Հովտաշեն (Մարտակերտի շրջան)

Հովտաշեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, նախկին Ջրաբերդ գավառում։ Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 51 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Հովտաշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտ
Մակերես1079.61 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն275 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հովտաշեն (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հովտաշեն (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 1079.61 հա տարածք, որից 288.52 հա գյուղատնտեսական նշանակության, 690.87 հա անտառային հողեր։ Հովտաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։ Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` «Վովայի», «Գյուղի» և «Ժորիկի»։

Պատմություն խմբագրել

Հովտաշենի շրջակայքում եղած Ք. ա. 2-1-ին հազարամյակների դամբարանաբլուրներն ու հելենիստական դարաշրջանի դամբարանները խոսում են այն մասին, որ վերոնշյալ տարածքներում հնագույն ժամանակներից բնակավայր է եղել[2]։

Գյուղի պատմության միջնադարյան ժամանակահատվածի վերաբերյալ մեզ տեղեկություններ չեն հասել։

19-րդ դարի վերջերին բնակավայրը անվանվել է Ալիաղալու կամ Ղարխին[2]։

Սարգիս Հայկունին գրում է, որ 1880-ական թվականներին գյուղում ապրում էր 27 հայ ընտանիք։ Գյուղի մոտ էր գտնվում Ալի փենջա ուխտատեղին։

Քանի որ Ղարխին հարթավայրային տեղանքում է գտնվում, 1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հայ բնակչությունը դժվար իրավիճակում էր հայտնվել։ Չնայած Հայ Յեղափոխական Դաշնակցության ինքնապաշտպանական ջոկատը կարողացել էր կազմակերպել Խաչենի հովտի գյուղերի պաշտպանությունը, այնուամենայնիվ մշտապես կրկնվող թալանից և սպանություններից խուսափելու համար տեղի բնակչությունը տարիների ընթացքում լքել է հարազատ օջախը[2]։

Խորհրդային առաջին տարիներին գյուղը լիովին հայաթափվել էր։ Գյուղի տարածքը 1923 թվականին բռնակցվել էր Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը[2]։

Ղարխինի հողահանդակները մտցվել էին Աղդամի վարչական շրջանի կազմի մեջ` նեղ շերտով հայտնվելով ԼՂԻՄ բնակավայրերի արանքում։

Խորհրդային Ադրբեջանի կառավարության որոշմամբ հանրապետության տարբեր վայրերից մի քանի թաթար ընտանիքներ հաստատվել են նախկին հայկական գյուղում[2]։

Ղազանչիի հայ բնակիչներն իրենց հողատարածքները մշակելու համար ստիպված պետք է անցնեին արդեն Ալիաղալու պաշտոնական անունը ստացած բնակավայրով[2]։

1993 թվականին ԱՀ ՊԲ հարվածների տակ Ալիաղալուն ազատագրվել է։

Բնակլիմայական հարմարավետ պայմաններն ու աշխարհագրական դիրքը հնարավորություն են տվել վերաբնակեցման գործն ավելի հեշտ իրագործել[2]։

Պատերազմի ավարտից հետո՝ 1994 թվականին Ադրբեջանից բռնագաղթված, ինչպես նաև Արցախի Հանրապետության Վանք գյուղից ու Հայաստանի մարզերից մի քանի ընտանիքներ հաստատվել են Ալիաղալույում։ Վերաբնակեցված գյուղը ստացել է Հովտաշեն անունը։ Գյուղից ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է արժանացել Էռնեստ Արամայիսի Շեկյանը[2]։

1995 թվականին գյուղում դպրոց է բացվել։ Հովտաշենի և Սեյսուլանի մոտ լինելու հանգամանքը նպաստել է, որպեսզի երկու բնակավայրերի տարրական դպրոցները միավորվեն և գործեն որպես Նոր Սեյսուլանի միջնակարգ դպրոց[2]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։

Բնակչություն խմբագրել

Հովտաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 275 մարդ, կա 83 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 256 233 260

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ դամբարան (վաղ միջնադար), դամբարանաբլուր (մ․թ․ա 2-1 հազ․)։

Հասարարակական կառույցներ խմբագրել

Համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, դպրոց[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 564–566.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  7. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 172.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.