Հույն-թուրքական պատերազմ
Թուրքիայի անկախության պատերազմ

Հույների հետևազորի գրոհը Գեդիզի ափամերձ գոտուց
Թվական մայիսի 15, 1919հոկտեմբերի 11, 1922
Վայր Փոքր Ասիա
Արդյունք Թուրքական կողմի հաղթանակ[1][2][3]
Տարածքային
փոփոխություններ
Օսմանյան կայսրության անկման արդյունքում Հունաստանին անցած հողերը միացվում են Քեմալական Թուրքիային։
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Թուրքիայի ազգային շարժում
  • Անկարայի կառավարություն

Ռազմական օգնություն՝
ՌԽՖՍՀ
Իտալիա Իտալիա[4]

Հունաստան Հունաստան

Հայաստան

  • Կամավորական ջոկատներ

Ռազմական օգնություն՝
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն

Հրամանատարներ
Օսմանյան կայսրություն Մուստաֆա Քեմալ Աթաթուրք
Օսմանյան կայսրություն Իսմեթ Ինյոնյու
Օսմանյան կայսրություն Ալի Ֆուատ Ջեբեսոյ
Հունաստան Կոնստանտինոս I
Հունաստան Էլեֆթերիոս Վենիզելոս
Հունաստան Անաստասիոս Պապուլաս
Կողմերի ուժեր
Թուրքական կողմ՝
  • 15 հազար (մայիս, 1919)[10]
  • 90 հազար (ապրիլ, 1920)[11]
  • 100 հազար (հունվար, 1921)[8]
  • 200 հազար (հուլիս, 1921)[12]
  • 215 հազար (1922)[13][14]
Հունական կողմ՝
  • 35 հազար (մայիս, 1919)[5]
  • 15 հազար (հունիս, 1920)[6]
  • 86 հազար (նոյեմբեր, 1920)[7]
  • 50 հազար (հունվար, 1921)[8]
  • 92 հազար (օգոստոս, 1921)[9]
  • 208 հազար (օգոստոս, 1922)
Ռազմական կորուստներ
Թուրքական կողմ՝
  • 19362 մահացած,[15],
  • 4878 մահացած՝ վերքի և հիվանդության հետևանքով,
  • 18095՝ անհետ կորած,
  • 48880՝ վիրավոր,
  • 13740՝ գերեվարված[16]
Հունական կողմ՝
  • 9167 մահացած,[17],
  • 2474 մահացած՝ վերքի և հիվանդության հետևանքով,[17],
  • 11150՝ անհետ կորած,
  • 31097՝ վիրավոր[17],
  • 6522՝ գերեվարված[18][19]

Հույն-թուրքական պատերազմ, հայտնի է նաև որպես Թուրքիայի անկախության պատերազմի արևմտյան ճակատ (թուրքերեն՝ Kurtuluş Savaşı) կամ Փոքրասիական արշավանք (հուն․՝ Μικρασιατική Εκστρατεία), Առաջին համաշխարհային պատերազմին և Օսմանյան կայսրության մասնատմանը հաջորդած ռազմական հակամարտություն մի կողմից Հունաստանի թագավորության, մյուս կողմից՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորած Թուրքիայի ազգային շարժման միջև, որը տեղի է ունեցել 1919 թվականի մայիսի 15-ից մինչև 1922 թվականի հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում։ Հակամարտության սկզբնավորման պատճառը Հունաստանի թագավորության հավակնություններն էին անտիկ ժամանակներում հելլենական քաղաքակրթության ներքո միավորված փոքրասիական տարածքների նկատմամբ, որոնք զարգացած միջնադարում բռնազավթվել էին օսմանյան հրոսակների կողմից։ Կոնֆլիկտի շրջանակներում հույների պաշտպանությամբ էր հանդես գալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը, որը պատերազմելու դիմաց տարածքային խոստումներ էր տվել Ալեքսանդր I-ին։

Պատերազմական գործողությունները սկսվում են 1919 թվականի մայիսի 15-ին՝ հունական զորքերի կողմից Զմյուռնիա ներխուժումից հետո։ Զարգացնելով իրենց ռազմավարական հաջողությունները՝ հույները կարողանում են վերահսկողություն սահմանել ամբողջ արևմտյան և հյուսիսարևմտան Անատոլիայի նկատմամբ՝ գրավելով Մանիսա, Բալըքեսիր, Այդըն, Քյոթահիա, Բուրսա և Էսքիշեհիր բնակավայրերը։ Թուրքական բանակը թշնամու առաջխաղացումը կարողանում է կասեցնել միայն 1921 թվականին՝ Սակարիա գետի ափին տեղի ունեցած ճակատամարտում ջլատելով հունական բանակի հավաքական ներուժը։ 1922 թվականին փոքրասիական ուղղությամբ հակագրոհ է սկսում Քեմալականների բանակը, որը օգոստոսի վերջին Դումլուփընարի դաշտում ծանր պարտության է մատնում Հունաստանի զինված ուժերին։ Սեպտեմբերի 9-ին Մուստաֆա Քեմալի բանակն առանց լուրջ առճակատման զավթում է Զմյուռնիան՝ հույների վերջին հենակետը Փոքր Ասիայում։ Թուրքական նվաճումից չորս օր անց Զմյուռնիայում մեծ հրդեհ է բռնկվում, որն էլ փաստացիորեն կանխորոշում է հույն-թուրքական պատերազմի ավարտը։

Պատերազմի արդյունքում Հունաստանի կառավարությունը ստիպված է լինում ընդունել Քեմալական շարժման պահանջները՝ վերադառնալով նախապատերազմական ստատուս քվոյին (այդկերպ հույները թուրքերին էին թողնում Արևելյան Թրակիան և Արևմտյան Անատոլիան): Իրադարձության ելքով պայմանավորված՝ դաշնակիցները հրաժարվում են Սևրյան հիմնադրույթներից՝ Լոզանում նոր պայմանագիր ստորագրելով Թուրքիայի ազգային շարժման հետ։ Լոզանի պայմանագրով ճանաչվում է Թուրքիայի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև գերիշխանությունը Փոքր Ասիայի, Կոստանդնուպոլսի (Ստամբուլի) և Արևելյան Թրակիայի նկատմամբ։ Հունաստանի և Թուրքիայի կառավարությունները ձեռնամուխ են լինում նաև բնակչության փոխանակում իրականացնելուն։

Նախապատմություն խմբագրել

Աշխարհաքաղաքական համատեքստ խմբագրել

Հույ-թուրքական հակամարտության աշխարհաքաղաքական համատեքստը շաղկապված է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում կապիտուլյացված Օսմանյան կայսրության տրոհման գործընթացի տարածաշրջանային նշանակության հետ։ Թուլացած և լճացման ուղին բռնած Օսմանյան կայսրությունը, փորձում էր պահել իր տիրակալության մնացյալ տարածքը՝ ապավինելով Գերմանիայի օժանդակությանը, սակայն հենց այս հանգամանքն էլ վերջինիս ներքաշում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, որն ավարտվում է Քառյակ դաշինքի պարտությամբ։ Աշխարհամատի վերջնամասում հաղթող պետությունների դաշինքի («Անտանտ»-ի) մաս կազմող Հունաստանի թագավորությունը հրահանգավորվում է անցնել Եգեյան ծովն ու ներխուժել Զմյուռնիա։

 
Երիտթուրքական պատվիրակությունը Ֆրանսիայի Սևր արվարձանում՝ հաշտության բանակցությունների նախօրեին։ Խորհրդաժողովի արդյունքում կնքվում է պայմանագիր, որով Թուրքիան անձնատուր է լինում։

Անձնատուր եղած երիտթուրքական կառավարությունը 1918 թվականի հոկտեմբերի 30-ին Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում կնքում է զինադադարի պայմանագիր, որով վերջիններս լքում են պատերազմը։ Երկու տարի անց՝ 1920-ի օգոստոսի 10-ին, Թուրքիան ստորագրում է Սևրի պարտվողական պայմանագիրը։ Հարկ է նշել, որ Օսմանյան կայսրության մասնաբաժանման հետ կապված դաշնակիցներն ունեին իրենց համաձայնեցված պլանները։ Նախապատերազմական շրջանում Անտանտի տերությունները տեղի էին տվել Փոքր Ասիայի արևմտյան հատվածի նկատմամբ Հունաստանի հավակնություններին՝ խոստանալով հաղթանակի պարագայում ճանաչել հույների իրավունքներն այդ տարածքների նկատմամբ[20]։ Հունաստանի թագավորին տարածքային խոստումներ էր տվել հատկապես Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը՝ բալկանյան ճակատում ձեռք բերելով Թուրքիային և Բուլղարիային չեզոքացնող դաշնակից[21]։ Մասնավորապես, դաշնակիցները Հունաստանին խոստացել էին Արևելյան Թրակիան՝ Կոստանդնուպոլիս քաղաքով, Իմբրոս և Տենեդոս կղզիները, ինչպես նաև Արևմտյան Անատոլիան՝ Զմյուռնիա հունաշատ քաղաքով։

Այսօրինակ տարածքային խոստումները հակասում էին Իտալիայի մերձավորարևելյան հետաքրքրություններին, որոնք հաստատվել էին դեռևս 1917 թվականի ապրիլին՝ Սեն Ժան դե Մորյենի խորհրդաժողովում։ Դա է պատճառը, որ 1919 թվականին իտալական պատվիրակությունն ընդհուպ մինչև լքում է Փարիզի բանակցային սեղանը՝ չհամակերպվելով Արևմտյան Անատոլիայի հունականացման սպասվելիք իրողության հետ։ Միևնույն ժամանակ Լլոյդ Ջորջի ջանքերով Հունաստանին աջակցելու և Փոքր Ասիայում իտալական հնարավոր օկուպացիան կանխելու պատրաստակամություն են հայտնում նաև Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։

Ըստ բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբիի՝ Քեմալական ազգայնական շարժումը ձևավորվել է Զմյուռնիայի նվաճումից հետո՝ փորձելու համար կասեցնել հունական զորքերի գնացքը թուրքական պետության տարածքում[22][23]։

  Թուրքիայի և Հունաստանի միջև բռնկված պատերազմը թուրքերի համար կրում էր պաշտպանական բնույթ՝ Անատոլիայում գտնվող հայրենիքը պահելու համար։ Սա ինքնին օտար երկրներում դաշնակիցների կայսերապաշտական նկրտումների արդյունքն էր, որը սկզբնավորվել էր առանց ռազմական ռեսուրսների լրջորեն գնահատման։ Դրա պատճառը հունական օկուպացիոն բանակի անխոհեմ ներխուժումն էր․․․
- Առնոլդ Թոյնբի, բրիտանացի պատմաբան
 

Ըստ այլ տեսաբանների՝ պատերազմի բռնկման պատճառը Էլեֆթերիոս Վենիզելոսի «Մեծ գաղափար»-ի (հունարեն՝ «Մեղալի իդեա») իրագործումն էր, որի նպատակը հույներով բնակեցված փոքրասիական տարածքների ազատագրումն էր երկարամյա թուրքական լծից։ Նախքան մեծ հրդեհը՝ Զմյուռնիայի հունական համայնքն առավել մեծ էր, քան Հունաստանի մայրաքաղաք Աթենքի հույն բնակչությունը։ Նախքան հույն-թուրքական բնակչության փոխանակումը՝ Աթենքի բնակչությունը կազմում էր 473 հազար մարդ, մինչդեռ ըստ 1910 թվականի Օսմանյան կայսրության մարդահամարի տվյալների՝ Զմյուռնիայում բնակվել է 629 հազար մարդ։

Անատոլիայի հունական բնակչություն խմբագրել

Օսմանյան կայսրության (Անատոլիայի) ազգային կազմ[24],

Օսմանյան կայսրության պաշտոնական վիճակագրական ծառայություն, 1910

Երկրամաս թուրքեր հույներ հայեր հրեաներ այլ ընդհանուր
Ստամբուլ

(ասիական հատված)

135,681 70,906 30,465 5,120 16,812 258,984
Իզմիթ 184,960 78,564 50,935 2,180 1,435 318,074
Զմյուռնիա 974,225 629,002 17,247 24,361 58,076 1,702,911
Բուրսա 1,346,387 274,530 87,932 2,788 6,125 1,717,762
Իկոնիա 1,143,335 85,320 9,426 720 15,356 1,254,157
Անկարա 991,666 54,280 101,388 901 12,329 1,160,564
Տրապիզոն 1,047,889 351,104 45,094 1,444,087
Սիվաս 933,572 98,270 165,741 1,197,583
Կաստամոնու 1,086,420 18,160 3,061 1,980 1,109,621
Ադանա 212,454 88,010 81,250 107,240 488,954
Բիգա 136,000 29,000 2,000 3,300 98 170,398
Ընդհանուր

%

8,192,589

75.7%

1,777,146

16.42%

594,539

5.5%

39,370

0.36%

219,451

2.03%

10,823,095
1912 թվականի վիճակագրական տվյալներ
Ընդհանուր

%

7,048,662

72.7%

1,788,582

18.45%

608,707

6.28%

37,523

0.39%

218,102

2.25%

9,695,506

Հունաստանի կառավարությունը Փոքր Ասիայի նկատմամբ իր երկրի հավակնությունները հիմնավորում էր ազգային և կրոնական գործոններով։ Ըստ պաշտոնական Աթենքի՝ Անատոլիան գլխավորապես բնակեցված էր ուղղափառություն դավանող հույներով, որոնք, ինքնին, թուրքական գերիշխանության ներքո ունեին պաշտպանության կարիք։ Անտիկ ժամանակներում Փոքր Ասիան (Ասիա Մինոր) հանդիսանում էր հունական աշխարհի անքակտելի մի մասը․ օսմանյան բռնավազթմանը հաջորդած հարկային ծանր քաղաքականության և կրոնա-էթնիկական հալածանքների պայմաններում, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Փոքր Ասիայում դեռևս բնակվում էր 2,5 միլիոն հույն[25]։ Շատ պատմաբաններ սակայն գտնում են, որ բերված տարածքներում հունական բնակչության թվաքանակի մասին տեղեկությունները չափազանցություններ են և չեն արտահայտում օբյեկտիվ իրականությունը։ Այնուամենայնիվ, միանշանակ է, որ Զմյուռնիայի բնակչության մեծամասնությունը եղել են հույներ (ըստ բրիտանական և ամերիկյան վիճակագրական տվյալների՝ 1919 թվականի տվյալներով՝ 375 հազար ուղղափառ (այս կերպ է անվանվել քաղաքի էթիկ հույն տարրը) և 325 հազար իսլամադավան[26][27]։

Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը բրիտանական թերթերից մեկին տվյած իր հարցազրույցի ժամանակ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը[28]

  Հունաստանը պայքարում է ոչ թե իսլամի, այլ Օսմանյան անախրոնիստական կառավարության և դրա կոռումպացված, անտեսանելի և արյունոտ վարչակազմի դեմ՝ նպատակ ունենալով վտարել վերջիններիս այն տարածքներից, որոնք բնակեցված են հույներով
- Էլեֆթերիոս Վենիզելոսի՝ բրիտանական թերթերից մեկին տված հարցազրույցից
 

Ինչպես միջազգային այլ հարթակներում, այնպես էլ Սևրի պայմանագրի կնքմանը նախորդած բանակցությունների ժամանակ, տարածաշրջանի էթնիկական քարտեզը հույների ձեռքում շահարկվում է որպես կարևոր բանակցային խաղաթուղթ՝ դաշնակից պետությունների աջակցությունը ստանալու համար։ Բացի այդ, աշխարհամարտից հետո Թուրքիան ապրում է խոր ներքաղաքական ճգնաժամ․ երիտթուրքական վարչակազմի առաջնորդներից շատերը լքել էին երկիրը, իսկ Կոստանդնուպոլսի «Բարձր դուռ»-ը գտնվում էր բրիտանական վերահսկողության ներքո։ Դեռևս աշխարհամարտի սկզբնամասում Հունաստանի ղեկավարությունը՝ ի դեմս վարչապետ Վենիզելոսի, բացեիբաց հայտարարում էր Օսմանյան կայսրության հունաբնակ շրջաններն անեքսիայի ենթարկելու իրենց մտադրության մասին։

Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսի նամակը միապետ Կոնստանտինոս I-ին
 

Էլեֆթերիոս Վենիզելոս և Կոնստանտինոս I
 
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ թուրքերի փոքրասիական տարածքային զիջումներն այքան ծավալուն կլինեն, որ ևս մեկ հավասարապես ընդարձակ և ոչ պակաս հարուստ Հունաստան կավելացնենք մեր հայրենիքին։ Հունաստանի տարածքը կկրկնապատկվի այնքան, որքան որ Բալկանյան պատերազմներից հետո մեր ձեռքբերածն էր
 



Էլեֆթերիոս Վենիզելոսը մեծապես ոգեշնչված էր Մեծ Հունաստանի ստեղծման գաղափարով, որը կոչվում էր «Մեղալի իդեա»։ Բացի այդ, վերջինս առանձնանում էր իր արմատական կեցվածքով, որի հիմքի վրա էլ Հունաստանում առաջանում են գաղափարական նոր արժեհամակարգեր՝ հիմնված Վենիզելիզմի հիմնասյուների վրա։

Թուրքիայի նկատմամբ Հունաստանի կառավարության պահանջատեր կեցվածքը այդ երկրում հակակրանքի ալիք է ծնում հույն բնակչության նկատմամբ։ Սկսվում են պետական մակարդակի հալածանքներ և վայրագություններ, որոնց զոհ են դառնում տասնյակ հազարավոր հույներ։ Պատմաբան Առնոլդ Թոյնբին քննադատել է Միացյալ Թագավորության և Հունաստանի վարած քաղաքականությունն ու Փարիզի խաղաղության վեհաժողովում կայացված որոշումները՝ դրանք համարելով հույների կոտորածի գաղափարը սնուցած հիմնարար գործոններ։ Մասնավորապես, վերջինս առաջ է քաշել հետևյալ գաղափարը․

  Պոնտոս երկրամասի հույները, ինչպես նաև Հունաստանի կողմից օկուպացված տարածքների թուրքերը առերևույթ կերպով դարձել են Փարիզում պարոն Վենիզելոսի և պարոն Լլյորդի անփույթ հաշվարկների զոհ։
- Առնոլդ Թոյբի
 

Հունական իրրեդենտիզմ խմբագրել

Պատկեր:Megali Idea.jpg
1920 թվականին ստեղծված պաստառ, որը ներկայացնում է Հունաստանի սահմաններն ըստ Սևրի հաշտության պայմանագրի։ Այն ինքնին հանդիսանում էր կարևոր անկյունաքար «Մեծ գաղափարի» իրագործման ճապապարհին։

Ռազմական արշավանք նախաձեռնելու կարևորագույն դրդապատճառներից մեկը հույների շրջանում լայն տարածում գտած «Մեծ գաղափար»-ի գործնական իրագործումն էր, որն ինքնին հանդիսանում էր հունական ազգայնականության հիմնական կոնցեպտը։ Մեծ գաղափարը՝ «Մեղալի իդեա»-ն, իրենից ենթադրում էր Եգեյան ծովի երկու կողմերում ընկած հունական տարածքների միավորում, իսկ իրրեդենտիստական տեսանկյունից՝ Մեծ Հունաստանի ստեղծում։ Գաղափարով ոգեշնչված՝ վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը նպատակադրված էր Հունաստանի թագավորության կազմի մեջ ներառել Թուրքիայի օկուպացիոն վերահսկողության ներքո գտնվող փոքրասիական տարածքները, որոնք հույների պատմական նախահայրենիքի մի մասն էին կազմում։ Օսմանյան կայսրությունից անկախանալուց ի վեր (1830 թվական), «Մեծ գաղափար»-ը առանցքային դեր ու նշանակություն էր ձեռք բերել Հունաստանի քաղաքական տեսլականի ձևավորման համար։ Նույն գաղափարական հենքի վրա հիմնվելով՝ հույն քաղաքական գործիչները տարբեր հարթակներից հանդես էին գալիս «Հունական թագավորության ընդարձակման անկուսափելիության» մասին ելույթներով[29]։

1834-1835 թվականներին վարչապետի պաշտոնը ստանձնած Իոաննիս Կոլետտիսն այս համատեքստում նշել է․ «Գոյություն ունի հելլենիզմի երկու խոշոր կենտրոն։ Աթենքը մեր թագավորության մայրաքաղաքն է։ Կոստանդնուպոլիսը մեծ մայրաքաղաքն է՝ բոլոր հույների երազանքն ու հույսը»։ Մեծ գաղափարը բնավ չի սնուցվել 19-րդ դարի ազգայնականական ալիքի ազդեցությամբ։ Այն ուներ պատմական խոր ակունքներ՝ խորապես արմատացած լինելով հույների կրոնական գիտակցության մեջ[29], քանզի Կոստանդնուպոլսի վերադարձը կնշանակեր մուսուլմանների ճնշման ներքո անձնատուր եղած Բյուզանդական կայսրության վերականգնում։ Այպիսով, ըստ իրրեդենտիզմի՝ Հունաստանի դրոշի ներքո պետք է միավորվեր ոչ միայն Կոստանդնուպոլիսը, այլև ամբողջ Թրակիան, Կրետեն, Թեսալիան, Էպիրոսը, Մակեդոնիան, Եգեյան ավազանի կղզիները, Կիպրոսը, Փոքր Ասիայի արևմուտքը և սևծովյան Պոնտոսը։

Քաղաքական պառակտում և ազգային սխիզմ Հունաստանում խմբագրել

Առաջին աշխարհամարտի նախօրեին Հունաստանում սկսվում է ազգային սխիզմի պառակտիչ շրջանը, որի ընթացքում երկիրը բաժանվում է երկու խմբավորումների միջև։ Այն ինքնին հարուցում է քաղաքական և հասարակական խոր ճգնաժամ, իսկ բևեռացման արդյունքում ի հայտ են գալիս երկու կոալիցիաներ, որոնցից առաջինը գլխավորում էր վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը, իսկ մյուսը՝ միապետ Կոնստանտինոս I-ը։ Խնդրո առարկան այն հարցն էր, թե որ ռազմաքաղաքական ճամբարին պետք է օժանդակի Հունաստանը Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում։

Մեծ Բրիտանիան հույս ուներ, որ կկարողանա որոշակի շահարկումներով և ռազմավարական նկատառումներից ելնելով համոզել Կոնստանտինոսին՝ միանալ Անտանտի դաշինքին, սակայն արքան անդրդվելի էր և պնդում էր Հունաստանի կողմից նետրալիտետի (չեզոքության) պահպանման անհրաժեշտությունը (քանզի հակամարտության ելքը դժվար էր կանխատեսել)։ Բացի այդ, ընտանեկան կապերն ու զգացմունքային կախվածությունն էլ ավելի էր դժվարացնում Կոնստանտինի կողմից որոշման կայացումը։ Իրավիճակն ավելի է բարդանում, երբ պատերազմական գործողությունների մեջ են ներքաշվում Հունաստանի ոչ բարյացակամորեն տրամադրված երկու հարևանները՝ Օսմանյան կայսրությունն ու Բուլղարիան։ Չնայած Կոնստանտինոսի չեզոքության մասին վճռական որոշմանը՝ վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը պնդում էր, որ Առաջին աշխարհամարտում դաշնակիցների շահերի պաշտպանությունը լավագույն տարբերակը կարող է լինել Հունաստանի համար, քանի որ նմանօրինակ դաշնակիցների ձեռքբերումը կնշանակեր դիվանագիտական հարթությունում ունենալ ամուր հիմքեր։ Արքայի և օրենսդիր մարմնի ղեկավարի միջև սկսված անհամաձայնությունը շուտով վերաճում է տարաձայնության և մրցակցության։ Արդյունքում՝ Հունաստանը բաժանվում է արմատապես ընդդիմացող երկու առանձին ճամբարների, իսկ Էլեֆթերիոս Վենիզելոսը շուտով ձեռնամուխ է լինում հյուսիսային Հունաստանում անկախ պետության ստեղծման։

Շուտով վերջինս ստանում է Անտանտի տերությունների աջակցությունը և գահընկեց անում Կոնստանտինոս I-ին։ 1917 թվականի մայիսին թագավորն աքսորվում է, որից հետո միայն Վենիզելոսը վերադառնում է Աթենք։ Հունաստանի զինված ուժերը նույն տարում հայտնում են Անտանտին միանալու իր պատրաստակամության մասին և սահմանային պատերազմ սկսում Բուլղարիայի դեմ։ Պատերազմի մասնակից դառնալը և դրան նախորդած իրադարձությունները հանգեցնում են հույն քաղաքացիական հասարակական խորքային բաժանման: Երկրի գլխավոր քաղաքական կազմավորումները՝ վենիզելական լիբերալներն ու ռոյալիստները, որոնք արդեն ներքաշված էին մինչպատերազմյան քաղաքականության շուրջ տևական և դառը մրցակցության մեջ, սկսում են հանդես գալ բացահայտ ատելության կոչերով: Կողմերից յուրաքանչյուրը մյուսին սկսում է որակել ոչ լեգիտիմ և դավաճանական։ Սխիզմն անկասելիորեն տարածվում է հունական հասարակության լայն շրջանակներ՝ ստեղծելով քաոս, որն էլ վճռականորեն նպաստում է Փոքր Ասիայում հունական ուժերի ձախողումներին, և հանգնում միջպատերազմական բազմաթիվ անկարգությունների:

Հունական բանակի ռազմարշավը դեպի Փոքր Ասիա խմբագրել

Մուդրոսի զինադադարի կնքումից հետո հակամարտությունը թևակոխում է ռազմական գործողությունների շրջափուլ։ Պայմանական տրամաբանությամբ հույն-թուրքական այս պատերազմը կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի․

  • Առաջին փուլ՝ ընդգրկում է 1919 թվականի մայիսից մինչև 1920 թվականն ընկած ժամանակահատվածը։ Սկսվում է հունական զինված ուժերի փոքրասիական վայրէջքով և Զմյուռնիայի ազատագրմամբ, ինչպես նաև Եգեյան ծովի արևելյան ափի նկատմամբ վերահսկողության սահմանմամբ։
  • Երկրորդ փուլ՝ ընդգրկում է 1920 թվականի հոկտեմբերից մինչև 1921 թվականի օգոստոսն ընկած ժամանակաշրջանը, որի ընթացքում Հունաստանի թագավորության զինված ուժերն իրենց հարձակվողական գրոհներով ներթափանցում էին անատոլիական հողեր՝ ընդհուպ մինչև մոտենալով Անկարային։
  • Երրորդ փուլ՝ ընդգրկում է 1922 թվականի օգոստոսը, երբ ռազմավարական նախաձեռնությունն անցնում է Թուրքիայի ազգային շարժման կողմը։

Հունական ուժերի վայրէջքը Զմյուռնիայում խմբագրել

 
Հունաստանի արքայազն Գեորգիոսի մուտքը հունական բանակի կողմից ազատագրված Զմյուռնիա։

Առաջին աշխարհամարտ ավարտից անմիջապես հետո դաշնակիցները բանակցություններ են սկսում Օսմանյան Թուրքիայի կազմալուծման վերաբերյալ։ Փարիզի խաղաղության վեհաժողովի արդյունքներից դժգոհ մնացած Իտալիան հափշտապ կերպով նվաճում է Անթալիան և իր զորքերն ուղղորդում դեպի Իզմիր։ Փարիզում սակայն Էլեֆթերիոս Վենիզելոսը զեկույց էր հղել մեծ տերություններին՝ պնդելով, որ Թուրքիայի քրիստոնյա բնակչությունը գտնվում է երիտթուրքական ջարդարարների սպառնալիքի ներքո։ Այդ պանգամանքով պայմանավորված, Հունաստանը կարողանում է շահել Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների օժանդակությունը, սակայն սպասվելիք օկուպացիայի ընդգրկման սահմանները դեռ վճռված չէին։

Չնայած այդ հանգամանքին, 1919 թվականի մայիսի սկզբին Հունաստանի 20-հազարանոց բանակը՝ դաշնակցային զորախմբերի և Հայաստանի հանրապետությունից ժամանակ 2500 հոգանոց կամավորական ջոկատի զինակցությամբ, վայրէջք է կատարում Եգեյան ծովի արևելյան ափին՝ բանակելով Զմյուռնիա նավահանգստային քաղաքում։ Չկարողանալով կանխել հունական օկուպացիան՝ թուրքական ազգայնականները բռնաճնշումներ են սկսում Օսմանյան կայսրությունում բնակվող ուղղափառ բնակչության նկատմամբ։ Մասնավորապես, Նուրեդդին փաշան Այդինի վիլայեթում բացեիբաց հրահանգավորում է բոլոր մուսուլմանական խմբավորումներին հալածել ու կոտորել տեղի հույն և հայ բնակչությանը։ Էլեֆթերիոս Վենիզելոսը հունական ներխուժումը հիմնավորում է Մուդրոսի պայմանագրի հոդված 7-ով, ըստ որի, դաշնակիցներին թույլատրվում էր «գրավել ցանկացած ռազմավարական կետ ցանկացած իրավիճակում, եթե որևէ բան սպառնում էր վերջիններիս անվտանգությանը»։ Նույն համատեքստում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը հանդես է գալիս հայտարարությամբ, նշելով, որ իրենց ազատարար բանակը բացառապես նպատադրված է եղել «վերականգնել հասարակական կարգը և կանխել տեղի բնակչության կոտորածները»։ Հունական բանակը մուտքը Զմյուռնիա մեծ ցնծությամբ է ընդունվում երկրամասի հույն (ինչպես նաև քրիստոնյա) բնակչության շրջանում․ այստեղ վերջիններս ընդունվում են որպես ազատարարներ։

Հույների ամառային գրոհ խմբագրել

Զմյուռնիայի օկուպացման հաջորդ ամսում հունական բանակը՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի զինակցությամբ, հանկարծակի գրոհով ներթափանցում է Արևմտյան Անատոլիա։ Վերջիններս վայելում էին Կոստանդնուպոլսում գտնվող Օսմանյան սուլթանական կառավարության (մասնավորապես՝ սուլթան Մեհմեդ VI Վահիդեդինի) և «Քուվա-յի Ինզիբաթիյե» ռազմական ստորաբաժանման օժանդակությունը։ Հունական բանակի ռազմարշավին ակտիվորեն մասնակցում էին նաև բրիտանական ուժերը, որոնք ինտերվացիայի էին ենթարկում Մարմարածովյան տարածաշրջանի ափամերձ քաղաքները։ Այսպես կոչված, հույների ամառային գրոհը սկսվում է 1920 թվականի հունիսի 22-ին, այն բանից հետո, երբ Վենիզելոսի հրահանգավորմամբ Հունաստանի զինված ուժերը հատում են Փարիզի խաղաղության վեհաժողովում[30] հաստատված հույն-թուրքական սահմանը՝ «Միլնեի գիծը»[31][32]։ Թուրքերը չեն կարողանում ետ մղել դաշնակցային զորախմբերի գրոհը, քանի որ վերջիններս Արևմտյան Անատոլիայում ունեին ռազմական ռեսուրսների պակաս։ Բացի այդ, միևնույն ժամանակահատվածում Թուրքական ազգային շարժումը պատերազմներ էր մղում արևելյան (Արևմտյան Հայաստանի տարածքում՝ Հայաստանի առաջին հանրապետության դեմ) և հարավային (արաբական նահանգներում) ճակատներում։

Այնուամենայնիվ, հույների առաջխաղացման ուղղությամբ Թուրքիայի զինուժը դիմադրություն է կազմակերպում, որը սակայն հիմնովին կոտրվում է[33]։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ստիպված է լինում զորքերը ետ քաշել Էսքիշեհիր։ Գրոհի արդյունքում Հունաստանի վերահսկողության տակ են անցնում այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Ալաշեհիրը, Բալըքեսիրը, Բուրսան, Ուշաքը և այլն[34][35]։

Սևրի հաշտության պայմանագիր խմբագրել

 
Հունաստանի վարչապետ և պատվիրակության ղեկավար Էլեֆթերիոս Վենիզելոսը ստորագրում է Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի իրավարար մաս կազմող Սևրի պայմանագիրը։

Պատերազմին մասնակցելու համար դաշնակիցները ճանաչում են Հունաստանի թագավորության իրավունքները Թուրքիայի արևմտյան մի շարք տարածքների նկատմամբ։ Սայքս-Պիկոյի համաձայնագրի դրույթներն ու Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումներն ընդհանրացնելու նպատակով դաշնակիցները 1920 թվականի օգոստոսին խորհրդաժողով են գումարում Ֆրանսիայի Սևր արվարձանում, որտեղ կնքվելիք պայմանագիրն էլ վճռորոշ էր լինելու կապիտուլյացված Թուրքիայի համար։

Հունական պատվիրակությունը Սևրում ղեկավարում էր վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը, որն էլ հանդիսանում էր ազգային շարժման առաջնորդը։ Որպես առանձին պայմանագրային կողմեր հանդես էին գալիս Մեծ Բրտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չեխոսլովակիան, Պորտուգալիան, Հունաստանը, Հայաստանի հանրապետությունը, Բելգիան, Լեհաստանը, Ռումինիան և այլն։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը (եվրոպական հատվածի մի փոքրիկ մասը), ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո (վերջինիս ճակատագիրը պետք է որոշեր միջազգային կարևորագույն խաղաղապահ կազմակերպությունը՝ Ազգերի լիգան)․ ճանաչվում էր Հունաստանի իրավունքները վիճելի տարածք հանդիսացող Իմբրոս և Տենեդոս կղզիների նկատմամբ։։ Թուրքիան հրաժարվում էր Թրակիայի նկատմամբ իր գերիշխանությունից, Եգեյան ծովում գտնվողի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և Արաբական թերակղզու իր տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Զմյուռնիան ու նրա շրջակայքը (անկլավի կարգավիճակով) և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։

Քաղաքական ճգնաժամ Հունաստանում խմբագրել

 
Հունաստանի թագավորության միապետ Կոնստանտինոս I-ը։
 
Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոս։ Մեծ սխիզմի ժամանակահատվածի ականավոր գործիչներից մեկը։

1920 թվականի հոկտեմբերին, քաղաքամայր-ոստան հանդիսացող Աթենքի թագավորական պարտեզում կապիկի կծածից մահանում է Հունաստանի 27-ամյա միապետ Ալեքսանդր I-ը։ Վերջինս գահին բազմել էր 1917 թվականի հունիսի 11-ին, մինդեռ իր հայրը աքսորվել էր Էլեֆթերիոս Վենիզելոսի կողմնակիցների կողմից։ Անժառանգ արքայի մահը նոր խառնաշփոթ է մտցնում Հունաստանի ներքաղաքական կյանք, իսկ 1920 թվականի նոյեմբերի 1-ին նշանակված ընտրությունները՝ դառնում են Վենիզելոսի լիբերալ կողմնակիցների և ռոյալիստների միջև հակամարտության սնուցման նոր աղբյուր։ Սկզբում Վենիզելոսի քաղաքական հակառակորդները ներքին չարաշահման և ավտորիտարիզմի մեղադրանքով սկսում են բողոքի ակցիաներ՝ առաջ քաշելով այն հանգամանքը, որ 1915 թվականից ի վեր (գլխավորապես` պատերազմի պատճառով) երկրում իշխանության ընտրություններ չեն անցկացվել։ Միևնույն ժամանակ, սակայն, ռոյալիստները նպատակադրված էին ազատագրելու Փոքր Ասիան՝ առանց գործողությունների հաջորդական պլանի և հստակեցված տեսլականի։ Այս ժամանակաշրջանում երկրի բնակչության մեծամասնությունը հոգնել էր և՛ շարունակական պատերազմներից, և՛ վենիզելոսյան թվացյալ բռնապետական կարգերից, ուստի և հակված էր փոփոխությունների տարբերակին։ Ի զարմանս շատերի՝ այդ ընտրութուններում Վենիզլեոսը հավաքում է օրենսդիրի 369 տեղերից ընդամենը 118-ը։ Քաղաքական դաշտում նման պարտությունից հետո նա և իր գլխավոր համախոհները լքում են երկիրը։

 
Հույն գեներալ Անաստասիոս Պապուլասը ղեկավարել է հունական զինված ուժերը թուրքերի դեմ ազատագրական կռիվներում։

Դիմիտրիոս Գունարիսի գլխավորությամբ ձևավորված նոր կառավարությունը իշխանության անցնելուն պես նախապատրաստվում է Կոնստանտինոս I-ի վերադարձին և վերաթագադրմանը։ Դրան հաջորդում է դաշնակիցների նախազգուշացումն առ այն, որ եթե Անտանտյան դաշինքի նկատմամբ ոչ բարյացակամ տրամադրված Կոնստանտինոսը վերադառնա աքսորից, ապա մեծ տերությունները կդադարեցնեն Հունաստանին տրամադրվող բոլոր ֆինանսական և ռազմական օգնությունները։ Չնայած մեծ տերությունների ուլտիմատումներին, Հունաստանի ռոյալիստենրի նախաձեռնությամբ երկրում անցկացվում է հանրաքվե, որի արդյունքում էլ որոշվում է աքսորից վերադարձնել Կոնստանտինոս I-ին։ Վերադարձից անմիջապես հետո վերջինս պաշտոններից արձակում է Վենիզելոսի կողմից նշանակված պաշտոնյաներին և զորահրամանատարներին՝ նրանց փոխարեն նշանակելով անփորձ այրերի։ Զորքերի ղեկավարումը հանձնվում է միապետության շարժան ականավոր ջատագով Անաստասիոս Պապուլասին, որը դեռևս Էլեֆթերիոս Վենիզելոսի իշխանության տարիներին մասնակցել էր դեպի Զմյուռնիա հունական զորախմբերի զորաշարժին։ Այնուամենայնիվ, Հունաստանի թագավորության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը շարունակում էր մնալ երկրի միապետը։

Չնայած բազմաթիվ կադրային փոփոխություններին, իր պաշտոնում շարունակում է մնալ Զմյուռնիայի ռազմագործողության առաջնորդներից Արիստեիդիս Ստերգիադիսը։ Պաշտոններից չազատված բազմաթիվ սպաներ ինքնակամ սկսում են լքել իրենց հանձնառությունները՝ ի նշան գործող վարչակարգի «կադրային ջարդի»։ Հընթացս Գերոգիոս Կոնդիլիսի գլխավորությամբ մի խումբ սպանել Կոստանդնուպոլսում ձևավորում են «Ազգային պաշտպանություն» (հունարեն՝ Εθνική Άμυνα) ընդդիմադիր, հակառակավարական կազմակերպությունը, որը շարունակաբար զբաղվում է Աթենքի թագավորական կառավարության որոշումների քննադատություններով։ Նորաստեղծ կազմակերպության քաղաքական կողմնորոշումը համընկնում էր վենիզելիզմի գաղափարական արժեքների հետ։ Հունաստանում ստեղծված քաղաքական անկայունությունը և դրան հաջորդած շրջադարձային փոփոխություններն իրենց վառ ազդեցությունն են ունենում բանակի վրա․ զինված ուժերում սկսվում է տիրել երկու խմբակցությունների անդամների միջև թշնամական լարվածություն, որը ամենաուղիղ կերպով ազդում է վերջիններիս մարտունակության վրա։

Թուրք բնակչության արյունահեղություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. According to John R. Ferris, "Decisive Turkish victory in Anatolia... produced Britain's gravest strategic crisis between the 1918 Armistice and Munich, plus a seismic shift in British politics..." Erik Goldstein and Brian McKerche, Power and Stability: British Foreign Policy, 1865–1965, 2004 p. 139
  2. A. Strahan claimed that: "The internationalisation of Constantinople and the Straits under the aegis of the League of Nations, feasible in 1919, was out of the question after the complete and decisive Turkish victory over the Greeks". A. Strahan, Contemporary Review, 1922.
  3. N. B. Criss, Istanbul Under Allied Occupation, 1918–1923, 1999, p. 143. "In 1922, after the decisive Turkish victory over the Greeks, 40,000 troops moved towards Gallipoli."
  4. The Place of the Turkish Independence War in the American Press (1918-1923) by Bülent Bilmez
  5. Ergün Aybars, Türkiye Cumhuriyeti tarihi I, Ege Üniversitesi Basımevi, 1984, pg 319-334.
  6. Pars Tuğlacı (1987). Çağdaş Türkiye. Cem Yayınevi.
  7. Turkish General Staff, Türk İstiklal Harbinde Batı Cephesi, Edition II, Part 2, Ankara 1999, p. 225.
  8. 8,0 8,1 Asian Review. East & West. 1934.
  9. Görgülü, İsmet (1992), Büyük Taarruz: 70 nci yıl armağanı (թուրքերեն), Genelkurmay basımevi, էջեր 1, 4, 10, 360
  10. Eleftheria, Daleziou (2002). «Britain and the Greek-Turkish War and Settlement of 1919-1923: the Pursuit of Security by "Proxy" in Western Asia Minor». University of Glasgow. էջ 108. Վերցված է 11 July 2014-ին.
  11. Türk İstiklal Harbinde Batı Cephesi [The Western Front in the Turkish War of Independence] (թուրքերեն) (II ed.), Ankara: General Staff of the Republic of Turkey, 1999, էջ 225.
  12. Sandler, Stanley (2002). Ground Warfare: An International Encyclopedia. ABC-CLIO. ISBN 978-1-57607-344-5.
  13. History of the Campaign of Minor Asia, General Staff of Army, Athens: Directorate of Army History, 1967, էջ 140, «on June 11 (OC) 6,159 officers, 193,994 soldiers (=200,153 men)»
  14. Eleftheria, Daleziou (2002). «Britain and the Greek-Turkish War and Settlement of 1919-1923: the Pursuit of Security by "Proxy" in Western Asia Minor». University of Glasgow. էջ 243. Վերցված է 11 July 2014-ին.
  15. Επίτομος Ιστορία Εκστρατείας Μικράς Ασίας 1919–1922 [Abridged History of the Campaign of Minor Asia] (Greek), Athens: Directorate of Army History, 1967, Table 2{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Στρατιωτική Ιστορία journal, Issue 203, December 2013, page 67.
  17. 17,0 17,1 17,2 Sabahattin Selek: Millî mücadele - Cilt I (engl.: National Struggle - Edition I), Burçak yayınevi, 1963, page 109.
  18. Taşkıran, Cemalettin (2005). "Kanlı mürekkeple yazın çektiklerimizi ... !": Milli Mücadelede Türk ve Yunan esirleri, 1919–1923. էջ 26. ISBN 978-975-8163-67-0. {{cite book}}: no-break space character in |title= at position 39 (օգնություն)
  19. Ahmet Özdemir, Savaş esirlerinin Milli mücadeledeki yeri, Ankara University, Türk İnkılap Tarihi Enstitüsü Atatürk Yolu Dergisi, Edition 2, Number 6, 1990, pg. 328-332.
  20. Sowards, Steven W (2004-05-07). «Greek nationalism, the 'Megale Idea' and Venizelism to 1923». Twenty-Five Lectures on Modern Balkan History (The Balkans in the Age of Nationalism). MSU. Վերցված է 2008-09-03-ին. {{cite book}}: External link in |chapterurl= (օգնություն); Unknown parameter |chapterurl= ignored (|chapter-url= suggested) (օգնություն)
  21. Woodhouse, C.M. The Story of Modern Greece, Faber and Faber, London, 1968, p. 204
  22. Toynbee, Arnold J; Kirkwood, Kenneth P (1926), Turkey, London: Ernest Benn, էջ 94.
  23. Giles Milton, Paradise Lost, 2008, Sceptre, 978-0-340-83786-3
  24. Pentzopoulos, Dimitri (2002). The Balkan Exchange of Minorities and Its Impact on Greece. C. Hurst & Co. էջեր 29–30. ISBN 978-1-85065-702-6.
  25. Roberts, Thomas Duval. Area Handbook for the Republic of Turkey. p. 79
  26. Zamir, Meir (1981). «Population Statistics of the Ottoman Empire in 1914 and 1919». Middle Eastern Studies ((7) 1): 85–106. doi:10.1080/00263208108700459. JSTOR 4282818.
  27. Montgomery, AE (1972). «The Making of the Treaty of Sèvres of 10 August 1920». The Historical Journal (15v, 4): 775. doi:10.1017/S0018246X0000354X.
  28. «Not War Against Islam – Statement by Greek Prime Minister», The Scotsman, էջ 5, June 29, 1920.
  29. 29,0 29,1 Smith, 1999, էջ 3
  30. Michael Brecher: Study of Crisis, 0472108069, University of Michigan Press, 1997, page 363.
  31. Stanley Sandler: Ground Warfare: H-Q, ABC-CLIO, 2002, 1576073440, page 337.
  32. Olivier Roy: Turkey Today: A European Country?, 1843311720, page 123.
  33. Nurettin Türsan, Burhan Göksel: Birinci Askeri Tarih Semineri: bildiriler, 1983, page 42.
  34. Ahmet Nural Öztürk: Kula, Katakekaumene (Yanık yöre): 2000 yıl önce Strabon'un adını koyduğu yöre, Öğrenci Basimevi, page 137-138. (թուրքերեն)
  35. Münir Sayhan: Milli Mücadele'de Çivril, (1919-1922), Kitsan, 2006, 9758833227, pages 15-18.