Օդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օդ (այլ կիրառումներ)
Օդը Երկրի մթնոլորտը կազմող գազային խառնուրդն է։ Օդի՝ գազային խառնուրդ լինելու հանգամանքն առաջինը պարզել է ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն 1774 թվականին. փակ անոթում զետեղված մետաղի փոշին շիկացնելիս՝ նկատել է, որ մետաղի հետ միանում է օդի միայն մի մասը՝ մի բաղադրիչը։ թվականին նա պարզել է նաև, որ օդի այդ բաղադրիչը պիտանի է շնչառության համար, ուստի այն անվանել է «շնչառությանը պիտանի օդ»՝ թթվածին, մյուսը՝ ոչ պիտանին՝ ազոտ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է անկենդան։
19-րդ դարում օդում հայտնաբերեցին նաև ածխածնի երկօքսիդ, իներտ գազեր, մեթանի, ծծմբային գազի, ածխածնի մոնօքսիդի, օզոնի, ջրածնի, ամոնիակի և ազոտի այլ միացությունների հետքեր։
Թթվածնի պարունակությունն օդում առաջինը որոշել են ֆրանսիացի քիմիկոսներ Ժան Բատիստ Անդրե Դյուման և Ժան Բատիստ Բոսենկոն 1841 թ-ին։ Ավելի ուշ օդը հեղուկացվեց և բաժանվեց իր երկու հիմնական բաղադրիչների՝ ազոտի և թթվածնի։ 1896–97 թթ-ին անգլիացի քիմիկոս Վիլյամ Ռամզայը հեղուկ օդի կոտորակային թորմամբ ստացավ նաև 4 նոր իներտ գազեր։
Օդի երկրամերձ շերտի բաղադրություն
խմբագրելԵնթադրում են, որ Երկրի նախնական մթնոլորտը կազմված է եղել ամոնիակ-ջրածնային խառնուրդից. նրանում թթվածինն սկզբում հայտնվել է ջրի դիսոցման ճանապարհով, այնուհետև՝ բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների գործունեությամբ՝ լուսասինթեզով։
Կյանքի համար առավել կարևոր նշանակություն ունի թթվածինը, որի ընդհանուր զանգվածը Երկրի վրա 5,13.1015 տ է, իսկ Երկրի մթնոլորտը պարունակում է մոտ 1,18.1015 տ, որի պաշարները լրացվում են բույսերի կողմից։ Որքան շատ բույսեր են լինում շրջապատում, այնքան ավելի մաքուր և թթվածնով հարուստ է տվյալ տեղանքի օդը։
Մթնոլորտում իներտ գազերը հայտնվել են Երկրի հրաբխային գործունեության հետևանքով, իսկ CO2-ը՝ օրգանական վառելիքի այրման և լուսասինթեզի միջոցով։ Վերջին հարյուրամյակում CO2-ի և մյուս ջերմոցային գազերի բաղադրությունն օդում աննախադեպ աճել է և դարձել մեծամասշտաբ կլիմայական փոփոխությունների պատճառ։ Իսկ էներգետիկայի և ծանր արդյունաբերության հսկայածավալ աճի հետևանքով փոխվում է ոչ միայն օդի բաղադրությունը, այլև մթնոլորտում կուտակվում են նաև պինդ գոյացություններ՝ փոշի, մուր և այլն, որոնք դառնում են ծխամշուշների (սմոգ) և նման այլ երևույթների առաջացման պատճառ։ Օդի վրա վնասակար ազդեցություն են թողնում նաև տրանսպորտային միջոցների արտանետումները։ Օդում կարող են հայտնվել նաև տարբեր միկրոօրգանիզմներ ևս, այդ թվում՝ ախտածին, և վարակի պատճառ դառնալ։
Մթնոլորտային օդում մշտապես կան ջրային գոլորշիներ, որոնց միջին պարունակությունը կոչվում է օդի խոնավություն։ Բարձր խոնավության դեպքում դժվար տանելի են ինչպես շոգը, այնպես էլ ցուրտը։ Մարդու բնականոն ջերմընկալման համար կարևոր է նաև օդի շարժումը։ Շարժման առավել բարենպաստ արագությունը ձմռանը 0,15 մ/վ է, ամռանը՝ 0,2–0,3 մ/վ։
Փակ տարածությունների օդը կարող է որոշ վարակիչ հիվանդությունների, հատկապես՝ օդակաթիլային վարակների (գրիպ, դիֆթերիա, կարմրուկ, քութեշ, կապույտ հազ, կորոնավիրուս և այլն) տարածման պատճառ դառնալ։ Ուստի դրանք անհրաժեշտ է մշտապես օդափոխել։
Երկրի մթնոլորտում առանձնացված են տարբեր շերտեր, որոնցից յուրաքանչյուրն ունի օդի բաղադրության ու վիճակի իր առանձնահատկությունները։ 25–30 կմ բարձրություններում գտնվում է օզոնային շերտը, որը կենսական նշանակություն ունի, կլանում է Արեգակի՝ կյանքի համար վնասակար անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը։
100 կմ բարձրություններում օդի բաղադրությունը գրեթե չի փոխվում։
Չոր, մաքուր օդի բաղադրությունը Երկրի մակերևույթին
խմբագրելԳազ | Պարունակությունը,% | |
---|---|---|
ըստ ծավալի | ըստ զանգվածի | |
N2 | 78,09 | 75,50 |
O2 | 20,95 | 23,10 |
Ar | 0,932 | 1,286 |
CO2 | 0,036 | 0,052 |
Ne | 1,8*10−3 | 1,3*10−3 |
He | 4,6*10−4 | 7,2*10−4 |
Kr | 1,1*10−4 | 2,9*10−4 |
N2O | 5,0*10−5 | 7,7*10−5 |
H2 | 5,0*10−5 | 2,6*10−5 |
O3 | 2,0*10−7 | 3,3*10−6 |
Արտաքին հղումներ
խմբագրելԸնթերցե՛ք «օդ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |