Օձունի տաճար

(Վերահղված է Օձունից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օձուն (այլ կիրառումներ)

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի[2], հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում։

Օձունի տաճար
Օձունի եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԼոռու մարզ, Օձուն
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Հոգևոր կարգավիճակգործում է
Հիմնական ամսաթվերը5-րդ դար
Ներկա վիճակԿանգուն, վերանորոգվում է
Կազմված էԳերեզմանոց, Խաչքար, Պարիսպ և Սրահ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական տիպԵռանավ գմբեթավոր բազիլիկա
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ5-րդ դար
Կառուցման ավարտ7-րդ դար
Հիմնադրված5-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Odzun Church Վիքիպահեստում

Ընդգրկված է Օձունի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն

խմբագրել

Դեբեդի հովտի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, պարուրված այգիների կանաչով, բազմել է Օձուն գյուղը՝ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի ծննդավայրը։

Գյուղի տարածքը հարուստ է պատմական կոթողներով՝ ամենուր հառնում են տարբեր դարաշրջաններին վերաբերող հուշարձաններ, որոնց մեջ առանձնանում է հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից՝ Օձունի հոյակերտ գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, որը վեր է խոյանում գյուղի կենտրոնում և իր դիրքով իշխում շրջակայքի վրա։

 
Օձունի տաճար

Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։ 5-րդ դարում եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ 1888 թվականին Աբովյաններն ավելացրել են զանգակատները։

Եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է[3]։

Գմբեթավոր բազիլիկ եկեղեցի

խմբագրել
 
Օձունի տաճար
 
Գմբեթ

Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում։ Արևելքից արևմուտք ձգված ուղանկյուն հատակագծով գմբեթավոր բազիլիկ է (20,71×31,62 մ արտաքին չափերով)՝ կիսաշրջանաձև խորանին կից երկհարկ ավանդատներով, արտաքին կամարաշար սրահով։ Աղոթասրահը ուղղանկյուն դահլիճ է՝ երկշար մույթերով բաժանված երեք նավերի։ Արտաքին սրահը երեք կողմերից (հյուսիսային, արևմտյան և արևելյան) եզերում է աղոթասրահը։

Եկեղեցին վաղ միջնադարյան եզակի կառույցներից է, որտեղ համեմատաբար ամբողջականորեն է պահպանվել արտաքին սրահը, որի շնորհիվ մեծացել է եկեղեցու ընդհանուր ծավալը։ Աղոթասրահը և արտաքին կամարաշար սրահը համաժամանակյա կառույցներ են։ Բազիլիկը կառուցված է բազալտի և բաց շագանակագույն ֆելզիտի սրբատաշ քարերով։ Աչքի է ընկնում 6-7-րդ դդ. Վաղ քրիստոնեական արվեստին բնորոշ պատկերաքանդակների և զարդաքանդակների բազմազանությամբ, որոնք կիրառված են չափի բացառիկ զգացումով։ Եկեղեցու արտաքին և ներքին պատերին կան բազմաթիվ հայերեն արձանագրություններ։

Եկեղեցին բազմիցս նորոգվել է, ինչի մասին հիշատակություններ են պահպանվել եկեղեցու բակում գտնվող տապանաքարերի վրա (801 թ., 1888 թ.)։ 19-րդ դ. վերջերին թիֆլիսաբնակ Զաքարիա և Բաղդասար Աբովյան եղբայրները իրենց նյութական միջոցներով վերանորոգել են եկեղեցին և շրջապարիսպը, ինչը վկայող արձանագրություններ կան եկեղեցու հյուսիսարևելյան գմբեթակիր մույթի արևմտյան կողմում ամրացված սալի և իրենց մոր՝ Եղիսաբեթի տապանաքարի վրա։

Զանգաշտարակներ

խմբագրել

Օձունի եկեղեցու արևելյան ճակատային հարթությունից քիչ վեր, 19-րդ դ. կառուցել են երկու համաչափ զանգաշտարակներ։ Օձնեցի շինարար վարպետ Նալբանդ Սերգոյի կերտած ճարտարվեստ աշտարակները, լինելով ուշ շրջանի հավելումներ, չեն խաթարում տաճարի ընդհանուր տեսքը։

Գերեզմանատուն

խմբագրել

Գերեզմանատունը գտնվում է եկեղեցու շուրջ, կան 13-20-րդ դդ. բազալտե խոշոր տապանաքարեր, խաչքարեր։ Խորհրդային տարիներին հուշարձանի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել 1938 թ., 1949-1950-ական թթ., 1977, 2013 թթ.[4]։

Ճարտարապետություն

խմբագրել

Եկեղեցին կառուցվել է տեղական բաց շականակագույն ֆելզիտից, որն արևի ճառագայթներից շողշողում է տարբեր նրբերանգներով, կոթողն աչքի է ընկնում ներդաշնակ համաչափություններով, հրաշալի զարդաքանդակներով։ Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ, աղոթասրահից բացի ընդգրկում է երեք կողմից շրջապատող արտաքին սրահը՝ բաց խորանով։ Եկեղեցու ճակատին և պատուհանների շրջանակներին կան բարձրաքանդակներ։ Հատկապես հետաքրքիր է պատուհանից աջ հրեշտակի կերպարը։ Օձունի հրեշտակը ներկայացված է բարդ դիրքում՝ նա կարծես ձեռքերով հենվում է պատուհանի շրջակալին։ Վանքի կողքին գտնվում է 5-6-րդ դարերի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։

Գրականություն

խմբագրել
  • Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, Տփխիս, 1842, հ. 1։
  • Լալայան Ե., Բորչալուի գավառ, «Ազգագրական հանդես», Թիֆլիս, 1901, գիրք 7-8։
  • Հասրաթյան Մ., տաշիրի սրահավոր միանավ հուշարձանները, «Լրաբեր հասարակական գիտությունների», Եր., 1974, N 3։
  • Շախկյան Գ., Օձունի եկեղեցին, Եր., 1983։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Օձուն Վանական Համալիր». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. {{cite web}}: Text "Պատմական Հետք" ignored (օգնություն)
  3. Գառնիկ Շախկյան (1983 թ). Օձունի եկեղեցին. Երևան: «Սովետական գրող» հրատարակչություն. էջ 84.
  4. «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օձունի տաճար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 540