Շուշի քաղաքի պատմության թանգարան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուշի (այլ կիրառումներ)

Շուշի քաղաքի պատմության թանգարան, Շուշի հնագույն քաղաք-ամրոցի բազմադարյա անցյալը լուսաբանող հնությունների կենտրոն։ Այստեղ ցուցադրված են ինչպես Շուշիի տարածքում իրականացված պեղումների ժամանակ գտնված նմուշներ, այնպես էլ բնակիչներից ձեռք բերված հին և պատմական արժեք ներկայացնող  իրեր։ Թանգարանում կարելի է տեսնել  միջնադարյան և շատ ավելի վաղ՝ ուշ բրոնզեդարյան շրջանի գտածոներ[1]։

Շուշի քաղաքի պատմության թանգարան
Տեսակազգագրական թանգարան և թանգարան
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՏեղագրությունՇուշիի շրջան
ՎայրՇուշի
Հիմնադրվել է1969
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Շուշի քաղաքի պատմության թանգարանը տեղակայված է քաղաքի «Ձորի թաղի» կենտրոնում։ Շինությունը 19-րդ դարի սկզբին պատկանել է փոխգնդապետ Եսայի Ղարամյանցին (Գրամով)։ 1918 թվականին Ղարամյանների գերդասատնին պատկանող այդ շենքը զավթել է հայատյաց բժիշկ Մեհմանդարովը։ 1921-1971/72 թվականներին շենքը ծառայել է որպես ծննդատուն։ Այնուհետև, 1973 թվականից մինչև 1992 թվականը շենքում գործել է «Արևելյան գորգերի թանգարանը»։

1992 թվականի մայիսի 28-ին այստեղ իր գործունեությունն է ծավալել «Շուշիի պատմաերկրագիտական թանգարանը», որը 2014 թվականից վերանվանվել է «Շուշի քաղաքի պատմության թանգարան»[2]։

Ցուցադրություն

խմբագրել

Թանգարանը ներկայացնում է ամրոց-քաղաքի հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը և հանդիսանում է դրանք լուսաբանող հնությունների հաստատություն։    

Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են ամրոց-քաղաքի անցյալն ու ներկան։ Գործում է գիտացուցադրական չորս և կազմավորման գործընթացի մեջ գտնվող երկու բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությանն ստեղվծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Շուշիի պատմությունը լուսաբանող շուրջ 5000 առարկաներ։

Հնագիտական հավաքածուի մեջ առանձնացված է թիվ 61 և թիվ 71/5 դամբարանադաշտերից հայտնաբերված խեցեղեն անոթներ, բրոնզից և երկաթից պատրաստված կենցաղային, զարդարարա-կիրառական  և ռազմական բնույթի առարկաներ,  որոնք վկայում են, որ դեռևս մ. թ. ա. 12-10- րդ դարում բերդի տարածքում և շրջակայքում եղել են բնակավայրեր, և բնակիչներն ակտիվ առևտարական կապեր են ունեցել Արևելքի և արևմուտքի ժողովուրդների հետ։

Միջնադարը ներկայացվում է հիմնականում երկու խաչքարերով, որոնք թվագրվում են 10-13-րդ դարերով և Տեր Մավանելի 1428 թվականի Ավետարանի մի հատվածի ցուցադրմամբ։  

18-19-րդ դարի կենցաղի առարկաները լուսաբանում են Հայաստանի արևելյան շրջանների խոշորագույն մշակութա-արհեստավորական կենտրոնի՝ Շուշիի բնակիչների կյանքը։ Ցուցասրահների պատերին տեղադրված լուսանկարների և վահանակների  հավաքածուն շոշափելի են դարձնում այդ դարաշրջաններիի բնակավայրի առօրյա կյանքը։

Մի վահանակով լուսաբանվում է 1920 թվականի մարտի 22-23-ը թուրք–թաթարական կանոնավոր և անկանոն զորքերի կողմից Շուշիի հայերի նկատմամաբ իրակա-նացված ցեղասպանությունը։ Այդ օրերին հողին է հավասարեցվել Շուշիի պարծանքը հանդիսացող հայկական թաղամասը։ Շուրջ 30 հազար հայ բնակչությունից կոտորվել են 7-8 հազարը, իսկ ողջ մնացածները կամ մազապուրծ փախել և ապաստանել են Արցախի գյուղերում կամ էլ բռնի մահմաեդականացվել են։

Մի համեստ անկյուն հատկացված է ԽՍՀՆ կրկնակի հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանին։

Պատանի այլցելուների սիրած թեման ռազմական կյանքը արտացոլող պատերազմի լուռ վկաներն են՝ զենքերի փողեր, տարաբնույթ վնասազերծված ականներ, 442 տանկի հերոս անձնակազմի վառված ինքնաձիգի մի մասը, ապրիլյան պատերազմից մասունքներ և այլն։  

Առանձին վահանակ է տրամադրված 1992 թվականի մայիսի 8-9-ը Շուշիի ազատագրման ռազմագործողությանը։ Տեղադրված է զորախմբավորումների զորաշարժերը լուսային էֆեկտներով ուղեկցող՝ «Հարսանիք լեռներում» ռազմագործողության մանրակերտը։

Սոցիալական առաքելություն

խմբագրել

Շուշիի պատմության թանգարանն այսօր հիանալի ժամանցի վայր է բոլոր տարիքի, զբաղմունքի և նախասիրությունների տեր մարդկանց համար։

Թանգարանի՝ այցելուների հետ տարվող աշխատանքային փորձի շնորհիվ տարեցտարի ավելի հաճելի ու ընկալելի են դառնում այցելուների հետ տարվող էքսկուրսիաները։ Տարեցտարի, նոր շունչ ու երանգ ստանալով, ամրապնդվում է թանգարան-դպրոց-հասարակություն կապը։

Թանգարանը մշտական կապ է պահպանում թե՛ հնաբնակ, թե՛ մատաղ սերնդի շուշեցիների հետ։

Շուշի քաղաքի պատմության թանգարանը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Մեսրոպ Մաշտոց 32 հասցեում։

Տես նաև

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թանգարանի առաջնահերթ խնդիրն է վերականգնել Շուշիի պատմության այն հատվածները, որոնք դեռևս լուսաբանված չեն. Շուշիի պատմության թանգարանի վարիչ, © 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից
  2. One, Studio. «Շուշիի պատմության թանգարանը». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել