Վիքիպեդիայում կան հոդվածներ Գանթարճյան ազգանունով այլ մարդկանց մասին։


Սիրանույշ (Մերոպե Սահակի Գանթարճյան) (մայիսի 25, 1857(1857-05-25), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 10, 1932(1932-06-10)[1], Կահիրե, Եգիպտոս[1]), դերասանուհի, հայ բեմի տաղանդավոր դեմքերից և հայ թատերական մշակույթի գագաթներից մեկը։

Սիրանույշ
արմտ. հայ.՝ Մեհրոպէ Սահակ Գանթարճեան
Ծնվել էմայիսի 25, 1857(1857-05-25)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհունիսի 10, 1932(1932-06-10)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս[1]
Մասնագիտությունդերասանուհի
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Եգիպտոսի թագավորություն
Սիրանույշ
 Siranush Վիքիպահեստ

Հանդես է եկել Պոլսի, Թիֆլիսի, Բաքվի դերասանական խմբերի հետ, խաղացել շուրջ 300 դեր, որոնց գլուխգործոցը եղել է Մեդեայի և Համլետի դերը Շեքսպիրի նույնանուն ողբերգությունից։ 1912 թվականին Հովհաննես Աբելյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել նաև Մոսկվայում և Պետերբուրգում։

Կենսագրություն

խմբագրել

Սիրանույշը (իսկական անուն-ազգանունը՝ Մերոպե Գանթարճյան) սկզբնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսում։ 1873 թվականից խաղացել է Պետրոս Մաղաքյանի «Արևելյան թատրոնում» (Կեկել՝ Սունդուկյանի «Պեպո», Ամալյա՝ Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակները», և այլն), 1874 թվականից՝ Թովմաս Ֆասուլաճյանի խմբում, ապա՝ Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում». հիմնականում հանդես է եկել որպես օպերետային երգչուհի՝ հայկական և թուրքական ներկայացումներում։ 1878 թվականին Սերովբե Պենկլյանի օպերետային խմբի դերասանուհի էր[2]։ 1879-1881 և 1891-1892 թվականներին Հայոց թատերական կոմիտեի հրավերով Սիրանույշը խաղացել է Թիֆլիսի հայկական մշտական թատերախմբում. ստեղծագործաբար կիրառելով հայ և ռուսական թատրոնների ռեալիստական ավանդույթները՝ անձնավորել է դրամատիկական կերպարներ՝ Կատարինա (Վիկտոր Հյուգոյի «Անջելո»), Օֆելյա (Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»), Յուլինկա (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Անանի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») և այլն։ 1881 թվականին մասնակցել է Կոստանդնուպոլսի թատերական ընկերության ներկայացումներին, 1882 թվականին կրկին հրավիրվել է Սերովբե Պենկլյանի օպերետային խումբ, որի հետ հյուրախաղերի է մեկնել Հունաստան և Եգիպտոս. հռչակվել է Ֆաթիմեի (Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա») դերակատարմամբ։

1895 թվականից հանդես է եկել տարբեր թատերախմբերում, ստեղծել է սեփական խումբը, շրջագայել Բուլղարիայում, Ռումինիայում և Եգիպտոսում։ 1897 թվականին նրան հրավիրել են Բաքվի դերասանական ընկերության խումբը, որտեղ հանդես է եկել դրամատիկական, հիմնականում՝ ողբերգական դերերով։ Հայ իրականության մեջ առաջին դերասանուհին է, որ խաղացել է Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերը (1901 թվական, Թիֆլիս, այդ դերում նրան նախորդել էին ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը և ուրիշներ)։

Սիրանույշն անձնավորել է շուրջ 300 դեր՝ Մարգարիտ Գոթիե (Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»), Թերեզա (Լուիջի Կամոլետտիի «Քույր Թերեզա»), Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Հովհաննա, Մարի Ստյուարտ (Ֆրիդրիխ Շիլլերի «Օռլեանի կույսը»), Մեդեա (Ալեքսեյ Սուվորինի և Վիկտոր Բուրենինի «Մեդեա»), Կրուչինինա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Իզեիլ (Արման Սիլվեստրի և Էռնեստ Մորանի «Իզեիլ»), Զեյնաբ (Ալեքսանդր Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Պորցիա (Ուիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Իշխանուհի (Լևոն Շանթի «Հին աստվածներ»), Մարգարիտ (Գաբրիել Սունդուկյանի «Ամուսիններ») և այլն։ Սիրանույշի դերերից շատերը (Օֆելյա, Մարգարիտ Գոթիե, Մեդեա, Իզեիլ և այլն) հայ դերասանական արվեստի գլուխգործոցներից են։ Նա հյուրախաղերով հանդես է եկել Նոր Նախիջևանում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Շուշիում, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի, 1907–08 թվականներին՝ Բուլղարիայի, Եգիպտոսի քաղաքներում, 1910 թվականին՝ Կոստանդնուպոլսում։ 1912 թվականին Թիֆլիսի հայ թատրոնի լավագույն դերասանները, Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի գլխավորությամբ, ելույթներ են ունեցել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, որտեղ Սիրանույշին համեմատել են իտալացի նշանավոր դերասանուհի Էլեոնորա Դուզեի հետ։ 1918-1921 թվականներին շրջագայել է Պարսկաստանում, 1922 թվականին հրաժեշտի ներկայացումներով հանդես եկել Թիֆլիսում։ Վերջին անգամ բեմ է բարձրացել 1932 թվականին, Ալեքսանդրիայում՝ Մարգարիտ Գոթիեի դերով։

Մահացել է տունդարձի ճանապարհին։

Սիրանույշի արվեստն ըմբոստության և անհաշտության կոչ էր։ Ունենալով սուր միտք և հզոր ներուժ՝ բեմում հասել է ցնցող ազդեցության։ Սիրանույշն իր ստեղծագործությամբ մեծ ներդրում է ունեցել 20-րդ դարի առաջին երկու տասնամյակների հայ դերասանական արվեստում։ Հայոց լեզվի ուսուցման ու մայրենիի պահպանման հարցերի շուրջ հանդես է եկել մամուլում. նրա կարծիքով՝ մայրենի լեզվի պահպանման հարցը պետք է ստանձնի նաև թատրոնը։

Նրա մասին մենագրություն է գրել Ռուբեն Զարյանը 1956 թվականին։

Մեծանուն դերասանուհու և թատերարվեստի անցողիկության դրամայի մասին մոնոդրամա է գրել Լ. Շանթի անվան մրցանակի դափնեկիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը «Տիկին Սիրանույշ վերնագրով (2006 թ.), որը հաջողությամբ բեմադրվել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական[3][4] (2023 թ.) և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետթատրոններում (2020 թ.): «Տիկին Սիրանույշ» մոնոդրաման 2010-ին տպագրվել է Թեհրանի Նայիրի տարեգրքում։ Պիեսում օգտագործվել են անձամբ դերասանուհու ձեռքով խմբագրված դերահատվածներ ևս։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Сирануйш // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Zarkfoundation - Սիրանույշ». zarkfoundation.com.
  3. Արզումանյան, Վովա (2023 թ․ փետրվարի 1). «Թբիլիսիում բեմադրվել է Էլֆիք Զոհրաբյանի պիեսը». Առավոտ. Վերցված է Փետրվար 01, 2023 13:30-ին.
  4. Միսկարյան, Նորայր (25/01/2023). ««Տիկին Սիրանույշ. Թբիլիսիի հայկական թատրոնը պրեմիերայով հանդես կգա». Aliq Media. Վերցված է 25/01/2023-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սիրանույշ հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրանույշ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրանույշ» հոդվածին։