Վանանդ (գավառ)

գավառ Մեծ Հայքում
(Վերահղված է Վանանդից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանանդ (այլ կիրառումներ)

Վանանդ, կոչվում էր նաև Անփայտ Բասյան (Անփայտ Բասեան) կամ Վերին Բասյան (Վերին Բասեան), գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Ախուրյան գետի հովտում[1][2]։

Վանանդ գավառը Մեծ Հայք երկրամասի Այրարատ նահանգի քարտեզում։

Սահմաններ և տարածք խմբագրել

Հյուսիսից Զարիշատի լեռներով սահմանակից էր Գուգարքի Ջավախք, արևելքից Եղնախաղի պարով և Կարսի սարահարթով՝ Այրարատի Աշոցք և Շիրակ, հարավից՝ Արշարունիքի (Երասխաձոր) և Մեծրաց լեռներով՝ Աբեղյանք գավառներին։ Արևմուտքում Կարմիր Փորակ լեռնաշղթայով բաժանվում էր Տայքի Պարտիզաց փոր, Բերդաց փոր, Կող և Գուգարքի Արտահան գավառներից[1][3]։

Կլիմա խմբագրել

Ունի զով, առողջարար կլիմա։ Ձմեռը խստաշունչ է, միջին ջերմաստիճանը հասնում է – 20°–ի[1][3]։

Հողեր խմբագրել

Հյուսիսային և Կենտրոնական շրջանները զբաղեցնում է վարելահողերով և խոտառատ մարգագետիններով հարուստ Կարսի սարահարթը[1][3]։

Գյուղատնտեսություն խմբագրել

Վանանդը հին ժամանակներից հայտնի է եղել որպես հացահատիկային կուլտուրաների (հիմնականում՝ ցորեն) մշակման կենտրոն[1][3]։

Անտառներ խմբագրել

Վանանդի հարավային մասը պատված է խեժատու ծառատեսակների (հիմնականում՝ մայրի) անտառներով[1][3]։

Ջրագրություն․ գետեր, լճեր խմբագրել

Վանանդ գավառով են հոսում մի շարք գետեր։ Ախուրյանի վերին հոսանքում կան ճահճուտներ։ Վանանդով են հոսում նաև Ախուրյանի մի քանի վտակներ, որոնցից նշանավոր է Մեծագետը (այժմ՝ Չըլդըր)։ Հյուսիսային սահմանին է Ծովակ (Չըլդըր) լիճը[1][3]։

Պատմություն խմբագրել

Վանանդի տարածքը մ.թ.ա. 9-րդ դարի վերջին Հայոց Վանի թագավորության կամ Արարատ–Ուրարտուի մեծ արքա Մենուա Ա-ն միացրել է Ուրարտուին։ Արձանագրություններում հիշատակվում է Ախուրյան քաղաքը, որը հավանաբար ներկայիս Սարիղամիշն է։ Հետագայում Վանանդը հաջորդաբար մտել է հաջորդ հայկական պետականությունների՝ Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների հայոց թագավորությունների մեջ։ Սկզբում Բասեն գավառի հետ կազմել է մեկ վարչական միավոր։ Վաղ միջնադարում Վանանդում իշխել են Վանանդեցի (Վանանդյան) նախարարական տոհմի երկու ճյուղերը։ Մեծ Հայքի 387 թ.-ի բաժանումից հետո Վանանդը գտնվել է Սասանյան Պարսկաստանի գերիշխանության ներքո՝ դեռևս պահպանված հայկական թագավորության, ապա մարզպանության կազմում։ Մեծ Հայքի 591 թ.-ի բաժանմամբ անցել է Բյուզանդական կայսրությանը։ 7-րդ դարի կեսին Վանանդը նվաճել են արաբները։ Այն մտել է Արմինիա ոստիկանության Երրորդ Արմինիա մարզի մեջ։ 8-րդ դարի վերջից Վանանդը դարձել է հզորացող Բագրատունիների ժառանգական տիրույթը, 885 թվականից մտել նրանց թագավորության մեջ։ 961–1065 թվականներին եղել է Կարսի թագավորության կենտրոնական գավառը։ Այնուհետև կենտրոնի՝ Կարս քաղաքի անունով ավելի հաճախ կոչվել է Կարսի գավառ։ Այս ժամանակաշրջանում Վանանդի հարավային մասը կոչվել է Փորակ կամ Կարմիր Փորակ։ 1065 թվականին Վանանդը նվաճել են սելջուկյան թուրքերը։ Բնակչության մի մասը հարկադրված գաղթել է Կիլիկիա (որտեղ հիմնադրել են Կարս բերդավանը) և Գամիրք (Կապադովկիա)։ 1118 թվականին Վանանդը մտել է Կարսի սելջուկյան ամիրայության մեջ։ 1206 թվականին հայ–վրացական միացյալ զորքերը ազատագրել են գավառը։ 1236 թ.-ին Վանանդը ավերել են մոնղական նվաճողները։ Հետագայում Վանանդը նվաճել են Լենկթեմուրը, կարա-կոյունլուները և ակ-կոյունլուները։ 16-ից – 17-րդ դարերում Վանանդը տուժել է թուրք–պարսկական պատերազմներից։ Շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի (1604) ժամանակ Վանանդի հայ բնակչության զգալի մասը քշվել է Պարսկաստան։ 1639 թ.-ի պայմանագրով Վանանդը անցել է օսմանյան Թուրքիային։ Մինչև 19-րդ դարի 1-ին քառորդը մտել է Կարսի և Չըլդըրի փաշայությունների մեջ։ 19-րդ դարի կեսից եղել է էրզրումի վիլայեթի կազմում։ 1828 թվականին և 1855 թվականին Վանանդը գրավել են ռուսական զորքերը։ 1828–1830 թվականներին Վանանդի հայ բնակչության զգալի մասը գաղթել և հաստատվել է Արևելյան Հայաստանում (մեծ մասամբ՝ Շիրակում)։ 1878 թվականին Վանանդը անցել է Ռուսաստանին։ Մտել է Կարսի մարզի մեջ, բաժանված լինելով Սողանլուղի (Թախթա), Կարսի, Զարիշատի (Կարսի օկրուգ) և Չըլդըրի (Արտահանի օկրուգ) տեղամասերի։ 1918–1920 թվականներին Վանանդը Հայաստանի առաջին հանրապետության կազմում էր։ Սակայն 1920 թվականին տեղի ունեցած ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի հետևանքով Վանանդը փաստացի՝ դե–ֆակտո զավթվեց Թուրքիայի կողմից։ Այնուհետև՝ 1921 թվականի մարտի 16–ի Մոսկվայի տուս–թուրքական եղբայրության պայմանագրով և նույն թվականին Խորհրդային Հայաստան կոչվող անիրավազոր վարչա–քաղաքական միավորին պարտադրված հոկտեմբերի 13–ի Կարսի պայմանագրով Վանանդ գավառը՝ Կարսի մարզի մնացած տարածքների և Երևանի նահանգի մի մասը կազմող Սուրմալուի գավառի հետ միասին Ռուսաստանի կողմից, իբրև թե իրավաբանորեն՝ դե–յուրե հանձնվեց Թուրքիային[1][3]։

Բնակավայրեր խմբագրել

Հայկական աղբյուրները Վանանդում հիշատակում են բազմաթիվ բնակավայրեր, որոնցից հատկապես նշանավոր են Կարս և Սարիղամիշ քաղաքները, Զարիշատ ավանը, Իջևանից, Գոմաձոր, Դրաշպետ, Ոթմուս և այլ գյուղերը[3]։

Բնակչություն խմբագրել

Չնայած անվերջ պատերազմներին և գաղթերին, 20-րդ դարի սկզբին հայ բնակչությունը մեծամասնություն է կազմել Վանանդում։ 1918 թվականին հայաբնակ էին Աղջաղալա, Բազըրգան, Բայբուրդ, Բայկարա, Բեկլի-Ահմեդ, Բերնա (Բեռնա), Բոզղալա, Բուլանըխ, Գյադիկ–Սաթլմիշ, Գյարմալի, Դյուդալի, Դոլբանդ, Զաիմ, էսկիղազի, Խանիգյուղ (Խանիքյոյ), Խասչիֆթլիկ, Խոթանլի, Ղարախաչ (Կարախաչ), Ղարաղալա, Մասրա (Մազրա), Պարգետ Մեծ, Պարգետ Փոքր, Չերմալի, Չիքիրղան, Սարիղամիշ (Ստորին և Վերին), Սոգյութլիաբադ, Սոգյութլի-Պրուտ, Օրթաղալա, Օրթաքիլիսա ավաններն ու գյուղերը[1][3]։ Հայ–թուրքական երկու պատերազմների՝ 1918 թ․ առաջին հայ–թուրքական պատերազմի և 1920 թ․ երկրորդ հայ–թուրքական պատերազմի, մասնավորապես և հատկապես՝ 1920 թվականին տեղի ունեցած ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի հետևանքով Վանանդի հայ բնակչությունը զանգվածաբար գաղթեց այդ հինավուրց հայկական գավառից և վերաբնակվեց ներկայիս Արևելյան Հայաստանի Հանրապետության տարածքում[1]։

Անվանման հիշատակություններ և ստուգաբանություն խմբագրել

Վենետիկի Մխիթարյան հայրերից Ղուկաս Ինճիճյանը Վանանդի անունը տալիս է երկու տարբերակով․ Վանանդ և Վանանտ․ «Ուրեք ուրեք գրի Վանանդ, որպէս առ Յովհաննու կաթողիկոսի. * Շրջէր (Ոգբա) ընդ կողմամբ Վանանտայ. անդ ապա հասեալ ՚ի վերայ Կամսարականն հանդերձ ազատօքն Վանանտայ` կոտորեցին սպառսպուռ զզօրս նորա»[4]։

Ըստ Հայոց Պատմահայր Մովսես Խորենացու՝ Վանադը կոչվել է Վընդի կամ Վունդի անունով՝ «յանուն Վընդայ», որը հայոց Արշակ կամ Վաղարշակ արքայի օրոք՝ անջատվելով Բուլղարացիներից՝ գալիս, բնակվում է այս գավառում, որը նախկինում կոչվել է Անփայտ Բասեն, եւ Վերին Բասէն։

  Իջանէ ՚ի տեղիս խոտաւէտ մերձ ՚ի սահմանն Շարայի. զոր հինքն Անփայտ եւ Վերին Բասեն կոչէին. իսկ յետոյ վասն հատուածին Վըղնդուր բուղկարայ Վընդայ` բնակելոյ ՚ի տեղիս, յանուն նորա անուանեցաւ Վանանդ. եւ անուամբ շինիցն յանուն եղբարց եւ զարմից նորա անուանեալ կոչին մինչեւ ցայժմ։
- Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, Գիրք Բ, գլուխ 6։
 

[5]

Այս տեսակետը պաշտպանում է Մխիթարյան միաբանության նշանավոր հայագետներից մեկը՝ պատմաբան և աշխարհագետ Ղուկաս Ինճիճյանը։ Ըստ նրա, կարծես, այդ տեսակետի օգտին է խոսում այն փաստը, որ Խորենացու «Աշխարհագրութեան» օրինակներից մեկում Վանանդ գավառը գրված է «Վանդ» ձևով[4]։

Արիստակես Լաստիվերացին իր Պատմության Բ գլխում Վանանդ գավառն անվանում է «Փորակ».

  Անցանէ ընդ Բասեանն եւ հասանէ ՚ի Վանանդ. կամ ՚ի Փորակ։
- Արիստակես Լաստիվերտցի, Պատմութիւն, գլուխ Բ։
 

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Մովսես Խորենացի, Հայոց պատմութիւն, Երևան, 1968։
  • Աշխարհացոյց Մովսէսի Խորենացւոյ, Վենետիկ, 1881։
  • Ինճիճեան Ղուկաս, Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վենետիկ, 1822։
  • Ալիշան Ղևոնդ, Այրարատ, Վենետիկ, 1890։
  • Երեմեան Սուրէն Sիգրանի, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան։ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998, Հատոր 4, Էջ 753։
  2. Վանանդ։ Հեղինակ՝ Գեղամ Բադալյան Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 11, էջ 267։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Վանանդ։ Հեղինակ՝ Գեղամ Բադալյան։ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 11, էջ 268։
  4. 4,0 4,1 Ստորագրութիւն հին Հայաստանեայց։ Ղուկաս Ինճիճեան։ Վենետիկ, 1822։
  5. Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, Գիրք Բ, գլուխ 6։

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել