Ջավախք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջավախք (այլ կիրառումներ)
Ջավախք, հայկական և վրացական պատմական շրջան, գավառ, ներկայում երկու մարզերի տարածքներ ընդգրկող հայաբնակ երկրամաս Վրաստանում[1]։ Որպես առանձին երկրամաս՝ տարբեր ժամանակաշրջաններում հանդես է եկել նախ որպես հայկական թագավորությունների ու պետականությունների մաս, առանձին ժամանակաշրջաններում ընդգրկված է եղել Վրացական թագավորության և վրացական պետության կազմում[1]։ Ներկայում երկրամասն ներառված է Վրաստանի կազմում և միավորում է վրացական երկու մարզերի՝ Սամցխե-Ջավախքն ամբողջությամբ և Քվեմո Քարթլիի մի մասը։
Անվան ստուգաբանություն
խմբագրելՋավախքի երկրամասի անվան վերաբերյալ տեղեկությունները թվագրվում են մ․թ․ա․ ժամանակաշրջանով։ Ըստ Հ. Կարագյոզյանի՝ երկրամասի անվան հնչյունական փոփոխությունները կատարվել են հետևյալ կերպ «Զաբախա» անվանաձևը աստիճանաբար դարձել է «Զաբախ», այնուհետև վերափոխվել «Զավախ», որից հետո դարձել է «Ջավախք»։ Ուսումնասիրությունների համաձայն «Զաբախա» անվանաձևի «ա» տառը նշանակել է հոգնակիություն, որը հատուկ է հնդեվրոպական լեզուներին։ Հոգնակիությունը սղվելով՝ դարձել է «Զաբախ», այսինքն՝ ստացել է տեղանվան ուղիղ ձևը։ «Բ» տառի զիջումով «վ» տառին՝ առաջացել է «Զավախ» անվանաձևը։ Այնուհետև կրկին ավելացվել է «ք» տառը, որը ներկայիս հայերենում համարվում է հոգնակիության ցուցիչ։ Հայտնի է, որ Մցխեթայում հայտնաբերված արամեարեն արձանագրության մեջ երկրամասի անունը գրված է «Զեվախ» տարբերակով, որն, ըստ ուսումնասիրությունների, առաջացել է «Զավախ» անվանաձևից[1][2]։ Երկրամասը կոչվել է նաև Վերին Ջավախք անվանաձևով
Ջավախք երկրամասի վերաբերյալ հայտնի ամենահին գրավոր աղբյուրը Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի մ․թ․ա․ 8-րդ դարի փորագիր հիշատակությունում է, որտեղ Ջավախքը ներկայացված է «Զաբախա» անվանաձևով[1]։
«Ջավախք» անվանաձևի գրավոր ամենահին հիշատակությունը հանդիպում է 5-րդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, որն առնչվում է Մեծ Հայքի մ․թ․ա․ 2-րդ դարի արքա Վաղարշակի ծավալած վարչաքաղաքական համակարգի բարենորոգումներին[1][3][4][5]։
Ջավախքի երկրամասը ներառված է եղել Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում որպես առանձին գավառ, որն ունեցել է Վերին Ջավախք
Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանն իր ուսումնասիրություններից մեկում փորձել է ներկայացնել «Ջավախք» անվան ստուգաբանությունը։ Նա խնդրին մոտեցել է «Ճապաղ-Ջավախք» անունների անցման տեսանկյունից՝ հաշվի առնելով տվյալ երկրամասի աշխարհագրական միջավայրի առանձնահատկությունը (ջրառատ և ընդարձակ հարթավայրեր և այլն)[1][6]։
Տ․ Դալալյանն իր «Ջավախք գավառանվան ծագման շուրջ» ուսումնասիրության մեջ նշել է նաև «Ջավախք» անվան մեկ այլ տեսակետ։ Ըստ այդ տեսակետի՝ հնարավոր է այն ինչ-որ կապ ունի օսերեն «ջաբախ» բառի հետ, որը թարգմանաբար նշանակում է «լավ», «առողջ»[1][7]։
Վրացական աղբյուրներում երկրամասը կոչվել է Ջավախեթ (վրաց.՝ ჯავახეთ) և Ջավախեթի (վրաց.՝ ჯავახეთი) անվանաձևերով։ Ներկայում Վրաստանի մարզերից մեկը կոչվում է Սամցխե-Ջավախեթի։
Աշխարհագրություն
խմբագրելՋավախք երկրամասը տարածվում է Կուր գետի գլխավոր աջ Փարվանա գետի ավազանը ներառող և հյուսիսային, արևելյան ու արևմտյան կողմից ջրբաժան լեռնաշղթաներով սահմանազատված բարձրավանդակի վրա, որը զբաղեցնում է մոտավորապես 2600 կմ² մակերես։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1700 մ միջին բարձրության վրա[1][8]:Ջավախքի ամենաբարձր կետը Աբուլ լեռան ամենաբարձր գագաթն է Մեծ Աբուլը, 3301 մ բարձրությամբ։ Երկրամասը հարուստ է ջրային պաշարներով՝ լճերով ու գետերով։
Կլիմա
խմբագրելՋավախքի երկրամասի կլիման խստաշունչ է։ Ձմեռն երկարատև է և ցուրտ, իսկ ամառը` կարճատև և մեղմ։
Պատմական ակնարկ
խմբագրելՀնագույն ժամանակներ
խմբագրելՋավախք երկրամասն ունի հազարամյակների պատմություն, որն ըստ պատմական հիշատակությունների, սկսվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում գոյություն ունեցած Հայասա պետության ժամանակներից։ Մ.թ.ա. 8-րդ դարում Ջավախքի մասին նշվել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի վիմագիր արձանագրություններում[1]։ Մ.թ.ա. 6-ից 4-րդ դարերում Ջավախքը մտնում էր Երվանդյան թագավորության կազմի մեջ։ 3-րդ դարում երկրամասն անջատվել է Հայաստանից և անցել Վիրքի իշխանության վերահսկողությանը։ Մ.թ.ա. 189 թվականին Մեծ Հայքի թագավոր դարձած Արտաշես Ա Բարեպաշտի կողմից Ջավախքը կրկին միացվում է Հայաստանին՝ դառնալով Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում որպես առանձին գավառ[1]։ Երկրամասը Մեծ Հայքի կազմում մնացել է մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը։ Արշակունիների օրոք գավառը հանդիսանում էր Վարձավունի նախարարական տան կալվածք։ 387 թվականին Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև տեղի ունեցած միջքաղաքական պայմանավորվածության համաձայն Մեծ Հայքի թագավորությունը բաժանվեց երկու մասի։ Հայաստանի բաժանումից հետո Գուգարքի նահանգի տարածքում ձևավորված Գուգարքի բդեշխությունը ենթարկում է Սասանյան Պարսկաստանի կենտրոնական իշխանություններին, իսկ Ջավախքը բդեշխության այլ տարածքների հետ միասին կցվեց Վիրքին[1]։ 7-րդ դարում տեղի ունեցած դեպի Հայաստան արաբական արշավանքների հետևանքով երկրամասը գրավվել է արաբների կողմից։
Միջնադար
խմբագրել9-րդ դարում Ջավախքի հարավային մասը միացվում է Հայաստանի Բագրատունյաց թագավորությանը, իսկ երկրամասի կենտրոն Ախալքալաքը շարունակում է մնալ Վրաստանի կազմում[1]։ 1065 թվականին երկրամասը նվաճվում և ավերվում է թուրք-սելջուկների կողմից[1]։
12-րդ դարի վերջին Հյուսիսային Հայաստանի այլ գավառների հետ միասին Ջավախքը Թմկաբերդի ու Ախալքալաքի հետ միասին տրվել է հայ Զաքարյանների նախարարական տոհմին՝ որպես ժառանգական կալվածք։ Զաքարյան իշխանապետության ժամանակաշրջանում Ջավախքի հայ հոգևոր կենտրոնը եղել է Զրեսկ ավանը։ 12-րդ դարի կեսերից մինչև 13-րդ դարի սկզբները Ջավախքի կուսակալն էր Զաքարյանների Վահրամյան տոհմաճյուղից Սարգիս Ա Վահրամյանը, ով հայտնի է նաև Սարգիս Երկայնաբազուկ Թմոգվեցի։ Ջավախքի որոշ տարածքում իշխանություն է ունեցել նաև Շալվա Թորեցին[1][9]։ Վրաստանի Ռուսուդան թագուհու մահից հետո Ջավախքն անցնում է Թորեցի Գամրեկելիի իշխանությանը[1][10]։ 1266 թվականին այս տարածաշրջանը եղել է Սամցխե–Ջավախք իշխանության կազմում։
1236 թվականին Ջավախքը գրավում են մոնղոլները։ 1266 թվականին մոնղոլների աջակցությամբ ծագումով հունադավան հայ Սարգիս Ջաղեցին Ջավախքի և հարակից տարածքներում հիմնում է Սամցխե-Սաաթաբագո անվամբ հայտնի դարձած իր իշխանությանը։ Այն գոյատևում է մինչև 1637 թվականը, երբ թուրքերի կողմից երկրամասի վերջնական նվաճումը[1]։
17-ից 19-րդ դարեր
խմբագրել1587 թ. այն գրավել են օսմանյան թուրքերը և մտցրել Չլդրի (ապա՝ Ախալցխա) էյալեթի (վիլայեթ, նահանգ) մեջ՝ իբրև առանձին սանջակ (գավառ)։
1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ջավախքը միացվեց Ռուսական կայսրությանը։ 1830 թ. Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Բաբերդի, Դերջանի և այլ գավառներից 7300 հայ ընտանիքներ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի և Ծալկայի (պատմական Գուգարքի Թռեղք գավառը) շրջակայքում՝ վերականգնելով ու հիմնադրելով ավելի քան 60 գյուղ և 50 եկեղեցի։ Տեղացի 1716 ընտանիք (մոտ. 10–11 հազ. շունչ) հայերի, 639 ընտանիք մուսուլմանների ու 179 ընտանիք վրացիների կողքին հաստատվեցին 58 հազար արևմտահայեր։
1840–ական թթ. սկզբներին Ռուսաստանի տարբեր մարզերից աքսորված ռուս աղանդավորները՝ դուխոբորները, գավառի հարավային մասում (այժմյան Նինոծմինդայի շրջան) հիմնում են 8–9 գյուղ։ 1886 թ. գավառում հաշվվում էր 110 գյուղ, որոնք միավորվում էին 10 գյուղական համայնքներում՝ ընդամենը մոտավորապես 63,8 հազար բնակչությամբ, որից 46,386-ը, այսինքն՝ 72,7%–ը՝ հայեր էին։ Մուսուլմանները 10,7% էին, ռուս դուխոբորները՝ 10,4%, վրացիները՝ 5,8%[11]։
Ռուսական տիրապետության շրջանում Ախալքալաքի գավառը սոցիալ–տնտեսական և մշակութային զգալի վերելք ապրեց։ Ախալքալաքը դարձավ արհեստավորական կենտրոն, իսկ գյուղերը սկսեցին կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում։ Ախալցխայում բացվեցին Կարապետյան, Ախալքալաքում՝ Մեսրոպյան ծխական արական դպրոցները։
1856 թ. ավարտվեց Ախալքալաքի Ս. Խաչ եկեղեցու վերաշինությունը։ 1870 թ. սկսեցին գործել Սանդխտյան օրիորդաց, իսկ 1880–ական թթ. սկզբին՝ ռուսական դպրոցները, 1889 թ.՝ քաղաքային ուսումնարանը, ստեղծվեց թատերական խումբ։
19–րդ դարի վերջին Ախալքալաքում գործունեություն ծավալեցին Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը։ Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարները ջերմ արձագանք գտան ախալքալաքցիների շրջանում, որոնց զգալի մասը, ծագումով լինելով արևմտահայեր, շարունակում էր պահպանել հոգևոր կապը իրենց նախկին հայրենիքի՝ Էրզրումի նահանգի հետ։ Ջավախքը ծնունդ է տվել ազգային այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք են Հովհաննես Քաջազնունին, Համո Օհանջանյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, Ռուբեն Դարբինյանը, գրողներ Վահան Տերյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Մկրտիչ Սարգսյանը, աշուղ Ջիվանին և ուրիշներ։
1918 թ. մայիսին Ախալքալաքի գավառ թուրքական զորքերի ներխուժման պատճառով բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթեց Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազ. հայերից 35–40 հազ. զոհվեց։ Նոյեմբերի վերջին գավառից թուրքական զորքերի հեռանալուց հետո Ջավախքի նկատմամբ տարածքային հավակնություն հանդես բերեց մենշևիկյան Վրաստանը։ Դեկտեմբերին Ախալքալաքի ու Լոռու համար ծագած հայ–վրացական պատերազմն ավարտվեց անգլիացիների միջամտությամբ։ Ջավախքը թողնվեց Վրաստանի հսկողության տակ, սակայն Հայաստանի Հանրապետությունն իր գոյության ողջ ընթացքում (1918–1920) չդադարեցրեց դիվանագիտական ջանքերն այն վերադարձնելու ուղղությամբ։ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, ընդառաջ գնալով գավառի բնակչության ցանկությանը, նույնպես հանդես եկավ Ախալքալաքն ու հարևան Ծալկան մայր հայրենիքի հետ միավորելու պահանջով։ Սակայն վրաց–ադրբեջանական բոլշևիկ մեծամասնությունը, գործելով միասնաբար, 1921 թ. հուլիսին հասավ ինչպես Ախալքալաքի, այնպես էլ հայկական այլ տարածքների բռնակցմանը Վրաստանին ու Ադրբեջանին։ 1921 թ. նոյեմբերի 6–ին կնքվեց պայմանագիր Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի միջև հայ–վրացական սահմանագծի վերաբերյալ, որը մասնակի փոփոխություններով պահպանվել է մինչ օրս։
Ախալքալաքի նախկին գավառի մեծ մասից կազմվեց նույնանուն վարչական գավառը (հետագայում՝ շրջան)։ Հյուսիսային հայաբնակ գյուղերից Տաբածղուրը, Մոլիտը և Չխարոլան մտցվեցին Բորժոմի, իսկ Դամալան՝ ավելի ուշ կազմավորված Ասպինձայի շրջանների մեջ։ 1930 թվականին Ախալքալաքի շրջանից անջատվեց նրա հարավարևելյան մասը՝ կազմելով Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանը։
Բնակչություն
խմբագրելԻնչպես վկայում են հայկական, վրացական, արաբական, թուրքական և այլ աղբյուրները Ջավախքը հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով։ Ըստ վրաց պատմիչ Լեոնտի Մրովելու՝ 4-րդ դարի սկզբին սուրբ Նունեի, վրաց՝ Նինոյի քրիստոնեական քարոզչության օրերին Ջավախքում՝ Փարվանա լճի մոտ նա տեղի հովիվների հետ հաղորդակցվել է հայերենով։ 16-ից 18-րդ դարերի թուրքական հարկացուցակների տվյալներով՝ Ջավախքի ու հարակից գավառների բնակավայրերի մեծ մասում ապրում էին հայեր։
Կրոն
խմբագրելՋավախքի հայ կաթոլիկներ
խմբագրելՋավախքի հայ կաթոլիկները (ֆռանգ, ֆռանկ)[12]։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու արևելաեվրոպական թեմին պատկանող ներկայացուցիչներն են, ովքեր հաստատվել են Ախալքալաքի գավառում 19-րդ դարի կեսերից։ Այսօր Վրաստանի Սամցխե-Ջավախքի կաթոլիկների թիվը կազմում է մոտավորապես 50 հազար և տեղաբաշխված է Ախալքալաքի շրջանի Ալաստան, Տուրցխ, Վարևան, Բավրա, Խուլգումո, Կարտիկամ, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա, Ժդանովական, Թորիա, Ուջմանա, Ասփարա, Նոր Խուլգումո, Կաթնատու և Ախալցխայի շրջանի Սուխլիս, Ղուլալիս, Ծղալթբիլա, Ծինուբան, Մոխրեբ (Նիոխրեբ, Աբաթխսև, Ջուլղա գյուղերում։
Վարչատարածքային նկարագիր
խմբագրելԱյսօր Ջավախքն իր մեջ ընդգրկում է Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգը (6 շրջաններ) և Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջանը[13].
Շրջաններ | Հայաբնակ բնակավայրեր |
---|---|
Ախալքալաքի մունիցիպալիտետ | 59 |
Նինոծմինդայի մունիցիպալիտետ | 32 |
Ասպինձայի մունիցիպալիտետ | 2 |
Ախալցխայի մունիցիպալիտետ | 16 |
Բորժոմի մունիցիպալիտետ | 8 |
Ադիգենի մունիցիպալիտետ | 2 |
Ծալկայի մունիցիպալիտետ | 13 |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 «Ջավախք», Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2006 թվական։
- ↑ Կարագեոզեան Յովհ., Սեպագիր տեղանուններ, հ. 1, գիրք 1, Երևան, 1998, էջ 204։
- ↑ Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1991, էջ 113։
- ↑ Հարությունյան Բ., Մեծ Հայքի բդեշխությունները և բդեշխության հաստատության շուրջ.– «Հանդէս ամսօրեայ» 2001, N1-12, էջ 89-180։
- ↑ Շահինյան Լ., Հայաստանը և առաջին Արշակունիները, Երևան, 1993։
- ↑ Սարգսյան Վ., Ջաւախք տեղանվան ծագումը, Երևան, 1999։
- ↑ Դալալյան Տ., Ջավախք գավառանվան ծագման շուրջ, «Իրան-Նամէ», N 36, 2001, էջ 69։
- ↑ «Համառօտ պատմութիւն Վրաց ընծայեալ Ջուանշէրի պատմըչի», Վենետիկ, 1884, էջ 24:
- ↑ Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Բ, Երևան, 1936, էջ 34։
- ↑ Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Բ, Երևան, 1936, էջ 56։
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Հռոմի Աթոռի հետ միության կողմնակիցներին Հայաստանում անվանում էին նաև «ծայթ», «աղթարմա», «ֆռանգ»։ Միջնադարում «ծայթ» էին անվանում քաղքեդոնական հայերին։
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.