34
 

Բժիշկը միշտ պետք է կենտրոնացած լինի մարմնում հիվանդությունը կանխելու վրա, և դա կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե հասկանա, թե ինչպես է օրգանիզմն աշխատում բոլոր առումներով։ Սուշրուտայի համար բժշկության պրակտիկան ըմբռնման ճանապարհ է, որի համար բժիշկից խելացի ու գիտական մոտեցում է պահանջվում՝ ճանաչելու, թե ինչն է անհրաժեշտ առողջության համար և ինչպես օգտագործել այդ գիտելիքները ցանկացած իրավիճակում[20]։

  Բժշկական գիտությունը նույնքան անհասկանալի է, որքան օվկիանոսը։ Այն չի կարող ամբողջությամբ նկարագրվել նույնիսկ հարյուրավոր և հազարավոր ձևերով։ Ձանձրալի մարդիկ, ովքեր ի վիճակի չեն ընկալելու բանականության և գիտության իրական միաձուլումը, չէին կարողանա պատշաճ պատկերացնել բժշկության և գիտության կապը։ Միայն փորձառու և հմուտ բժիշկը կփորձի հասկանալ այն բոլոր սկզբունքները՝ պատշաճ զգուշությամբ և այլ գիտություններին հղումով։  

Մարդու վրա բժշկություն կիրառելու համար, անհրաժեշտ էր ճանաչել շրջապատի տարբեր ազդեցությունները, որոնք կարող են հետք թողնել մարդու առողջությանը։ Ընդգծելով հիվանդության բուժման համար շրջակա միջավայրի և գենետիկական խնդիրների ըմբռնման կարևորությունը, և Սուշրուտան խրախուսում է ուսանողներին հիվանդին հարցեր տալ և ճանաչելով այն բոլոր ազդեցությունները, որոնք կարող են որոշակիորեն հետք թողնել մարդու առողջության վրա[25]։

Եթե հիվանդությունը գենետիկ չի և ոչ մի կապ չկա շրջակա միջավայրի հետ, ապա դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր մարդու կենսակերպով, որն առաջ է եկել կենսակերպի, բորբոքումի, սննդակարգի անհավասարակշռության պայմաններում՝/օդի դոշա/[21]: Դոշան արտադրվում էր այն ժամանակ, երբ օրգանիզմը աշխատում է կերած սննդի վրա։ Հետևաբար, մարդու Դիետան կարևոր նշանակություն ունի առողջության պահպանման գործում, որտեղ խրախուսվում է բուսական սնունդը։ Սուշրուտան առաջարկում է հիվանդին տալ դիետիկ դեղատոմսեր, ինչպես նաև վարժությունների հետ կապված այլ միջոցներ, կարևորելով նույնիսկ մտքերն ու վերաբերմունքը, քանի որ դրանք կարող են նաև ազդել մարդու առողջության վրա։

Սուշրուտան գիտակցում է, որ հիվանդը օպտիմալ առողջության կարող է հասնել միայն մտքի և մարմնի ներդաշնակության միջոցով՝ պատշաճ սնման, վարժությունների, դրսևորած վարքի և այլնի միջոցով։ Սակայն որոշ դեպքերում, երբ հիվանդի անհավասարակշռությունը խիստ է արտահայտված, վիրահատությունը համարվում է լավագույն ընթացքը։ Իրականում Սուշրուտայի համար վիրաբուժությունը բժշկության մեջ ամենաբարձրն է, որովհետև այն կարող է ավելի արագ արդյունքներ տալ, քան բուժման այլ մեթոդները։

  Մարդ, ով քաջություն և մտքի զորություն ունի, քրտինքից զերծ ձեռք, սուր և լավ գործիքների պակաս, իր գործողությունները տանում է դեպի իր հաջողությունն ու առավելությունը։ Վիրաբույժը պետք է հարգի այն բացարձակ հանձնումը և իր հիվանդին վերաբերվի որպես իր սեփական որդու, ով առանց տատանվելու իր կյանքը վստահել է վիրաբույժին։  

Վիրաբուժական ժառանգություն խմբագրել

 
Քթի վերականգնման հնդկական մեթոդ. քթի վիրահատության համար ճակատից վերցվող մաշկի հատվածը կոչվում է հնդկական ծալք (Indian flap)[23][26]
 
Սուշրուտայի նկարագրած վիրահատական գործիքները Սուշրուտա սամհիտա տրակտատից
 
Բժշկական գործիքներ

Սուշրուտայի վիրաբուժական միջամտության կարևորագույն մասը քթի վերակառուցման կամ ռինոպլաստիկա կոչվող վիրահատությունն է (այլանդակված քթի վերականգնում ճակատի մաշկի կտորով), որը նա օգտագործում էր վերականգնելու համար այն քթերը, որոնք անդամահատվում էին որպես հանցագործության համար պատիժ։ Տեխնիկան կիրառվում է գրեթե անփոփոխ առ այսօր։ Իսկ ճակատից վերցվող մաշկի հատվածը կոչվում է հնդկական ծալք (Indian flap)։

Պլաստիկ վիրաբուժության վերաբերյալ այս գիտելիքները գոյություն են ունեցել Հնդկաստանում մինչև 18-րդ դարի վերջ[27]։

Սուշրուտայի համար առողջությունը ոչ միայն ֆիզիկական բարեկեցիկ վիճակ է, այլև հոգեկան, որն առաջացել և պահպանվել է հավասարակշռված հումորի ապահովմամբ, նորմալ սնվելով, սննդի արգասիքների պատշաճ հեռացմամբ, մարմնի ու մտքի ներդաշնակ վիճակով։

Հաջող վիրահատության համար Սուշրուտան անզգայացնում է՝ օգտագործելով շատ գինի և կանեփ (Cannabis indica), որոնց բարձր չափաբաժինները ապահովում էին էյֆորիկ էֆեկտներ՝ այն դարձնելով օգտագործման համար արդյունավետ և՛ որպես հանգստացնող, և՛ որպես բուժական միջոց[28][29]։

Վիրաբուժությունը համարում էր բժշկության առաջին և ամենագլխավոր ճյուղ, որը վիրաբուժական գործիքների և սարքերի միջոցով առաջացնում է ակնթարթային ազդեցություն, հնարավորինս երկարացնում է մարդկության գոյության տևողությունը երկրի վրա և օգնում է հիվանդներին հաջողությամբ հաղթահարել մի շարք հիվանդություններ և շարունակել իրենց բնականոն կյանքը։

Պլաստիկ վիրաբուժություն խմբագրել

Հնդկաստանում Վիրաբուժության պրակտիկան հաստատվել է Սուշրուտայի ժամանակաշրջանում, բայց համեմատաբար պակաս առաջադեմ ձևերով[30]։ Մշակվել են տարբեր վիրաբուժական մեթոդներ[Ն 3] և մասնավորապես՝ կոսմետիկ վիրաբուժության պրակտիկա։

Ռինոպլաստիկան Սուշրուտայի վիրաբուժության գագաթն է։ Այն զարգացել է Հնդկաստանում ռինոտոմիայի (քթի անդամահատում) վաղեմի ավանդույթի շնորհիվ, որը կիրառվում էր որպես պատիժ։ Քթի անդամահատումը նաև հաճախ կիրառվում էր կանանց նկատմամբ՝ անբարոյականության մեղադրանքի դեպքում։ Ռինոպլաստիկայի շնորհիվ քթերը վերականգնելու հնարավորւթյուն էին ունենում դատապարտյալները։

  Քթի հատվածը, որը ծածկվելու է, նախ պետք է չափել տերևով, այնուհետև կտրել ճակատի մաշկից և հետ շրջել քիթը ծածկելու համար։ Քթի հատվածը, որին պետք է ամրացվի մաշկը, պետք է հում լինի՝ դանակով կտրելով քթի կոճղը։ Բժիշկն այնուհետև պետք է մաշկը դնի քթի վրա և արագորեն կարի երկու մասերը՝ պահելով մաշկը պատշաճ կերպով բարձրացված՝ երկու հատ խողովակ ներդնելով (գերչակի յուղի բույս) քթանցքերի մեջ, որպեսզի նոր քիթը ստանա պատշաճ ձև։ Այսպիսով, մաշկը պատշաճ կերպով հարմարեցված է, այնուհետև այն պետք է ցանել լիկյորի փոշու, կարմիր սանդալ-փայտի և ծորենու բույսի փոշի։ Վերջապես, այն պետք է ծածկել բամբակով և մաքուր քնջութի յուղով պետք է անընդհատ քսել։ Եթե մաշկը միավորվում է և հատիկավորվում է, եթե քիթը չափազանց կարճ է կամ չափազանց երկար, ապա քթանցքի միջինը պետք է ճեղքել և փորձել այն մեծացնել կամ փոքրացնել։  

Պլատիկ վիրաբուժության մեջ գինին օգտագործվում էր որպես անզգայացնող միջոց, և հիվանդներին խրախուսվում էր մեծ քանակությամբ գինի խմել վիրահատությունից առաջ։ Դրանի զուգահեռ կիրառում էին նաև կանեփի եփուկ, խունկ՝ որպես քնաբեր կամ զգայարանների թմրամիջոց[31]։ Եվ երբ հիվանդը հարբած էր անզգայության աստիճանի, նրան կապում էին ցածրադիր փայտե սեղանին՝ շարժումը կանխելու համար։

Դիահերձման մեթոդներ և վիրաբուժական կրթություն խմբագրել

Մարդկության պատմության մեջ Սուշրուան առաջինն է, ով առաջարկել է, որ ապագա վիրաբույժը մարդու մարմնի և նրա օրգանների մասին պետք է տեղեկանա՝ դիակը մասնատելով և ուսումնասիրելով։

  Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է անատոմիայի մանրակրկիտ գիտելիքներ ձեռք բերել, պետք է ունենա դիակ և ուշադիր դիտարկի և ուսումնասիրի դրա բոլոր մասերը։  

Ուսումնասիրության համար մարմինը ընկղմվում էր ջրի մեջ՝ քայքայվելու, որին հաջորդում էր քայքայվող մարմնի զննումը ընդմիջումներով՝ ուսումնասիրելով հյուսվածքները շերտ առ շերտ, քանի որ դրանք քայքայվելուց հետո ավելի տեսանելի են դառնում։ Նկարագրելու ամենակարևոր առանձնահատկությունն այն էր, որ հերձումն իրականացվում էր առանց դանակի միջամտության։

Սուշրուտան առաջարկում էր դիակը դնել վանդակի մեջ (այն կենդանիներից պաշտպանելու համար) և սուզել սառը ջրի մեջ, օրինակ, հոսող գետի կամ առվակի, այնուհետև պարբերաբար ստուգել դրա քայքայումը՝ մաշկի շերտերը, հյուսվածքները, մկանները և վերջապես ներքին օրգանների և կմախքի դասավորությունը ուսումնասիրելով։ Երբ մարմինը քայքայվում և փափկում էր, բժիշկը կարող էր շատ բան իմանալ այն մասին, թե ինչպես է գործում օրգանիզմի ամեն մի օրգանը և հետագայում այդ գիտելիքները կիրառել հիվանդին առողջացնելու համար։

Վերականգնողական վիրաբուժության մեջ ներգրավվելով՝ ուսանողները վարպետանում էին բժշկական արվեստի բոլոր ասպեկտներում, հատկապես գործնական պարապմունքներ իրականացնելիս։ Քանի որ դիակների մասնահատումը արգելված չէր (ինչպես Եվրոպայում է եղել դարեր շարունակ), բժիշկները կարող էին դիահերձում անել՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես օգնել դեռևս ողջ մարդուն։ Սակայն նախքան դիակի վրա ուսումնասիրությունները, նրանք պատշաճ կերպով վերապատրաստվում էին տարբեր փորձարարական մոդել օրգանիզմների վրա։

Պարապմունքների ընթացքում երիտասարդ վիրաբույժները մարզվում էին հիվանդի օրգաններ հիշեցնող կենդանի և արհեստական առարկաների վրա՝ օգտագործելով կենդանիների՝ հիվանդությունից ախտահարված օրգանները, բույսերի պտուղները, ջրով լցված տոպրակները և մահացածների միզապարկը։ Զոհաբերված կենդանիները Արյունահոսության արվեստը ուսուցանվում էր սատկած կամ զոհաբերված կենդանիների արյունատար անոթների և ջրաշուշանի ցողունների ուսումնասիրության վրա, իսկ պինդ նյութեր հանելու արվեստը՝ հնդկական հացի ծառ հնդկական տեսակի՝ արտոկարպուսի (լատին․՝ Artocarpus Integrifolia) և շահնալի (լատին․՝ Bombox Malabaricum) ծառերի պտուղների վրա, վիրակապերը՝ մակետերի, կատետրների տեղադրումը՝ ջրով լցված և դեռևս չպնդացած կավե տարայի վրա, ջրով լցված չբուժված հողային նավի վրա։

Անատոմիայի գործնական ուսուցման դժվարություններից էր չդիակիզելը, քանի որ դիահերձումը հինդուիստների կողմից ընկալվում էր որպես թաղման կրակում հոգու մաքրման և դրա հետագա մարմնավորման խոչընդոտ։

Հանդիսավոր երդում․ հետևորդներ խմբագրել

Սուշրուտան ներգրավել է մի շարք աշակերտների, որոնք հայտնի էին որպես Սաուշրուտաներ (Saushrutas)։ Ուսուցումը տևում էր վեց տարի, որից հետո նոր նրանք կարող էին սկսել վիրաբուժական գործնական ուսուցումը։ Դասընթացը սկսելուց առաջ նրանք պետք է հանդիսավոր երդում տային ՝ բուժմանը նվիրվելու և ուրիշներին վնաս չպատճառելու համար, ինչը կարելի է համեմատել մերօրյա Հիպոկրատի երդման հետ։

Սուշրուտան մեծապես կարևորում էր երիտասարդ բժիշկների կարգապահությունը և էթիկան, քանի որ նրանք կոչված էին պահպանելու մարմնի և մտքի մաքրությունը։ Սուշրուտայի ուսանողները դասընթացին թույլատրվում էին հանդիսավոր երդում տալուց հետո։ Ընդունելության ժամանակ աշակերտը հանդիսավոր կերպով մերժում էր զգայականությունն ու ցասումը, փողի տենչը, հպարտությունը, փառամոլությունը, դժգոհությունը, եսասիրությունը, ամբանությունը, խաբեությունը և այլն։ Բուժման կարիք ունեցող բոլորի հետ բժիշկը պետք է վարվեր այնպես, ինչպես կվարվեր իր հարազատների հետ։ Հատկապես կարևորում էր, որ բժիշկը չպետք է սկսի զբաղվել բժշկությամբ, առանց գործնական և տեսական գիտելիքներին հավասարապես տիրապետելու[15][32]։

Երբ ուսանողներն ընդունվում էին Սուշրուտայի կողմից, նա նրանց հրահանգում էր վիրաբուժական միջամտություններ կատարել՝ բանջարեղենի կամ սատկած կենդանիների վրա։ Այդպես աշակերտը վարպետանում էր կտրվածքի երկարության ու խորության գործում։ Երբ ուսանողն ապացուցում էր իր ունակությունները բույսերի, կենդանիների դիակների կամ փափուկ կամ փտած փայտի վրա և երբ ուշադիր հետևում էին հիվանդների վրա գործնական կիրառություններին, ապա դրանից հետո միայն նրանց թույլատրվում էր անձամբ կատարել վիրահատություններ։

Սուշրուտրայի ուսանողները գիտելիքներ էին ստանում բժշկական արվեստի բոլոր ոլորտներից, ներառյալ անատոմիայից[33][34]։

Նշումներ խմբագրել

  1. Սուշրուտայի «Սուշրուտա սամհիտան» տրակտատը վերաբերում է ընդհանուր բժշկության բոլոր ասպեկտներին, սակայն վիրաբուժության վերաբերյալ ծավալուն գլուխները կեղծ տպավորություն են ստեղծել, որ վիրաբուժությունը տրակտատի հիմնական թեման է։ Թարգմանիչ Գ.Դ. Սինգհալը վիրահատության այս մանրամասն նկարագրությունների պատճառով Սուշրուտային անվանել է «Վիրաբուժության հայր»՝ վիրաբուժական միջամտություններ հորինելու և զարգացնելու համար[2][3]։ Եվ շատ գիտնականներ կրկնել են այդ բնորոշումը որպես պնդում՝ Սուշուտրային դասելով գիտության պատմության ակունքներում[4][5][6]։
  2. Dhanvantari (մ․թ․ա․ 5-րդ դար), բժշկության աստված Այուրվեդայում, Վիշնուի Ավատար, որը նկարածրված է պուրաններում։ Պաշտամունքի առարկա է՝ որպես աստվածների բժիշկ։ Հինդուիզմում նրան դիմում են աղոթքներով՝ բժշկական գիտություններին տիրապետելու և առողջության համար։
  3. Վիրահատությունների ժամանակ օգտագործում էին սև մրջյուններ։ Միջատները կծում էին վերքերի եզրերը՝ դրանով իսկ ախտահանելով դրանք։ Մրջնաթթվի և դրա մանրէասպան հատկության շնորհիվ վերքը բուժվում էր առանց թարախի և բարդությունների[31]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Monier-Williams, Monier (1899). A Sanskrit-English Dictionary. Oxford: Clarendon Press. էջ 1237. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. Susruta; Singh, K. P; Singh, L. M; Singhal, G. D; Udupa, K. N (1972). Susruta-samhita (Sanskrit). Allahabad: G.D. Singhal : Exclusively distributed by Bharata Manisha, Varanasi. OCLC 956916023.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Singhal, G. D. (1972). Diagnostic considerations in ancient Indian surgery: (based on Nidāna-Sthāna of Suśruta Saṁhitā). Varanasi: Singhal Publications.
  4. Kansupada, K. B.; Sassani, J. W. (1997). «Sushruta: the father of Indian surgery and ophthalmology». Documenta Ophthalmologica. Advances in Ophthalmology. 93 (1–2): 159–167. doi:10.1007/BF02569056. ISSN 0012-4486. PMID 9476614. S2CID 9045799.
  5. DelhiJuly 1, India Today Web Desk New; July 1, 2019UPDATED; Ist, 2019 14:00. «Know all about Sushruta, the first ever plastic surgeon who was Indian». India Today (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին. {{cite web}}: |first3= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Champaneria, Manish C.; Workman, Adrienne D.; Gupta, Subhas C. (July 2014). «Sushruta: father of plastic surgery». Annals of Plastic Surgery. 73 (1): 2–7. doi:10.1097/SAP.0b013e31827ae9f5. ISSN 1536-3708. PMID 23788147.
  7. «Modi was half-right: World's first plastic surgeon may well have been Indian (but he wasn't Shiva)».
  8. 8,0 8,1 8,2 8,3 «СУШРУТА • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  9. Dowson, John (1888). A classical dictionary of Hindu mythology and religion, geography, history, and literature. Robarts - University of Toronto. London : Trübner. էջեր 34-35, 286 (Shatapatha Brahmana).
  10. Hoernle, A. F. Rudolf (1907). Studies in the Medicine of Ancient India: Osteology or the Bones of the Human Body. Oxford: Clarendon Press. էջ 8.
  11. 11,0 11,1 Meulenbeld, Gerrit Jan (2002). A History of Indian Medical Literature. Vol. IA. Groningen: Brill. էջեր 333–357. ISBN 9789069801247.
  12. 12,0 12,1 Bhishagratna, Kunjalal (1907). An English Translation of the Sushruta Samhita, based on Original Sanskrit Text. Calcutta: Calcutta. էջեր ii (introduction).
  13. Meulenbeld, G. Jan (1999). A history of Indian medical literature (English). Groningen: Egbert Forsten. ISBN 978-90-6980-124-7. OCLC 702182403.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Wujastyk, Dominik (2003). The Roots of Ayurveda. London etc.: Penguin. էջեր 149–160. ISBN 978-0140448245.
  15. 15,0 15,1 «Сушрута». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  16. 16,0 16,1 «5.4. Лекарственное врачевание ("Чарака-самхита"), оперативные методы лечения ("Сушрута-самхита"). Врачебная этика». StudFiles (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  17. Sperber, Mia (2004). «Fountain of Life: The Medical Arts from Antiquity to Modern Times» (անգլերեն). Dt. Wiss.-Verlag. էջ 187. ISBN 3935176295. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  18. Sankaran, P. S. (1976). «Sushruta's Contribution to Surgery» (անգլերեն). Indological Book House. էջ 154. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  19. «ХИРУРГИЯ. Древнеиндийская Медицина». www.bibliotekar.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 «Медицина Древней Индии: "Чарака-самхита" и "Сушрута-самхнта"».
  21. 21,0 21,1 «Сушрута (Suśruta)». Яндекс Дзен (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: Text "Блогерская платформа" ignored (օգնություն)
  22. «Медицина Древней Индии». Летопись - Исторический проект (ռուսերեն). 2014 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  23. 23,0 23,1 «Sushruta Samhita: The Ancient Treatise on Surgery». Live History India (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  24. 24,0 24,1 Lal Bhishagratna, Kaviraj Kunja (1907–1916). THE SUSHRUTA SAMHITA.
  25. «Учение о здоровье в традиционной аюрведической медицине». remedium.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին. {{cite web}}: Text "Remedium.ru" ignored (օգնություն)
  26. Saraf, Sanjay (2006 թ․ դեկտեմբերի 31). «Sushruta: Rhinoplasty in 600 B.C». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  27. McDowell, F (1977). «The sourcebook of plastic surgery». Head & Neck Surgery. Williams and Wilkins Company. 1 (3): 281–282. doi:10.1002/hed.2890010313.
  28. Cervantes, Jorge (2002). Indoor Marijuana Horticulture. p. 256. ISBN 9781878823298
  29. "Marijuana Concentrates" (PDF). Drug Enforcement Agency. December 2014.https://permanent.access.gpo.gov/gpo74072/marijuana-concentrates.pdf
  30. Saraf S, Parihar R. Sushrutaa - Ք.ա 600 թվականին առաջին պլաստիկ վիրաբույժը։ Int J Plast Surg. 2006 թվական 4։
  31. 31,0 31,1 «Что внутри? Вскрытие покажет». Медпортал. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  32. «ИСТОРИЯ РАЗВИТИЯ МЕДИЦИНЫ И МЕДИЦИНСКОЙ ТЕХНИКИ В АНТИЧНОСТИ». Кафедра «Медицинская кибернетика и информатика» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  33. «Sushruta». World History Encyclopedia (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  34. HS Shukla, M Tewari. «Sushruta:'The Father of Indian Surgery'». Indian Journal of Surgery. 67: 2.

Արտաքին հղումներ խմբագրել