Հայկական թատրոն, հունական և հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում[1][2]։ Թատերարվեստի հնագույն և ժողովրդական տեսակը պարերգական (խորային) դրաման է, որն իր ազդեցությունն է ունեցել առաջավորասիական, բալկանյան և ապենինյան ժողովուրդների բանահյուսության մեջ։ Մշակութային այս միջավայրում է կազմավորվել նաև հայ ժողովրդական և խորհրդապաշտական դրաման իր պարերգային տեսակով։ Թատերական այդ հին համակարգը չի պահպանվել, բայց թողել է իր լեզվական հետքերը։

Հին հայկական թատրոն

խմբագրել

Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից։

Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69 թ. Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում[3][4][5] կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն (մ.թ.ա. 56-34 թթ, ով ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում (որին հռոմեացիները Հայաստանի Կարթագեն էին անվանում), ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն[3] Պատմական աղբյուրների համաձայն այստեղ ելույթ է ունեցել ողբերգակ-կատակերգակ Յազոնի գլխավորությամբ մի թատերախումբ, իսկ մ.թ.ա. 53 թ. բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Սկսած մ.թ.ա. 1-ին դարից բազմաթիվ պատմական փաստեր վկայում են հայկական բազմաժանր և բազմատեսակ պրոֆեսիոնալ թատրոնի գոյության մասին[3]։ Օրինակ՝ Արմավիրում՝ հայկական հնագույն մայրաքաղաքում, գտել են հույն հեղինակների կամ Արտավազդ Բողբերգություններից հատվածներ՝ գրված հունարեն լեզվով[6]։

Հին հայկական թատրոնում զարգացել է նաև մնջախաղը։ 2-րդ դարից արդեն հայտնի է մնջախաղի հայ դերասանուհի Նազենիկը։ 2-3-րդ դարերում հայ ողբերգակ դերասանները (ձայնարկու գուսանները և ողբերգու գուսանները) խաղում էին հունական և հայկական ներկայացումներում, իսկ 4-րդ դարի կեսերից ներկայացումներ էին բեմադրվում Արշակ Բ թագավորի պալատում[3]։

Հայկական թատրոնը միջնադարում (4-15-րդ դար)

խմբագրել
 
հայկական թատրոնի դերասանուհի

301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց, ինչպես նաև ավատատիրական կարգերի ամրապնդվելուց հետո նկատվեց եկեղեցու հակազդեցությունը թատերական արվեստի վրա։ Հայտնի են օրինակ կաթողիկոս Հովհաննես Մանդակունու (5-րդ դար)[3] քարոզները՝ ուղղված թատերական արվեստին[7]։

Չնայած դրան ներկայացումներ էին բեմադրվում անտիկ դրամատուրգների (Մենանդրոսի, Եվրիպիդեսի), ինչպես նաև հայ կատակերգակների, ողբերգակների ստեղծագործություններից[3]։ Հովհան Մանդակունին վկայել է[7], որ հին ամֆիթատրոնների օրինակով ստեղծվել են նաև առանձնացված տեղերով հատուկ թատերական շինություն կանանց համար[3]։ Թատերական ներկայացումների հանրահայտությունն է դրդել հոգևորականությանը եկեղեցական ծիսակատարությունների մեջ ներառել թատերականացված տարրեր։ Օրինակ՝ պատարագային դրամայից է առաջացել քրիստոնեական կրոնական դրաման, որը համարվում է ֆեոդալական դարաշրջանին բնորոշ ծնունդ։ 6-7-րդ դարերի հայտնի գիտնական փիլիսոփաների աշխատությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ ժամանակաշրջանում թատրոնը երևելի տեղ է գրավել հայ հասարակության կյանքում։ Ուշ միջնադարում թատերական ներկայացումներ են բեմադրվել նաև Վասպուրականի, Անիի և Կիլիկիայի թագավորություններում[3]։ Ենթադրվում է, որ Աղթամար կղզում նույնպես թատերախմբեր են հանդես եկել։ 10-րդ դարում կառուցված Աղթամարի տաճարի պատերին պատկերված են հայկական թատրոնի դիմակներ՝ նրա 2 տարատեսակներով. կենցաղային կատակերգության և ծաղրածուի դիմակներ։ 12-րդ դարում Կիլիկիայի թագավորությունում կազմավորվում է հայկական թատրոն, որը աստիճանաբար դառնում է հայ մշակույթի կենտրոններից մեկը։ Այդ ժամանակաշրջանին են վերաբերում նաև հայ դրամատուրգիայի առաջին պահպանված ստեղծագործությունները՝ Հովհաննես Երզնկացու դրամատիկական պոեմը և Առաքել Սյունեցու «Ադամգիրքը»[3]։

Հայկական թատրոնը 15-18-րդ դարերում

խմբագրել
 
Վարձակ թռչնի դիմակով, հատված միջնադարյան մանրապատկերից

14-րդ դարի վերջին՝ Կիլիկյան թագավորության անկումից հետո, հայ ժողովուրդը կորցնում է իր ազատությունը։ Օտարերկրյա կապանքները անդրադառնում են նաև արվեստի վրա։ 15-16-րդ դարերում թատերական արվեստը զգալիորեն անկում է ապրում։

Հայկական նոր թատրոնը առաջացել է 17-18-րդ դարերում։ Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը հաղորդում է 3 գործողությամբ մի կատակերգության մասին, որը բեմադրել են հայ գուսանները, և որը նա տեսել է 1664 թ. Երևանի քաղաքային հրապարակում[8] Հայկական նոր թատրոնը զարգանում է հայ գաղթականների շրջանում։ 1668 թ.-ից հայտնի են հայկական դպրոցական թատրոններ (եկեղեցական և աշխարհիկ) այն քաղաքներում, որտեղ կային հայկական գաղութներ (Լվով, Վենետիկ, Վիեննա, Կոստանդնուպոլիս, Մադրաս, Կալկուտա, Թբիլիսի, Մոսկվա, Դոնի Ռոստով)։ Այս թատրոնները, որոնք դասական ուղղվածություն ունեին, արտահայտում էին ազգային ազատագրական շարժման գաղափարներ։ Պահպանվել է «Սուրբ Հռիփսիմեի չարչարանքները», որը բեմադրվել է 1668 թվականին Լվովի հայկական դպրոցում[3][8]։

Հայկական թատրոնը 19-րդ դարում

խմբագրել

Արևելյան Հայաստան

խմբագրել
 
Գևորգ Չմշկյան, Թիֆլիսի հայկական թատրոնի հիմնադիր

1827 թվականին արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին առանցքային դեր խաղաց նոր ժամանակաշրջանի թատրոնի զարգացման մեջ՝ մասնավորապես արևելահայության թատերական կյանքում, քանի որ թատերական գործիչները հնարավորություն ստացան ավելի սերտ շփվել ռուսական մշակույթի հետ։ Հատկանշական է այն, որ Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» ստեղծագործության առաջին բեմադրությունը, որին ներկա էր նաև հեղինակը, բեմադրվել է Երևանում 1877 թվականի դեկտեմբերին։ Արդեն 1820-ական թվականներին Թիֆլիսի Ա. Ալամդարյանի հայկական սեմինարիաներում և Կարասուբազարում (այժմ՝ Բելոգորսկ) բեմադրվեցին հայկական առաջին սիրողական դպրոցական ներկայացումները։ Կարևոր իրադարձություն էր 1836 թվականին Թիֆլիսում Գ. Շերմազանյանի կողմից «Շերմազանյան դարպաս» թատրոնի ստեղծումը, որտեղ 1842 թվականին բեմադրվել է նրա «Եպիսկոպոս Կարապետի մի քանի գործերի նկարագրումը» («Описание некоторых делишек епископа Карапета») կատակերգությունը, որը քննադատում էր հոգևորականությանը, առևտրականներին և պաշտոնյաներին։

1859 թվականին հայ ականավոր գրող Միքայել Նալբանդյանը Մոսկվայի հայ ուսանողների կողմից բեմադրված ներկայացումների (Ս. Վանանդեցու «Արիստակես» պատմական ողբերգությունը և Ն. Ալադատյանի «Կորան իմ 50 չերվոնեցները» կենցաղային կատակերգությունը) գրախոսականում հայտնեց իր կարծիքը թատերական արվեստի դերի և նշանակության վերաբերյալ, որը տեսական հիմք դարձավ հայկական ժողովրդավարական թատրոնի հետագա զարգացման համար։

1850-1860 թվականներին ի հայտ եկան Մ. Պատկանյանի, Նիկողայոս Պուղինյանի, Մ. Տեր-Գրիգորյանի, Հովհաննես Գուրգենբեկյանի և այլ դրամատուրգների կենցաղային կատակերգությունները։ 1863 թվականին Գևորգ Չմշկյանի ղեկավարությամբ Թիֆլիսում ստեղծվում է հայկական թատրոն։ 1865 թ Երևանում բեմադրվում են առաջին հայկական ներկայացումները, իսկ 1873 թվականին դրամատուրգ, դերասան և ռեժիսոր Էմին Տեր-Գրիգորյանի ղեկավարությամբ ստեղծվում է թատերախումբ[3]։

Արևմտյան Հայաստան

խմբագրել

Արդեն 1810 թվականին Կոստանդնուպոլսում, որը համարվում էր արևմտահայերի մշակութային կենտրոնը, Մ. Բժիշկյանի ղեկավարությամբ բեմադրվում են առաջին հայկական ներկայացումները։ Պատմական կարևոր նշանակություն ուներ Հովհաննես Գասպարյանի «Արամյան թատրոն»-ը (1846-1866 թթ.), որը պահպանեց հին հայկական թատրոնի ավանդույթները։ 1850-ական թվականներին Կոստանդնուպոլսում գործել են նաև հայկական սիրողական թատերախմբեր։ Պոետ-դրամատուրգ Մ. Պեշիկթաշլյանը 1856 թվականին հիմնադրում է հայկական ազգային թատրոն։ 1857 թ հրատարակվում է «Արարատի մուսաները» թատերական ամսագիրը։ Արևմտահայկական դրամատուրգիան զարգանում էր Մ. Պեշիկթաշլյանի, Ս. Հեքիմյանի, Պետրոս Դուրյանի և Տ. Թերզյանի ստեղծագործություններով։

1860-ական թվականներին Կոստանդնուպոլսում և Թիֆլիսում հանդես եկող հայկական սիրողական թատերախմբերը դառնում են պրոֆեսիոնալ հայկական թատրոններ։ Պատմական կարևոր իրադարձություն է դառնում Հակոբ Վարդովյանի կողմից «Արևելյան թատրոն»-ի հիմնումը 1861 թվականին, իսկ 1869 թվականին Կոստանդնուպոլսում ստեղծում է «Վարդովյան թատերախումբ»-ը, որը գործում է մինչև 1877 թվականը՝ ռուս-թուրքական պատերազմի սկսվելը։ 1873 թ ստեղծվում է մի թատերախումբ, որը ղեկավարում էր դրամատուրգ, դերասան և ռեժիսոր Էմին Տեր-Գրիգորյանը։

1870-ական թվականների վերջերին թուրքական կառավարությունը Կոստանդնուպոլսից վտարեց հայկական թատրոնները։ Այդ թվականին Կոստանդնուպոլսից Անդրկովկաս տեղափոխվեցին բազմաթիվ հայ դերասաններ, որոնց թվում են Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Աստղիկը, Ազնիվ Հրաչյան, Մ. Մնակյանը և այլք[3]։

Անդրկովկաս

խմբագրել
 
Պետրոս Ադամյանը Համլետի դերում

Երկար ժամանակ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսը Անդրկովկասի մշակութային կենտրոնն էր։ Նրա հետ են կապված հայ ժողովրդի թատերական ավանդույթները։

Թիֆլիսում 1824 թվականից սկսած հայկական Ներսիսյան դպրոցում ներկայացումներ էին բեմադրվում հայերեն լեզվով, իսկ հետագայում այդ ներկայացումները ցուցադրվեցին նաև քաղաքի այլ բեմերում։ Եվ արդեն 1856 թվականին ստեղծվում է պրոֆեսիոնալ հայկական թատրոն՝ պրոֆեսիոնալ թատերախմբով, որը գլխավորում էր Գևորգ Չմշկյանը։ Նրա ղեկավարությամբ թատրոնում մեծացել է դերասանների առաջին սերունդը՝ Մ. Ամրիկյան, Ա. Սուքիասյան, Ամիրան Մանդինյան, Ս. Մատինյան, Կ. Արամյան, Գեդեոն Միրաղյան, Ս. Շահինյան, Սաթենիկ և այլք։ Այդ ժամանակաշրջանում թատրոնի հետ համագործակցել են դրամատուրգներ Ն. Ալադադյանը, Նիկողայոս Պուղինյանը, Մ. Տեր-գրիգորյանը և իհարկե հայկական ռեալական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը։ Թիֆլիսը ոչ միայն թբիլիսյան հայ դերասանների թատերական կենտրոնն էր, այն նաև խթանում էր հայ տաղանդավոր դերասանների ի հայտ գալուն, այնպիսիք, ինչպիսիք էին Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, Դ. Տուրյանը և շատ ուրիշներ[9]։

1880-ական թվականների թատրոնի զարգացման մեջ մեծ դեր խաղաց ողբերգակ դերասան Պետրոս Ադամյանը, ով իր աշխատանքներում արտահայտում է իր բողոքը սոցիալական և ազգային ճնշման հանդեպ։ Սունդուկյանի պիեսներում Ադամյանը ստեղծել է հրաշալի ռեալական կերպարներ։

Թատրոնի հետագա զարգացումը կապված է ինչպես Հակոբ Պարոնյանի դրամատուրգիայի հետ, ով ստեղծել է այնպիսի երգիծական կատակերգություններ, ինչպիսիք են «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», «Շողոքորթը», այնպես էլ Ալեքսանդր Շիրվանզադեի դրամատուրգիայի հետ, ով այնպիսի հայտնի ռեալական հոգեբանական դրամաների հեղինակ է, ինչպիսիք են «Պատվի համար», «Նամուս», «Չար ոգի», «Ավերակների վրա»։ Հայկական թատրոնների խաղացանկի մեջ հայտնի էր նաև Էմին Տեր-Գրիգորյանի ստեղծագործությունները՝ «Բարեգործության դիմակի տակ», «Զրկանքի զոհ»։ Ռոմանտիկ տենդենցով հագեցած է Մուրացանի ստեղծագործությունները՝ «Ռուզան» պատմական դրաման։

Հայկական թատրոնում ռեալական ուղղվածությունը պահպանել են դերասաններ Ալեքսանդր Աբելյանը, Սիրանույշը, Պողոս Արաքսյանը, Ա. Հարությունյանը, Արմեն Արմենյանը, Արամ Վրույրը, Գրիգոր Ավետյանը, Օվի Սևումյանը, Գևորգ Պետրոսյանը, Օլգա Մայսուրյանը, Զաբելը, ովքեր խաղացել են Թիֆլիսում, Բաքվում և այլ քաղաքներում։

Հայկական թատրոնը 1900-1920-ական թվականներին

խմբագրել

1905-1907 թվականներին հայկական թատրոնը զգալի վերելք է ապրել։ Դեռևս 1890-1900 թվականներին մեծ քաղաքների (Թբիլիսի, Բաքու) բանվորական շրջաններում կազմակերպվում էին հայկական սիրողական ներկայացումներ։ Այնուհետև ստեղծվում են ժողովրդական թատրոններ, որտեղ խաղում են և սիրողական մակարդակի դերասաններ, և պրոֆեսիոնալներ։

Թիֆլիսում ստեղծվում են հանրամատչելի թատրոններ՝ «Ավչալյան լսարանը» (1901 թ), «Մուրաշկո թատրոնը» (1902 թ), «Արաքսյանի հավլաբարյան թատրոնը» (1903 թ), «Զուբալովի անվան ժողովրդական տունը» (1909 թ)։

Բաքվում բանվորական շրջանների ժողովրդական տներին կից գործում էին նաև հայկական դրամատիկական խմբակներ։ Հայկական սիրողական թատերախմբերը հանրամատչելի ներկայացումներ են բեմադրում Երևանում, Ալեքսանդրապոլում, Բաթումում, Շուշիում, Ելիզավետպոլում (Կիրովաբադ)։ Այս թատրոնների և թատերախմբերի ներկայացումները հանրության լայն շերտերի համար էին նախատեսված, նրանք բեմադրում էին դասական և ժամանակակից դրամատուրգիայի ստեղծագործությունները, տոմսերի գները մատչելի էին։ Այս թատրոններից որոշները գործել են ընդհուպ մինչև 1914 թվականի առաջին համաշխարհային պատերազմը։

Ժողովրդական թատրոնների գործունեության մեջ իրենց ներդրումն ունեն հետևյալ դերասանները և ռեժիսորները՝ Պողոս Արաքսյան, Ամո Խարազյան, Գրիգոր Տեր-Գրիգորյան, Վահան Գալստյան, Մ. Գավրոշ, Դավիթ Գուլազյան և այլք։

1910-ական թվականներին հայտնվում են նոր դերասաններ, ովքեր դառնում են բեմի վարպետներ՝ Հասմիկ, Իսահակ Ալիխանյան, Պետրոս Ադամյան, Օլգա Գուլազյան, Քնարիկ, Միքայել Մանվելյան, Արշակ Մամիկոնյան, ավելի ուշ՝ Արուս Ոսկանյան, Վահրամ Փափազյան, Հովհաննես Զարիֆյան, նոր դրամատուրգ՝ Լևոն Մանվելյանը։

Քաղաքական անօրինականությունները, ազգային ճնշումները խոչընդոտում էին ազգային թատրոնի զարգացմանը։ Նյութական և կազմակերպչական աջակցության բացակայությունը, գրաքննական ճնշվածությունը խանգարում էին բեմական արվեստի զարգացմանը։

Ամենախորը ճգնաժամը թատրոնն ապրեց 1918-1920 թթ։

Ձեռագրեր Մատենադարանում

խմբագրել

Մատենադարանում կան բազմաթիվ ձեռագրական տեղեկություններ թատրոնի վերաբերյալ։ Հայկական թատրոնը ավելի քան 2000 տարվա պատմություն ունի։ Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայել է, որ մ.թ.ա. 53 թ. Արտաշատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» պիեսը և որ հայոց Արտավազդ Բ-ն գրել է ողբերգություններ։ Հետագա դարերում Հայաստանում գործող ինքնատիպ ժողովրդական թատրոնների մասին վկայություններ կան հայ պատմիչների երկերում, իսկ մանրանկարչական որոշ ձեռագրերում պահպանված են դիմակավոր դերասանների պատկերներ։ Նման արժեքավոր վկայություններից է 1286 թ. Ձեռագիրը։ Հայոց թագավոր Հեթում Բ-ի սեփականությունը հանդիսացող ձեռագրում նկարված է պանտոմիմային թատրոնի դերասանը կրկնակի դիմակը գլխին։

Թատրոնի մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում 5-րդ դարի մատենագիր Հովհան Մանդակունին և Դավիթ Քերթողը, հետագայում Թովմա Արծրունին (9-10-րդ դարեր) և ուրիշներ, որոնք վկայում են այն մասին, որ թատրոնը հարատևել է նաև հետագա դարերում։

Գրականություն հայկական թատրոնի մասին

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Г. Гоян, 2000 лет армянского театра. Театр древней Армении, М., издательство Искусство, 1952, том I, стр. 86
  2. Nishan Parlakian, S. Peter Cowe Modern Armenian drama: an anthology, page ix-x, 2001, Columbia University Press, ISBN 9780231116305
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Театральная Энциклопедия, М., издательство Советская энциклопедия, 1961, том I
  4. История Древнего мира, издание 2-е, Под ред. И. М. Дьяконова, В. Д. Нероновой, И. С. Свенцицкой, М., 1983, том 2 стр. 399-414
  5. «Плутарх, Сравнительные жизнеописания, Лукулл, 29». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 17-ին.
  6. Камилла Васильевна Тревер, Очерки по истории культуры древней Армении (II в. до н. э. - IV в. н. э.), М. Л., 1953, стр. 122-128
  7. 7,0 7,1 Յովհաննու Մանդակունիոյ, Հայոց հայրապետի ճառք,. «Վասն աղօթից», էջ 42, «Վասն քահանայից», էջ 87, «Վասն անօրէն թատերաց դիւականաց», Վենետիկ, 1860, էջ 131-137
  8. 8,0 8,1 Stanley Hochman, McGraw-Hill encyclopedia of world drama, 2-е изд. издательство VNR AG, 1984, том 1, стр. 205
  9. «TbilArmTheatre». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 17-ին.