Օսմանյան Հունաստան
Օսմանյան Հունաստան կամ Հունաստանն Օսմանյան կայսրության կազմում (հուն․՝ Οθωμανική περίοδος στην Ελλάδα, թուրքերեն՝ Osmanlı döneminde Yunanistan), Հունաստանի պատմության ժամանակահատված, որի ընթացքում երկիրը կառավարվել է մուսուլմանական իշխանությունների կողմից[1][2]։
| ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Աթենք | |||
Լեզու | Հունարեն | |||
Կրոն | Քրիստոնեություն, իսլամ | |||
Իշխանություն | ||||
Պետության գլուխ | Օսմանյան սուլթան |
Այս ժամանակաշրջանը սկսվել է դեռևս 1453 թվականին, երբ թուրքերն անցնելով Ոսկեղջյուր նավահանգիստը գրավեցին Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և Արևելյան Հռոմեական կայսրությունը վերացավ։
Հունաստանի թուրքական վարչակարգն անկում ապրեց միայն չորս դար հետո՝ 1821 թվականին, երբ ազգային ազատագրական պայքարից հետո Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի օժանդակությամբ Հունաստանն իրեն հռչակեց անկախ թագավորություն։
Պատմություն
խմբագրելՀունաստանում օսմանյան վարչակարգի հաստատում
խմբագրել1453 թվականին թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը՝ Բյուզանդիայի մայրաքաղաքը, դրանով իսկ փակելով Հռոմեական կայսրության երկարաձիգ պատմության վերջին էջը։ Երեք տարի անց՝ 1456 թվականին, օսմանյան թուրքերը սկսեցին Բալկանյան թերակղզու բռնազավթումը։ Նույն թվականին նրանք գրավեցին Աթենքի դքսությունը, որը ստեղծվել էր չորրորդ խաչակրաց արշավանքից հետո՝ 1202-1204 թվականներին։ Աթենքի գրավումից հետո զավթիչները գրավեցին Թեբեն և Լեսբոսը, որից հետո ներթափանցեցին Լակոնիա և ռազմակալեցին երկրամասի ծովափնյա բնակավայրերը՝ բացառությամբ անհասանելի լեռնային շրջանների։ Չնայած այս հանգամանքի՝ Հունաստանի անդրծովյան շրջանները՝ ի դեմս Հոնիական կղզիների, պատկանում էին Վենետիկի հանրապետությանը։ 1470 թվականին թուրքերը առգրավել են Հունաստանի վենետիկյան տարածքները և վերջնականապես հաստատեց իրենց դիկտատուրան։ 1540 թվականին անձնատուր է լինում ռազմաքաղաքական կարևոր հենակետ հանդիսացող Նաֆպլիոն քաղաքը։ Վենետիկի հանրապետությունը շարունակում էր պահպանել իր գերակայությունը Եգեյան ավազանում՝ վերահսկելով Էպիրուսի երկրամասին և Ալբանիայի ափամերձ շրջաններին։ Վենետիկյան վերահսկողության տապալումը վերջնականապես ավարտվեց 1666 թվականին և Օսմանյան կայսրությունը հռչակեց իր բացարձակ տիրապետությունը Բալկանյան թերակղզում։ 1687-1699 թվականներին Վենետիկի հանրապետությունը կրկին հետ գրավեց տարածաշրջանի որոշ տարածքներ, սակայն 1715 թվականին այն վերստին կորցրեց։
Քաղաքային կյանք
խմբագրելԹուրքական վարչակարգի հաստատումից հետո Հունաստանը բաժանվեց փաշայությունների։ Չնայած նրան, որ Օսմանյան Թուրքիայի կենտրոնական կառավարությունը Հունաստանի նկատմամբ վարում էր հարկային ծանր քաղաքականություն, այնուամենայնիվ հույն իշխաններն ու հույն ուղղափառ եկեղեցին ունեին իրենց ազդեցիկ դերը երկրի կյանքում։ Կոստանդնուպոլսի 8 եկեղեցիներ վերափոխվելով դարձան օսմանյան մզկիթներ, իսկ մյուսները շարունակեցին գործել, որպես քրիստոնեական տաճարներ։ Մզկիթի վերածվեց նաև Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր կողմից կառուցված Սուրբ Սոֆիայի հոյակերտ տաճարը։ Օսմանյան տարիներին հույների մեծամասնությունը դավանում էր ուղղափառ քրիստոնեության։ Սական այս տարիներին գնալով մեծացավ կաթոլիկների և շիա մուսուլման հույների քանակը։ Հույն ուղղափառ եկեղեցին ստանձնում էր Հունաստանի և հույն ժողովրդի հոգևոր միասնության գործը։ Կայսրության տարածքում շարունակեցին գործել բոլոր հունական ոչ միայն հոգևոր, այլ նաև աշխարհիկ դպրոցները։
Հունաստանի իսլամացումը գնալով խորացրեց ատելությունը հույների և թուրքերի միջև։ Դա հետագայում հանգեցրեց Թուրքիայի տարածքում ապրող հույների մասսայական ոչնչացման։ 1916-1923 թվականներին Օսմանյան կայսրությունը իրագործեց պոնտոսի հույների ցեղասպանությունը, որը վերջնականապես խաթարեց հույն-թուրքական հարաբերությունները։ Պատմական Պոնտոսը գտնվում էր Թուրքիայի կազմում և ընդգրկում Սև ծովի ափամերձ տարածքները։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Պոնտոսի հունական բնակչությունը կազմում էր ավելի քան 700 հազար մարդ։ Փաստորեն Պոնտոսում ապրող հույների 50 տոկոսը բնաջնջվեց թուրք բարբարոսների կողմից։
Հունաստանի ազգային-ազատագրական շարժում և թուրքական կառավարության տապալում
խմբագրելԹուրքական կառավարության վարած քաղաքականությունը ստիպում էր հույներին բազմիցս ապստամբել։ Գլխավոր հակաթուրքական ապստամբությունը Հունաստանում սկսվել է 1821 թվականի մարտին։ Այն ընդգրկել է ամբողջ Պելոպոնեսը, մայրցամաքային Հունաստանի և Եգեյան ծովի կղզիների մի մասը։ Հեղափոխության շարժիչ ուժը գյուղացիությունն էր, ղեկավարը՝ ձևավորվող բուրժուազիան՝ Ալեքսանդրոս Մավրոկորդատոսիգլխավորությամբ։ 1822 թվականի հունվարին Պիադայում հավաքված Ազգային ժողովը հռչակեց Հունաստանի անկախությունը և ընդունեց ժողովրդավարական սահմանադրություն։ Սուլթանական կառավարությունը դաժան հալածանք սկսեց ազատասեր հույն ժողովրդի նկատմամբ։ 1822 թվականի ամռանը թուրքական 30-հազարանոց բանակը ներխուժեց Մորեա, սակայն նահանջեց՝ կրելով զգալի կորուստներ։ Հունական զորքերը, որոնց ղեկավարում էին տաղանդավոր զորավարներ Մարկոս Բոցարիսը, Թեոդորոս Կոլոկոտրոնիսը, Աթանասիոս Դիակոսը, Դեորգիոս Կարաիսկակիսը, Ոդիսևս Անդրուցոսը և ուրիշներ, հերոսաբար կռվում էին զավթիչների դեմ։ 1825 թվականի փետրվարին Մահմուդ II սուլթանին օգնության եկավ եգիպտական բանակը՝ Իբրահիմ փաշայի գլխավորությամբ, որն ամայացրեց Մորեայի մեծ մասը։ Հույներին օգնության եկան օտարերկրյա կամավորներ (այդ թվում՝ անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը), մի շարք երկրներում ստեղծվեցին հունասիրական կոմիտեներ, որոնք հայտնի դարձան ֆիլհելլեններ անվանումով։ 1827 թվականի ապրիլին Տրեզինոսում գումարված ազգային ժողովը Հունաստանի նախագահ ընտրեց Իոաննիս Կապոդիստրիասին։ Արևմտա-եվրոպական պետությունները այդ դիտեցին իբրև Ռուսաստանի ազդեցության ուժեղացում Հունաստանում։ 1827 թվականին Լոնդոնում Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը կնքեցին դաշնագիր, որով պարտավորվում էին թուրքական կառավարությունից պահանջել Հունաստանին տալ ինքնավարություն՝ սուլթանին ամենամյա հարկ վճարելու պայմանով։ Թուրքիայի հրաժարվելուց հետո, դաշնակիցների միացյալ նավատորմը Նավարինի ծովամարտում ջախջախեց թուրք-եգիպտական միացյալ նավատորմին։ 1829 թվականի Ադրիանուպոլսի պայմանագրով Թուրքիան ճանաչեց Հունաստանի ինքնավարությունը՝ ամենամյա հարկ ստանալու պայմանով։ 1830 թվականին Հունաստանը պաշտոնապես դարձավ անկախ պետություն և երկրի առաջին թագավոր ընտրվեց գերմանացի ազնվական Օտտոն։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Άμαντος, Κ. (1930). «Η αναγνώρισις υπό των μωαμεθανών θρησκευτικών και πολιτικών δικαιωμάτων των χριστιανών και ο Ορισμός του Σινάν πασά». Ηπειρωτικά Χρονικά (5): σσ. 197–210.
- ↑ Κοντογιώργης, Γιώργος Δ., Κοινωνική δυναμική και πολιτική αυτοδιοίκηση : οι ελληνικές κοινότητες της τουρκοκρατίας, Αθήνα, εκδ. "Νέα Σύνορα", 1982, σελ. 581
Գրականություն
խմբագրել- Αναστασόπουλος Αντώνης (2003), «Οι χριστιανοί στην Τουρκοκρατία και οι οθωμανικές πηγές: η περίπτωση της Βέροιας, π. 1760-1770», Αριάδνη 9, 71-89.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսմանյան Հունաստան» հոդվածին։ |