Բացել գլխավոր ցանկը

Բերձորի մարդասիրական միջանցքի բացում

«Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» (Լաչինի մարդասիրական միջանցքի բացում, Լաչինի ազատագրում, Բերձորի ազատագրում) ռազմական գործողություն։ Տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 17-18-ին։ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո ԻՊՈՒ և կամավորական ջոկատները ձեռնարկել են օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։

«Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» ռազմական գործողություն,
Արցախյան պատերազմ
Թվական 1992 թվականի մայիսի 17-18
Վայր Բերձոր
Արդյունք Հայկական բանակի հաղթանակ

Արցախի հետ ցամաքային կապի հաստատում

Հակառակորդներ
Հայաստան Հայաստան
Ադրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Արկադի Տեր-Թադևոսյան Սաֆար Աբիև
Կողմերի ուժեր
<2800 ~3000

Համաձայն մարտական պլանի՝ առաջխաղացումը պետք է իրականացվեր մայրուղու աջ և ձախ թևերում։ Գործողությանը մասնակցել են ԻՊՈՒ 2-րդ, 5-րդ, 6-րդ կամավորական վաշտերը, Այգեստանի, Խնածախի, Դահրավի, Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Սարինշենի, Քարինտակի, Շոշի, Բերդաձորի ենթաշրջանի և ՀՀ-ից կամավորական տարբեր ջոկատներ։

Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ են առել Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը։ Մայիսի 18-ին ԻՊՈՒ կազմավորումները և կամավորական ջոկատները մտել են Բերձոր (Լաչին), ապա դուրս եկել ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «Մարդասիրական միջանցքը։

Միջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը հոկտեմբերին ծրագրել է խոշոր հարձակում միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում։ Հակառակորդի դեմ հարավային ռազմաճակատի գծում հակահարձակման են անցել Հադրութի սահմանները պաշտպանող հայկական ստորաբաժանումները։ Թեժ մարտերի ընթացքում հայկական ուժերին հաջողվել է հյուծել թշնամուն, ապա անցնելով հակահարձակման, իրար հետևից գրավել կարևոր դիրքեր և թշնամուն ստիպել նահանջել Ղուբաթլուի շրջանի խորքը, և հարավային ուղղությամբ ԻՊՈՒ ձեռնարկած ռազմական գործողություններն ավարտվել են հաջողությամբ։ Դրանից հետո հակառակորդն ակտիվ մարտական գործողություններ է սկսել միջանցքի հյուսիսում՝ Ղոչազ լեռան ուղղությամբ։ Հայ ազատամարտիկները հաջողությամբ հետ մղելով հակառակորդի բոլոր գրոհները և զարգացնելով իրենց առաջխաղացումն ազատագրել են Խրմանլար գյուղը, ապա վնասազերծել Մազմազակ գյուղում տեղակայված ռազմական հենակետերը։ Հայկական ուժերի կողմից ձեռնարկած վճռական մարտական գործողությունների շնորհիվ փաստորեն ապահովվել է Ստեփանակարետ-Լաչին-Գորիս երթևեկությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png