Սմբատ Ա Նահատակ

Շահնշահ հայոց
(Վերահղված է Սմբատ Նահատակից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սմբատ Բագրատունի (այլ կիրառումներ)

Սմբատ Ա կամ Սմբատ Նահատակ (850, Բագրատունիների թագավորություն, Հայաստան - 914, Երնջակ բերդ, Բագրատունիների թագավորություն), հայոց թագավոր Բագրատունիների հարստությունից, Աշոտ Ա-ի որդին։ Վերջինս հայոց գահը ժառանգել է 890 թվականին, սակայն հայոց գահին վերջնական հաստատվել է 892 թվականին։ Աշոտ Ա-ի մահից հետո, հայոց գահը ավագության իրավունքով անցնում է Սմբատին, սակայն Աշոտ Ա-ի եղբայրը՝ Աբաս սպարապետը նույնպես հավակնություններ ուներ թագի նկատմամբ։ Արդյունքում՝ սկսվում են գահակալական կռիվներ, որը դառնում է ազգամիջյան պատերազմների պատճառ։ Ի վերջո Սմբատը կարողանում է հաղթանակ տոնել իր հորեղբոր նկատմամբ և վերջնականապես 892 թվականին հաստատվում հայոց գահին։ Նույն թվականին Սմբատի իշխանությունը ճանաչվում է նաև Արաբական խալիֆայությունը։

Սմբատ Ա
Հայոց թագավոր
Սմբատ Ա Նահատակ արքայի պատկերը Աթենիի Սբ Սիոն եկեղեցում(վերականգնված տեսքով)
Իշխանություն891 - 914
Թագադրում891
Ծնվել է՝850
ԾննդավայրԲագրատունիների թագավորություն, Հայաստան
Մահացել է՝914
Վախճանի վայրԴվին, Բագրատունիների թագավորություն Բագրատունիների թագավորություն
Թաղվել է՝Հաղարծին վանական համալիր
Ներքին Ալուչալու
Ազգությունհայ
ՀաջորդողԱշոտ Երկաթ
ՈւղեկիցԱշոտդուխտ?
ՏոհմԲագրատունիներ
գերիշխան
ՀայրԱշոտ Ա
ՄայրԿատրանիդե Ա
ԵրեխաներԱբաս Ա և Աշոտ Բ Երկաթ
ՀավատքՀայ Առաքելական Եկեղեցի

892 թվականին Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը՝ Դվինը։ Նա թագավորությանը միացրեց Տայք, Տարոն, Աղձնիք, Բարձր Հայք նահանգները, Գուգարքի Ջավախք գավառը։ Ըստ պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու՝ Սմբատի օրոք Հայաստանի սահմաններն արևելքում հասան Ատրպատական, Արևմուտքում՝ Եփրատ, հյուսիսում՝ Վրաստան, հարավում՝ Տավրոսի լեռները։

Սմբատը, շարունակելով հոր գործը, 893 թվականին պայմանագիր է կնքում Բյուզանդիայի հետ, որտեղ թագավորում էր Լևոն Զ-ն՝ Հայկական (մակեդոնական) արքայատոհմից։ Այն իրենից ներկայացնում է առևտրային պայմանագիր, որը կարևոր էր Բագրատունյաց Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Միևնույն ժամանակ այն նաև դաշնակցային և բարեկամական պայմանագիր էր։ Այդ ժամանակ Հայաստանում ոստիկան էր նշանակված Ատրպատականի Սաջյան ամիրայության գահակալ Աֆշինը, որը չէր կարողանում համակերպվել հայ-բյուզանդական այսօրինակ մերձեցման հետ և իր զորքով ներխուժում է Հայաստան։ Սակայն Սմբատ Ա-ն կարողանում դիվանագիտական ուղիներով լուծել այս հարցը և Աֆշինը վերադառնում է Ատրպատական[1]։

894 թվականին տեղի է ունենում սարսափելի բնական աղետ՝ երկրաշարժ, որի պատճառով Դվին մայրաքաղաքը դառնում է կիսավեր և անպաշտպան։ Երկրաշարժի պատճառով զոհվում է շուրջ 70 հազար մարդ։ Օգտվելով բարենպաստ պայմաններից՝ Աֆշինը նորից զորք է հավաքում և ներխուժում Հայաստան։ Ճակատամարտը տեղի է ունենում Արագածոտն գավառի Դողս գյուղում, որտեղ Աֆշինի զորքերը ջախջախիչ պարտության են կրում և ստիպված լինում խաղաղություն խնդրել Սմբատից։ Հայաստանում հաստատվում է կարճատև խաղաղություն, որը Սմբատն օգտագործում է կենտրոնացված պետություն հիմնելու համար։ Նա արշավանքներ է ձեռնարկում դեպի Գուգարք, որը գրավվել էր վրացիների կողմից, և վերամիավորում է այն Հայաստանին։ 899 թվականին Սմբատը թագադրում է վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունուն որպես վրաց թագավոր։ Այս քայլով նա փորձում էր Վիրքը ենթարկել հայկական պետության շահերին[1]։ 901 թվականին Աֆշինին փոխարինում է Յուսուֆը, որը արշավում է Հայաստան և գրավում Դվինը։ Սմբատը պաշարում է քաղաքը և հետ գրավում այն․ Յուսուֆ ամիրան ստիպված էր նահանջել Ատրպատական։ 903 թվականին աբխազները սկսում են ասպատակել Գուգարքը և Վիրքը։ Սմբատը հավաքագրում է մի ահռելի զորք և արշավում Աբխազաց թագավորություն, գրավում այն, ապա իր երկրին միացնում մի շարք աբխազական գավառներ, այդ թվում՝ Կղարջքը և Արտահանը։

Յուսուֆը, տեսնելով, որ չի կարող ռազմական ուժով հաղթել Սմբատին, դիմում է խորամանկության։ Այդ ժամանակ Արծրունիների և Սյունիների միջև առաջացել էին ներքին հակասություններ, իսկ Սմբատը խնդիրները լուծել էր ի օգուտ Սյունիների։ Գագիկ Արծրունին դժգոհ է մնում այդ որոշումից և ապստամբում է։ Յուսուֆն էլ սպասում էր այսպիսի առիթի, որպեսզի երկպառակություն մտցնի հայերի մեջ։ Նա միանգամից թագ է ուղարկում Գագիկին և նրան ճանաչում «հայոց արքա»։ Միաժամանակ՝ 909 թվականին Յուսուֆը զորքով Ատրպատականի կողմից ներխուժում է Հայաստան։ Վճռական ճակատամարտը տեղի է 910 թվականին ունենում Ձկնավաճառում, որտեղ Սմբատը պարտություն է կրում, քանի որ Սևորդյան իշխանները դավաճանում են նրան։ Այդ ժամանակ Հայաստանում գտնվող արաբ ամիրաները, որոնք մինչ այդ հարկատու էին Սմբատին, ապստամբում են։ Ապստամբում են նաև հայ անջատողական տրամադրություններ ունեցող իշխաններից շատերը։ Սմբատը պատսպարվում է Կապույտ բերդում, իսկ Յուսուֆը պաշարում է այն։ Բանակցությունների ժամանակ Յուսուֆը տալիս է անձի ապահովության խոստումներ։ Երկիրը ավերումից պաշտպանելու համար Սմբատը անձնատուր է լինում, սակայն Յուսուֆը չի պահում իր երդումը և նրան խոշտանգելով տանում է Դվին, ապա փորձում է նրանից հրաման կորզել, որ հայոց երկրի պաշտպանվող ամրությունները, բերդերը ևս անձնատուր լինեն, սակայն մերժում է ստանում։ Յուսուֆը 914 թվականին գլխատում է Սմբատին և մարմինը խաչ հանում Դվինի դարպասների վրա[1]։

Կենսագրություն

խմբագրել

Գահակալական կռիվներ

խմբագրել
 
Բագրատունիների թագավորությունը Աշոտ Մեծի հետնորդների օրոք

890 թվականին մահանում է Բագրատունյաց Հայաստանի առաջին արքան՝ Աշոտ Ա-ն, որի մահից հետո ավագության իրավունքով գահը անցնում է Սմբատին։ Սակայն նա չի կարողանում ներկա գտնվել նույնիսկ իր հոր թաղմանը, քանի որ Գուգարքում պատերազմներ էր մղում։ Վերադառնալով Հայաստան և անհրաժեշտ կարգով հոր մահը սգալուց հետո՝ Սմբատը զբաղեցնում է հայոց թափուր գահը։ Սակայն Սմբատի հորեղբայրը՝ սպարապետ Աբասը, նույնպես որոշակի հավակնություններ ուներ հայոց գահի նկատմամբ, այդ պատճառով նա առանձնանում է Վանանդ գավառում և սպասում հարմար պահի, որպեսզի ապստամբի։ Ապստամբության համար առիթ է հանդիսանում Ատրներսեհ Բագրատունու այցը Հայաստան, որը վրաց գահերեց իշխան էր[2]։ Նա նախ տեսակցում է Աբասի հետ, ցավակցում նրան Աշոտ Ա-ի մահվան կապակցությամբ, ապա զգուշացնում, որ գնալու է նաև Սմբատի մոտ, սակայն Աբասը ասում է, որ պետք չէ այդպիսի քայլ անել։ Ատրներսեհը հավատացնում է, որ նա ոչ մի կանխակալ վերաբերմունք չունի գահի թեկնածուների միջև, ապա մեկնում Սմբատի մոտ։ Սմբատին ցավակցելուց հետո՝ նա արքայական հագուստներ է հագցնում նրան, ինչը Աբասի կողմից դիտվում է դավաճանություն, և երբ Արտներսեհը վերադառնում է Աբասի մոտ, նա ձերբակալում է վրաց իշխանին։

Այդ առիթով կռիվ է սկսվում Սմբատի և հորեղբոր միջև, սակայն հայոց կաթողիկոսը ազգամիջյան հակասությունները կանխելու նպատակով դիմում է Աբասին և խնդրում ազատ արձակել Ատրներսեհին, որի դիմաց Աբասը պահանջում է իրեն հանձնել Ատրներսեհի կողմից Աբասի քրոջ ամուսնուց՝ Գուրգենից խլված երկու բերդերը։ Այս պահանջը անմիջապես կատարվում է Ատրներսեհի կողմից, սակայն Աբասը դրժում է իր երդումը և շարունակում անազատության մեջ պահել Ատրներսեհին։ Կաթողիկոսը հիասթափվում է և դիմում Սմբատին, որպեսզի լուծի այդ հարցը։ Սմբատը վրեժխնդրությամբ է լցվում ազգակցի հանդեպ և նորից պատերազմ սկսում։ Տեսնելով Սմբատի ռազմական ուժի գերազանցությունը՝ Աբասը փակվում է Կարսի բերդում, իսկ քիչ անց խաղաղության խոսք բացում։ Սմբատը չէր ցանկանում ազգամիջյան պատերազմ հրահրել, այդ պատճառով համաձայնվում է բանակցել և խաղաղության դիմաց պահանջում բանտից ազատել Ատրներսեհին, որը կատարվում է[3]։

Գահակալում

խմբագրել

Սկզբնական շրջան

խմբագրել

Գահակալական կռիվների ավարտից հետո՝ 892 թվականին, արաբ խալիֆ Մահմեդ-Բիլլահը Աֆշինի միջոցով թագ և արքայական հանդերձներ է ուղարկում Սմբատին և այդպիսով ճանաչում նրան հայոց թագավոր։ Նույն ժամանակ վերջինս դառնում է Հայաստանի ոստիկան և միևնույն ժամանակ կառավարում Ատրպատականում։ Թագադրումը կատարվում է մայրաքաղաք Շիրակավանում։ Տեսնելով այս ամենը՝ Աբասը նորից նախանձով է լցվում և քայլեր է սկսում Գևորգ կաթողիկոսի դեմ, որը Սմբատի կուսակիցն էր։ Նա փորձում է կեղծ լուրեր տարածել նրա մասին, սակայն այդ փորձերը անհաջողությամբ են պսակվում[4]։

 
Բյուզանդիայի Լևոն Զ Իմաստասեր արքան Հայկական-Մակեդոնական արքայատոհմից

Սմբատը ամենայն ճշտությամբ շարունակում էր իր հոր՝ Աշոտ Ա-ի գործունեությունը։ 893 թվականին նա մեկնում է Բյուզանդիա և Կոստանդնուպոլսի արքունիքի հետ բանակցություններ սկսում։ Այդ ժամանակ Բյուզանդիայում իշխում էր Հայկական (մակեդոնական) արքայատոհմի ներկայացուցիչ Լևոն Զ Իմաստասերը։ Հայաստանի և Բյուզանդիայի միջև կնքվում է առևտրական պայմանագիր, որը կարևոր էր և՛ Բյուզանդիայի, և՛ Արաբական խալիֆայության, և՛ Հայաստանի համար, քանի որ բյուզանդա-արաբական սահմանը փակ էր և նրանք չէին կարող առևտուր անել միմյանց հետ, իսկ Հայաստանը կարող էր հանդիսանալ կապող օղակ վերջիններիս միջև։ Սակայն այս պայմանագրի գլխավոր նպատակը ոչ թե տնտեսական, այլ դաշնակցային կապերի հաստատումն էր։ Հայերի և բյուզանդացիների միջև հաստատվում են դաշնակցային հարաբերություններ, որը սակայն պայմանագրով ամրագրված չէր։

Այս իրադարձություններին Ատրպատականից ուշի ուշով հետևում էր Աֆշինը[5], որը հասկանում էր պայմանագրի իրական բնույթը և իր զորքով Ատրպատականից ներխուժում Հայաստան։ Սմբատը, հավաքելով իր 30 հազարանոց բանակը, շարժվում է նրան ընդառաջ․ Աֆշինը չէր սպասում այսպիսի հսկայական բանակի։ Սմբատը պատգամախոսներ է ուղարկում և հավաստիացնում Աֆշինին, որ անիմաստ է պայմանագրի համար անհանգստանալը, քանի որ հայ-բյուզանդական պայմանագիրը ընդամենը առևտրական բնույթ է կրում։ Աֆշինը, ավելի շատ վախենալով Սմբատի ռազմական ուժից, քան հավատալով նրա ասածներին, համաձայնվում է խաղաղությամբ հեռանալ։ Սմբատը սկսում է իրագործել իր գլխավոր ծրագրերից մեկը՝ հայկական բոլոր տարածքները հավաքել մեկ թագավորության ներքո, այսինքն՝ ստեղծել համահայկական թագավորություն։ Այդ պատճառով նա որոշում է գրավել Դվինը, պաշարում է այն և ամբողջ 2 տարի ջանք գործադրում այն գրավելու համար։ Ի վերջո Դվինը հանձնվում է և Սմբատը ձերբակալում է երկու արաբ կառավարիչներին և ուղարկում Բյուզանդիա՝ Լևոն Զ-ի մոտ։ Դվինից հետո Սմբատը արշավում է հյուսիս և իրեն ենթարկում Կուրի մյուս ափին գտնվող մի շարք թագավորություններ։ Սմբատի իշխանության տակ են անցնում նաև Ալանաց դուռը և Կախեթը[6]։

Հայոց երկիրը արագ տեմպերով բարգավաճում էր, սակայն տեղի է ունենում մի սարսափելի բնական աղետ՝ Դվինի երկրաշարժը։ Դվինը դառնում է կիսավեր, փլվում է նրա պարիսպների մի մասը, մեծ քանակությամբ տներ, որի պատճառով զոհվում է շուրջ 70 հազար մարդ։ Օգտվելով հարմար առիթից՝ Աֆշինը նորից Ատրպատականից ներխուժում է Հայաստան[7]։ Նա նախօրոք լուրեր է տարածում, որ արշավելու է այլ երկրների վրա, սակայն երբ նրա զորքը նկատում են Նախճավանի մոտ, Սմբատ հասկանում է կատարվածը և սկսում է նախապատրաստական աշխատանքներ տանել։ Սակայն արդեն ուշ էր և Սմբատը նահանջում է մինչև Արագածոտն՝ թույլ տալով, որ Աֆշինը գրավի Դվինը։ Սմբատը իր ուժերը կենտրոնացնում է Վժան գյուղում։ Գևորգ կաթողիկոսը սկսում է բանակցել Աֆշինի հետ, որպեսզի նա դադարեցնի արշավանքը, սակայն Աֆշինը պահանջում է, որ Սմբատն անձամբ գա իր հետ բանակցելու։ Երբ Գևորգը Սմբատին հայտնում է Աֆշինի հրավերի մասին, Սմբատը միանգամից մերժում է այն՝ իր աչքի առաջ ունենալով իր հոր մահվան օրինակը։ Գևորգ կաթողիկոսը նորից այցելում է Աֆշինին բանակցելու համար, սակայն արաբ ոստիկանը հասկանում է, որ այդ բանակցությունները միայն ժամանակ շահելու համար են և բանտարկում է կաթողիկոսին։ Ի վերջո՝ վճռական ճակատամարտը տեղի է ունենում Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ, որտեղ հաղթանակ են տոնում Սմբատի զորքերը՝ հիմնականում հիմնվելու հյուսիսային լեռնական զորքերի օգնության վրա։ Աֆշինը միանգամից խաղաղության բանակցություններ է սկսում և ասում, որ պատերազմի միակ պատճառը Սմբատի հարկեր չվճարելն է։ Սմբատը անմիջապես տալիս է արաբական հարկը և Աֆշինը, հեղինակազրկված իր կրած պարտությունից, հեռանում է, իր հետ տանելով նաև բանտարկված կաթողիկոսին, որի համար մի հսկայական փրկագին է վճարվում, որից հետո միայն հայոց հովվապետը ազատ է արձակվում[8]։

Քաղաքական իրադրությունը Վասպուրականում

խմբագրել

Անհաջողություններ կրած Աֆշինը չէր մոռացել իր վրեժը Սմբատի հանդեպ, սակայն նա հասկանում էր, որ չի կարող այդ վրեժը լուծել հիմնվելով ռազմական ուժի վրա։ Եվ նա որոշում է օգտագործել այն խորամանկ ուղին, որը հաճախ է օգտագործվել հայերի դեմ թշնամիների կողմից։

Գրիգոր-Դերենիկի մահից հետո իր երեք որդիների՝ Սարգիս-Աշոտի, Գագիկի և Գուրգենի խնամակալությունը անցնում է Գագիկ Աբումրվանին[9]։ Հետագայում Վասպուրական աշխարհը բաժանվում է երեք մասի, որոնցից ամեն մեկում սկսում է կառավարել եղբայրներից մեկը։ Վանից մինչև Նախճավան ընկած տարածքը և Վասպուրականի իշխանապետությունը ավագության իրավունքով անցնում է Սարգիս-Աշոտին։ Ռշտունիքից մինչև Մոկաց աշխարհը անցնում է Գագիկին, իսկ Պարսկահայքը՝ Գուրգենին։ Սակայն նրանց խնամակալ Գագիկ Աբումրվանը չի ցանկանում անմասն մնալ այս բաժանումից, քանի որ նա նույնպես նշանավոր Արծրունի էր։ Նա երեք եղբայրներից խլում է նշանավոր Նկան, Սևան և Կոտոր ամրոցները։

 
Վասպուրականի հայոց թագավորություն (908-1021 թվականներ)

Այս կռիվների մասին հայտնի է դառնում Աֆշինին։ Հայաստանում ազգամիջյան պատերազմներ հրահրելու համար նա օգտագործում է այս իր համար բարենպաստ իրադարձությունները։ Նա իր մոտ է հրավիրում Սարգիս-Աշոտին։ Իմանալով, որ Սարգիս-Աշոտը ցանկանում է դաշանկցել Աֆշինի հետ՝ Սմբատը նամակ է գրում նրան և հորդորում չանել այդ քայլը, սակայն Վասպուրականի իշխանը չի լսում նրա հորդորները և մեկնում է Ատրպատական[10]։ Բարկանալով իշխանի այդ քայլից՝ Սմբատը Վասպուրականը բաժանում է Անձացյաց մեծ իշխան Գուրգենի և իր քեռորդի Գագիկ Աբումրվանի միջև։ Սարգիս-Աշոտը, իմանալով այդ մասին, վերցնում է Աֆշինի զորքերը և վերադառնում Հայաստան։ Գուրգենը և Աբումրվանը տեղի են տալիս և հեռանում, սակայն շուտով նորից պատերազմ է բորբոքվում Սարգիս-Աշոտի և Գուրգենի միջև[11]։ Բախումից խուսափելու համար Գագիկ Աբումրվանը հաշտեցնում է նրանց։ Քիչ անց մահանում է Անձևանյաց իշխան Գուրգենը։

Որոշ ժամանակ անց Գագիկ Աբումրվանը իր մոտ է կանչում երեք եղբայր իշխաններին՝ Սարգիս-Աշոտին, Գագիկին և Գուրգենին, որոնց բանտարկում է ամեն մեկին մի բերդում․ Սարգիս-Աշոտին՝ Նկան բերդում, Գագիկին՝ Սևանում, իսկ Գուրգենին՝ Կոտոր բերդում։ Հետագայում Սմբատի եղբայր Շապուհը կարողանում է բանտից ազատել միջնեկ եղբայր Գագիկին։ Գագիկ Աբումրվանը իր ենթակայության տակ է վերցնում ամբողջ Վասպուրականը, սակայն Վասպուրականի մի շարք իշխաններ, ի նշան դժգոհության, թողնում են իրենց գավառները և հեռանում Ամիդ քաղաք։

Ամիդ քաղաքի կառավարիչը արաբ Ահմաթն էր, որը ներխուժել էր Հայաստան և գրավել Տարոնը՝ նախկինում Բագրատունիների ենթակայության տակ գտնվող ամենանվիրական նահանգներից մեկը։ Սմբատը նրանից պահանջում է հեռանալ Տարոնից, սակայն արաբ ամիրան մերժում է նրա պահանջը։ Սմբատը ռազմադաշտ է դուրս բերում մի հզոր բանակ, որի թիվը ըստ Հովհաննես կաթողիկոսի 60 հազար էր, իսկ Թովմա Արծրունու՝ 100 հազար։ Սմբատը իր զորքը տանում էր այնպիսի ճանապարհով, որը ցույց էր տալիս իր քեռորդին՝ Գագիկ Աբումրվանը, որը սակայն դավաճանում է իր արքային և դիտմամբ ցույց տալիս մի բարդ և տանջալից ճանապարհ, որի ընթացքում հայկական զորքը ուժասպառ է լինում[12]։ Հայոց զորքը կենտրոնանում է Թուխ գյուղում, որտեղ արաբները հարձավում են հայերի հոգնած զորքի վրա։

Ճակատամարտի սկզբնական մասում հայերը կարողանում են որոշ հաջողությունների հասնել, սակայն դավաճան Գագիկը, ոգևորվելով, որ իր դավաճանությունը չեն նկատել, կատարում է նաև մեկ այլ դավաճանություն։ Նա խուճապ է մտցնում հայերի շարքերում, որի պատճառով հայկական զորքը մեծ կորուստներ է կրում և բռնում փախուստի ճանապարհը։ Ըստ Թովմա Արծրունու զոհերի թիվը հասնում էր շուրջ 5 հազարի։

Երբ դավաճան Գագիկը վերադառնում է Վասպուրական, եղբայրներից միջնեկը՝ Գագիկը, որը ազատված էր բանտից արքայի եղբայր Շապուհի խնդրանքով, կազմակերպում է Գագիկ Աբումրվանի դեմ դավադրություն և որի արդյունքում դավաճանը զոհվում է[13]։ Բանտերից ազատվում են երեք եղբայրները և վերականգնվում է Վասպուրականի հին կարգավիճակը[14]։

Աֆշինի դեմ պայքար

խմբագրել

Վասպուրականի խառնաշփոթ իրադարձություններից հետո հայոց նախարարական համակարգը պառակտվեց, իսկ անմիասնական նախարարական համակարգով անհնար է ունենալ հզոր պետություն։ Այս ամենը պարզ հասկանում էր Սմբատ արքան, որը սկսում է քայլեր ձեռնարկել նախարարական համակարգը կարգի բերելու համար։ Նա իր եղբորը՝ Դավիթին ուղարկում է Վասպուրական, որպեսզի բանակցի Սարգիս-Աշոտի հետ և համոզի նրան չանցնել հակառակորդի կողմը։ Նա նույնատիպ առաջարկություն ստացել էր նաև Աֆշինից՝ խոստանալով նրան մեծամեծ տիտղոսներ։ Սակայն Սարգիս-Աշոտը նախընտրում է բռնել Սմբատի կողմը։

 
Սմբատի գահաժառանգ Աշոտի արձանը

Աֆշին երկար ժամանակ արդեն ուսումնասիրել էր Սմբատի ռազմական նախասիրությունները և գիտեր, որ հայոց արքան պատերազմների ժամանակ փորձելու է լեռնային անմատչելի դիրք բռնել։ Այդ պատճառով նա իր արշավանքը սկսում է Աղվանքի վրայով և շարժվում է դեպի Տփղսիս․ դրա նպատակը Սմբատին Գուգարքի և Տայքի պես լեռնային հենարաններից զրկելն էր։ Աֆշինը գրավում է Տփղիսը, անցնում Ջավախք, ապա՝ Վանանդ։ Սմբատը ուներ անպատրաստ բանակ, այդ պատճառով նա թողնում է Դվինը և հեռանում Տայոց աշխարհ։ Աֆշինը, իմանալով որ թագուհին և մի շարք նշանավոր իշխանուհիներ արքայական գանձերի հետ միասին գտնվում են Կարսի բերդում, անմիջապես պաշարում է բերդը և գրավում այն[15]։ Հայոց թագուհին մի շարք նշանավոր իշխանուհիների հետ գերի է ընկնում։ Թալանվում է նաև պետական գանձարանը, ապա Աֆշինը գնում է Դվին, որպեսզի ձմեռի այնտեղ։

Նրանց միջև սկսվում է բանակցություններ, որի արդյունքում Աֆշինը ծանր պայմաններ է առաջադրում։ Նա ցանկանում էր պատանդ ստանալ Սմբատի ավագ որդուն՝ Աշոտին, որը ապագա գահաժառանգն էր։ Սմբատը ուրիշ ելք չուներ, նա համաձայնվում է այդ պայմանին և բանակցությունների արդյունքում խաղաղություն է կնքվում։ Աֆշինը ձմեռելուց հետո ազատ է արձակում հայոց թագուհուն, սակայն նրա հարսին պահում է իր մոտ և վերադառնում Ատրպատական։

Իր նախկին դիրքը վերականգնելու համար Սմբատը թագ է շնորհում իր բարեկամ Ատրներսեհ Բագրատունուն և նրան դարձնում Վիրքի արքա։ Այդ գործողությամբ նա ցանկանում էր Վիրքը օգտագործել հայոց թագավորության շահերի համար։ Նա նախանձ է հարուցում Ատրներսեհի թշնամիների մեջ, ովքեր բողոքում են Աֆշինին։ Իսկ Աֆշինին հարկավոր էր նոր առիթ արշավանքի համար։ Նա հայտարարում է, որ թագ կարող է շնորհել միայն խալիֆը և նորից հին ճանապարհով՝ Աղվանքի վրայով նա սկսում է արշավել դեպի Հայաստան։ Այս անգամ նույնպես Սմբատը մի փոքրիկ ջոկատով խույս է տալիս դեպի Տայոց աշխարհ։ Աֆշինը առանց արյունահեղության հասնում է Դվին, այնտեղ Հայաստանի կառավարիչ նշանակում իր որդուն՝ Դևդադին և իր ներքինուն, ապա վերադառնում Ատրպատական։ Երբ Աֆշինը ավարտում է իր հաշիվները Սմբատի հետ, որոշում է վրեժ լուծել Վասպուրականի իշխաններից Սմբատի կողմը անցնելու համար։ Սարգիս-Աշոտը, բանակցելով իր եղբայրների հետ, որոշում է գնալ Աֆշինի մոտ և խաղաղություն կնքել։ Աֆշինը պահանջում է, որ իր մոտ պատանդ մնա Գագիկը, որին հինգ ամիս հետո փոխարինում է Գուրգենը։ Սակայն Գուրգենը չի կարողանում դիմանալ Աֆշինի պալատում և փախչում է ու վերադառնում իր եղբայրների մոտ։ Այս պատճառով Աֆշինը ներխուժում է Վասպուրական և այնտեղ երկու այլ կառավարիչներ նշանակում։ Աֆշարի կողմից էր կռվում նաև Հասանը, որը մեծ դժվարություններ է առաջացնում Վասպուրականի համար[16]։

Դրությունը այդպես չէր Բագրատունյաց Հայաստանում։ Սմբատը վերադառնում է Տայոց աշխարհից և գնում Անի ամրոց, որտեղ նա հանդիպում է Աֆշինի թողած ներքինապետին և մտերմական հարաբերություններ հաստատում նրա հետ։ Այդ մտերմության արդյունքում Սմբատը կարողանում է ազատել իր թագաժառանգ որդուն՝ Աշոտին և իր հարսին։ Իմանալով այս բարեկամության մասին՝ Աֆշինը նոր արշավանք է սկսում Հայաստանի դեմ, սակայն նրա զորքում համաճարակ է բռնվում (հավանաբար խոլերա), որի արդյունքում զոհվում է զորքի մեծ մասը, որի թվում նաև Աֆշինը և Վասպուրականի երկու կառավարիչները։

Աֆշինի մահից հետո Սմբատը կարողացավ արագորեն վերականգնել Հայաստանի անկախությունը և հին ուժերը[17]։

Երկրի ներքին կյանք

խմբագրել

Աֆշինի մահից հետո երկրում որոշակի ժամանակ խաղաղություն է հաստատվում, ինչը Սմբատը օգտագործում է երկրի ամբողջ ուժը վերականգնելու համար։ Այդ ժամանակ Սարգիս-Աշոտը իր հարաբերությունները կարգավորում է Սմբատի հետ։ Վասպուրականի կյանքում դադարում է ներքին խոշոր ազգամիջյան կռիվները, սակայն մնում էր մեկը, որը շարունակում էր խոչընդոտել պետության խաղաղ կյանքին՝ Հասանը[18]։

Մի անգամ, երբ Սարգիս-Աշոտը իջել էր մի գյուղի տուն, Հասանը իր մարդկանցով շրջապատում է տունը, փորձում բարձրանալ տան տանիքին, սակայն տանիքը կոտրվում է և նա ընկնում է վար։ Սարգիս-Աշոտը անմիջապես ձերբակալում է նրան և պահանջում հետ վերադարձնել Սևան բերդը, բայց այս պահանջին դիմադրում են Հասանի մայրն ու եղբայրը։ Նրանք դիմում եմ Սմբատին, որպեսզի նա լուծի այս վեճը։ Որպես դատավոր Սմբատը ուղարկում է Հովհաննես կաթողիկոսին, որը պայմանավորվում է բերդը հանձնել Սարգիս-Աշոտին, իսկ Հասանին ողջ ու առողջ ազատ արձակել։ Պայմանավորվածությունը իրականանում է, բայց Սարգիս-Աշոտը դրժում է իր խոսքը և կուրացնում Հասանին, ապա նոր ազատ արձակում նրան։ Սարգիս-Աշոտի եղբայրը՝ Գագիկը, խստորեն մեղադրում է նրան այդ արարքի համար։ Ըստ Թովմա Արծրունու՝ Հասանը կուրանալուց հետո դառնում է բարեպաշտ և նույնիսկ ընդունում է հոգևորականություն։

 
Գագիկ Արծրունու քանդակը իր կառուցած Աղթամարի վանքում

Սարգիս-Աշոտի կատարած ուխտադրժության պատճառով նրա և Սմբատի հարաբերությունները չփչացան, այլ ընդհակառակը։ Երբ Ապահունյաց գավառի Կայսիկ ցեղը հրաժարվեց ճանաչել Սմբատի իշխանությունը իրենց վրա, Սմբատը զորք հավաքեց և արշավեց նրանց վրա։ Ըստ Թովմա Արծրունու՝ Սմբատը պարտություն է կրում և սկսում նահանջել, սակայն Սարգիս-Աշոտը իր զորքով հաղթանակ է տոնում ապստամբների նկատմամբ և ստիպում հպատակվել Սմբատին։ Սմբատը Սարգիս-Աշոտին շնորհակալություն հայտնելու համար նրան է նվիրում Նախճավան քաղաքը[19]։ Սակայն այս ռազմական օժանդակության համար պարգևատրությունով Սմբատը խախտում է Սյունիների ժառանգական իրավունքը։

Սյունյաց իշխան Սմբատը նույնիս ապստամբում է այս պատճառով և հայտարարում, որ այլևս հարկ չի վճարելու Սմբատին ու իր հարկը ուղղելու է Ատրպատականի ամիրային։ Սմբատը արքան հավաքում է 25 հազարանոց բանակը և իջնում Շարուրի դաշտ, իսկ ապստամբ Սմբատը պատրաստվում էր նրան դիմակայել 10 հազարանոց զորքով։ Սմբատ արքան օգնության է կանչում նաև Սարգիս-Աշոտին, որը մեծ հոժարությամբ համաձայնվում է օգնել արքային։ Նա նաև նամակ է գրում ապստամբած Սմբատ Սյունի իշխանին և իր նամակում բացատրում թե ինչքան բարդ կլինի հաղթել արքային։ Սմբատ Սյունին ընդունում է այդ և վերցնելով Սմբատին վճարվելիք հարկը՝ գնում նրա մոտ։ Կայանում է հաշտություն, սակայն այս ուրախությունը ընդհատվում է Սարգիս-Աշոտի մահով, որը 40 օր տանջվելուց հետո 904 թվականին Նախճավանում կնքում է իր մահկանացուն։

Այս իրադարձություններից հետո Բագրատունյաց թագավորության պատմության մեջ սկսվում է մի խաղաղ ժամանակաշրջան։ Չնայած նախորդող սուր իրադարձություններին, Հայաստանը կարողացել էր զարգացնել իր և՛ մշակութային, և՛ տնտեսական ներուժը, ու այդ սուր իրադարձությունների ժամանակ պետության մեջ աղքատություն չէր առաջացել[20]։ Ճանապարհորդ-աշխարհագիրներից մեկը՝ Իբն-Հաուկալը, Հայաստանի մասին պատմում է, որ այնտեղ լիառատություն ու էժանություն էր տիրում[21]։

Յուսուֆի դեմ պայքար

խմբագրել

Աֆշինի մահից հետո՝ 901 թվականին Յուսուֆը դառնում է Ատրպատական կիսանկախ գավառական մասի կառավարիչ։ Նա հեռացնում է Աֆշինի թագաժառանգին՝ Դևդադին և զբաղեցնում է իր եղբոր գահը։ Այդ ժամանակ Սմբատը խնդրել էր արաբական խալիֆին, որ Հայաստանն առանձնացնեն Ատրպատականից ու այն հարկատու դարձնեն անմիջապես Բաղդադին։ Խալիֆը մեծ սիրով կատարել էր Սմբատի խնդրանքը, ինչով առաջացրել էր Յուսուֆի բարկությունը։ Յուսուֆը խալիֆին խնդրում է վերականգնել հին իրավիճակը, սակայն մերժում է ստանում։ Բայց Յուսուֆը իր եղբորից ավելի դաժան և պահանջկոտ էր։

 
Սաջյան ամիրայությունը իր հզորության գագաթնակետի ժամանակ (889-929 թվականներ)

Հասկանալով, որ չի կարողանա Սմբատի հետ բանակցությունների միջոցով լուծել այդ հարցը՝ նա դիմում է ռազմական ուժին։ Յուսուֆը ընտրում է իր եղբոր արշավանքների հին ուղին, այսինքն՝ Փայտակարանի, Աղվանքի վրայով արշավ դեպի Շիրակ՝ հյուսիսային կողմից։ Սմբատը ամրացնում է Աշոցքի և Տաշիրի լեռնանցքերը, որպեսզի արաբները չկարողանան ներխուժել Շիրակ, սակայն Յուսուֆը լրիվ անսպասելի ճանապարհ է ընտրում և կարողանում հեշտությամբ մտնել Բագրատունյաց թագավորության սիրտ՝ Շիրակ[22]։ Յուսուֆ ամիրան առանց ռազմական գործողություններ սկսելու շարժվում է Դվին և գրավում այն։ Նա կարծում էր, որ երկրի սիրտը գրավելով արդեն կարող էր իր պայմանները թելադրել։ Սմբատը իր համար հենարան է դարձնում Արագածի ամրությունները, իսկ Յուսուֆը մի հարուստ սիրիացու միջոցով միանգամից սկսում է բանակցություններ վարել նրա հետ։ Յուսուֆի վերաբերմունքը մեղմ էր հայոց արքայի հանդեպ, քանի որ նա մտադրություն ուներ ապստամբել խալիֆայության դեմ և չար ցանկանում իր թիկունքում ունենալ Հայաստանի պես ուժեղ թշնամական երկիր։ Նա ընդամենը պահանջում է, որ հայերը նորից հարկ վճարեն Ատրպատականին և Սմբատը թագ ստանա Ատրպատականի կողմից, այսինքն՝ կախման մեջ լինի Յուսուֆից։ Վճարվելիք հարկի չափը որոշվելու էր Սմբատի կողմից։ Ձմեռումից և մեծամեծ պարգևների փոխանակումից հետո Յուսուֆը վերադառնում է Ատրպատական[23]։

Կնքված հաշտությունը երկարաժամկետ էր, քանի որ Ատրպատականը դեռևս Հայաստանի հետ կապված պլաններ չուներ, սակայն հարմար հանգամանքների դեպքում նա ցանկանում էր ամբողջապես հպատակեցնել Սմբատին։ Այդ ժամանակ Հայաստանի հեռավոր նահանգներից մեկը՝ Մինգրելիան (եգերների աշխարհը), ապստամբում է։ Սմբատը զորք է հավաքում և արշավում նրանց վրա՝ օգնության կանչելով նաև վրաց արքա, բարեկամ և դաշնակից Ատրներսեհ Բագրատունուն, որը եգերների արքայի՝ Կոնստանդինի աներն էր, սակայն մեծ գժտություն ուներ իր փեսայի հետ։ Հայ-վրացական ուժեր հաղթանակ են տոնում և Սմբատը հրամայում է Ատրներսեհին բանակցություններ վարել Կնոտսանդինի հետ, բայց Ատրներսեհը այդ ժամանակ իր վրեժը լուծելու համար ձերբակալում է Կոնստանդինին և ուղարկում Հայաստան, որտեղ նա բնակեցվում է Անի ամրոցում։ Տեսնելով, որ եգերացիները կարող են նորից ապստամբել հայոց Սմբատ արքան ազատ է արձակում նրան և արքայական պատիվներով ուղարկում իր աշխարհ։ Այս քայլը հիանալի հետևանքներ է ունենում, քանի որ Կոնտսանդինը շնորհապարտ է մնում Սմբատին իր գեղեցիկ քայլի համար[24]։

Սակայն Կոնստանդինի այս քայլը նաև բացասական հետևանքներ է ունենում։ Վրաց արքա Ատրներսեհ Բագրատունին թշնամությամբ է լցվում Սմբատի հանդեպ, քանի որ առանց իր իմացության Սմբատը ազատ էր արձակել Կոնստանդինին։ Այս ժամանակ Յուսուֆը սկսում է խալիֆայության դեմ իր ապստամբությունը։ Խալիֆը բավարարվեց իր ռազմական ուժերի ռազմադաշտ դուրս բերմամբ և դիմում է Ատրպատականի հարևան երկրներին ու նրանցից ռազմական օգնություն խնդրում Յուսուֆին հնազանդեցնելու համար։ Ըստ Հովհաննես կաթողիկոսի՝ Հայաստան է ուղարկվում մի «քարտուղար», որը առաջարկում է մեկ տարվա հարկ չվճարել և դրա փոխարել օգնել Յուսուֆի դեմ պատերազմում։ Սմբատը չէր կարող իր կապերը խզել խալիֆայության հետ, այդ պատճառով հազար հոգուց բաղկացած զորք է ուղարկում Վասպուրականի կողմերը, որով հետագայում օգնում է խալիֆին հպատակեցնել Յուսուֆին։ Յուսուֆը թողություն է խնդրում խալիֆից, իսկ խալիֆը ներում է նրա դավաճանությունը և թողնում որպես Ատրպատականի կառավարիչ։

Հայաստանի ցուցաբերած օգնությունը խալիֆին թշնամություն է առաջացնում Յուսուֆի մեջ։ Այդ ժամանակ մահանում է Էլ-Մոքթաֆի խալիֆը, որի դեմ ապստամբել էր Յուսուֆը և գահ է բարձրանում մի թույլ խալիֆա, որից Յուսուֆը ավելի մեծ ազատություն և վճռականություն է ստանում[25]։ Ավարտելով իր ապստամբությունը և վերականգնելով իր իշխանությունը Ատրպատականի վրա՝ Յուսուֆը պահանջում է Հայաստանից վճարել իր հարկը, նույն պահանջը ուներ նաև խալիֆայությունը։ Որպեսզի կարողանա բավարարել երկուսին էլ, Սմբատը կրկնապատկում է ժողովրդից գանձվող հարկը, որի պատճառով ժողովրդի մեջ դժգոհություններ են առաջանում նրա հանդեպ։ Դժգոհություն է առաջանում ոչ միայն ռամիկների, այլ նաև նախարարների շրջանում, քանի որ հարկահանության ամբողջ ծանրությունը նրանց ուսերին էր։

 
Արծրունիների տան զինանշան

Դժգոհություններն այնքան են մեծանում, որ կազմակերպվում է մի դավադրություն, որի նպատակն էր սպանել Սմբատին։ Դավադրության կազմակերպիչներն էին Ատրներսեհ Բագրատունին, որը դեռ չէր մոռացել Սմբատի քայլը Կոնստանդինի հանդեպ, և Հասանը, որը արքունական պաշտոնյա էր և վայելում էր Սմբատի լիակատար վստահությունը։ Սմբատի մահից հետո հայոց գահը պիտի անցներ Ատրներսեհին։ Սակայն ապստամբությունը բացահայտվում է և Սմբատը անմիջապես վերադառնում է Երազգավորս և ձերբակալեց բոլոր դավադիրներին, իսկ Ատրներսեհը և Հասանը, թալանելով Անին, փախան Տայոց աշխարհ և ամրացան նրա բնական ամրություններում։ Դավադրության լուրը տարածվում է ամբողջ երկրով և բոլորը ոտքի են կանգնում իրենց արքային պաշտպանելու համար։ Երբ հայոց զորքը հասնում է Վիրք, զինվորները ուզում են այնտեղ կոտորած անել, սակայն Սմբատը ասում է, որ մեղավորից պետք է վրեժ լուծել, ոչ թե անմեղ ժողովրդից[25]։ Ատրներսեհը մեղայականով է հանդես գալիս և ներում խնդրում Սմբատից։ Հայոց արքան կրկին ցույց է տալիս իր բարձր բարոյական արժեքները։ Նա ներում է իր հին բարեկամին, սակայն կուրացնում է դավաճան հայերին, ապա մի մասին ուղարկում Լևոն արքայի մոտ, իսկ մյուս մասին՝ եգերացիների արքա Կոնտանդինի մոտ։ Սրանով նա փորձում էր արմատախիլ անել դավաճանությունը հայերի միջից, սակայն դրա արմատները ավելի խորն էին[26]։

Վասպուրականի անջատումը Հայաստանց

խմբագրել

Սարգիս-Աշոտի մահից հետո՝ 904 թվականին Վասպուրականի իշխանությունը անցնում է նրանց միջնեկ եղբորը՝ Գագիկին։ Նա 25 տարեկան էր, երբ ստանձնեց իր գավառի կառավարումը, սակայն բազմիցս աչքի էր ընկել իր փայլուն ռազմական և դիվանագիտական ունակություններով։ Երկու եղբայրները՝ Գագիկը և Գուրգենը իրենց մեջ բաժանում են Վասպուրականը։ Փոքր եղբորը՝ Գուրգենին, բաժին է հասնում հարավարևելյան Վասպուրականը, իսկ Գագիկին՝ հյուսիսարևմտյան հատվածը։ Այդ ժամանակ Վասպուրականը վարում էր մի շարք մանր պատերազմներ, որոնք հաջողություններ են բերում նրանց, սակայն այդ մանր ցեղերը հավաքվում են Զարևանդ (Սալմաստ) գավառում և պատրաստվում արշավել Վասպուրականի վրա[27]։ Հասկանալով, որ դժվար կլինի դիմագրավել այս ուժերին՝ Գագիկը միանգամից սկսում է բանակցել այդ ցեղերի ղեկավարների հետ և նրանց պահանջները կատարելով՝ հաշտություն կնքում նրանց հետ։

 
Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» գիրքը, որտեղ ներկայացված է Վասպուրականի թագավորության հիմնադրումը և պատմությունը

Գագիկը սկսում է զբաղվել իր ներքին խնդիրներով։ Նա փորձում է վերացնել անիշխանությունը և այդ պատճառով ճնշում է մի շարք անջատողական քաղաքականություն ունեցող իշխանների։ Այդ մանր պատերազմներից մեկը հատկապես կարևոր դեր խաղաց Վասպուրականի պատմության մեջ։ Գագիկը Ամյուկ բերդի դեմ գործողություններ է կազմակերպում, որի միջոցով, ինչպես պատմում է Թովմա Արծրունին՝ Գագիկը «գողանում» է բերդը։ Սա ցույց է տալիս, որ այդ անառիկ բերդը գրավելու համար Գագիկը ինչ-որ խորամանկությունների է դիմել և գրավել է արագորեն՝ առանց մեծ ռազմական ուժերի։ Բերդը պատկանում էր Ութմանիկներին, ովքեր արաբական ցեղ էին։

Ինչքան էլ Թովմա Արծրունին իր գրքում փորձում է ցույց տալ, որ Ամյուկի գրավումից հետո Վասպուրականի հարաբերությունները Ատրպատականի հետ բացասական երանգ ստացան, պարզ է, որ Ատրպատականի և Վասպուրականի հարաբերությունները դրանից հետո էլ բարձր մակարդակի վրա էին։ Այդ պատճառով էլ Սմբատը ամեն կերպ փորձում է ազդել Գագիկի վրա և նրան հետ պահել այդ դավաճանական գործողություններից, սակայն չի հաջողվում։ Վասպուրականին դաս տալու համար նա պաշտպանում է Ութմանիկների իրավունքները և հետ է գրավում Ամյուկ բերդը։ Ըստ Թովմա Արծրունու՝ գրավելուց հետո նա բերդը նորից հետ է վաճառում Գագիկին, սակայն այդ քայլի իմաստը մինչև այժմ բացահայտված չէ[28]։

Ամյուկ բերդի արաբ բնակչության կոտորածը վրեժխնդրություն է առաջացնում մուսուլմանների շրջանում։ Նրանք նորից հավքվում են Սալմաստ գավառում, որպեսզի կրոնական պատերազմ մղեն Գագիկի դեմ։ Երբ մուսուլմանները ներխուժում են Վասպուրականի Մարդաստան գավառը, նրանց դեմ է դուրս գալիս քաջարի Թադեոս Ակեացին և հետ մղում նրանց[29]։ Հասկանալով, որ իրենք չեն կարող անցնել Գագիկի ղեկավարած պետության խոսքը՝ նրանք հեռանում են։

Շուտով Արծրունիների և Սյունիների միջև առաջանում է տարածքային վեճ։ Վեճի առարկան Նախճավան քաղաքն էր, որը հետ էր վերադարձվել Սմբատ Սյունուն, իսկ Գագիկը ցանկանում էր այն հետ ստանալ։ Սմբատը պատասխանում է նրան, ասելով, որ Նախճավանը իր համաձայնությամբ և պարգևագրով տրված է Սյունիներին։ Սա առիթ է դառնում մի ազգամիջյան հսկայածավալ պատերազմի։

Գագիկը դիմում է Յուսուֆին, որը թագ 908 թվականին է ուղարկում նրան և ճանաչում «ամենայն Հայոց թագավոր»։ Ե՛վ Գագիկը, և՛ Սմբատը հասկանում էին թե ինչու է Յուսուֆը այս քայլին դիմում, որպեսզի երկպառակություն մտցնի հայոց նախարարների մեջ։ Սակայն Գագիկը չէր կարող վերամիավորել ամբողջ Հայաստանը, որովհետև Բագրատունյաց թագավորությունը դեռևս կանգուն էր, իսկ նրան ոչնչացնելու համար հսկայական ռազմական ուժ էր պետք։ Այդ պատճառով Յուսուֆը և Գագիկը միավորում են իրենց ուժերը և սկսում պայքարը Սմբատի դեմ[28]։

Հասկանալով, որ Վասպուրականի և Ատրպատականի դաշինքը կարող է կործանարար դառնալ Հայաստանի համար, Սմբատը մեծ ընծաներով պատվիրակություն է ուղարկում Յուսուֆի մոտ, որը ղեկավարում էր Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը։ Նա խնդրում է Յուսուֆին հետ կանգնել իր Հայաստան ներխուժելու որոշումից, սակայն Յուսուֆը անդրդվելի էր։ Նա ձերբակալում է Հովհաննես կաթողիկոսին, դրանով ցույց տալով իր պատասխանը Սմբատին։ Որպեսզի Յուսուֆը արագ նախապատրաստվի արշավանքին, Գագիկը իր եղբայր մարզպան Գուրգենին ուղարկում է Յուսուֆի մոտ, ապա ինքը ևս մեկնում նրան տեսակցելու։ Հովհաննես կաթողիկոսը կարծում էր, որ Գագիկը կմիջնորդի իրեն ազատ արձակելու համար, որովհետև նա վերջիվերջո քրիստոնյա էր, սակայն դա տեղի չի ունենում[30]։

909 թվականին Յուսուֆը անցնում է մի ստվար բանակի գլուխ և արշավում Հայաստան։ Հայկական սահմանին նրան են միանում Գագիկը, նրա եղբայր Գուրգենը և այլ վասպուրականցի իշխաններ իրենց զորքի հետ միասին։ Յուսուֆն իր բանակը սովորականի պես չի տանում դեպի Դվին, այլ շարժվում է դեպի հյուսիս և մտնում Սյունիք, քանի որ Գագիկը տարածքային վեճերի մեջ էր նրա հետ։ Սմբատը չի կարողանում հաղթանակ տանել այս լեռնային պատերազմում և ի վերջո ամբողջ Սյունյաց տոհմը փախուստի է դիմում՝ ամեն մեկը փախչելով երկրի մի ծայր։

Յուսուֆը շարժվում է դեպի Դվին՝ իր հետ տանելով նաև Հովհաննես կաթողիկոսին։ Սյունիքի իշխաններից Գրիգոր Սուփանը, հույս ունենալով, որ եթե անձնատուր լինի Յուսուֆին նրա ընտանիքը կփրկվի, դիմում է այդ հուսահատական միջոցին։ Յուսուֆը ճիշտ է գնահատում իրավիճակը և բարեհաճությամբ ընդունում է իշխանին։ Գրիգոր Սուփանի օրինակը վարակիչ գտնվեց և մի շարք սյունեցի իշխաններ գնացին Յուսուֆի մոտ և անձնատուր եղան[31]։

Քանդվում է հայոց նախարարների միաբանությունը։ Այդ ժամանակ Յուսուֆը հայտարարում է, որ ինքը կհեռանա Հայաստանից, եթե Սմբատն իրեն ուղարկի մեկ տարվա հարկ։ Հավատալով Յուսուֆն՝ Սմբատը նրան է ուղարկում վաթսուն հազար ոսկի։ Ոսկին ստանալուց հետո Յուսուֆը դուրս եկավ Դվինից և սկսեց արշավել Սմբատի վրա։ Սմբատը կարողանում է խույս տալ և անցնել Օձուն գյուղ, որտեղի էլ անցնում է Տայք և ամրանում այնտեղ, սակայն Յուսուֆը շարունակում է հետապնդել Սմբատին։ Այդ հետապնդումները պատմիչները նմանեցնում են որսորդության, սակայն Յուսուֆի որսորդությունը հաջող չի ավարտվում, քանի որ նրան հաջողվում է գրավել միայն Թիֆլիսը, իսկ մոտակա ձմռան պատճառով նա ստիպված վերադառնում է Դվին։ Յուսուֆի վերադարձից հետո Սմբատը նույնպես վերադառնում է Երազգավորս, որտեղ իմանում է, որ իր Շապուհ եղբոր որդին՝ Աշոտը, որը սպարապետ էր, նույնպես գնացել և անձնատուր է եղել Յուսուֆին։ Դա շատ մեծ հարված էր Սմբատի համար։ Ըստ տարբեր տեսակետների Աշոտ սպարապետի անձնատուր լինելու պատճառով Յուսուֆը ազատ արձակեց Հովհաննես կաթողիկոսին[32]։

910 թվականի գարնանը Յուսուֆը հայկական ուժերից զորք է կազմում, սակայն այս անգամ ինքը անձամբ չի առաջնորդում այն, այլ հանձնարարում է Գագիկին, Գուրգենին և այլ Արծրունյաց իշխանների։ Դրա նպատակը ազգամիջյան պատերազմ հրահրելն էր։ Սմբատը իր վերջին ուժերն է գործադրում և կազմում մի բանակ, որի ղեկավարությունը հանձնում է իր երկու որդիներին՝ Աշոտին և Մուշեղին։ Հայոց արքան նրանց հանձնարարում է վարել միայն պաշտպանողական պատերազմ։ Սակայն Ձկնավաճառ վայրում տեղի ունեցած ճակատամարտի երկու երիտասարդ իշխանները նախահարձակ են լինում և անգամ խուճապահար անում պարսից բանակը։ Հույս է առաջանում, որ հայերը հաղթանակ կտոնեն, սակայն զորքի այն թևում, որտեղ Աշոտն էր կռվում, տեղի է ունենում դավաճանություն։ Սևորդի կոչված ուտեցիների զորքը, որի պատճառով Աշոտը փախուստի է դիմում։

 
Երնջակ բերդ

Ձկնավաճառի պարտությունից հետո ամբողջ Հայաստանում սկսվեց թալան, սպանվեցին այն իշխանները, որոնք անձնատուր էին եղել կամ գերի էին ընկել ճակատամարտերի ժամանակ[33]։ Այդ իշխաններից էին Գրիգոր Սուփան Սյունին, արքայորդի Մուշեղը և արքաեղբայր Սահակի որդի Սմբատը։ Այդ ժամանակ Գագիկը և Գուրգենը հասկացան իրենց գործած սխալը, նրանք ըմբռնեցին, որ իրենց կյանքը նույնպես վտանգված է և գտնվում է Յուսուֆի ձեռքերում։ Այդ պատճառով նրանք սկսեցին ավելի հլու և հնազանդ ծառայել և կատարել Յուսուֆի հրամանները[34]։ Սմբատը պատվիրակություն է ուղակում Բաղդադ, որով խնդրում էր խալիֆին միջոցներ ձեռք առնել Յուսուֆին սանձելու համար, սակայն խալիֆայությունը զբաղված էր Եգիպտոսում ծագած հզոր ապստամբությամբ։ Սմբատը դիմում է նաև Բյուզանդիայի արքա Լևոն Իմաստասերին, որը խոստանում է օգնել Սմբատին, բայց, դժբախտաբար, հենց այդ տարի էլ վախճանվում է, իսկ հաջորդ արքան մի անտարբեր մարդ էր, որը չի խառնվում Հայաստանի գործերին։ Այդ ժամանակ Սմբատը հասկանում է, որ պետք է դիմակայի իր փոքրաթիվ ուժերով և հեռանում է Երասխաձոր։ Յուսուֆը գնում պաշարում է Վաղարշակերտ (այժմ՝ Ալաշկերտ) բերդը, որը արևմուտքից փակում էր Երասխաձոր գավառի մուտքը։ Տեղի է ունենում մեծ կոտորածներ հայերի միջև։ Երևի, հենց այս տեսարաններից ազդված էլ Գագիկը հասկանում է, որ ինքը մեծ սխալ է գործել և որոշում է նորից դարձի գալ և վերամիավորվել իր քեռու՝ Սմբատի հետ։ Սմբատը ներում է նրան և համաձայնվում միանալ, սակայն արդեն շատ ուշ էր[35]։

Յուսուֆը ավելի է ուժեղացնում ճնշումները և Սմբատը փակվում է անառիկ Կապույտ բերդում։ Շուրջ 1 տարի Սմբատը դիմադրում է, սակայն սկսվում է բանակցություններ, որի արդյունքում Յուսուֆը խոստանում է Սմբատին չվնասել, եթե նա անձնատուր լինի։ Սմբատը անձնատուր է լինում, իսկ Գագիկը կարողանում է փախչել բանակից։ Նա հեռանում է Կորդվաց ամրությունները[36]։ Իմանալով այս ամենի մասին՝ Յուսուֆն իր ամբողջ բարկությունը թափում է Սմբատի վրա, շղթայակապ տանում է Դվին և անմարդկային տանջանքների ենթարկում հայոց արքային։ Նրան տանում են Երնջակ բերդի դիմաց, որպեսզի պաշտպանվողները տեսնելով իրենց արքայի տանջանքները, խղճան նրան և անձնատուր լինեն, սակայն դա տեղի չի ունենում։ Ի վերջո 914 թվականին Յուսուֆը հոգնում է Սմբատին տանջելուց և գլխատում է նրան, իսկ մարմինը ուղարկում է Դվին, որը խաչվում քաղաքի պարսպի վրա[36]։

Ընտանիք

խմբագրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ Մեծ Բագրատունի
 
(855-885)
 
(885-890)
 
Կատրանիդե Ա
 
(885-890)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սմբատ Նահատակ
 
(890-914)
 
 
 
 
 
 
Սահակ
 
 
 
 
 
 
Դավիթ
 
 
 
 
 
 
Շապուհ սպարապետ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սոֆյա
 
Գրիգոր Արծրունի
 
(857-887)
 
դուստր
 
Վահան Արծրունի
 
Մարիամ
 
Վասակ Սյունի
 
(855-859)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ
 
(898-904)
 
Գագիկ
 
(904-908) / (908-943)
 
Գուրգեն
 
(904-925)
 
 
 
 
Գրիգոր
 
(859-913)
 
Սահակ
 
Վասակ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ Երկաթ
 
(914-928)
 
Սահականույշ Սևադա
 
 
Աբաս Ա
 
(928-953)
 
Գագիկ
 
(897-898)
 
դուստր
 
Մլքե
 
Աշոտ սպարապետ
 
 
 
 
 

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «ՍՄԲԱՏ Ա». ankakh.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  2. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 510.
  3. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 511.
  4. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 512.
  5. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 513.
  6. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 514.
  7. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 515.
  8. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 516.
  9. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 517.
  10. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 518.
  11. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 519.
  12. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 520.
  13. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 521.
  14. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 522.
  15. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 523.
  16. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 524.
  17. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 525.
  18. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 526.
  19. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 527.
  20. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 528.
  21. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 529.
  22. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 530.
  23. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 531.
  24. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 532.
  25. 25,0 25,1 Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 533.
  26. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 534.
  27. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 535.
  28. 28,0 28,1 Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 538.
  29. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 536.
  30. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 541.
  31. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 542.
  32. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 543.
  33. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 544.
  34. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 545.
  35. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 546.
  36. 36,0 36,1 Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 547.