Շրջապատող միջավայր, մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայր։ Սովորաբար շրջապատող միջավայր ասելով՝ հասկանում են միայն շրջապատող միջավայրը, և այդ իմաստով այն գործածում են միջազգային համաձայնագրերում, սակայն շրջապատող միջավայրը ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է նաև արհեստական միջավայրի (տնտեսություններ, արդյունաբերություն, ձեռնարկություններ և այլ ինժեներական կառույցներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալական գործոնները։ Կյանքը կարող է գոյություն ունենալ շրջապատող բնական միջավայրի որոշակի պայմանների շրջանակներում։ Գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման, ազգաբնակչության նյութական, հոգևոր ու գեղագիտական պահանջների անընդհատ աճի ու բարելավման արդի պայմաններում շրջապատող միջավայրի պահպանման ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործման պրոբլեմը ձեռք է բերել կարևորագույն նշանակություն։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հեկտար ճահիճներ ու գերխոնավ հողատարածություններ, որի շնորհիվ խիստ կրճատվել են հիվանդությունները, ոռոգվել են անապատային հողերը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, քաղաքներում, գյուղերում ու ավաններում ստեղծվել են անտառագոտիներ։

Աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցը չաղտոտելն է։

Մթնոլորտի նշանակությունը

խմբագրել
 
բնության միջավայր

Մթնոլորտը խիստ աղտոտող ածխի, մազութի ու նավթի փոխարեն ներկայումս օգտագործում են գազ, էլեկտրականություն ու էներգիայի այլ աղբյուրներ, ժողտնտեսության մեջ լայնորեն օգտագործվում է ատոմային էներգիան։ Բնական շատ նյութեր փոխարինվում են արհեստականներով, պատրաստվում են մեծ քանակությամբ սինթետիկ նյութեր ու ապրանքներ։ Շարունակվում են ծովի ջրի աղազերծման մեթոդների ուսումնասիրությունները։

Մարդկային արտադրական գործունեություն
խմբագրել

Մարդկային արտադրական գործունեությունը միաժամանակ լուրջ վտանգ կարող է սպառնալ շրջապատող միջավայրին, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու շրջապատող միջավայրի պահպանության պայմանները։ Մասնավորապես վտանգավոր կարող են լինել էներգետիկայի և մշակող արդյունաբերության մի շարք ճյուղերի (նավթի վերամշակում, միջուկային էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, գունավոր մետալուրգիա) օբյեկտները, գյուղատնտեսության քիմիացումը, ավտոմոբիլային, ջրային և օդային տրանսպորտի աճը։ Միլիոնավոր հա արգավանդ հողեր օգտագործվել են շինությունների համար կամ, ենթարկվելով իռիգացիոն ու տեխնիկական էրոզիայի, դուրս մնացել գյուղատնտեսության օգտագործումից։ Մինչդեռ բնության մեջ 90 սմ հաստությամբ հողաշերտ ստեղծվում է, միջին հաշվով, 16 հազար տարում։ Բազմաթիվ երկրներ խմելու ջրի պակասի պատճառով սառցալեռներ են տեղափոխում Գրենլանդիայից։ Միաժամանակ ջրային աղբյուրներն ու Համաշխարհային օվկիանոսը աղտոտվում են արդյունաբերության, գյուղատնտեսության ու կոմունալ տնտեսության թափոններով (տարեկան 10 միլիոն տ նավթամթերքի մնացորդներ են թափվում Համաշխարհային օվկիանոս)։ Կարևոր է նաև մթնոլորտի մաքրության պահպանման պրոբլեմը (տես Մթնոլորտի սանիտարական պահպանություն)։

Վառելիքի վնասակար հետևանքները

խմբագրել
 
Բնական երևույթներ

Վառելիքի այրումից յուրաքանչյուր տարի մթնոլորտ են անցնում միլիարդավոր տոննաներով ածխաթթու գազ, 20 միլիարդ տոնաից ավելի արդյունաբերական և այլ թափոններ։ Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ավելացումը ջերմոցային էֆեկտի շնորհիվ խորացնում է օդի և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման վտանգը։ Աշխարհի խոշոր շատ քաղաքներում օդը վտանգավոր է դարձել մարդու առողջության համար։ Օդի աղոտության պատճառով իջնում է արտադրողականությունը, քայքայվում են մետաղական ու բետոնե կոնստրուկցիաները, շենքերը, շինություններն ու հուշարձանները։ Զգալի վնաս է հասցվել նաև բուսական ու կենդանական աշխարհին։ Անհետացել են բույսերի և կենդանիների բազմաթիվ հազվագյուտ և թանկարժեք տեսակներ։ Արժեքավոր կենդանիների շատ տեսակներ գտնվում են անհետացման շեմին և գրանցված են «Կարմիր գրքում»։

Անտառածածկ տարածքների ոչնչացում

խմբագրել

Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհի անտառների մակերեսը կրճատվել է 1.5 անգամ և շարունակվում է կրճատվել։ Ոչնչացվում են Ամազոնի ավազանի (մոտ 5 միլիոն կմ2 մակերեսով) անտառները։ Շրջակա միջավայրի պահպանման հարցերը սերտորեն կապված են հասարակության սոցիալական կարգի հետ։ Կապիտալիստական երկրներում բնական միջավայրի աղտոտումը նպաստում է էկոլոգիական ճգնաժամի առաջացմանը, որը սուր կերպով դրսեորվում է հատկապես ԱՄՆ-ի, Ճապոնիայի, ԳՖՀ-ի և այլ զարգացած կապիտալիստական երկրների մի շարք քաղաքներում և արդյունաբերության շրջաններում։ Արտադրամիջոցների նկատմամբ մասնավոր սեփականությունը և բարձր շահույթ ստանալու մրցությունը անհնար է դարձնում բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը և շրջայպտող բնական միջավայրի պահպանման համար առանցքային միջոցառումների ձեռնարկումը։ Սոցիալիստական հասարակարգում ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի պլանային զարգացումը զուգակցվում է ժողովրդի ներկա և ապագա սերունդների ու բնության պահպանության խնդիրների հետ։ ԽՍՀՄ-ում և միութենական հանրապետություններում ընդունված են օրենքներ՝ հողի, ջրի, անտառային ռեսուրսների, կենդանական աշխարհի պահպանման և ռացիոնալ օգտագործման, խոշոր քաղաքների ու արդյունաբերության կենտրոնների օդի մաքրության պահպանության մասին։

Բնության պահպանության հարցեր

խմբագրել

Բնության պահպանության հարցերն իրենց դրսևորումն էին գտել սահմանադրության մեջ։ Կազմակերպված են ազգային պարկեր, արգելոցներ ու արգելավայրեր։ Ոչնչացման եզրին կանգնած բազմաթիվ հազվագյուտ կենդանիներ (սայգակ, սամույր, փոկ և այլն) ձեռնարկված միջոցառումների շնորհիվ այժմ այնքան էին բազմացել, որ թույլատրվում էր նրանց արդյունաբերական որսը։ Կառուցվում են ջրի մաքրման կայաններ, գործարաններում տեղադրվում են օդի մաքրման, գազ ու փոշի կլանող սարքավորումներ, ներդրվում է անթափոն արտադրության տեխնոլոգիան, հսկողություն է սահմանված, որպեսզի բնական միջավայրում առողջության համար վնասակար նյութերի քանակը պահպանվի թույլատրելի սահմաններում։ Բնության և բնական ռեսուրսների պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվում նաև Հայաստանում։

 
Սևանա լճի ավազանը

Գործարանների մի մասը, որոնք իրենց թափոններով աղտոտում են շրջապատը, փոխարինվել է անթափոն արտադրությամբ, մյուսներում տեղադրվել են մաքրման կայաններ ու սարքավորումներ։ Երևանում և մյուս խոշոր քաղաքներում, արդյունաբերական կենտրոններում ու ձեռնարկություններում կառուցվել ու կառուցվում են աղտոտված ջրերի մաքրման կայաններ, արտադրության մեջ ներդրվում է ջրի օգտագործման փակ (շրջապտույտային) տեխնոլոգիան։ Ոռոգվում ու չորացվում են նոր հողատարածություններ, կառուցվում են ջրամբարներ, հողի էրոզիայի դեմ պայքարի նպատակով անտառապատվում են լեռնալանջերն ու ձորերը, սահմանափակվել է անտառահատումը, որը կատարվում է միայն սանիտարական նպատակներով։ Արգելված է որոշ կենդանիների և թռչունների, ինչպես նաև

Սևանա լճի ավազանի պահպանումը

խմբագրել

Սևանի իշխանի որսը։ ԽՍՀՄ-ում շրջապատող միջավայրի պահպանման ասպարեզում տարվող աշխատանքներից ամենակարևորը Սևանա լճի պահպանման և նրա ավազանի բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման միջոցառումներն են։ Սևանի ազգային պարկի կազմակերպումը, լճի պարագծով օղակային-կոյուղային կոլեկտորի կառուցումը, արգելավայրերի և արգելոցների կազմակերպումը, ինչպես նաև Արփա և այլ գետերի ջրերի տեղափոխումը Սևան, ստեղծում են բոլոր հնարավորությունները, որպեսզի առայժմ պահպանվի, իսկ ապագայում նաև բարձրացվի Սևանի ջրի մակարդակը։ Տես նաև Բնության պահպանություն, Բնություն հոդվածները։

Շրջակա միջավայրի պահպանություն

խմբագրել
 

Շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական հետևանքների կանխորոշման, կանխման, նվազեցման, սահմանված պահանջներին համապատասխան բնակչության առողջության, բնականոն կենսագործունեության և բարեկեցության ապահովման միջոցառումների համալիր։ Շրջակա միջավայրի պահպանութան հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։ Շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակում է բնապահպանության նախարարությունը։ Գործում են նաև շրջակա միջավայրի պահպանության ազգային և միջազգային, պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Շրջակա միջավայրի պահպանության կարևոր հիմնախնդիրներից են Սևանա լճի պահպանությունն ու պաշարների արդյունավետ օգտագործումը։ 1982-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան «Բնության պահպանության միջազգային միություն» և «Շրջակա միջավայրի ծրագիր» բնապահպանական միջազգային կազմակերպությունների մշակած առաջարկությունների հիման վրա ընդունել է շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային հռչակագիր։ Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային ռազմավարությանն էր նվիրված 1992-ին Ռիո դե ժանեյրոյում կայացած միջազգային գիտաժողովը, որն ընդունել է «Օրակարգ 21-րդ դարի համար» ծրագիրը, որում սահմանվել են հաջորդ հարյուրամյակում մարդկության բնապահպան. քաղաքականությունը և նոր համաշխարհային ռազմավարության գլխավոր սկզբունքային դրույյթները ( մոլորակը և նրա հարստությունները պարտավոր են պահպանել աշխարհի բոլոր պետությունները, բնակչության բոլոր խավերը և անհատ անձինք )։ Գիտաժողովն ընդունել է նաև « Շրջակա միջավայրի պահպանության մասին » հռչակագիր, որը հայտնի է «Ռիոյի հռչակագիր» անվամբ։ ՀՀ շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ վավերացրել է նաև մի շարք համաձայնագրեր և ստանձնել միջազգային պարտավորություններ։

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում

խմբագրել

Շրջակա միջավայրի վրա բնածին և մարդահարույց ներգործության էկոլոգիական հետևանքների վերլուծություն՝ շրջակա միջավայրի որակի պահպանման և բնակչության էկոլոգիական անվտանգության ապահովման նպատակով։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դեպքում իրականացվում է մթնոլորտային օդ և մակերևութային ջրերի մեջ արտանետվող աղտոտող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում ու չափումներ, մշակվում են դրանց կրճատման և կանխման միջոցառումներ։ Շրջակա միջավայրի վիճակի գնահատման համար սահմանվում են աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներ, սահմանային թույլատրելի արտանետումներ և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվներ։

 
Թթվային անձրևները հսկայական վնաս են հասցնում բուսականությանը։

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն

խմբագրել
 
Աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցը չաղտոտելն է։

Պետական պարտադիր գործունեություն, որի հիմնական նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, տնտ. և սոցիալական բնականոն զարգացման վրա։ Փորձաքննությունն իրականացվում է՝ ելնելով առողջ ու բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքից, բնական պաշարների արդյունավետ, խելամիտ օգտագործման պահանջներից, էկոհամակարգերի հավասարակշռության ու կենսաբազմազանության պահպանման անհրաժեշտությունից։ Այն հենվում է գիտական հիմնավորվածության, օրինականության և որոշումների ընդունման հրապարակայնության սկզբունքների վրա։ Փորձաքննության խնդիրներն են՝ նախատեսվող գործունեության հնարավորության և նպատակահարմարության վերլուծությունը ( հաշվի առնելով էկոլոգիական բոլոր սահմանափակումները ), շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության և վտանգավորության աստիճանի գնահատումը, շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր էկոլոգիական ազդեցության աստիճանի, հետևանքների վերլուծման ամբողջականության և ստույգության, այդ հետևանքների կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսված միջոցառումների բավարարության ստուգումը ինչպես շահագործման և իրականացման գործընթացում, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ, բնական պաշարների արդյունավետ, թույլատրելի օգտագործման ապահովումը, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած գործողության արգելումը, հասարակության ներգրավումը և մասնակցությունը փորձաքննության բոլոր փուլերում։ Շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության ազդեցության փորձաքննության իրավական, տնտեսական և կազմակերպչական հիմունքները կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով ( 1995 )։

Շրջակա միջավայրի հիգենայի և կանխարգելիչ թունաբանության ԳՀԻ

խմբագրել

Հայաստանի առողջապահության նախարարության (1971-92-ին՝ ԽՍՀՄ առողջապահության նախարարության թունաքիմիկատների, պոլիմերների, պլաստմասսաների և հանքային պարարտանյութերի հիգիենայի և թունաբանության ԳՀԻ մասնաճյուղ), կազմավորվել է ճառագայթակենսաբանության բաժանմունքի պեստիցիդների հիգիենայի ու թունաբանության լաբորատորիայի (1968) հիման վրա։ Հիմնական խնդիրներն են քիմ. նյութերով շրջակա միջավայրի աղտոտման և դրա հետ կապված ազգաբնակչության առողջական վիճակի բարելավման, առողջապահ, պետ. համալիր միջոցառումների կազմակերպումը, պեստիցիդների, բույսերի աճման խթանիչների, հանքային պարարտանյութերի և պոլիմերների օգտագործման հիգիենային գնահատումը։ Մշակվել են պեստիցիդների, բույսերի աճման խթանիչների, հանքային պարարտանյութերի և պոլիմերների հետ առնչվող անձանց թունավորումների կանխարգելման, սննդամթերքի ու պոլիմերների մեջ թունավոր նյութերի և վնասակար խառնուրդների թույլատրելի քանակների փորձաքննության, չնչին քանակությամբ քիմիական նյութերի հայտնաբերման եղանակներ։ Ստեղծվել է նաև տարերային և զանգվածային աղետների (մասնավորապես երկրաշարժի) ժամանակ բնակչության հակահամաճարակային անվտանգության ապահովման համակարգ։

Վտանգներ

խմբագրել

Շրջակա միջավայրի առողջությունը կազմում է մեծ էկոնոմիկական, էսթետիկական և էթնիկական հարստություն։ Շրջակա միջավայրի առողջության պահպանումը նշանակում է նրա բոլոր բաղադրիչների՝ էկոհամակարգերի, համակցությունների, տեսակների և գենետիկական բազմազանության նորմալ պահպանություն։ Սկզբնական ոչ այդքան կարևոր խաթարումները վերջում կարող են բերել այդ բոլոր բաղադրիչներից յուրաքանչյուրի վերացմանը։ Դրա հետ միաժամանակ, կրճատվում են համակեցությունների տարածքները, նրանք կորցնում են իրենց դերը էկոհամակարգում և, ի վերջո, անհետանում են։ Բայց քանի դեռ համակեցության բոլոր գլխավոր տեսակները պահպանվում են, այն դեռ կարող է վերականգնվել։ Տեսակի քանակության կրճատման դեպքում կրճատվում է միջտեսակային փոփոխականությունը, որը իր հետևից կարող է բերել այնպիսի գենետիկական խաթարումների, որոնցից տեսակը այլևս չի կարող ուշքի գալ։ Գործնականորեն, ճիշտ վերականգնողական աշխատանքներից հետո տեսակը կարող է վերականգնել իր գենետիկական բազմազանությունը մուտացիաների, ռեկոմբինացիայի և բնական ընտրության շնորհիվ։ Բայց անհետացող տեսակի ԴՆԹ-ում պարունակվող յուրահատուկ գենետիկական ինֆորմացիան և կոմբինացիաները այլևս չեն վերականգնվում։ Եթե տեսակը անհետացել է, ապա նրա պոպուլյացիաները այլևս անհնար է վերականգնել, համակեցությունները, որոնցում այն գտնվում էր, աղքատացել են, և մարդու համար նրանց պոտենցիալ հարստությունը հավերժ կորցրած է։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Allaby M. Basics of Environmental Science. 2nd edition. Routledge. London, N.Y. — 323 p. — ISBN 0-415-21175-1.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։