Արյունահոսություն, արյան արտահոսումն արյունատար անոթներից՝ անոթի պատի ամբողջականության խախտման հետևանքով։ Արյունահոսության պատճառ կարող են լինել արյունատար անոթների պատերի վնասումը, տարբեր հիվանդությունների դեպքում նրանց թափանցելիության բարձրացումը, արյան մակարդման խանգարումը։ Արյան կորստի դեպքում զարկերակային ճնշումն ընկնում է, խանգարվում է արյան շրջանառությունը, գլխուղեղին, սրտին և մյուս օրգաններին թթվածնի ու սննդանյութերի մատակարարումը։ Արյան ծավալի 1/3-ից ավելի կորուստը վտանգավոր է կյանքի համար, իսկ 2-2,5 լ արյան կորուստը՝ մահացու։

Արյունահոսություն
Տեսակախտանիշ կամ նշան
Պատճառոչնչացում
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9456.20
ՀՄԴ-10R58
 Bleeding Վիքիպահեստում

Արյունահոսությունները լինում են երեք տեսակի՝ մազանոթային, երակային, զարկերակային։ Ըստ ծագման՝ արյունահոսությունը լինում է վնասվածքային՝ անոթների վնասման պատճառով, և ոչ վնասվածքային՝ կապված որևէ հիվանդագին գործընթացի հետևանքով արյան անոթի քայքայման կամ որոշ հիվանդությունների ժամանակ արյան անոթի պատի թափանցելիության բարձրացման հետ։ Բացի այդ, արյունահոսությամբ են ուղեկցվում այնպիսի ֆիզիոլոգիական գործընթացներ, ինչպիսիք են դաշտանը և ծննդաբերությունը։ Վնասվածքային արյունահոսությունը, որն առաջանում է անմիջապես վնասվածքից հետո, կոչվում է առաջնային իսկ վնասվածքից մի քանի օր անց սկսվածը` 2-րդային։ Վերջինիս պատճառներն առավել հաճախ վերքի թարախային գործընթացներն են, որոնք քայքայում են վնասված անոթի լուսանցքը փակող արյան մակարդուկները։ Արյունահոսության առաջացմանը, դրա տևողությանը և ուժգնությանը նպաստում է արյան մակարդելիության իջեցումը։

Վտանգավորություն

խմբագրել
 
Ենթակոնյուկտիվիտային արյունահոսություն։

Արյունահոսությունը վտանգավոր է նախ նրանով, որ շրջանառվող արյան քանակության նվազման հետևանքով վատանում է սրտի գործունեությունը, խանգարվում կենսական կարևոր օրգանների՝ գլխուղեղի, լյարդի, երիկամների թթվածնամատակարարումը։ Դա հանգեցնում է նյութափոխանակության կտրուկ խանգարման, իսկ արյան մեծ կորստի դեպքում՝ մահվան։ Արյան կորստի ծանրության աստիճանը որոշվում է արյան արտահոսման արագությամբ ու տևողությամբ։ Օրգանիզմի պաշտպանական ուժերի ներգրավումը (արյունահոսող անոթի լուսանցքի նեղացումը, թրոմբի առաջացումը) նպաստում է այն բանին, որ մանր անոթներից, որպես կանոն, արյունահոսությունը դադարում է ինքնուրույն։ Խոշոր արյունատար անոթներից (հատկապես զարկերակներից) արյունահոսությունը կարող է մի քանի րոպեում հանգեցնել արյան մահացու կորստի։ Հատկապես վտանգավոր է երեխաների և ծերերի արյունահոսությունը։ Արյան ցածր մակարդելիությամբ ուղեկցվող առանձին հիվանդությունների (հեմոֆիլիա, ճառագայթային հիվանդություն) ցանկացած, նույնիսկ ոչ առատ արյունահոսություն, եթե այն երկարատև է, կյանքի համար վտանգավոր է։

Արյունահոսությունները լինում են երեք տեսակի՝ մազանոթային, երակային, զարկերակային։ Ըստ ծագման՝ արյունահոսություն լինում է վնասվածքային՝ անոթների վնասման պատճառով, և ոչ վնասվածքային՝ կապված որևէ հիվանդագին գործընթացի հետևանքով արյան անոթի քայքայման կամ որոշ հիվանդությունների ժամանակ արյան անոթի պատի թափանցելիության բարձրացման հետ։

Արյունահոսություն կարող է լինել արտաքին, երբ արյունը մաշկի վերքից կամ քթի, բերանի խոռոչի լորձաթաղանթից անմիջապես հոսում է շրջապատող միջավայր, իսկ ներքին բացահայտ արյունահոսության ժամանակ արյունը լցվում է սնամեջ օրգաններ (ստամոքս, աղիքներ, բրոնխներ, միզապարկ) և կուտակվելով՝ արտաքին միջավայր է դուրս գալիս բնական անցքերով։ Ներքին գաղտնի արյունահոսության դեպքում արյունն անցնում է մարմնի փակ խոռոչները (կրծքի, որովայնի, գանգի)։ Ներհյուսվածքային արյունահոսության (արյունազեղում) ժամանակ արյունը լցվում է փափուկ հյուսվածքների միջև և առաջացնում արյունային ուռուցք։ Ըստ արյունահոսող անոթի տեսակի տարբերում են զարկերակային, երակային, զարկերակաերակային (խառը) և մազանոթային արյունահոսություն։

Մազանոթային արյունահոսություն

խմբագրել

Մազանոթային արյունահոսության ժամանակ արյունը հոսում է հավասարաչափ, վերքի ամբողջ մակերևույթով (ինչպես սպունգից)։ Քանի որ մազանոթներով արյունը դանդաղ է հոսում, ոչ բարձր ճնշմամբ, ուստի այն հեշտ է կանգնեցնել։ Վերքը մշակում են յոդի թուրմով, վրան դնում մաքուր վիրակապ, որը օրգանիզմը պաշտպանում է մանրէների ներթափանցումից և նպաստում արյան արագ մակարդմանը։

Երակային արյունահոսություն

խմբագրել

Երակային արյունահոսության դեպքում արյունը մուգ բալի գույն ունի, հոսում է հավասարաչափ շիթով։ Խոշոր երակի վնասման ժամանակ արյան հոսքը համապատասխանում է շնչառությանը, ոչ թե անոթազարկին։ Խառը արտաքին արյունահոսությունը բնորոշվում է և զարկերակային, և երակային արյունահոսության ախտանշաններով։

Երակային արյունահոսության դեպքում արյունը հոսում է հավասարաչափ, անընդհատ, գույնը մուգ է, որը պայմանավորված է ածխաթթու գազի մեծ պարունակությամբ։ Երակներում արյան հոսքի արագությունը համեմատաբար մեծ է։ Վնասված երակից արագ հոսելով, արյունը լվանում տանում է մակարդման ժամանակ առաջացած մակարդուկները։ Կարճ ժամանակում մարդը կարող է կորցնել մեծ քանակով արյուն, որը վտանգավոր է կյանքի համար։ Երակների վնասվածքներն ամենից հաճախ առաջանում են վերջույթներում։ Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է վնասված վերջույթը բարձրացնել վերև, որպեսզի պակասի արյան ներհոսքը, և արյունահոսությունը դադարի։ Երակային փոքր արյունահոսությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է վերքին դնել սեղմիչ վիրակապ, որը սեղմում է վնասված անոթի փափուկ պատերը, նպաստում արյան մակարդուկի առաջացմանը և արգելում արյան հոսքը։

Զարկերակային արյունահոսություն

խմբագրել
 
Զարկերակային արյունահոսություն

Զարկերակային արտաքին արյունահոսության ժամանակ արյունն ալ կարմիր է, ցայտում է ուժեղ, ընդհատվող շիթով կամ շատրվանի նման՝ անոթազարկին համապատասխան ցատկերով։

Քանի որ զարկերակների պատերը ամուր են, սեղմիչ վիրակապը հազվադեպ է արյունը դադարեցնում։ Դրա համար անհրաժեշտ է վերջույթն առավելաչափ ծալել (ծնկային կամ արմնկային հոդում), ապա ամրացնել վիրակապով։ Խոշոր զարկերակների արյունահոսության դեպքում մատով սեղմել անոթը վերքից վերև, երբ արյունահոսությունը կքչանա, դնել ռետինե խողովակ կամ քուղ։ Նախքան քուղը դնելը, նյարդերը և մաշկը չվնասելու համար, վերքի վրա դնել մի կտոր գործվածք։ Քուղը դնել վնասված մասից վեր և ձգել, որպեսզի հյուսվածքները և անոթների պատերը սեղմվեն։ Արյունահոսությունը դադարելիս անոթազարկը չի շոշափվում, և վերջույթը գունատվում է։ Եթե տուժածին երկու ժամվա ընթացքում չտեղափոխեն հիվանդանոց, անհրաժեշտ է քուղը թուլացնել, որպեսզի հյուսվածքները չմահանան։

Ձևերն ըստ ծագման

խմբագրել

Քթային արյունահոսություն

խմբագրել
 
Քթային արյունահոսություն

Քթային արյունահոսությունների պատճառ կարող են լինել գլխի վնասվածքը, արյան ճնշման բարձրացումը, մարմնի գերտաքացումը։ Քթի արյունահոսության դեպքում արյունը կարող է լցվել բերանի խոռոչ, որից առաջանում է հազ, երբեմն՝ փսխումներ։ Արագ, կտրուկ շարժումները, որոնք առաջանում են հազի, փռշտոցի ժամանակ, ուժեղացնում են արյունահոսությունը։

Մարսողական ուղի

խմբագրել

Բերանի խոռոչից արյան արտադրությունը կարող է կապված լինել թոքերի, վերին շնչուղիների, ըմպանի, կերակրափողի և ստամոքսի արյունահոսության հետ։ Բերանից հոսող փրփրանման, ալ արյունը բնորոշ է թոքային արյունահոսությանը (օրինակ՝ տուբերկուլոզի ժամանակ)։ Արյունային փսխումն առավել հաճախ առաջանում է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության ժամանակ, երբ խոցը քայքայում է արյունատար անոթը։ Ստամոքսային արյունահոսություն երբեմն վկայում է մինչ այդ ստամոքսի անախտանշան ընթացող խոցային հիվանդության մասին և երբեմն կարող է բարդացնել սուր ստամոքսաբորբի, ուռուցքների ընթացքը։ Ստամոքսային արյունահոսության հաճախակի պատճառներից է լյարդի ցիռոզը, որի ժամանակ կերակրափողի և ստամոքսի երակային անոթները լայնանում են ու պատռվում։ Ստամոքսի և 12-մատնյա աղիքի արյունահոսության ստույգ ախտանշան է սուրճի մրուր հիշեցնող փսխման զանգվածը (ստամոքս լցված արյունը ստամոքսահյութի աղաթթվի ազդեցությամբ դառնում է մուգ դարչնագույն), ստամոքսային առատ արյունահոսության դեպքում՝ թարմ և մակարդված մուգ կարմիր արյան առկայությունը՝ փոքր քանակով «սուրճի մրուրի» խառնուրդով։ Որոշ ժամանակ (1-2 օր) անց առաջանում է գարշահոտ ձյութանման կղանք (մելենա

Արյունն արտաթորանքում

խմբագրել
 
Թոքերի ներքին արյունահոսություն

Արյունը կղանքում ի հայտ է գալիս ստամոքսաղիքային համակարգի ցանկացած հատվածից, ընդ որում՝ ձյութանման տեսքը վկայում է ստամոքսաղիքային համակարգի վերին բաժինների, իսկ կղանքի հետ հավասարաչափ խառնված մուգ կարմիր արյունը՝ ստորին բաժինների արյունահոսության մասին։ Կղանքի հետ հավասարաչափ չխառնված և չփոփոխված արյունը բնորոշ է հաստ աղիքի ամենաստորին բաժինների արյունահոսությանը։ Մեզում արյան առկայությունը երիկամների, միզածորանի, միզապարկի արյունահոսության նշան է։ Սակայն այս բոլոր նշանները միշտ չէ, որ հնարավորություն են տալիս ճիշտ որոշել արյունահոսության աղբյուրն ու պատճառը, ուստի նման դեպքերում պահանջվում են բարդ ախտորոշիչ հետազոտություններ։ Մեզում, կղանքում արյան չնչին քանակը կարելի է հայտնաբերել միայն մանրադիտակով կամ հատուկ ռեակցիաների օգնությամբ։

Ներքին արյունահոսություն

խմբագրել

Ներքին գաղտնի արյունահոսություն, այսինքն մարմնի փակ խոռոչներում արյան կուտակումը լինում է ներքին օրգանների (լյարդ, թոք) վնասման հետևանքով, նման դեպքերում արյունը չի հոսում արտաքին միջավայր։ Այդպիսի արյունահոսությունը հնարավոր է ախտորոշել միայն արյան կորստից առաջացած ընդհանուր վիճակի փոփոխություններով և այս կամ այն խոռոչում արյան կուտակման ախտանշաններով։ Որովայնի խոռոչում արյան առկայությունը բնորոշվում է սուր սակավարյունության ախտանշաններով, գունատություն, անոթազարկի հաճախացում, ծարավի զգացում, քնկոտություն, աչքերի առաջ մթագնում, ուշագնացություն։ Կրծքի խոռոչում արյան կուտակման ժամանակ սակավարյունության ախտանշանները զուգակցվում են հևոցի հետ (շնչառությունը դժվարանում է և հաճախանում)։ Գանգի խոռոչում արյան կուտակման ժամանակ առավել ակնհայտ են գլխուղեղի ճնշման ախտանշանները, գլխացավ, գիտակցության, շնչառության խանգարումներ, լուծանքներ և այլն։

Արյունահոսության դադարեցում

խմբագրել
 
Նախագարշապարի վիրակապում

Արտաքին արյունահոսության ժամանակ տարբերում են ժամանակավոր (նախնական) և մշտական (վերջնական) դադարեցում։ Ժամանակավորը կանխում է արյան վտանգավոր կորուստը և հնարավորություն տալիս ժամանակ շահել Այան վերջն դադարեցման համար։ Արտաքին արյունահոսության ժամանակավոր դադարեցման եղանակներն են. ճնշող վիրակապը, մատներով արյունահոսող զարկերակը սեղմելը, արյունահոսություն դադարեցնող վիրակապ դնելը, վերջույթի գերծալումը։

Ճնշող վիրակապեր

խմբագրել

Ճնշող վիրակապը դնում են առավելապես երակային, մազանոթային և մանր զարկերակային արյունահոսության ժամանակ, հետևյալ կերպ, վերքի վրա դնում են մանրէազերծած թանզիֆե անձեռոցիկ, վրայից՝ մի քանի շերտով ծալած բամբակ, այնուհետև բինտով ձիգ կապում։ Առանձին դեպքերում (օրինակ՝ հետույքի շրջանի, գլխի մազածածկ մասի) վերքերին ճնշող վիրակապ դնելը արյունահոսության ժամանակավոր դադարեցման միակ միջոցն է։ Խոշոր զարկերակային արյունահոսության ժամանակ, զարկերակի սեղմումը՝ վերքի տեղադրությունից վեր, ցանկացած իրադրությունում արյան ժամանակավոր դադարեցման ամենամատչելի եղանակն է։ Դրա կիրառման համար հարկավոր է մարմնի վրա իմանալ այն տեղը (կետը), որտեղ տվյալ զարկերակը առավել մակերեսային է, և հնարավոր է այն սեղմել ոսկրին։ Այդ կետերում գրեթե միշտ հնարավոր է շոշափել զարկերակի անոթազարկը։

Մատներով սեղմում

խմբագրել
 
Պարզ կպչող վիրակապ։ Օգտագործվում է մանր վերքերի դեպքում։

Մատներով սեղմումը հնարավորություն է տալիս վայրկենաբար դադարեցնել արյունահոսություն։ Սակայն նույնիսկ ուժեղ մարդը չի կարող մատներով անոթը սեղմած պահել 10-15 ր-ից ավելի, քանի որ ձեռքերը հոգնում են, և սեղմումը թուլանում է։ Այդպիսի գործելաձևը թույլ է տալիս ժամանակ շահել այլ միջոցների գործադրման, այսինքն՝ լարան դնելու համար։

Ընդհանուր քնային զարկերակի սեղմումը կատարվում է պարանոցի վերին և միջին հատվածների, ենթածնոտային հատվածի և դեմքի ուժեղ արյունահոսության ժամանակ։ Ողնաշարի ուղղությամբ սեղմվում է վնասվածքի կողմի քնային զարկերակը բութ մատով կամ նույն ձեռքի II-IV մատներով։ Ենթաանրակային զարկերակը սեղմում են ուսահոդի ենթաանրակային և անութային շրջանների և բազկի վերին երրորդի ուժեղ արյունահոսության ժամանակ։ Այն կատարվում է բութ կամ II-IV մատներով՝ վերանրակային փոսում, անրակից վեր՝ վերևից ներքև ուղղությամբ։ Բազկային բազկային, քնային, ենթաանրակային) սեղմելու զարկերակը սեղմում են բազկի միջին և ստորին երրորդի, նախաբազկի և դաստակի վերքերից արյունահոսության ժամանակ՝ II-IV մատներով՝ բազկի ներսային մակերևույթին երկգլխանի մկանի ներսային եզրին։ Բազկային զարկերակը սեղմվում է բազկոսկրին։

Ազդրային զարկերակը սեղմվում է ստորին վերջույթի վերքերից ուժեղ արյունահոսության ժամանակ՝ ձեռքի բութ մատով կամ բռունցքով։ 2 դեպքում էլ սեղմումն իրականացվում է աճուկային շրջանում՝ ցայլոսկրի և զստոսկրի միջև ընկած տարածության միջին մասում։ Բութ մատով սեղմելիս, ճնշումն ուժեղացնելու նպատակով, վրայից սեղմում են նաև մյուս ձեռքի բութ մատով։ Բռունցքով սեղմումը կատարվում է այնպես, որ միջմատոսկրային հոդերում ծալման գիծը լինի աճուկային ծալքին հակառակ։ Սեղմումը կարելի է ուժեղացնել մյուս բռունցքով։

Արյունահոսությունը դադարեցնող լարան

խմբագրել

Արյունահոսություն դադարեցնող լարան դնելը վերջույթների խոշոր զարկերակներից արյունահոսության ժամանակավոր դադարեցման հիմնական եղանակն է։ Ռետինե լարանը բաղկացած է հաստ ռետինե խողովակից կամ 1-1,5 (երկար ժապավենից, որի մի ծայրին ամրացված է կեռիկ, մյուսին՝ մետաղե շղթա։

Լարանը դրվում է վերքից վերև և որքան հնարավոր է մոտ։ Եթե լարանը թույլ է սեղմում, արյունահոսություն շարունակվում է, և, քանի որ սեղմված են նաև երակները, ծայրանդամը լցվում է արյունով, անոթներում արյան ճնշումը բարձրանում է, և վերջույթը կապտում է։ Վերջույթը լարանով ուժեղ սեղմելիս վնասվում են նաև հյուսվածքները, այդ թվում՝ նյարդերը, և կարող է առաջանալ վերջույթի լուծանք։ Լարանը պետք է մնա մինչև արյունահոսության դադարելը։ Դրա ճիշտ կիրառումից արյունահոսություն միանգամից դադարում է, ծայրանդամի մաշկը՝ գունատվում։ Վերջույթի սեղմման աստիճանը կարելի է որոշել լարանից ցած գտնվող որևէ զարկերակի անոթազարկով։ Վերջինիս բացակայությունը վկայում է զարկերակի սեղմման մասին։ Լարանը վերջույթի վրա կարող է մնալ 2 ժամից ոչ ավելի (ձմռանը, դրսում՝ 1-1,5 ժամ), քանի որ երկարատև սեղմումից լարանից ցած վերջույթը կարող է մեռուկանալ։ Լարանին ամրացվում է թղթի կամ ստվարաթղթի թերթիկ, որի վրա նշվում է լարանը դնելու ժամկետը։

Վերջույթի գերծալում

խմբագրել

Վերջույթի գերծալումը, որպես վերջույթի արյունահոսության ժամանակավոր դադարեցման եղանակ, կիրառելի է վերին (մասամբ՝ ստորին) վերջույթների արյունահոսության ժամանակավոր դադարեցման համար։ Վերջույթի ուժեղ ծալման ժամանակ արյունահոսություն դադարում է զարկերակի ծալման հաշվին։ Նախաբազկի և դաստակի վերքերից արյունահոսության դադարեցման համար վերջույթը գերծալում են արմնկային հոդում և ծալված նախաբազուկը բինտով կապելով՝ մոտեցնում բազկին։ Բազկի վերին հատվածի և ենթաանրակային շրջանի վերքից արյունահոսության ժամանակ վերին վերջույթն ուժեղ հետ են թեքում և ծալում արմնկային հոդում, ապա ծայրանդամն անշարժացնում բինտով։

Ներքին արյունահոսություն

խմբագրել

Ներքին արյունահոսությունների դեպքում հարկավոր է անհապաղ շտապ օգնություն հրավիրել կամ տուժածին տեղափոխել հիվանդանոց, քանի որ առաջին օգնության միջոցով անհնարին է թեկուզ ժամանակավոր դադարեցնել այն։ Որովայնի ուժեղ սալջարդերի և վերքերի ժամանակ հարկավոր է դիմել բժշկի օգնությանը՝ չսպասելով ներքին արյունահոսության ախտանշանների ի հայտ գալուն, որոնք կարող են դրսևորվել ոչ միանգամից (օրինակ՝ փայծաղը վնասվելիս նրա հյուսվածքը երբեմն սկսում է բուռն արյունահոսել վնասվածքից մի քանի ժամ անց)։ Գլխի սալջարդի դեպքում նույնպես անհապաղ պետք է բժշկի դիմել։

Թոքային կամ ստամոքսաղիքային արյունահոսություն վկայում է հիվանդանոցային բուժում պահանջող լուրջ հիվանդության առկայության մասին։ Ստամոքսաղիքային համակարգի արյունահոսության ժամանակ, մինչև բժշկի գալը, հարկավոր է ապահովել հիվանդի հանգիստը։ Հիվանդին չի թույլատրվում ուտել և խմել։ Ուղիղ աղիքից առատ արյունահոսությունը նույնպես պահանջում է շտապ բժշկական օգնություն։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Батуев А. С. Большой справочник для школьников и поступающих в вузы.— М.։ Дрофа, 2004.С.848
  • Рохлов В. С. Справочник школьника.— М.։ АСТ-ПРЕСС,2001.С.704
  • Емельянов С. И. Общая хирургия — М.։ Медицинское информационное агентство, 2003, с 47 — 74.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արյունահոսություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 103