Հովհաննես Զարիֆյան
Հովհաննես Գևորգի Զարիֆյան (մարտի 23 (ապրիլի 4), 1879[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 9, 1937[1], Բոստոն, ԱՄՆ), հայ դերասան, թատերական գործիչ։
Հովհաննես Զարիֆյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 23 (ապրիլի 4), 1879[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 9, 1937[1] (58 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան (1894)[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Զարիֆյանն ինքնատիպ թատերական գործիչ է ՝ դերասանական համակողմանի ընդունակություններով, ազգային և թարգմանական դրամատուրգիայում մի քանի հարյուրի հասնող կերպարների սքանչելի կատարումներով, կազմակերպչական հմուտ աշխատանքով։
Կենսագրություն
խմբագրելՀովհաննես Զարիֆյանը սովորել է Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական դպրոցում և 1892-1894 թվականներին՝ Էջմիածնի Գևորգյան Ճեմարանում։ Բեմական գործունեությունն սկսել է 1897 թվականին, Թիֆլիսում, Զարիֆյանը դերերում (ձախից աջ)․ Գիժ Դանիել (Շիրվանզադեի «Չար ոգի»), (Շեքսպիրի «Համլետ»), Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոստա»)։ 1899-1903 թվականներին աշխատել է Հայ դերասանական խմբում։ Հյուրախաղերով շրջագայել է Ալեքսանդրապոլում, Շուշիում, Արմավիրում, Մոզդոկում, Ասարախանում և այլուր։
Հետագա տարիներին աշխատել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության խմբում, խաղացել Սարգիս, Գիքոր, Պեպո (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», «Պեպո»), Կիպար, Օգսեն, Պաղտսար (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Օթարյան (Շիրվանզադեի «Պատվի համար»), Ալեքսանդր (Փափազյանի «ժայռ») և այլն[2]։
Այդ և հետագա տարիներին Զարիֆյանը դարձել է 20-րդ դար-ի հայ խոշորագույն շեքսպիրյան դերասաններից մեկը։ Զարիֆյանը եղել է թատերական գործի կազմակերպիչ։ 1909-1910 թվականներին Մայսուրյանի, Սնումյանի հետ խումբ կազմած շրջագայել է Թուրքիայի քաղաքներում (Պոլիս, Իզմիր ն այլուր)։ 1911 թվականին Զարիֆյանի գլխավորությամբ հայ դերասանների մի խումբ առաջին անգամ ելույթ է ունեցել Վանում, Աղթամարում, Հին Բայազետում։ 1912 թվականին մասնակցել է Հայ դերասանական խմբի Մոսկվայում և Պետերբուրգում տված հյուրախաղերին։
1912-1915 թվականներին աշխատել է Բաքվի Հայոց կուլտուրական միության թատերախմբում։ 1914 թվականի գարնանը խումբ կազմած կրկին շրջագայել է Թուրքիայի հայաշատ քաղաքներում։ 1915 թվականին, Մեծ եղեռնից հետո, Զարիֆյանի խաղացանկը էական փոփոխություն է կրել[3]։ Բեմականացրել ու բեմադրել է Րաֆֆու «Խենթ»-ը, «Դավիթ Բեկ»-ը, «Ջալալեդդին»-ը և այլ վեպեր ու խաղացել գլխավոր դերերը։ 1916-1920 թվականներին Զարիֆյանի գործունեության հիմնական ասպարեզը դարձել է Հայաստանը (Երևան, Ալեքսանդրապոլ, ՝ Կարս և այլուր)։
Հայ ժողովրդի գոյության կենաց ու մահվան ծանր օրերին նա անդամագրվել է որպես կամավորական ջոկատի զինվոր՝ իր հայրենի Ալեքսանդրապոլ քաղաքի բերդապահ։ Մի այդպիսի փորձ էլ կատարել է Վահրամ Փափազյանը, բայց նա, զենքի մարդ չլինելով, շուտով վերադարձել է բեմ։ Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների թվում է եղել Մանվել Մարությանը։ Թուրքերի՝ Ալեքսանդրապոլ ներխուժման ժամանակ, Զարիֆյանը կնոջ՝ դերասանուհի Արաքս Զարիֆյանի և փոքրիկ դստեր՝ Ցողիկի հետ փախել է Համամլու գյուղը։ Թուրքերի ձեռքը չընկնելու համար կինը գնացել է Մեծ Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր), իսկ ինքն ու աղջիկը գերվել են։ Ծանր օրեր է ապրել։ Երեք անգամ թաքնվելով՝ փրկվել է սպառնացող մահից։
Իր գործունեությունը Զարիֆյանը շարունակել է նաև սփյուռքում։ 1920 թվականին, երբ թուրքերը կրկին մտան Ալեքսանդրապոլ, Զարիֆյանը մեկնեց Պոլիս, ապա՝ Բուխարեստ։ 1921 թվականի մայիսից Նյու Յորքում։ ԱՄՆ-ում կազմակերպել է «Զարիֆյան», «Հայ արվեստ», «Նոր այգ» և այլ թատերախմբեր։ 1923-1925 թվականներին ԱՄՆ-ում գործել է Աբելյանի հետ։ 1925-1929 թվականներին ելույթներ է ունեցել Ռումինիայում (Կոնստանցա, Բուխարեստ), Եգիպտոսում (Ալեքսանդրիա, Կահիրե), Ֆրանսիայում
(Մարսել, Փարիզ)։ 1932-1936 թվականին հանդես է եկել Հարավային Ամերիկայում՝ Սան Պաուլոում, Մոնտեվիդեոյում և գլխավորապես՝ Բուենոս Այրեսում։ 1936 թվականին՝ Բուենոս Այրես կատարած հյուրախաղերից վերադառնալուց հետո, բեմականացրել է «Մուսա լեռը» և, բարեբախտաբար, առանց կառավարական արգելքների, անցել բեմադրական աշխատանքների։ Այսպիսով հայ իրականության մեջ «Մուսա լեռան» առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1937 թվականի հունվարի 20-ին Բոստոնի դրամատիկ խմբի կողմից։
1937 թվականի հունիսի 9-ին Զարիֆյանը մեկնել է Բոստոն, միացել ընտանիքին։
Աստիճանաբար սաստկացել է սրտի հիվանդությունը։ Մեկ ամիս անց՝ հուլիսի 8-ի լույս 9-ի առավոտյան, հոգնատանջ Զարիֆյանի սիրտը կանգ է առել։ Զարիֆյանը մեծ շուքով թաղվել է Բոստոնում[4]։ Հետագայում նրա աշակերտներից մեկը՝ Նշան Սարգիսյանը, հողամաս գնելով Բոստոնի շրջակայքում գտնվող Քուինսի քաղաքի գերեզմանատանը, Զարիֆյանի աճյունը վերաթաղել է այդտեղ։ Նյու Յորքից այդտեղ է բերվել և ամփոփվել նաև Արաքս Զարիֆյանի աճյունը։ Ի սեր իր վարպետի նրա կողքին են թաղել և Նշան Սարգիսյանին։
Ընտրյալ դերեր
խմբագրելԴեր | Ներկայացում | Հեղինակ |
---|---|---|
Համլետ, Օթելլո | «Համլետ», «Օթելլո» | Շեքսպիր |
Ուրիել Ակոստա | «Ուրիել Ակոստա» | Կարլ Գուցկով |
Էդիպ թագավոր | «Էդիպ թագավոր» | Սոֆոկլես |
Դոկտոր Շտոկման | «Ազգի թշնամին» | Հենրիկ Իբսեն |
Պաղտասար աղբար | «Պաղտասար աղբար» | Հակոբ Պարոնյան |
Դանիել | «Չար ոգի» | Ալեքսանդր Շիրվանզադե |
Վանահայր | «Հին աստվածներ» | Լևոն Շանթ |
Նեզնամով | «Անմեղ մեղավորները» | Ալեքսանդր Օստրովսկի |
Գրականություն
խմբագրել- Բոգեմսկի (Զատիկյան) Ս․Հովհաննես Զարիֆյան, Ե․, 1966։ Հովհաննես Զարիֆյան, ժողովածու-ալբոմ, Ե․, 1977[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Parlakian, Nishan (2005 թ․ հունվարի 19). Contemporary Armenian American Drama: An Anthology of Ancestral Voices (անգլերեն). Columbia University Press. ISBN 9780231508506.
- ↑ «Zarkfoundation - Հովհաննես Զարիֆյան». zarkfoundation.com.
- ↑ Узел, Кавказский. «Зарифян Ованес Геворкович». Кавказский Узел. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
- ↑ Զարեյան, Գ; Հայկական թատերական ընկերություն, eds. (1977). Հովհաննես Զարիֆյան։ Ժողովածու. Երևան: ՀԹԸ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 668)։ |