Բացել գլխավոր ցանկը

Մարտիրոս Երզնկացի (ծն. և մահվան թթ. անհայտ), ճանապարհորդ։

Մարտիրոս Երզնկացի
Ծնվել է15-րդ դար
Մասնագիտությունպատմաբան

1489-1496 թվականներին ուղևորություն է կատարել Արևմտյան Եվրոպայում՝ անցնելով ավելի քան 13000 կմ։ Մարտիրոս Երզնկացին եղել է հարյուրավոր քաղաքներում ու գյուղերում, որոնց մասին համառոտակի պատմում է իր ուղեգրության մեջ։ Այնտեղ նկարագրված են խոշոր քաղաքները, վանքերը, տվյալներ են բերված բնակչության թվի, տնտեսական կյանքի վերաբերյալ։ Կարծիք է հայտնվել, թե Մարտիրոս Երզնկացին Բիսկայան ծովագնացների հետ Ատլանտյան օվկիանոսով նավարկություն է կատարել Քրիստափոր Կոլումբոսի օրինակով «նոր երկրներ գնալու համար», որը, սակայն, չի հաստատվում[1]։

Մարտիրոս Երզնկացին եղել է ճգնավոր՝ Սուրբ Կիրակոսի անապատում, որը գտնվել է Նորգետակ գյուղի մոտ։ Նրա մասին եղած տեղեկությունները խիստ աննշան են։ Սակայն մեզ հասել են նրա ճանապարհորդական գրառումները եվրոպական մի քանի երկրների մասին, որտեղով անցել է՝ Իտալիա, Շվեյցարիա, Գերմանիա, Ֆլանդրիա, Ֆրանսիա և Իսպանիա։ Հայտնի է, որ Մարտիրոս Երզնկացին այդ ամբողջ ճանապարհն անցել է հիմնականում ոտքով։ Իր գրառումներում կարդում ենք, որ Երզնկայից դուրս է եկել 1489 թվականի հոկտեմբերի 29-ին և նախ գնացել Կոստանդնուպոլիս։ Կես տարի անց՝ հուլիս ամսին նավ է նստում և ուղևորվում դեպի Վենետիկ, որտեղ մնում է մեկ ամիս, ապա դարձյալ նավարկությամբ մեկնում Անկոնիա, հետո՝ Հռոմ։ Այստեղ Մարտիրոսը երեք անգամ տեսակցություն և զրույց է ունենում Հռոմի Պապի հետ։

Հռոմից հեռանում է 1491 թվականի հունիսին և ոտքով անցնում Գերմանիա, լինում Կոստանցա, Ստրասբուրգ, Քյոլն, Շպեյեր և այլ քաղաքներում, ապա Շվեյցարիայի Բադել քաղաքում։ Դրանից հետո լինում է Ֆլանդրիայում, որի քաղաքների մասին լռություն է պահպանում, իսկ այստեղից էլ հասնում է Ֆրանսիա և լինում Սեն - Դենի, Փարիզ, Օրլեան, Էստամփ, Պուատիե Շատել-Ռոն և այլ քաղաքներում, ապա հարավային Գասկոնիա գավառով անցնում է Իսպանիա։ Իսպանիայում այցելում է Սան Սեբաստիա, Պորտուգալե, Սանթ Անթեր, Օվիեդո քաղաքներ, հասնում հյուսիսարևմտյան Իսպանիա, Ֆինիստերրե հրվանդան, ապա Սևիլյա, լինում Բարսելոնայում, Վալենսիայում, Կատալոնիայում, որից հետո վերադառնում Ֆրանսիա և Պրովանսով անցնում իտալական քաղաքներ՝ լինելով Վերչչելոյում, Ջենովայում, Մոնթեֆիասկոյում, դարձյալ Հռոմում և այլուր, ու ի վերջո վերադառնում հայրենիք։

Գրառումներ և տեղեկություններԽմբագրել

Մարտիրոս Երզնկացու գրառումներն արժևորվում են նրանով, որ երբեմն առանձին քաղաքների, դրանց բնակչության քանակի մասին կարևոր տեղեկություններ է հաղորդում։ Օրինակ Վենետիկի մասին հայտնում է, որ այդ ժամանակ ուներ 74 հազար տուն և խիստ հարուստ ու փառավոր քաղաք էր։ Քաղաքում տեսել է սուրբ Մարկոս ավետարանչի եկեղեցին, որն ուներ երկու երգեհոն և իր ներսում կտեղավորեր մինչև 10 հազար մարդ։ Ներսում եղել են ոսկե զարդարանքներ ու երկու թևավոր առյուծի քանդակներ, դարձյալ ոսկուց։ Ապա հաղորդում է, որ դա միակ եկեղեցին չէր Վենետիկում, այլ կային բազմաթիվ տաճարներ ու վանքեր, որոնք ամենը կառուցված էին ջրի մեջ։

Դրանից հետո լինելով Հռոմում, որտեղ գտնվում են սուրբ և փառավորեալ ամենագովելի առաքյալներ Պողոսի և Պետրոսի գերեզմանները, Մարտիրոսը այցելում է նրանց, երկրպագում, աղոթում և թողություն խնդրում իր ու իր ծնողների, իր երախտավորների ու ողջերի համար։ Ապա հայտնում է, որ Հռոմում 2774 եկեղեցի կա և 8000 սրբոց գերեզման՝ քաղաքում ու նրա շրջակայքում։ Նա ամեն օր այցելել է 10-ից 20 եկեղեցի՝ բոլորը՝ մեծ ու փառավոր, շրջել, մանրամասնորեն ուսումնասիրել ամեն մեկը։

Հռոմից հետո Մարտիրոսն այցելում է, ինչպես ինքն է հաղորդում, Դուդեշք ազգի երկիրը, որ Ալմանքն է։ Խոսքը Գերմանիայի մասին է։ «Եվ գնացինք մեծ Կոստանցիա և այլ բազում քաղաքներ, - գրում է Մարտիրոս Երզնկացին, - ապա Ֆրանկֆուրտ, որտեղ շատ հիանալի բաներ տեսանք»: Անցնելով երկրե-երկիր, այցելելով բազմաթիվ քաղաքներ, հասնում է Կոլոնիա, որտեղ նրան տեղացիներն ասել են, որ 220 հազար տուն կա։

«Խիստ մեծ և զարմանալի քաղաք էր, - իր տպավորություններն է գրի առել Մարտիրոսը, - և անտ էր մոգուց թագավորաց գերեզմանն (խոսքը, հավանաբար, մանուկ Հիսուսին տեսնելու եկած երեք մոգերի մասին է), և անտ էր ԺԲՌ (12 հազար) սրբերի նշխարներ»: Այնուհետև ճանապարհորդ եպիսկոպոսն այցելում է գերմանական Աախեն քաղաքը, որտեղ գտնվում է Սանտա Մարիա դ’Աքս եկեղեցին։ Այստեղ պահպանվելի է տեսել սուրբ Աստվածածնի շապիկը, իսկ մոտակայքում շատ տաք ջուր է եղել։ Ըստ նրա խոսքերի՝ եկեղեցին խիստ զարմանալի շենք էր, ամենը ոսկով զուգված։ Նրանում կանգնեցված է եղել չորս պղնձե ոսկեզօծ սյուն։ Իսկ ներսում դրված է եղել նաև մարգարտաշեն և ոսկեզօծ մեծ սնդուկ, որի մեջ էլ պահվում էր Աստվածածնի շապիկը։ «Եւ դասասաց վարդապետք կային և խիստ հարկօք պատուեցին և մեծարեցին զմեզ», - գոհունակությամբ գրի է առել Մարտիրոսը։

Մարտիրոս Երզնկացին գիտեցել է լատիներեն և այս վայրերում կարողացել է առանց դժվարության հաղորդակցվել մարդկանց հետ։ Սակայն, երբ հասել է Ընկլուզաց, այսինքն անգլիացիների աշխարհը, լեզուն չիմանալու պատճառով մեծ դժվարություններ է կրել։ Ի դեպ, նա եղել է ոչ թե Բրիտանական կղզում, այլ հավանաբար Կալեի և Պիկարդիայի ծովեզերքը, որոնք այդ շրջանում պատկանել են Անգլիային, և Մարտիրոսն էլ անվանում է անգլիացիների աշխարհ։

Այսպիսով Մարտիրոս Երզնկացին լինում է շատ վայրերում, հաղորդում բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ, որոնք հետաքրքրում են նաև եվրոպացիներին՝ իմանալու համար, թե իրենց քաղաքներն ու վանքերը, եկեղեցիները, ինչպիսին են եղել այդ հեռավոր ժամանակներում։ Իսկ ո՞րն էր Մարտիրոսի՝ դեպի անծանոթ երկրներ այդքան հեռավոր և փորձություններով լի ճանապարհորդություն կատարելու իսկական նպատակը։ Մանավանդ որ իր ուղեգրությունների վերջին հատվածում հայտնում է. «Բազում փորձանաց դիպա, որ ի մահուն յաւժարեցայ և ոչ զայն վիշտ քաշէի» ( շատ փորձանքների հանդիպեցի, որ ավելի հօժարությամբ մահը կընդունեի, քան այդ վշտերը քաշեի)։

Իր ուղեգրություններում կարդում ենք, որ նա, որպես մոլեռանդ քրիստոնյա, մեծ ցանկություն է ունեցել տեսնելու առաքյալների ու սրբերի հիշատակին Եվրոպայի տարբեր հատվածներում կառուցված եկեղեցիները և երկրպագելու նրանց մասունքներին, հատկապես սուրբ Հակոբինը։ Երբ նա տեսնում է Սուրբ Հակոբի գերեզմանը, որ գտնվում է Իսպանիայում, ինչպես ինքն է հաղորդում, ընկնում է երեսն ի վայր, երկրպագում, մեղքերի թողություն խնդրում, և երկար արտասվում, որ կատարվեց իր սրտի փափագը։

Ի դեպ, Մարտիրոս Երզնկացու գրառումները ֆրանսերեն թարգմանվել և լույս են տեսել 1826 թվականին:

ԾանոթագրություններԽմբագրել