Աշոտ Բ Երկաթ
Աշոտ Բ Երկաթ, Հայոց արքա (914-928 թվականներ), Սմբատ Ա-ի որդին, Բագրատունիների տոհմից։
Աշոտ Բ Երկաթ 914-928 թթ. | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Բագարան, Բագրատունյաց թագավորություն |
Մահացել է | 928, 929 թ. |
Մահվան վայր | Երազգավորս, Բագրատունիների թագավորություն |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | պետական գործիչ և գերիշխան |
Ծնողներ | հայր՝ Սմբատ Ա Նահատակ[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Հայոց շահնշահ |
Ashot II of Armenia Վիքիպահեստում |
Աշոտ Երկաթը Հայոց իշխանաց իշխան
խմբագրելԱշոտ Բագրատունուն բաժին հասավ ծանր գահակալության տարիներ։ Աշոտ Երկաթը քաղաքական ասպարեզ եկավ իշխանաց իշխանի պաշտոնում։ Իշխանաց իշխանի պաշտոնը, Բագրատունի առաջին չորս թագավորների օրոք (Աշոտ Ա, Սմբատ Ա, Աշոտ Բ, Աբաս՝ 887-953) զբաղեցրել են արքայական տան այն անդամներրը, որոնց ժառանգաբար անցնելու էր Հայոց գահը:Սմբատ Ա-ի օրոք իշխանաց իշխանի պաշտոնին նշանակվել են արքայի երկու եղբայրները՝ Շապուհը, հետո Դավիթը։ Այդ ժամանակ Սմբատ Ա-ն իր որդուն՝ Աշոտին, չէր կարող նշանակել Հայոց իշխանաց իշխան, քանի որ 897 թվականին ստիպված պատանդ էր տվել Ատրպատականի ամիր Աֆշինին և հետ էր ստացել 901 թվականին[2]։ 903 թվականին, Աֆշինի մահվանից հետո, Ատրպատականի ամիր Յուսուֆը պատերազմում է Սմբատ Ա-ի դեմ, սակայն շուտով հաշտություն են կնքում։ Յուսուֆը Սմբատ Ա-ին արքայական պատվերներ է ոսւղարկում, և նրա երեց որդուն՝ Աշոտին, կարգում է Հայոց իշխանաց իշխան՝ ճանաչելով նրա գահաժառանգման իրավունքը։ Աշոտ Երկաթը, Յուսուֆ ամիրի կողմից ճանաչված իր՝ Հայոց իշխանաց իշխանի պաշտոնը վարեց մինչև 909 թվականը՝ Յուսուֆի արշավանքը դեպի Հայաստան[3]։
Աշոտ Երկաթի գլխավորած ազատագրական պատերազմը և թագադրությունը
խմբագրել909 թ. Յուսուֆի զորքերը հետապնդում էին Սմբատ Ա-ին, որը հեռացել էր Կղարջք, այնուհետև հաստատվել Դվինում։ 910 թ. գարնանը Յուսուֆը զորք ուղարկեց Սմբատ Ա-ի դեմ և նր ուղարկած զորքին միացան նաև Գագիկ Արծրունու գնդերը։ Իսկ Սմբատ Ա-ի զորքերը գլխավորում էին որդիները՝ Հայոց իշխանաց իշխան Աշոտն ու Մուշեղը։ Նիգ գավառի Ձկնավաճառ կոչվող վայրի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որի ժամանակ հայկական զորքերը ծանր պարտություն կրեցին։ Մուշեղը գերի ընկավ, իսկ Աշոտը փրկվեց։ Սմբատը ամրացել էր Կապույտ բերդում, իսկ թագաժառանգ Աշոտի գլխավորությամբ երկրում ազատագրական պայքար էր ընթանում։ Հովհաննես Դրասխանակերտցին հայտնում է, որ երկում սարսափելի քաոս և սով էր սկսվել։ Թագաժառանգ Աշոտը պետք է միավորեր ժողովրդին, երկրից դուրս շպրտեր թշնամուն, պատժեր անհնազանդ իշխաններին՝ երկիրը դուրս բերելով այդ ծանր իրավիճակից։ 908 թ. Գագիկ Արծրունի իշխանը, խզելով դաշինքը Սմբատ Ա-ի հետ, իրեն հռչակել էր հայոց թագավոր՝ հիմք դնելով Վասպուրականի Արծրունյաց թագավորությանը (908-1021 թթ.): Յուսուֆը, ցանկանալով ամեն կերպ պառակտել Հայաստանը, ճանաչեց Գագիկի թագավորությունը։ Սակայն Գագիկ Արծրունին Հայաստանում հակաթոռ թագավորություն չստեղծեց և Յուսոֆի սպասելիքները չարդարացան։ Այս ամենին գումարվեց հյուսիսային լեռնկան ցեղերի ասպատակությունները։ Հովհաննես Դրասխանակերտցին հայտնում է, որ երկրում այնպիսի սով էր սկսվել, որ եղան նաև մարդակերության դեպքեր[4]։ 913 թվականին, երբ երբ Սմբատ Ա-ն գերեվարվեց, Յուսուֆը Գագիկ Արծրունուն հռչակեց Հայոց թագավոր[5]։
Աշոտ Երկաթի պայքարը արաբական տիրապետության դեմ
խմբագրելՍմբատ Ա-ի եղերական մահից հետո, Աշոտ Բ-ն մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թ. Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, այնուհետև Աշոտ Բ-ն մեկնեց Բյուզանդիա և բանակցեց Կոստանդին VII կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր՝ տրամադրելով նրան օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ նպատակ ունենալով ստեղծել միասնական Հայաստան։ Աշոտ Բ–ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը դեռևս Սմբատ Ա–ի օրոք հարում էր Յուսուֆին և նրա կողմից 915–ին ճանաչվեց Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ Բ–ի հակաթոռը՝ Աշոտ Շապուհյանը պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձեց նրանց հաշտեցնել։ Չնայած Աշոտ Շապուհյանին անցավ Վաղարշապատն՝ իր շրջակայքով, բայց Աշոտ Բ-ն չդադարեցրեց պայքարը։ Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը նույնպես դուրս եկան Աշոտ Բ-ի դեմ։ Գարդմանի իշխան Սահակ Սևադան՝ Աշոտ Բ-ի աները նույնպես ապստամբեց։ Աշոտ Բ-ն գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ Բ-ն ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը[6]։ Իր փոխարեն Յուսուֆը Հայաստանում ոստիկան է կարգում Նսր անունով մեկին, որին կոչում էին Սբուք։ Նսրը գնում է Նախճավան, որտեղ հանդիպում է Սյունյաց իշխան Սմբատի կրտսեր եղբայր Բաբկենին, ավելի ուշ` նաև Սահակին։ Նսրը մտավ Դվին` ձերբակալելով նաև Սյունյաց իշխաններին, հալածանքներ սկսեց կաթողիկոսանիստը լքած և Բյուրական ամրոցում ապաստան գտած կաթողիկոսի ու եկեղեցականների նկատմամբ։ Կաթողիկոսը հեռանում է Բագարան, որից հետո Նսրի զորքը պաշարում է Բյուրականը։ Աշոտ Բ-ի մասին այս շրջանում չի խոսվում, սակայն Դրասխանակերտցին նշում է, որ նա Սևանա կղզում չէր, քանի որ վերջինս այդ ժամանակ կղզում չորս օր ապաստանել էր։ 924 թ. Յուսուֆը Նսրին հետ է կանչում և Հայաստան է ուղարկում Բեշիր անունով մեկին։ Մազազ գավառով Աշոտ Բ-ի դեմ է շարժվում Բեշիրը՝ վրեժխնդիր լինելու Նսրին չհնազանդվելու համար։ Այդ ժամանակ Աշոտ Երկաթն ամրացել էր Սևանա կղզու անմատչելի ամրոցում։ Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը փորձեց գրավել կղզին, բայց մի մառախլապատ օր Աշոտ Բ-ն նավակներում տեղավորեց իր լավագույն ռազմիկներին և, դեռ ափ չհասած, սկսեց ուժգնորեն նետահարել արաբներին։ Աշոտ Բ Երկաթի այդ անակնկալ գործողությունը խուճապի մատնեց արաբական զորքին։ Այնուհետև խուճապահար նահանջող թշնամու վրա է հարձակվում Գևորգ իշխանի ջոկատը և մի նոր ջարդ է տալիս նրանց։ Սևանի փայլուն հաղթանակից հետո Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբասի գլխավորությամբ հայկական զորքերը արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը[3]։ Այնուհետև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ նույնպես հաղթանակ տարան։ Բյուզանդիան ամեն ինչ անում էր Հայաստանի և Վրաստանի ուժերը արաբների դեմ ուղղելու համար, ուստի, երբ Աշոտ Բ-ն 921թ. մեկնեց Կոստանդնուպոլիս, բյուզանդացիներն անմիջապես դաշն կնքեցին նրա հետ։ Համոզվելով, որ Հայաստանը զենքի ուժով այլևս չեն կարող իրենց ենթարկել, արաբները ստիպված դիմեցին զիջումների, որպեսզի Հայոց թագավորությունը չանցնի Բյուզանդիայի կողմը։ 922թ. խալիֆը թագ ուղարկեց Աշոտ Բ-ին՝ ճանաչելով նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա, ճանաչելով նաև Աշոտ Երկաթի գերակայությունը տեղական բոլոր արքայիկների նկատմամբ։ Անիի Բագրատունիները արքայական այս բարձր տիտղոսը կրեցին մինչև թագավորության անկումը[6]։ Աշոտ Երկաթի մասին Ասողիկի վերջին հիշատակությունը ունի նրա գահակալության շրջանի արդյունքներն ամփոփող բնույթ: Շահնշահ հռչակվելուց հետո Աշոտ Երկաթը «հալածական առնէ զԻսմայէլացւոց զաւրն յաշխարհէս Հայոց»։ Այդ իրադարձությունը թվագրվում է 927-929 թվականներով, քանի որ մինչև 927 թ. Աշոտ Երկաթին այդպես էլ չէր հաջողվել Ատրպատականի զորքերը հեռացնել Հայաստանից: Աշոտ Բ-ն Նսրի հետ դաշինք էր կնքել, որը կարճ կյանք է ունեցել։ Աշոտ Երկաթը 927 թ. նոր ազատամարտ է սկսել և Յուսուֆի մահվանից հետո Հայոց թագավորությունը մաքրել Ատրպատականի զորքերից։ Նրա՝ երկար տարիների պայքարը հաղթական ավարտ է ունեցել։ Աշոտ Երկաթի մահը թվագրվում է 928 կամ 929 թվականներով[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Եղիազարյան, Ա. (2014). Հայոց իշխանաց իշխանը Բագրատունի առաջին արքաների օրոք. էջեր 62–74.
- ↑ 3,0 3,1 3,2 Եղիազարյան, Արման (2016). Աշոտ Երկաթ. Թագավոր Հայոց. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջեր 8–9, 67–82, 84, 89–93.
- ↑ «ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹ. երկաթյա կամքով հայրենիքի նվիրյալը...». Անկախ նորություն. Վահե Անթանեսյան. 16.07.2013 09:26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 22.03.2023-ին.
- ↑ Արծրունի, Թովմա, Անանուն (2010). Պատմութիւն տանն Արծրունեաց, «Մատենագիրք Հայոց», ԺԱ Հատոր, Ժ դար,. Անթիլիաս-Լիբանան. էջեր 281–282.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 6,0 6,1 «Բագրատունիներ». Գայանե Ղարախանյան. 09.01.2013. Վերցված է 19.03.2023-ին.