Ավագ վանքի դպրոց, գրչության և ուսումնառության կենտրոն Բարձր Հայքի Դարանաղի գավառի Ավագ վանքում (Սեպուհ լեռան ստորոտին, Կարնի գյուղի մոտ)։

Ավագ վանքի դպրոց
Տեսակդպրոց
Երկիր Թուրքիա

XII դ. վերջերին Ավագ վանքում արդեն վարպետ գրիչներով և ծաղկողներով գրչության առաջնակարգ դպրոց կար։ Վարդան Կարնցի (Կարնի գյուղից) գրիչը այստեղ 1200—1202 թվականներին ընդօրինակել է հսկայական մեծությամբ մագաղաթյա մի Տոնական, որը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և հայտնի է «Մշո ճառընտիր» անունով։ Ավագ վանքի դպրոցում մեծ մասամբ ընդօրինակվում էին ճառընտիրներ։ Գրչության արվեստը այդտեղ ծաղկել է հատկապես նշանավոր վարժապետ ու մատենագիր, Կիլիկիայի դպրոցներում կրթություն ստացած Մովսես Երզնկացու և բանաստեղծ ու մատենագիր Կիրակոս Երզնկացու րաբունապետության օրոք։ XIV դ. վերջից դպրոցը աչքի էր ընկնում նաև գիտության ուսուցմամբ, որ կապված էր Գրիգոր Տաթևացու դասընկեր Գևորգ Երզնկացու ուսուցչական գործունեության հետ։ Տարբեր տեղերից նրա շուրջն էին հավաքվում աշակերտներ, որոնք սովորում էին աստվածաբանություն, տրամաբանություն, տոմարագիտություն, երաժշտություն, գրչության արվեստ և այլ առարկաներ։ Գևորգ Երզնկացու հետ դասավանդում էր նաև նրա աշակերտ, տոմարագետ Հակոբ Ղրիմեցին, որը հետագայում տեղափոխվեց Մեծոփավանքի դպրոցը։ Ավագ վանքի դպրոցից բավական շատ ձեռագրեր են մեզ հասել (XIII — XIV դդ.)։ Ավագ վանքում գիտությունն ու կրթությունը առավել զարգացման են հասել 1460-ական թթ. սկզբներից, երբ այստեղ հիմնվել է համալսարան։ Տեսուչն էր «քաջ հռետոր և բսւնիբուն վարդապետ» Հովհաննես Համշենցին կամ Հունուտցին։ Հիշատակվում են դասագլուխ վարդապետներ Աբրահամն ու Մարգարեն, ավագ վարդապետ Աստվածատուր Ջերմացին։ Համալսարանը պատրաստում էր վարդապետներ, եկեղեցակաև գործիչներ, գրիչներ։ Վարդապետներից ու աշակերտներից հայտնի են Գրիգոր Կաֆայեցի ծաղկողը, Մատթեոս Սեբաստացի կազմողը, Առաքել Երզնկացին, Ներսես Բաղիշեցին, Բարապետ, Ներսես, Հովհաննես Տիվրիկեցիները, Հովհաննես Դարանաղցին, Ներսես Հաղպատեցին, Նիկողայոս Պոնտացին, Խաչատուր Երզնկացին, Ստեփանոս Չմշկածազցին և ուրիշներ։ Հիշյալ մականունները վկայում են, որ համալսարանն իր հիմնադրման սկզբից արդեն համահայկական հռչակ էր վայելում, որտեղ սովորելու և դասավանդելու էին գալիս երկրի տարբեր ծայրերից։ 1489 թվականին Ավագ վանքի համալսարանը աշակերտներով, աբեղաներով ու սարկավագներով տեղափոխվել է նույն գավառի Կապոսի դպրոցը, որտեղ շարունակել է իր գոյությունը մինչև դարավերջը։ Ավագ վանքը իր մատենադարանով կանգուն էր մինչև 1915 թվականը։

Գրականություն խմբագրել

  • Ոսկյան Հ․, Բարձր Հայքի վանքերը, Վիեննա, 1951։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 599