Հոգևոր տեսչության տպարան

Հայոց Հոգևոր Տեսչության Տպարան

Աշոտ Ալեքսանդրի Հարությունյան Հայտնի է, որ հայ տպագրությունը սկսվել է օտար ափերում՝ 1512 թ. Վենետիկում։ Միայն 1771 թ. Հիմնադրվեց Էջմիածնի տպարանը։ Հերթականությամբ երկրորդ տպարանը Հայաստանի տարածքում շվեյցարացի ավետարանիչներ Դետրիխ Ավգուստ Վիլհելմ Տապպեի ( ռուսաց լեզվի և ռուսաստանի պատմության միսսիոներ) և Ֆելիցիան Մարտին Զարեմբա-Կալինովսկու ( Չամբեզայի) կողմից 1827 թ. Շուշիում, հիմնադրված տպարանն էր։ Վեց տարվա ընթացքում տպարանը հրատարակել է 13 անուն գրքեր. 1. “Պատմություն սուրբ գրոց” (թարգմանություն ռուսերենից), 44 էջ, Շուշի, 1828 թ.։ 2. Ընթերցուցք ի Ս. Գրոց հին կտակարանի (ի պիտոյ վարժարանաց), 28 էջ, Շուշի, 1829 թ.։ 3. Հավաքումն Աստուածային վկայութեանց, 184 էջ, Շուշի, 1829 թ.։ 4. Պողոս Ներսիսեանց Ղարաբաղցի՝ Համառոտ Հայկական քերականութիւն, 30 էջ, Շուշի, 1829 թ.։ 5. Հովսեփ Արցախեցի՝ Համառոտ բառագիրք ի գրաբարէ յաշխարհաբարն (ի պիտոյ համբակաց), 398 էջ, Շուշի, 1830 թ.։ 6. Ժամանակի վերջն (թարգմանություն), 46 էջ, Շուշի, 1832 թ.։ 7.Աւետարանի ճշմարտութեան և զորութեան համար, (թարգմանություն), Շուշի, 1833 թ.։ 8. Կիւրեղ Երուսաղեմի՝ Ճառ վասն տասն հրամանաց հավատոց, (թարգմանություն), 46 էջ, Շուշի, 1833 թ.։ 9.Ճանապարհորդութիւն առ բարեպաշտ կեանս (թարգմանություն), 150 էջ, Շուշի, 1833 թ.։ 10.Քարոզ ավագ ուրբաթ օրին համար։ Շուշի, 1833 թ.։ 11.Մեղքը խաղ անլու բան չէ (թարգմանություն), 14 էջ, Շուշի, 1833 թ.։ 12.Չամչեան Միքայել՝ Քերականութիւն հայկազեան լեզուի,328 էջ, Շուշի, 1833 թ.։ 13. Վարդապետութիւն Քրիստոսի խաչին համար, 77 էջ, Շուշի, 1833 թ.։

Չափազանց բնորոշ է այն հանգամանքը, որ Բազելի քարոզչական ընկերությունն Արցախում առաջին անգամ գործածում է աշխարհաբար լեզուն։

1837 թ. Բազելի քարոզչական ընկերության գործունեությունը ռուսական կառավարության կողմից դադարեցվում է և նրանց գույքը վաճառքի հանվում։ Տպարանը գնում է Բաղդասար Միտրոպոլիտը։ Հոգևոր տեսչության տպարանում Շուշիում հայերեն լեզվով տպվել են հետևյալ գրքերը.

1. “Խորհրդատետր”

2. “Սաղմոս”

3. “Եփրեմ խորին”

4. “Ժամագիրք” 1837 թ.

5. Բայրոն, “Շիլոնյան կալանավորը” 1837 թ.

6. Վարդապետ Հովսեփ Տեր-Ավագյան ”Տրամաբանութիւն, 1840 թ.

7.Նույն հեղինակը ”Վահան ուղղափառաց”

8.Ավագ սարկավագ Գրիգոր Տեր-Ավագյան “Կրոնագիտություն կամ հոգեվարժություն քրիստոնեական”, 1849 թ.

9. Նույն հեղինակ, Դերժավին, “Աստված” (թարգմանություն)

10. Եսայի կաթողիկոս Հասան Ջալալյան, “Պատմություն կամ հիշատակ ինչ-ինչ անցից դիպելոց յաշխարհն Աղվանից”, 1839 թ.

11. “Մաշտոց”, 1840 թ.

12. Սալլանթյանց Միքայել, “համառոտութիւն փոքր քերականութեան գրաբար լեզուի հայոց” (առաջին մասն) ,86 էջ, 1839-40 թթ.

13. Տետր այբբենական։

1859 թ. Վեհապետյանի միջոցներով տպարանը տպագրում է Մ. Չամչյանի ընդարձակ քերականությունը։ Նրա խնդրանքով մոսկվաբնակ Հովհ. Հովնանյանը տպարանին նվիրում է մի ձեռք մամուլ և հայերեն տառեր։ Տպարանը վերանվանվում է “Տպարան Սրբոյ էջմիածնի”։ 1863-ին տպագրվում է Մաթևոս կաթողիկոսի “Ներածութիւն աստուածաբանակն գիտելաց՚ գիրքը (200 էջ)։ Նույն թվականին տպարանը հոգաբարձու Համբարձում բեկ Սարուխանյանի դիմումով Հովհ. Հովնանյանը տպարանը նվիրում է թեմակամ դպրոցին։

1864 թ. Թեմական դպրոցի տպարանում լույս է ընծայվում Կ . Էզյանցի “Ներքին կեանք հին Հայաստանի” աշխատությունը։1874 թ. Տպարանը տպագրում է Խորեն Ստեփանի ”Հայկական աշխարհ” ամսագրի մի քանի համարներ։

1885 թ. տպարանը վերանվանվում է “Տպարան հայոց հոգևոր տեսչության”։ Այստեղ 1888-ին տպագրվում է Մանուկ Աբեղյանի “Նմուշները” (բանաստեղծությունների ժողովածուն)։

Տպարանի բեղմնավոր գործունեությունը ընդհատվում է 1920 թ. մուսավաթական Ադրբեջանի օկուպացիոն, պատժիչ զորքերի կողմից Շուշիի գրավմամբ։ Նրանք թալանում են տպարանի գույքը և հրդեհում շենքը։

Խորհրդայաին իշխանության տարիներին տպարանի շենքը վերակառուցվում է մասնավոր մարդկանց ուժերով։ Շուշիի ազատագրման ռազմագրծողության ժամանակ, նահանջող թշնամին, մեր զորքերի առաջխաղացումը դժվարեցնելու համար հրդեհում է շենքը։

Այսօր հոգևոր տեսչության տպարանը վերանորոգվում է որպես ցուցասրահ։