Սևորդիներ
Սևորդիներ, Մեծ Հայքի Ուտիք նահանգում հաստատված ցեղ։ Ենթադրվում է, որ պատկանել են սավիրների ցեղախմբին (որոշ ուսումնասիրողներ ազգակից են համարում հոներին)։ Սավիրները V–VI դարերում հաստատվել են Կասպից ծովի արևմտյան ափերին, հատկապես Դարբանդի շրջանում և Աղվանքում։ IX դարի սկզբին նրանց մի մասն անցել է Ուտիք նահանգ և ընդունել քրիստոնեություն։ Ըստ հայ պատմիչների, Հայաստանում նրանք իրենց նահապետ Գևորգ Սևի կամ Սևկոյի անվամբ կոչվել են սևորդիներ, Ուտիք նահանգի մի մասը նրանց անունով հորջորջվել է նաև Սևորդիք կամ Սևորդյաց գավառ (Ստեփանոս Տարոնացին Սևորդիք գավառը սխամամբ նշում է Տաշիրում)։ 852 թվականին սևորդիների իշխան Ստեփանոս Կոնին գերել է արաբ զորավար Բուղան և հայ իշխանների հետ աքսորել Սամառա։ X դարում սևորդիները առանձին զորամաս են ունեցել Հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունու բանակում։ 910 թվականին Ատրպատականի Ցուսուֆ ամիրայի դեմ Ձկնավաճառի ճակատամարտում սևորդիների զորամասը վճռական պահին դավաճանաբար նահանջել է՝ պատճառ դառնալով Հայոց բանակի պարտության։ Սևորդիները աստիճանաբար հայացել են և X դարից հետո այլևս չեն հիշվում աղբյուրներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |