Քյոսե-դաղի ճակատամարտ
Քյոսե-դաղի կամ Չմանկատուկի ճակատամարտ, մոնղոլների և Իկոնիայի սելջուկյան սուլթանության զորքերի միջև ճակատամարտ, որը տեղի է ունեցել Հայաստանում, 1243 թվականի հունիսի 26-ին։ Մոնղոլները վճռական հաղթանակ են տարել, ինչի հետևանքով ամրապնդվել է մոնղոլական տիտապետությունը Հայկական լեռնաշխարհում և Փոքր Ասիայում․ Իկոնիայի սուլթանությունը, Տրապիզոնի կայսրությունը և Կիլիկիայի հայոց թագավորությունը վերածվել են Մոնղոլական կայսրության վասալների։
Քյոսե-դաղի ճակատամարտ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
Մոնղոլական կայսրություն Վրացա-հայկական ուժեր |
Իկոնիայի սուլթանություն Վրացական ուժեր Տրապիզոնի կայսրություն ֆրանգ վարձկաններ | ||||||
Հրամանատարներ | |||||||
Բաչու | Քեյխոսրով Բ | ||||||
Կողմերի ուժեր | |||||||
30000 | 80000 |
ՏեղանքԽմբագրել
Հայ պատմիչ Գրիգոր Ակներցին հաղորդում է, որ ճակատամարտը տեղի է ունեցել Կարինի և Երզնկայի միջև ընկած մի դաշտավայրում։ Կիրակոս Գանձակեցին վայրն անվանում է Չմանկատուկ, որը Հ․ Մանանդյանը նույնացնում է նոր ժամանակների Ճիմին գյուղին (այժմ՝ Թուրքիայի Երզնկայի մարզի Ուզումլու գյուղաքաղաք)[1][2]։ Ռաշիդ ալ-Դինը վայրը կոչում է Քյոսե-դաղ, որը թուրքերեն նշանակում է «ճաղատ սար»[2]։
ՃակատամարտԽմբագրել
1242-1243 թվականների ձմռանը հրամանատար Բաչուի գլխավորությամբ մոնղոլները հարձակվել են Իկոնիայի սելջուկյան սուլթանության վրա և գրավել Կարինը, ապա վերադարձել Մուղան վիթխարի ավարով[2]։ Գարնանը Բաչուի զորքը վերստին ներժուխել է Իկոնիայի սուլթանության տարածք[2]։ Սուլթան Ղիաթադին Քեյխոսրով Բ-ն իր զորքն է ժողովել և կոչ արել իր հարևաններին օգնության հասնել՝ մոնղոլական ներխուժմանը դիմակայելու համար։ Կիլիկիայի հայոց արքա Հեթում Ա-ն հապաղել է, հավանաբար ներքին տարաձայնությունների պատճառով, ուստի Ղիաթադինի բանակը մեկնել է առանց հայերի[2]։ Սուլթանի զորքը համալրել են Տրապիզոնի կայսրության և վրացի մի քանի իշխանների զորքերը, ինչպես նաև մի խումբ ֆրանգ վարձկաններ[3]։
Սուլթանի զորքը թվով գերազանցում էր մոնղոլների զորքին[4]։ Գրիգոր Ակներցու հաղորդմամբ՝ սելջուկյան զորքի թիվը կազմում էր 160000, իսկ մեկ այլ պատմիչի խոսքով՝ 200000, որոնք վստահաբար չափազանցություններ են[2]։ Ավելի հավանական թիվ է 80000[2]։ Ըստ Հեթում Պատմիչի՝ մոնղոլ-թաթարները 30000-անոց զորքով են եկել[2]։ Բաչուի զորքի մի մասը կազմել են վրացա-հայկական ուժեր, որոնց թվում եղել է Խաչենի իշխան Հասան-Ջալալը[2]։ Ասվում է, թե Բաչուն արհամարհել է իր վրացի սպաներից մեկի տագնապալից զեկուցումը թշնամու բանակի մեծության մասին և ասել․ «որքան մեծաթիվ լինեն նրանք, այնքան առավել փառավոր կլինի հաղթելը և այնքան առավել ավար կառնենք մենք»[5]։
Համաձայն որոշ աղբյուրների՝ ռազմի դաշտում Սուլթան Ղիաթադինը մերժել է իր հրամանատարների առաջարկը՝ սպասելու մոնղոլների հարձակմանը։ Փոխարենը նա իր զորքից 20000-անոց գունդ է առանձնացրել և ուղարկել մոնղոլական բանակի դեմ՝ անփորձ հրամանատարների գլխավորությամբ։ Մոնղոլական բանակը նահանջ է ձևացրել, ապա ետ դառնալով՝ շրջապատել է սելջուկյան գունդը և ջախջախել այն։ Սելջուկյան բանակի մնացյալ մասը խուճապահար է եղել և դիմել փախուստի։ Սուլթանը մազապուրծ փախել է ռազմի դաշտից դեպի Անկարա[2]։
Գրում է պատմիչ Կիրակոս Գանձակեցին իր «Պատմություն Հայոց» աշխատության ԼԵ գլխում․
Իսկ զօրավարն Բաչու՝ ըստ խորագէտ իմաստութեանն իւրեանց, բաժանեալ զզօրս իւր ի բազում առաջս ի ձեռն գլխաւորացն քաջաց եւ զեկամուտ զօրսն, որ յազգաց ազգաց ի նոսա եկեալսն՝ ցրուեալ, զի մի՛ նենգ ինչ գործեսցեն, եւ ընտրեալ յամենեցունց զարիսն եւ զքաջս, յառաջապահս կարգեալ ինքեանց, որք երթեալք հանդիպեցան զօրաց սուլտանին եւ մարտուցեալք՝ ի փախուստ դարձուցին զնոսա։ Փախեաւ եւ սուլտանն մազապուր՝ թողեալ զկահ եւ զկարասի անդէն ի տեղւոջն։ Եւ սոցա զհետ մտեալ՝ կոտորեցին անխնայ զզօրսն, սրոյ ճարակ տուեալ, եւ ապա դարձան ի կապուտ անկելոցն[6]։ |
Կիրակոս Գանձակեցին Չմանկատուկում մոնղոլների հաղթանակը վերագրում է զորավար Բաչուի հմուտ հրամանատարությանը, իսկ Ակներցին այն վերագրում է մոնղոլական զորքին կից վրացա-հայկական ուժերին[2]։ Պարսիկ պատմիչներ Աղսարայի և Իբն Բիբի սելջուկների պարտությունը բացատրում են սուլթանությունում տեղի ունեցող ներքին խռովություններով[2]։
Սուլթան Ղիաթադինի փախուստից հետո իր մայրը, կինը և դուստրն ապաստանել են Կիլիկիայի հայոց թագավորի մոտ։ Բաչուի պահանջով Հեթում Ա-ն Ղիաթադինի հարազատներին հանձնել է մոնղոլներին, ինչին ի պատասխան սելջուկյան զորքը ներխուժել է Կիլիկիա և մի քանի ամրոց գրավել, որոնք կարճ ժամանակ անց վերադարձվել են՝ կրկին մոնղոլների պահանջով[7]։
ՀետևանքներԽմբագրել
Սելջուկյան բանակը պարտության մատնելուց հետո մոնղոլները գրավել են Սեբաստիան և Կեսարիան։ Նույն տարի մոնղոլները գրավել են Երզնկան, Մալաթիան և Տևրիկը։ Սուլթան Ղիաթադինը ստիպված է եղել հաշտություն կնքել Բաչուի հետ և մեծ տուրք վճարել մոնղոլներին[2]։ Քյոսե-դաղի ճակատամարտից հետո Իկոնիայի սուլթանությունը, ինչպես նաև Տրապիզոնի կայսրությունը և Կիլիկիայի հայոց թագավորությունը հպատակվել են Մոնղոլական կայսրությանը։ Ճակատամարի հետևանքով հաստատվել է մոնղոլների գերիշխանությունը Փոքր Ասիայում և Հայկական Լեռնաշխարհում[8]։ Սելջուկների իշխանությունը զգալիապես թուլացել է ճակատամարտի հետևանքով․ 14-րդ դարի սկզբին այն մասնատվել է տարբեր փոքր իշխանությունների, որոնք հետագայում միավորվել են Օսմանյան կայսրության դրոշի տակ։
ԾանոթագրոթյուններԽմբագրել
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 259 — 804 էջ։
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Dashdondog Bayarsaikhan (2011)։ The Mongols and the Armenians (1220-1335)։ Leiden & Boston: Brill։ էջեր 61–63, 76։ ISBN 978-90-04-18635-4
- ↑ Cahen Claude (1968)։ Pre-Ottoman Turkey: A General Survey of the Material and Spiritual Culture and History c. 1071-1330։ Sidgwick & Jackson։ ISBN 0-283-35254-X։ OCLC 464917
- ↑ Claude Cahen, “Köse Dagh” Encyclopaedia of Islam, ed. by P. Bearman, et al.
- ↑ Martin H. Desmond (1943)։ «The Mongol Army»։ Journal of the Royal Asiatic Society of Great Britain and Ireland (1): 81։ ISSN 0035-869X
- ↑ Կիրակոս Գանձակեցի։ Պատմութիւն Հայոց․ գլուխ ԼԵ
- ↑ Der Nersessian Sirarpie (1973)։ «The Kingdom of Cilician Armenia»։ Byzantine and Armenian Studies I։ Louvain: Imprimerie Orientaliste։ էջ 346
- ↑ Josef W. Meri, Jere L. Bacharach-Medieval Islamic Civilization: A-K, index, p.442