Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Կանաչ Ժամ եկեղեցի կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, հայկական եկեղեցի Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում։ Անունը ստացել է այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի[2]։ 2020 թվականին Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ անցնելուց հետո մասամբ ավերվել է[1]։ 2024 թվականի փետրվարին Ադրբեջանը եկեղեցին հիմնահատակ քանդել է, ինչը պարզ է դառնում արբանյակակային լուսանկարներից[3][4]։

Կանաչ Ժամ եկեղեցի
ադրբ.՝ Yaşıl kilsə
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՏեղագրությունՇուշիի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1818
Ներկա վիճակմասամբ ավերված[1]
ՆվիրվածՍուրբ Հովհաննես Մկրտիչ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1818
Քարտեզ
Քարտեզ
 Saint John the Baptist Church in Şuşa Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 1818 թվականին՝ Ղարաբաղցոց նախկին փայտաշեն եկեղեցու փոխարեն։ Այդ մասին վկայում է շինարարական արձանագրության։ Պատերի մեջ ագուցված է նաև նախկին եկեղեցու արձանագրությունները[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին շինված է արևելք-արևմուտք առանցքով, խաչաձև հատակագծով։ Կողային ավանդատները բեմի տակ իջեցնելու հետևանքով, արտաքին՝ արևելյան ճակատապատը կիսակլոր է։ Եկեղեցին, զանգակատունը աչքի են ընկնում ներքին ինքնատիպ հարդարանքով։ Այս հանգամանքը հուշարձանը առանձնացնում է հայ ճարտարապետական համանման կառույցների շարքում։ Եկեղեցուն արևմուտքից կցված է հետագայում կառուցված գմբեթավոր զանգակատունը, որի մուտքի վերնամասում փորագրված է. «Բաբայն Ստեփանէսն Յովհանէն յի հիշատակ հանգուցիալ եղբայր Մկրտիչ 1847 թ.» արձանագրությունը։

Թեև զանգակատունն օրգանապես ձուլված է եկեղեցուն, այնուամենայնիվ, որմնամույթերով որոշ չափով առանձնացված է նրանից։ Դրանով ավելի է ընդգծվում դեպի աղոթասրահը տանող շքամուտքի հանդիսավորությունը։ Եկեղեցին որմնամույթերով ևս բաժանված է երկու սրահի։ Առաջին սրահն ունի երդիկավոր գլխատներին հատուկ գոցվող թաղ, իսկ երկրորդ՝ ուղղանկյուն սրահի շքեղ, սրբատաշ որմնամույթերի վրա բարձրանում է շրջանաձև գմբեթը։

Կանաչ ժամի մեջ ուշագրավ են գոցվող թաղերը, հայկական եկեղեցիների գմբեթների համար անսովոր որոշ տարրերը՝ անհամեմատ մեծ բացվածքները, բեմատակն իջեցված ավանդատները, արևելյան կիսակլոր ճակատապատը։ Գմբեթների ճարտարապետական նորամուծությունները նույնպես հարստացրել և առավել նշանակալի են դարձրել եկեղեցու գեղարվեստական արժանիքը։ Եթե դրան ավելացվի բարձր, կանաչապատ տեղանքը, սրբատաշ և կոպտատաշ քարերից խնամքով իրականացված եկեղեցու կաթնագույն տեսքը, ապա դժվար չէ կռահել, որ հուշարձանն ունի քաղաքաշինական տեսակետից որոշակի կազմակերպող դեր։

Կանաչ ժամը լավ է դիտվում քաղաքի գրեթե բոլոր բնակելի թաղամասերից։ Այդ հանգամանքն իր որոշակի ազդեցությունն է թողել պաշտամունքային կառուցվածքի վրա՝ թելադրելով եկեղեցու և զանգակատան հստակ ուրվագծվող գմբեթային լուծում։

Խորհրդային շրջանում, Կանաչ ժամը, որի շրջապատում գտնվում էին առողջարաններ, հանգստյան տներ, ադրբեջանցիների կողմից վեր էր ածվել հանքային ջրերի ըմպելասրահի։ Արդյունքում հուշարձանը խիստ տուժել էր։ Մասնավորապես, բեմի վրա տեղադրված երկաթե մեծ ջրավազանը, լրիվ փակել, դահլիճից կտրել էր բեմը։ Արևմտյան՝ զանգակատան հիմնական մուտքի աստիճանները քանդել և նրանց փոխարեն նոր՝ հուշարձանին անհամապատասխան աստիճաններ էին կառուցել հյուսիսային ճակատում, որի պատճառով քանդվել էր կենտրոնական լուսամուտի գոգատակի պատը։ Ջրամբարից հաճախ թափվող հանքային ջրերը, ողողում էին խորանները, այնտեղից պատը քայքայելով հոսում դեպի բակը։

Եկեղեցին գործել է 1995-2020 թվականներին։ Վերջին տարիներին վերանորոգվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին մասամբ ավերված է». fip.am. 2020 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. 2,0 2,1 Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, «Հայաստան», 1988 — 360 էջ. — 25000 հատ, ISBN 5-540-00402-7։
  3. «Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը». www.tert.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 19-ին.
  4. Արմենիա, Sputnik (20240418T1948+0400). «Հերթական վանդալիզմը. Բաքուն քանդել է Շուշիի Կանաչ ժամը». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ Ժամ եկեղեցի» հոդվածին։