Բացել գլխավոր ցանկը

Ոսկերչություն, արհեստի և արվեստի տեսակ, գեղարվեստական կերտվածքների պատրաստում թանկարժեք (ոսկի, արծաթ, պլատին), ինչպես և որոշ գունավոր մետաղներից՝ հաճախ դրանք զուգակցելով մարգարտի, փիրուզի, ալմաստի, սաթի, ադամանդի, նռնաքարի, մարջանի ենի հետ։ Ոսկերչության մեշ կիրառվում են ձուլման, կռման, փորագրման, հատիկազարդման, մանրարուրք, արծնապատման, ցանցկեն, դրվագման, խածատման, դրոշմման, սևադման, ընդելուզման և այլ եղանակներ։

Բովանդակություն

Ոսկերչության պատմությունըԽմբագրել

Ոսկերչությունը մարդկության ամենահին, լայնորեն տարածված արվեստներից մեկն է, որը մեծ տեղ ունի դեկորատիվ-կիրառական արվեստների հարուստ գանձարանում։ Ոսկյա զարդերը լրացրել են մարդկանց հագուստի համալիրները, տվել դրանց հատուկ տեսք, շքեղություն, որով դրսևորվել են կրողի սոցիալական վիճակը, ճաշակը, սոցիալ-տնտեսական պայմանները։ Հին Եգիպտոսում զարգացման բարձր մակարդակի վրա էր ոսկերչության արվեստը։ Որպես նյութ են ծառայել գերազանցապես ոսկին, մեղեսիկը, լազուրիտը, բրոնզը, հասպիսը, օբսիդիանը, զմրուխտը, կիրառվել են դրվագման, փորագրման, «սառը արծնապատման» եղանակները։ Միջագետքի Ոսկերչությանը հատուկ է եղել վառ բազմագունությունը, լազուրիտի հաճախակի կիրառումը, «սառը արծնապատման» եղանակը։ Մանրարուրք և հատիկազարդման եղանակներով պատրաստված բազմաթիվ առարկաներ են հայտնաբերվել Եգեյան մշակույթի երկրներից (հատկապես Միկենքի և Տրոյայի պեղումներից) և էտրուրիայից, որոնք աչքի են ընկնում զուսպ գունային լուծումներով։ Դրանք ոսկյա անոթներ են՝ եզան, ծովաստղի և այլ պատկերներով։ Հելլենիզմի և Հին Հռոմի ոսկերչության մեջ կրկին ի հայտ է եկել հնչուն բազմագունությունը։ Հելլենիզմի ժամանակաշրջանում ոսկերչության մեջ լայն կիրառություն են ստացել արծաթյա գեղարվեստական առարկաները։ 3-4-րդ դարերում Սասանյան Իրանի եսկերչության մեջ տարածվել են դրվագված, ձուլված, Փորագրված պատկերներով ոսկյա և արծաթյա առարկաները։ Վաղ իսլամական մշակույթում պերճանքի առարկաների նկատմամբ զուսպ վերաբերմունքը սկզբնական շրջանում արգելք է հանդիսացել ոսկերչության զարգացմանը։ Սակայն հետզհետե Հին Իրանի և հելլենիստական մշակույթի ավանդական նմանակմամբ այն հասել է զարգացման բարձր աստիճանի։

Միջին դարերում մանրարուրք, ընդելուզման, սեվադման եղանակներով թանկարժեք մետաղների և քարերի մշակման փորձը շարունակվել է Մերձավոր և Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում։ Առանձնապես ճոխ ոսկերչական կերտվածքները բնորոշ են միջնադարյան Հնդկաստանի դեկորատիվ-կիրառական արվեստին, ուր շատ վաղ տարածվել է ալմաստի նիստավորման արվեստը։ Չինաստանի միջին դարերի վարպետները բացի թանկարժեք մետաղներից մշակել են տարբեր նյութեր (մարջան, նեֆրիտ, սաթ)՝ աշխատելով ընդգծել ոչ այնքան լույսի արտացոլումը, որքան այս կամ այն քարի գույնը կամ ֆակտուրան։ Ոսկերչության առարկաներ են հայտնաբերվել Ամերիկայի հին մշակույթի պեղումներից։ Դրանք պատրաստված են ձուլման և դրվագման եղանակներով՝ զարդարված փիրուզյա, քվարցի, ագատի և այլ քարերով։ Բյուզանդական ոսկերչության մեջ գերակշռել է ձևերի պատրանքային ապա- նյութականացման միտումը։ Ռոմանական և գոթական ոսկերչության մեջ (ուր օգտագործվել են նաև փայտի հազվագյուտ տեսակներ և վանակն) շքեղ գունահարաբերումները զուգորդվել են կոմպոզիցիայի զուսպ կառուցիկությանը՝ որոշ դեպքերում կրկնելով եկեղեցական ճարտ․ ձևերը։ Վերածննդի և մաներիզմի իտալացի վարպետները՝ Պ․ Լեոնին, Բ․ Չելլինին և ուրիշներ, ստեղծել են ռելիեֆ պատկերներով արծաթյա անոթներ, որոնցում թանկարժեք նյութերի նախնական հատկությունների փոխարեն ընդգծվել է մշակման նրբագեղությունը։

17-18-րդ դարերԽմբագրել

17-18-րդ դարերում աճել է գեղանկարչական էֆեկտներ, արծնի, ոսկու և թանկարժեք քարերի գունային բարդ զուգորդումներ ստեղծելու ձգտումը։ 15—18-րդ դարերում եվրոպայի ոսկերչության գլուխգործոցների մեջ առանձնանում են գերմանացի վարպետներ Ցամնիցեր ընտանիքի արծաթյա գեղարվեստական աշխատանքները և Ի․ Մ․ Դինգլինգերի արծնապատ գործերը, անգլիական գեղարվեստական արծաթագործությունը։ 17-րդ դարում ֆրանսիայի ոսկերչությունը Եվրոպայում առաջնակարգ տեղ է գրավել։ 19-րդ դարի կեսին ոսկերչական առարկաների մասսայական արտադրությունը մեքենայացվել է։ Գործածության մեջ են մտել պակաս արժեքավոր նյութեր, իսկ թանկարժեք քարերի փոխարեն օգտագործվել են վանակն, դահանակ (մալաքիտ), գունավոր ապակի, արհեստական ադամանդ։ 20-րդ դարի ոսկերչությանը, որը յուրացրել է նոր նյութեր (պլատին, պալադիում, ալյումին են), բնորոշ է ստեղծագործական ուղղությունների արտասովոր բազմազանությունը։ Զարդանախշից զուրկ «դիզայներական» ձևերին ձգտելը (որը հատուկ էր 1920-ական թվականներին) գոյակցել է «մոդեռնի» արտահայտչամիջոցները կամ ժողովրդական ու միջնադարյան ավանդույթները վերածնելու միտումների հետ։ Պատմական տարբեր ոճերի նմանակող զարդանախշերին զուգընթաց 20-րդ դարի կեսերին ի հայտ են եկել արդի մշակույթին հարող կերպարային լուծումներ (օրինակ՝ տիեզերական թեմաներով ոսկերչական կոմպոզիցիաներ)։

Ոսկերչությունը տարածաշրջաններումԽմբագրել

ԽՍՀՄ տարածքում ոսկերչությունը հայտնի է հնագույն ժամանակներից, որի մասին վկայում են հայտնաբերված հնագիտական նյութերը։ Սև ծովի ափերի, Հայաստանի, Վրաստանի, Միջին Ասիայի, Կուբանի և այլ վայրերի դամբարանների պեղումներից հայտնաբերված ոսկյա զարդերն ու կենցաղային զանազան առարկաները համաշխարհային ոսկերչության բարձրարժեք նմուշներից են՝ պատրաստված դրվագման, մանրարուրքի, փորագրման, սևադման, արծնապատման եղանակներով։ 11-12-րդ դարերում Կիևի ոսկերչությանը բնորոշ են արծնապատ ոսկյա առարկաները, 11-12-րդ դարերում Նովգորոդին՝ արծաթե ծիսական անոթներն ու սրբապատկերների դրվագները, 12-13-րդ դարերում Վլադիմիրսուզդալյան դպրոցին՝ տարաբնույթ կերտվածքները, 14-15-րդ դարերում Մոսկվային և Սուզդալին՝ սրբապատկերների ու ավետարանների դրվագները։ 18-րդ դարում ռուսական Ոսկերչությունը, պահպանելով ազգային առանձնահատկությունները, զարգացել է համաեվրոպական գեղարվեստական ոճերի շրջանակներում։ 19-րդ դարում Մոսկվայում և Պետերբուրգում հիմնվել են խոշոր ֆաբրիկաներ, որոնցից առանձնանում են Պ․ Ֆ․ Սազիկովի, Պ․ Ա․ Օվչիննիկովի, Ի․ Ի․ Իղեբնիկովի ձեռնարկությունները։ Բարձր որակի ոսկերչական կերտվածքներ են արտադրել Ֆաբերժեի ֆիրման և նրա պատվերով աշխատող արվեստանոցները։ ԽՍՀՄ-ում ոսկերչական առարկաներ են արտադրվում Լենինգրադի, Մոսկվայի, Ռիգայի, Տալլինի, Սվերդլովսկի, Երևանի, Տաշքենդի և այլ քաղաքների ոսկերչական ֆաբրիկաներում ու արտադրական միավորումներում, գեղարվեստական արհեստագործական ձեռնարկություններում։

Ոսկերչությունը ՀայաստանումԽմբագրել

Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ Հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։ Հայկական բարձրավանդակի վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, մանրարուրք, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման եղանակներին։ Կիրովականի պեղումներից հայտնաբերված ոսկյա թասը ունի դրվագման եղանակով կատարված կենդանիների պատկերներ։ Լճաշենի պեղումնավայրից մեզ է հասել գորտի ոսկյա փոքրիկ արձանիկը, որը պատրաստվել է ձուլման և հատիկազարդման եղանակներով։ Այն առնչվում է ջրի պաշտամունքի հետ։

Ուրարտական շրջանում՝ մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերում ոսկերչության մեջ ավելի լայն կիրառում է գտել հատիկազարդման եղանակը։ Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված ոսկյա կիսալուսնաձև ականջօղերը պատրաստված են եռանկյունաձև՝ աղեղնաձև շարաններով դասավորված հատիկազարդման եղանակով։ Միջնադարյան Հայաստանում շարունակվել է ձուլման եղանակը և սկսվել է հյուսման, մանրարուրք եղանակների կիրառումը։ Միջնադարյան մայրաքաղաք Դվինի պեղումներից հայտնաբերվել են ոսկերչության շատ հետաքրքիր նմուշներ՝ օձագլուխ ապարանջաններ (ձուլածո), ականջօղեր (մանրարուրք), վզնոց (հյուսածո) են, որոնք պատրաստվել են 5-րդ դարում։ Ոսկերչությունը բարձր մակարդակի է հասել Կիլիկյան Հայաստանում։ Հայկական ոսկերչության արվեստի կենտրոններ էին Դվինը, Անին, Կարսը, Կաբինը, Վանը, Արդվինը, Արտահանը, Կ․ Պոլիսը, Երզնկան, Երևանը, Ալեքսանդրապոլը, Շուշին, Ախալցխան են։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին հայկական ոսկերչության մեջ մեծ տեղ են գրավել արծաթյա ոսկեզօծ մանրարուրք և սեադման եղանակներով պատրաստված աշխատանքները։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ միավորվելուց հետո տեղի ունեցած ներգաղթի հետևանքով, բնակության նոր վայրերում՝ Ալեքսանդրապոլում, Ախալցխայում, Ախալքալաքում ստեղծվել են ոսկերչական հիասքանչ կենցաղային առարկաներ։

Հայ արծաթագործների մեծ վարպետությունն են հավաստում կանացի գլխարկի զարդի, ինչպես նաև գոտու, մասնատուփի, ապարանջանի բազմազան տեսակները, սևադման և փորագրման եղանակներով ստեղծված ծխախոտատուփի տարբերակները։ Սովետական Հայաստանում Վասպուրականի ոսկերչության ավանդույթները շարունակել է Վ․ Հացագործյանը, որի աշխատանքները մանրարուրք եղանակի բացառիկ նմուշներ են։ Նրա ստեղծագործական փորձն ու հմտությունը շարունակում է որդին՝ Գ․ Հացագործյանը, որը ստեղծում է արծաթյա՝ ցանցկեն-հյուսածո աշխատանքներ (մրգի սկահակ «Վասպուրական», կանացի զարդերի համալիր «Հասմիկ»)։ Ոսկերիչ-արծաթագործ Ն․ Դույումջյանը թանկարժեք քարերի կիրառմամբ և տարբեր եղանակների զուգորդումով հասել է մեծ ինքնատիպության, որը հայտնի է «գույումջյանական ոճ» անունով։ Հայկական ոսկերչության արվեստի ավանդույթների կիրառման փայլուն օրինակ է ժ․ Չուլոյանի էջմիածնի վանքի Վեհարանում գտնվող ոսկյա մեծաչափ խաչը (1970-ական թվականներին), որը զարդարված է թանկարժեք քարերով ու ամրացված է մարմարյա տախտակի վրա։ Այն մանրարուրք եղանակով ներկայացնում է հայկական խաչքարերի զարդանկարային ոճը։ 19-20-րդ դարերում հայ արծաթագործների ոճով զարդեր և կենցաղային այլ առարկաներ է պատրաստել անվանի վարպետ Ա․ Բերբերյանը։ Ազգային ավանդույթների հնարամիտ կիրառմամբ Հ․ Փիլիպոսյանը հասնում է մեծ արտահայտչականության։

Սովետական Հայաստանի ոսկերիչ-արծաթագործները էլ ավելի են զարգացնում հին վարպետների ավանդույթները և ստեղծում նոր ինքնատիպ գործեր։ Նրանց լավագույն աշխատանքները ցուցադրվել են համաշխարհային ցուցահանդեսում, արժանացել բարձր պարգևների։ Երևանի ոսկերչական գործարանը արտադրում է թանկարժեք և հասարակ քարերով զարդարված ոսկե մատանու, ականջօղի, ապարանջանի, վզնոցի բազմազան տեսակներ։ Սփյուռքահայ գաղթավայրերում ներդրում ունեն ոսկերչության ասպարեզում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 631