Դողսի ճակատամարտ
Դողսի ճակատամարտ, արաբական արշավանքների ընթացքում տեղի ունեցած բախում Բագրատունյաց հայոց արքա Սմբատ Ա-ի և Սաջյան Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքերի միջև, որը տեղի է ունեցել 894 թվականին՝ Մեծ Հայքի Արագածոտն գավառի Դողս գյուղի շրջակայքում[1]։
Թվական | 894 թվական |
---|---|
Մասն է | Արաբական արշավանքները Հայաստան |
Վայր | Դողս, Արագածոտն Մեծ Հայք |
Արդյունք | հայերի փայլուն հաղթանակ |
Հակառակորդներ | |
Բագրատունյաց Հայաստան Սյունիքի իշխանություն | Արաբական խալիֆայություն Սաջյան ամիրայություն |
Հրամանատարներ | |
Սմբատ Ա Նահատակ Գրիգոր Սուփան | Յուսուֆ ամիրա |
Կողմերի ուժեր | |
անհայտ | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Ճակատամարտի շարժառիթը Սմբատ արքայի իշխանության ամրապնդումն էր, որն անմիջականորեն հակոտնյա էր Արաբական խալիֆայության ու Սաջյան ամիրայության զավթողական ծրագրերին։
Նախապատմություն
խմբագրելԱրաբական արշավանքների պայմաններում 885 թվականին հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունին իրեն հռչակել էր հայոց արքա՝ Մեծ Հայքի թագավորությունում սկիզբ դնելով Բագրատունիների հարստության ժառանգական իշխանությանը։ 890 թվականին Աշոտին փոխարինում է որդին՝ Սմբատը, որը ևս որդեգրում է իր նախորդի միասնական պետության ստեղծման քաղաքականությունը։
Նորընտիր արքան նախ ամրապնդում է իր դիրքերը և Արաբական խալիֆայության սպառնալիքին փոխազդելու նպատակով 893 թվականին դաշինք կնքում Բյուզանդիայի Լևոն Զ Իմաստասեր կայսեր հետ։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի առջև ծառացած խնդիրներից էր նաև օրեցօր հզորացող Ատրպատականի Սաջյան ամիրայությունը, որի գահակալները նշանակվում էին Աբբասյանների կողմից։ Վերջիններս դեռևս Աշոտ Բագրատունու կառավարման տարիներին ձգտում էին նվաճել Մեծ Հայքի թագավորությունը։
Ճակատամարտ և հաջորդիվ
խմբագրելԲյուզանդիայի հետ հակաարաբական պայմանագրի կնքումից որոշ ժամանակ անց՝ 894 թվականին, Սաջյան ամիրայության բանակը հարավից ասպատակում է Մեծ Հայքի Բագրատունյաց թագավորության սահմանները։ Հայերը շարժվում են թշնամուն ընդառաջ և զորաբանակների բախումը տեղի է ունենում Արագածոտն գավառում՝ Դողս բնակատեղիում։ Այս ճակատամարտում Յուսուֆ ամիրայի գլխավորած սաջյան հրոսակները՝ խալիֆայության օժանդակող խառնիճաղանջ զորքերի հետ մեկտեղ, ջախջախիչ պարտություն են կրում և ստիպված վերադառնում Ատրպատական։
Չկարողանալով զինված պայքարի միջոցով ծնկի բերել հայերին՝ թշնամին փորձում է հայոց արքային ծնկի բերել ներքին երկպառակտության ճանապարհով։ Դողսի ճակատամարտից շատ չանցած Նախճավան քաղաքի պատկանելությունը վիճարկում են Սյունիներն ու Արծրունիները, սակայն Սմբատ արքայի վճռով Նախճավանը դառնում է Սյունիների տոհմական տիրույթ։ Թագավորի վճռից դժգոհ Գագիկ Արծրունի իշխանը Սմբատին խնդրում է առ ոչինչ հայտարարել վճիռը, քանզի նախճավանը մշտապես եղել է Արծրունիների տիրույթներում, սակայն արքայի որոշումը մնում է անհողդողդ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Մելքոնյան, Ա․. ««Հայոց պատմություն», ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր, Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը // Բագրատունյաց Հայաստան, Մեծ Հայքը 9-րդ դարում». online.fliphtml5.com. «Զանգակ» հրատարակչություն. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.