Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապույտ (այլ կիրառումներ)

Կապույտ, բերդ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Երասխաձոր (Արշարունիք) գավառում, համանուն լեռան վրա։ Եղել է Հայոց Արշակունիների ռազմական կարևոր հենակետ։ Արշակունիների անկումից (428) հետո Կապույտում տեղակայվել է պարսկական զորք։ 450 թվականին հայկական զորքերն այն ազատագրել են պարսիկներից և դարձրել ապստամբական ուժերի հենակայան։

Կապույտ
ՏեղագրությունՄեծ Հայքի Այրարատ նահանգի Երասխաձոր (Արշարունիք) գավառ

Արաբական տիրապետության ժամանակ Կապույտը պատկանում էր Բագրատունիներին։ Ասողիկը վկայում է, որ արաբ զորքերի դեմ 914 թվականին Ձկնավաճառի ճակատամարտում պարտվելով, Սմբատ Ա Բագրատունի թագավորը ամրացել էր անառիկ Կապույտում։

Կապույտը և Արտագերսը հավանորեն մտել են պաշտպանական նույն համալիրի մեջ, որի պատճառով Վարդան աշխարհագիրը նույնացնում էր այդ բերդերը։ Այնուհետև գրավոր աղբյուրներում չենք հանդիպում Կապույտի անվանը։

Ա. Զալալյանցը Կապույտը նույնացնում էր Կաղզվանի գավառի Հիրհետ գյուղի մերձակա ժայռին պահպանված պարսպապատ և աշտարակավոր բերդի ավերակների հետ, որի մեջ կանգուն էր Կապույտ մատուռը։ Իսկ Մ. Հայկունին Կապույտը նույնացնում էր նույն գավառի Կապուտա գետակի ժայռակոփ ափին գտնվող բերդի ավերակների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 267