Երզնկա (թուրքերեն՝ Erzincan), քաղաք Թուրքիայի Հանրապետությունում։ Հանդիսանում է Էրզինջանի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Արևմտյան Եփրատ գետի աջ ափին։ Հայնտի էր Երեզ, Երիզա, Երիզավան, Եզնկա, Արզնկա և այլ անուններով։

Քաղաք
Երզնկա
Erzincan
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԷրզինջանի մարզ
ԳավառԵրզնկայի գավառ
Մակերես1622 կմ²
ԲԾՄ1300 մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն96 474 մարդ (2012)
Ազգային կազմթուրքեր, քրդեր
Կրոնական կազմսուննի իսլամ
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ24x xxx
Ավտոմոբիլային կոդ24
Պաշտոնական կայքerzincan.bel.tr (թուրքերեն)
Երզնկա (Թուրքիա)##
Երզնկա (Թուրքիա)

Ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույց» աշխատության՝ քաղաքը գտնվել է Մեծ Հայքի թագավորության Բարձր Հայք նահանգի Եկեղյաց գավառում։ Նախաքրիստոնեական դարաշրջանում Երզնկայում էր գտնվում հայոց հավատքի տաճարներից մեկը՝ Անահիտ դիցամոր տաճարը, որի ավերակները պահպանվել են ցայսօր Ոսկե Բլուր կոչվող սրբավայրում։

Ուշ միջնադարում՝ Հայաստանի երրորդ բաժանումից (1555) հետո, Երզնկան անցել է Օսմանյան կայսրությանը։ Վարչականորեն մտել է Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառի մեջ։ Մինչև Հայոց ցեղասպանությունը (1915) քաղաքում ապրել է մեծաքանակ հայ բնակչություն, որի հիմնական մասը աքսորվել է կամ սպանդի ենթարկվել։ Այժմ քաղաքի բնակչությունը բաղկացած է թուրքերից, մասամբ՝ քրդերից։

Անվանումներ խմբագրել

Երզնկան ունեցել է հետևյալ անվանումները. Արզանգան, Արզանկան, Արզանճան, Արզանջան, Արզանքան, Արզենկա, Արզենկան, Արզենջան, Արզինգա, Արզինգան, Արզինչան, Արզինջա, Արզնկյան, Արզնջան, Եզենկա, Եզընկա, Եզնիկե, Եզնգան, Եզնգան, Եզնկա, Եզնկան, Եկեղյաց քաղաք, Երեզ, Երեզավան, Երզ, Երզենկա, Երզենջան, Երզընկա, Երզիկան, Երզինգան, Երզինգիան, Երզինգյան, Երզինճան, Երզինջան, Երզիջան, Երզնգա, Երզնգան, Երզընկան, Երզնկյան, Երզնջան, Երիզ, Երիզա, Երիզավան, Երիզաց ավան, Երիզաք, Երջինա, Էզինկա, Էզինկե, Էրեզ, Էրզ, Էրզինգյան, Էրզինկյան, Էրզինճան, Էրզինճյան, Էրզինջա, Էրզնգի, Էրզնջան, Էրիզ, Էրիզա։

Բնակավայրը հնում ունեցել է Երեզ, Երիզա կամ Երիզավան անվանումները։ Թուրքական տիրապետության ժամանակաշրջանում՝ Երզինգան, Երզինգյան, Երզինջան և այլ անվանումներ[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Երզնկան գտնվում է Երզնակայի դաշտի արևմուտքում՝ Գայլ (Երզնկա) գետաբերանի մոտ։ Հնում քաղաքը գտնվում էր ուղղակի Եփրատ գետի մոտ, սակայն երկրաշարժերի պատճառով քաղաքը ստիպված էին տեղափոխել 2 կմ հյուսիս։ Իսկ այդ ավերված թաղը ստացել է Հին քաղաք անվանումը։

Երզնկայի տարածքում կան հորդաբուխ ջերմուկներ, որոնցով ջեռուցվել են քաղաքի որոշ թաղամասեր։

Բարենպաստ կլիմայի պատճառով հաջողությամբ աճել է բամբակենին։

Երզնկայի օդը մաքուր չի եղել, իսկ ջուրն էլ բավարար որակ չի ունեցել[1]։

Կլիմա խմբագրել

Կլիման եղել է բարեխառն։ Ամառը եղել է սաստիկ շոգ։

Երզնկան ջրառատ է։ Տարեկան մթնոլորտային տեղումները հասնում են 700—750 մմ-ի, որոնք լինում են ձյան և անձրևի տեսքով[1]։

Պատմություն խմբագրել

Երզնկան հնագույն բնակավայր է, առաջին անգամ հիշատակվում է մ․ թ․ ա․ 8-րդ դարի ուրարտական սեպագիր արձանագրություններում։ Այդ ժամանակ Երզնկան քաղաքատիպ տաճարային համայնք էր։ Պատմագիրներն այն հիշատակում են մ.թ.ա. 1-ին դարից, երբ բնակավայրը Երեզ կամ Երիզա անունով ավան էր[1]։

Հեթանոսական ժամանակաշրջան խմբագրել

Եղել է կարևորագույն կրոնական կենտրոններից մեկը։ Այստեղ էր գտնվում Անահիտ դիցուհու գլխավոր տաճարը՝ ոսկեձույլ արձանով հանդերձ։ Եփրատ գետի ձախ ափին, Երզնկայի դիմաց տարածված էին մեհյանի ընդարձակ կալվածքները, որտեղ զոհաբերվում էին սպիտակ երինջներ։ Տաճարն ուներ հսկայական թվով անասուններ, գանձեր և այլ թանկագին իրեր։

Ամեն տարի նավասարդի 15-ին Երզնկայում նշվում էր Անահիտի տոնը, բազմամարդ թափորով, ջահերով, տաճարի շուրջ պտտեցվում էր կուռքը, ապա կատարվում զոհաբերությունը։ Տաճարի անունով Եկեղյաց գավառը կոչվել է նաև Անահտական։

Հռոմեացի պատմիչ Պլինիոս Ավագն իր «Բնական պատմության» մեջ վկայում է, որ մ․ թ․ ա․ 35 թվականին զորավար Անտոնիոսը, գրավելով Երզնկան, ջարդել է տվել Անահիտի արձանը և բաժանել զորապետների միջև։ Հետագայում այնտեղ կանգնեցվել է Անահիտի նոր արձանը։

Քրիստոնեության տարածման ժամանակ Տրդատ Գ թագավորը և Գրիգոր Լուսավորիչը ավերել են տվել Երզնկայի հեթանոսական մեհյանը՝ հիմնահատակ ոչնչացնելով Անահիտի մեհյանը և նրա հետքերը։ Տաճարի տեղում կառուցվել է Ս. Մարիամ անունով տաճարը[1]։

Քրիստոնեական ժամանակաշրջան խմբագրել

Քրիստոնեության տարածումից հետո Երզնկան դարձավ նոր կրոնի նշանավոր կենտրոններից մեկը և եպիսկոպոսանիստ ավան։

Հայաստանի առաջին բաժանմամբ (387) Երզնկան անցավ Բյուզանդիային և դարձավ Արշակ Գ թագավորի մայրաքաղաքը։ 451 թվականին՝ Քաղկեդոնի եկեղեցական ժողովին Երզնկայից մասնակցել է Պապ եպիսկոպոսը։ Հուստիանոս կայսր կողմից Երզնկա ավանից քիչ հեռու՝ դեպի հարավ-արևելք, նախկին Ջեմին վայում հիմնվում է Հուստիանուպոլիս բերդաքաղաքը[1]։

7-րդ դարում Երզնկան գրավել են արաբները, 885 թվականին եղել է Հայոց Բագրատունիների թագավորության կազմում։ 10-րդ դարի վերջերին Երզնկան նվաճեցին բյուզանդացիները, 1057 թվականին՝ սելջուկ–թուրքերը։ 1243 թվականին մոնղոլական գորքերը Բաչու Նոինի հրամանատարությամբ Չմանկատուկ գյուղաքաղաքի մոտ ջարդեցին Իկոնիայի սուլթան Ղիաթեդդինի բանակը, ապա գրավեցին Երզնկան՝ մեծ ավերածություններ կատարելով քաղաքում[2]։

Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, միայն[3]

«․․․սակաւ մանկունս և աղջկունս ապրեցուցեալ՝ վարեցին ի գերութիւն։»

13-րդ դարի 60-70-ական թվականներին Երզնկան զարգացել և դարձել էր նշանակալի քաղաք[1]։

Այնուհետև Երզնկային տիրել են Լենկթեմուրը (1394), Ակ–Կոյունլու, Կարա–Կոյունլու ցեղերը, իսկ 1514 թվականից՝ օսմանյան թուրքերը։

Ջարդի տարիներ խմբագրել

1890-ական թվականներին խաթարվեց Երզնկայի հայ մշակութային ու տնտեսական կյանքը։ 1895 թվականի հոկտեմբերի 7-ին տեղական իշխանությունները գրգռեցին թուրք խուժանին, որը հարձակվեց Երզնկայի շուկայում գտնվող հայերի խանութների, արհեստանոցների և կրպակների վրա։ Այդ օրը զոհվեց 100-ից ավելի հայ։ 1915 թվականին Երզնկան ուներ 40 000 բնակիչ, որից 15 000՝ հայ։ Երզնկայի թուրք կառավարիչ Մեմտուհի հրամանով 1915 թվականի մայիսին տեղահանվեց Երզնկայի հայությունը և համարյա ամբողջությամբ զոհվեց Կամախի կիրճում։ Քչերին հաջողվեց ապաստանել մոտակա լեռներում ու անտառներում։

1916 թվականի հուլիսի 12-ին ռուսական զորքերը գրավեցին Երզնկան։ Տարբեր վայրերից մոտ 3000–4000 հայեր հավաքվեցին Երզնկայում։ 1917 թվականի դեկտեմբերի 5-ին Երզնկայում զինադադար կնքվեց թուրքական զորքերի հրամանատարության և անդրկովկասյան կոմիսարիատի միջև։ Պատրվակ բռնելով Կովկասյան բանակի գրաված տարածքում ապրող իսլամադավան և քրիստոնյա բևակչության միջև միջադեպերը՝ թուրքական հրամանատարությունը՝ ոտնահարելով զինադադարը, հրամայեց զորքերին ներխուժել Անդրկովկաս։ 1918 թվականի փետրվարին նրանք վերագրավեցին Երզնկան։ Նահանջող հայ կամավորների հետ Երզնկայից հեռացավ այնտեղ ապաստանած հայ բնակչությունը։ Մեծ եղեռնից փրկված երզնկացիները և նրանց սերունդները տեղափոխվել են Խորհրդային Հայաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Եգիպտոս, Լիբանան, Հունաստան, Իրաք և այլուր[2]։

Երկրաշարժեր խմբագրել

Երզնկան ավերվել է նաև պարբերաբար կրկնվող երկրաշարժերից։ Հայ պատմիչների վկայությամբ, 1045 թվականից մինչև 1784 թվականը 25 անգամ կրկնվել են երկրաշարժերը[2], մի քանի անգամ ավերվել է Երզնկան՝ տալով մի քանի հարյուր հազար զոհ։

Ուժգին երկրաշարժեր են տեղի ունեցել 1045, 1165, 1236, 1251, 1254, 1268, 1281, 1458, 1462, 1682, 1784, 1939, 1966 և այլ թվականներին[1]։

Մատթեոս Ուռհայեցին 1045 թվականի երկրաշարժի մասին գրում է[4].

«Տեր աստվածը զայրացավ իր արարածների վրա, և ահավոր ու սոսկալի երկրաշարժ եղավ, բովանդակ տիեզերքը սասանվեց․․․։ Եկեղյաց գավառում բազում եկեղեցիներ խարխլվելով հիմնահատակ կործանվեցին։ Երզնկա կոչված քաղաքը ամբողջությամբ ավերվեց, գետինը պատռվեց, և տղամարդիկ ու կանայք սուզվեցին անդունդի խորխորատները։»

1268 թվականին երկրաշարժից զոհվել են 15 000 մարդ, 1458 թվականին 32 000, 1482 թվականին՝ 30000, 1583 թվականին 15000 մարդ[5]։

Սոսկալի երկրաշարժ տեղի ունեցավ 1784 թվականի հուլիսի 30-ին՝ գրեթե հիմնահատակ եղավ Երզնկան[2] և մոտակայքում գտնվող 3 գյուղ։

Երզնկացիները մի քանի անգամ քաղաքը վերականգնել ու վերաշինել են միանգամայն փլատակներից[1]։

Բնակչություն խմբագրել

XIV դարում, ըստ Մակո Պոլոյի և Իբն Բաթուտայի Երզնկայի բնակչությունը միատարր էր և կազմված էր գրեթե միայն հայերից։ 1830 թվականին հայ բնակչության թիվը հասնում էր 15 000։

1880 թվականին Երզնկան ուներ 6000 տուն, որից 4000-ը թուրքական էին, իսկ 1800-ը՝ հայկական։

Ըստ Վ. Քինեի 1890-ական թվականներին Երզնկան ուներ 23 000 բնակիչ, որից 15 000-ը թուրքեր էին, 7500-ը հայեր, մնացածը հույներ և այլք։

1915 թվականի Մեծ եղեռնի նախօրյակին բնակչության թիվը հասնում էր 24 000 մարդու, որից մեկ երրորդից ավելին հայեր էին[1]։

Տնտեսություն խմբագրել

Երզնկան հռչակված էր արհեստներով ու առևտրով։ Երզնկայով էր անցնում Թավրիզ–Էրզրում–Երզնկա–Սեբաստիա–Հալեպ տարանցիկ ճանապարհը։ 1830–1860-ական թվականներին Երզնկան ուներ 15 000 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին արհեստներով (պղնձագործություն, կտավագործություն, ոսկերչություն, կոշկակարություն, ժամագործություն, քարակոփություն) և առևտրով։

Երզնկայի համբավավոր պղնձագործները պատրաստում էին կաթսաներ, թասեր, ափսեներ, ինքնաեռներ, գեղեցիկ ու նուրբ ջրամաններ, որոնք ցուցադրվել են Փարիզի, Վիեննայի, Ֆիլադելֆիայի ցուցահանդեսներում։ Հայտնի էր նաև Երզնկայի բարձրորակ նուրբ բամբակյա կտավը։

Իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն, որ 13-րդ դարի վերջին Չինաստան ուղևորվելիս եղել է Երզնկայում, հիշատակում է այդտեղ գործած կտավը[2]։

Արաբ պատմիչ Իբն Բատուտան գրում է[6]

  Նրա (Արզինջանի) բնակիչներից մեծագույն մասը հայ է․․․ Այնտեղ կան լավ կարգավորված շուկաներ, շինում են գեղեցիկ կերպասներ, որ իր անունով (քաղաքի) է կոչվում։  

Թուրքական կառավարությունը խոչընդոտում էր հայ վաճառականների ու ձեռնարկատերերի գործունեությունը։ Մի հայ ձեռնարկատեր լուցկու ձեռնարկություն էր հիմնել «Լուցկիք Հայաստանի»։ Անվանումը պատճառ դարձավ, որ ձեռնարկությունը իսկույն փակվի։ Դրա համար էլ դեռևս 19-րդ դարից 20 դարի սզկբներին ոչ մի կապիտալիստական ձեռնարկություն չկար Երզնկայում։ Օրինակի համար կաշեմշակման գործարանը իրենից հասարակ մանուֆակտուրա էր ներկայացնում։

Երզնկայում լայն տարածված էին արհեստները, որով գլխավորապես զբաղվում էին հայերը։ Տարածում գտած արհեստներն էին ատաղձագործությունը, դարբնությունը, դերձակությունը, ժամագործությունը, մետաքսագործությունը, կտավագործությունը, պղնձագործությունը, հյուսնությունը, քարկոփությունը։ Գավառի տարածքում հայտնի էր Երզնկայի ջուլհակների կողմից արտադրված ամուր և նուրբ «շերտավոր կտավը»[1]։

Մշակույթ խմբագրել

1909 թվականին Երզնկայում գործում էր ՀԲԸՄ մասնաճյուղը։ «Եկեղյաց կրթասեր միությունը» ուներ մոտ 500 անդամ՝ ընդգրկված կրթական, թատերական և այլ խմբակներում[2]։

Գրչություն խմբագրել

Քաղաքը եղել է հայ մշակույթի նշանավոր կենտրոններից մեկը։ Երզնկայում 13-17-րդ դարերում ընդօրինակվել են հարյուրավոր ձեռագրեր՝ ավետարաններ, գանձարաններ, շարակնոց, մաշտոցներ, հայսմավուրք, Գրգիոր Տաթևացու «Քաղուածոյ մեկնութիւն Մատթէոսի Ավետարանին» աշխատությունը և այլն[1]։

Դեռ 14–15-րդ դարերում Երզնկայի մոտ՝ Սեպուհ լեռան ստորոտին կառուցված Ավագ և Կապոսի վանքերին կից եղել են դպրոցներ, որտեղ դասավանդել են Գևորգ Երզնկացին, Հովհաննես Համշենցին և ուրիշները[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Քաղաքաշինություն խմբագրել

Երզնկան եղել է նեղ ու ծուռումուռ, փոշոտ ու ցեխոտ փողոցներով անբարեկարգ քաղաք։ Քաղաքի բոլոր շինությունները եղել են աղյուսից, կավից կամ փայտից։ Մեծ մասամբ տանիքները եղել են հողածածկ։

Քաղաքի կենտրոնական մասում գտնվել է շուկան, որտեղ վաճառում էին մրգեր, արհեստավորական ապրանքներ և սակավաթիվ ներկրված ապրանքներ։ Շուկան շրջապատված էր անշուք արհեստանոցներով ու խանութներով։

Երզնկան ուներ 4 հայկական թաղեր, որոնք համեմատաբար բարեկարգ էին։ Ամեն մի թաղ ուներ իր եկեղեցին։ Բոլորի բակերում կար ջրհորներ։ Ջուրը բերված էր հատուկ ջրմուղների միջոցով։ Հայկական թաղերի կնետրոնում գտնվում էր Ժաման հրապարակը[1]։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Կործանիչ երկրաշարժերի պատճառով քաղաքում երբևէ եղած եկեղեցիները, քարավանատները և այլ նշանավոր կոթողներն ավերվել ու հողին են հավասարվել։ Հիմնահատակ կործանված շինությունների թվին է պատկանում Անահիտի մեհյանի վայրում Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնած Մարիամ եկեղեցին։

Երզնկայում հայերն ունեին 5 եկեղեցի։ Ամենահինը Ս․ Նշանն Էր։ Ըստ ավանդության, այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը։ Այդտեղ է թաղվել Հովհաննես Երզնկացին (1250–1326)։

Մյուս եկեղեցիներն էին Ս․ Երրորդությունը, Ս․ Սարգիսը, Ս․ Փրկիչը և Ս․ Աստվածածինը։

Նշանավոր էր Երզնկայի բերդը՝ Երզնկայից քիչ հեռու՝ արևելք՝ Էրզրում տանող ճանապարհի վրա, կառուցված կոփածո քարերով, շրջապատված 30 ոտք բարձրությամբ ն 8 ոտք լայնությամբ պարիսպներով ու աշտարակներով։ Ենթադրվում է, որ բերդը կառուցել են Իկոնիայի սուլթանները 14–15-րդ դարերում[2]։

Քաղաքում ժամանակին եղել է Երեզ կամ Էրեզ անունով վանքը, որի մասին միայն հիշատակություններ կան։

Կար նաև մի քանի մզկիթներ, որոնցից առավել հայտնի էր Իգղեթ փաշայի կառուցածը[1]

Հասարակական կառույցներ խմբագրել

Երզնկան ուներ ստորերկրյա գաղտնուղիներ։

Նշանավոր շենքերից էր Սեբա պալատը, որն հանդիսանում էր թուրքական զորահրամանատարի նստավայր։ Պալատի շուրջ տեղակայված էր գանձարանը, զորանոցը, կառավարչատունը, ոստիկանատունը, փաշայի ապարանքը և այլ պետական և զինվորական շենքեր[1]։

Մինչ 1914 թվականը Երզնկան ունեցել է 4 ընթերցարան, 3 գրադարան, 1 ինքնագործ թատրոն՝ 25 դերասաններով, 3 դեղատուն, 2 բաղնիք։ Քաղաքն ուներ 3 բժիշկ և 3 դեղագործ, 2500 աշակերտ և 100 ուսուցիչ–ուսուցչուհիներ։ Հայկական բարեգործական ընկերությունը Երզնկայում ուներ իր մասնաճյուղը[1]։

Կրթություն խմբագրել

14-15-րդ դարերում Ավագ և Կապոսի վանքերին կից գործում էին դպրոցներ։ Սովորողների զգալի մասը Երզնկայի պատանիներն էին։

1850 թվականին Երզնկայում կար 1 հայկական վարժարան, 1886 թվականին՝ 8 երկսեռ դպրոց (1500–1600 տղա և աղջիկ աշակերտ), այդ թվում Ներսես Հայրապետի գիշերօթիկը, Ընկերական, Կենտրոնական, Եզնիկյան, Արամյան, Նարեկյան, Քրիստինյան աղջկանց վարժարանները։ Տարբեր ժամանակների գործած դպրոցներից էին ս. Նշանա վարժարանը, Ս. Լուսավորչի, Ս. Փրկչյան, Ս. Սարգսի, Քրիստինյան դպրոցներն ու վարժարանները[1]։

20-րդ դարի սկզբին Երզնկայում կար 10-12 երկսեռ դպրոց։

20-րդ դարի սկզբին Երզնկա ուներ մանկապարտեզ (հաճախում էր 250–300 երեխա)։

Գործում էին նաև թուրքական դպրոցներ (մեդրեսեներ), կար զինվորական ուսումնարան, որը Երզնկայի թուրքական 4-րդ բանակի կենտրոնն Էր[2]։

ԶԼՄ խմբագրել

1909–1911 թվականներին Երզնկայում լույս է տեսել «Արդի» շաբաթաթերթը, 1910–1911 թվականներին՝ «Արոր» ամսաթերթը[2]։

Նշանավոր անձինք խմբագրել

Երզնկայում են ծնվել[1][2]

Գրականություն խմբագրել

  • Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Տփդիս, 1909
  • Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Երզնկա, 1968
  • Սուրմենյան Գ․, Երզնկա, Կահիրե, 1947
  • Ծոցիկյան Ս․ Մ․, Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք, 1947
  • Քյուրտյան Տ․, Երի զա ն Եկեղյաց գավառ, հ․ 1, Վնտ․, 1953
  • Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Երզնկա, 1972, հ․ 4, Երզնկա, 1974

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 235-237
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայաստանի սովետական հանրագիտարան, հատոր 3, էջ 584-585
  3. «Պատմություն Հայոց», 1961, էջ 284
  4. Ժամանակագրություն, Երզնկա, 1973, էջ 65
  5. Կատանյանց «Հայկական լեռնաշխարհի երկրաշարժերի ժամանակագրության»
  6. Իբն Բատուտա, Երզնկա, 1940, էջ 31
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երզնկա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 584