Եկեղեցական տարվա տոներին նվիրված հանդիսավոր երգաշարքերն ամփոփող հայկական միջնադարյան ձեռագիր խազավոր մատյան։ Գանձարանի երգաշարքերի կամ գանձաշարքերի ստեղծումը վերագրվում է Գրիգոր Նարեկացուն։ Ի տարբերություն Շարակնոցի երգերի, Գանձարանի երգերը ազատ էին ութ ձայնի կանոններից։ Գանձաշարքը սովորաբար ներառում է 2-4 միավոր՝

  • 1 շարքը բացող բուն գանձը, որը սերում է հնագույն երգվող քարոզից, պատմում է տվյալ տոնի առանցք հանդիսացող իրադարձության կամ անձի մասին։
  • 2. Տաղը հուզական մոտեցում է արտահայտում գանձում նկարագրվող իրադարձության հանդեպ։
  • 3.Մեղեդին ավելի է խորացնում շարքի հուզական տրամադրությունը։
  • 4. Փոխը կամ հորդորակը ամփոփում և ունկնդրի հիշողության մեջ ամրացնում է արտահայտված գաղափարներն ու տրամադրությունները։

Գանձարանը որոշակի կառուցվածք ունեցող երգարան-ժողովածու է, որը ձևավորվել է, հավանաբար, 10-11-րդ դարերում։ Նրանում առավելապես արտացոլված է հոգևոր հիմներգության, տաղատիպ ժանրերի բուռն ծաղկումը 10-14-րդ դարերի։ Հին կամ նախնական խմբագրության (մինչև 14-րդ դարի վերջ) Գանձարաններում զետեղված են միայն գանձեր կամ՝ գանձերն ու տաղերը հանդես են գալիս առանձին բաժիններով (ինչպես, օրինակ Մատենադարանի ձեռագրեր դարան 4068 և Փարիզի ազգային գրադարանի ձեռագրերի դարան 79 1241 թվականի վերջինս հնագույնն է պահպանված Գանձարաններից։

Մատենադարան

Հետագայում նույն տոնին ձոնված գանձը, տաղը, մեղեդին և փոխը զետեղվել են արդեն համապատասխան շարքերով։ Գանձարանում բովանդակում է հայ միջնադարյան նշանավոր և անհայտ երաժիշտ բանաստեղծների թողած հարուստ ժառանգությունը, որը խազերի բանալու կորստյան պատճառով իր մեղեդիական բաղադրիչով մեզ է հասել հատուկենտ նմուշներով։

Գանձարանի ձևավորման և հարստացման գործում կարևոր դեր են խաղացել Գրիգոր Նարեկացին (X դար), Ներսես Շնորհալին (12-րդ դար), Կոստանդին Սսեցին (XIII դար), Մխիթար Այրիվանեցին (XIII դար), Գրիգոր Խլաթեցին, որի խմբագրած Գանձարանովով XV դարը եզրափակվել է ժողովածուի զարգացման նախորդ շրջանը։

Տեղեկություններ են պահպանվել որոշ հեղինակների, նրանց թվում՝ Գրիգոր Նարեկացու և Մխիթար Այրիվանեցու անհատական Գանձարանների մասին։ Ուշ միջնադարում Գանձարանինին բնորոշ է աշխարհականացման միտումը, զուտ ծիսական կիրառություն կամ ժողովրդական ծագում ունեցող ստեղծագործությունների թափանցումը (այսպես կոչված՝ մեռելաթաղի գանձեր, պսակի տաղեր են)։ Տաղարանի երևան գալով՝ Գանձարանը աստիճանաբար կորցրել է իր նախնական նշանակությունը և դուրս մղվել գործածությունից։ Ստեղծված բազմաթիվ ուշագրավ Գանձարաններից հիշատակելի են Մատենադարանի ձեռագրեր դարան 7785, XIV դար, Ղրիմական ձեռագիր, դարան 3503, 1394 թվական, Սիսիական ձեագիր, դարան 5521, XV դար, Աղթամար, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի մատենադարանի ձեռագիր դարան 231, XIII դար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 687