Վիեննայի ճակատամարտ (1683)

Վիեննայի ճակատամարտ (գերմ.՝ Schlacht am Kahlen Berge կամ Kahlenberg, լեհ.՝ bitwa pod Wiedniem կամ odsiecz wiedeńskaմ թրք.: İkinci Viyana Kuşatması, օսմ.՝: Beç Ḳalʿası Muḥāṣarası), տեղի է ունեցել 1683 թվականի սեպտեմբերի 12-ին` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի երկամսյա պաշարումից հետո, Օսմանյան կայսրության և Սրբազան Հռոմեական կայսրության ու նրա դաշնակիցների միջև։ Այս ճակատամարտում քրիստոնյաների հաղթանակը վերջնականապես վերջակետ դրեց Օսմանյան կայսրության՝ դեպի Եվրոպա արշավանքներին, իսկ Ավստրիան դարձավ Կենտրոնական Եվրոպայի ամենահզոր տերությունն առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում[1][2][3][4]։

Վիեննայի ճակատամարտ (1863)
Վիեննայի ճակատամարտ, 1683 թվականի սեպտեմբերի 12
Թվական 1683 թվականի սեպտեմբերի 12
Վայր Վիեննա, Ավստրիա
Արդյունք Սրբազան լիգայի լիակատար հաղթանակ
Հակառակորդներ
Սրբազան լիգա։
Ռեչ Պոսպոլիտա
Սրբազան Հռոմեական կայսրություն Սրբազան Հռոմեական կայսրություն
Սաքսոնիա
Ֆրանկոնիա
Բավարիա
Շվաբիա
Զոպորոժյան կոզակներ
հայեր
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն

Ղրիմի խանություն
Տրանսիլվանիա
Մոլդովական իշխանություն
Վալախիա

Հրամանատարներ
Լեհաստանի թագավոր և Լիտվիայի Մեծ իշխան Յան III Սոբեսկի, Կարա Մուստաֆա
Կողմերի ուժեր
Մոտ 84450 զինվոր,
այդ թվում՝ 5000 հայեր,
152 հրանոթ
Մոտ 90000 զինվոր,
այդ թվում՝ 12000 ենիչերիներ,
300 հրանոթ

Լայնամասշտաբ ճակատամարտում հաղթեցին Լեհաստանի թագավոր և Լիտվիայի Մեծ իշխան Յան III Սոբեսկու ղեկավարած լեհա-ավստրիա-գերմանական զորքերը։ Օսմանյան կայսրության զորքերը ղեկավարում էր Մեհմեդ IV-ի մեծ վեզիր Կարա-Մուստաֆան[1][2]։

Վիեննայի ճակատամարտը դարձավ շրջադարձային իրադարձություն Կենտրոնական Եվրոպայի պետությունների և Օսմանյան կայսրության միջև ընթացող երեքդարյա պատերազմում։ Հետագա 16 տարիներին ավստրիական զորքերը անցան լայնամասշտաբ հարձակման և թուրքերից հետ վերցրեցին Հարավային Հունգարիայի և Տրանսիլվանիայի հսկայական տարածքներ[1][2]։

Ճակատամարտի նախադրյալներ խմբագրել

 
Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Լեոպոլդ I

Օսմանյան կայսրությունը մշտապես ձգտում էր գրավել Վիեննան։ Ռազմավարական նշանակություն ունեցող Վիեննան վերահսկում էր Դանուբ գետը, որը Սև ծովը միացնում էր Արևմտյան Եվրոպային, ինչպես նաև Արևմտյան Միջերկրականից դեպի Գերմանիա ձգվող առևտրային ճանապարհները։ Նախքան ավստրիական մայրաքաղաք Վիեննայի երկրորդ պաշարումը սկսելը[Ն 1][Ն 2]

Բացի այդ, Օսմանյան կայսրությունը ռազմական օգնություն էր ցուցաբերում հունգարներին և ոչ կաթոլիկ կրոնական փոքրամասնություններին, ովքեր բնակվում էին Հունգարիայի՝ Ավստրիայի կողմից գրավված հատվածում։ Այդ երկրում երկար ժամանակահատվածում կաթոլիկ հակառեֆորմացիայի մոլի կողմնակից, Ավստրիայի կայսր Լեոպոլդ I Հաբսբուրգի հակաբողոքականության քաղաքականության հետևանքով ձևավորվում էր դժգոհություն։ Արդյունքում այդ դժգոհությունը ծնեց բացահայտ ապստամբություն, և 1681 թվականին բողոքականներն ու Հաբսբուրգների այլ հակառակորդներ միացան թուրքերին։ Թուրքերը ճանաչեցին ապստամբած հունգարների առաջնորդ Իմրե Տյոկյոլին որպես Վերին Հունգարիայի[Ն 3] թագավոր։ Նրանք այդ տարածքները ետ էին վերցրել Հաբսբուրգներից։ Թուրքերը ապստամբներին նույնիսկ խոստացել էին ստեղծել հատուկ նրանց համար «Վիեննական թագավորություն», եթե նրանք օգնեն գրավել քաղաքը։

 
Մեհմեդ IV սուլթան

1681-1682 թվականներին կտրուկ ավելացան Իմրե Տյոկյոլի ուժերի և ավստրիական կառավարական զորքերի միջև ընդհարումները։ Վերջինները ներխուժեցին Հունգարիայի կենտրոնական հատված, ինչն էլ պատերազմի պատճառ հանդիսացավ։ Մեծ վեզիր Կարա Մուստաֆա փաշան կարողացավ համոզել Մեհմեդ IV սուլթանին թույլատրել Ավստրիայի դեպ արշավանք իրականացնել։ Սուլթանը հրամայեց վեզիրին մտնել Հունգարիայի հյուսիս-արևելյան հատված և պաշարել Դյոր և Կոմարնա ամրոցները։ 1682 թվականի հունվարին սկսվեց թուրքական զորքերի մոբիլիզացիա, իսկ նույն թվականի օգոստոսի 6-ին Օսմանյան կայսրությունը պատերազմ հայտարարեց Ավստրիային։

Այդ ժամանակներում մատակարարման հնարավորությունները ցանկացած լայնամասշտաբ առաջխաղացում դարձնում էին ռիսկային։ Այդ դեպքում ընդամենը երեք ամիս հետո թուրքական զորքը ստիպված էր լինելու ձմեռել իր երկրից բավականին հեռու՝ թշնամու տարածքում։ Այդ իսկ պատճառով մոբիլիզացիայի սկսվելու մինչև գրոհն ընկած 15 ամիսների ընթացքում ավստրիացիները ակտիվորեն պատրաստվում էին պատերազմի։ Նրանք Կենտրոնական Եվրոպայի այլ պետությունների հետ դաշինքներ կնքեցին, ինչը վճռորոշ դեր կատարեց թուրքերին պարտության մատնելու գործընթացում։ Հենց այդ ձմեռ Լեոպոլդ I կայսրը դաշինք կնքեց Լեհաստանի հետ։ Նա պարտավորվեց օգնել լեհերին, եթե թուրքերը պաշարեն Կրակովը, իսկ լեհերն իրենց հերթին պարտավորվեցին օգնել Ավստրիային, եթե թուրքերը պաշարեն Վիեննան։

1683 թվականի մարտի 31-ին Հաբսբուրգների կայսերական պալատ է հասնում պատերազմ հայտարարելու նոտան։ Այն ուղարկել էր Կարա Մուստաֆա փաշան Մեհմեդ IV սուլթանի անունից։ Հաջորդ օրը թուրքական բանակը Էդիրնե դուրս է գալիս և մեկնում զավթողական արշավանքի։ Մայիսի սկզբին թուրքական զորքերը ժամանեցին Բելգրադ, իսկ այնուհետև շարժվեցին դեպի Վիեննա։ Հուլիսի 7-ին 40.000 ղրիմյան թաթարներ ավստրիական մայրաքաղաքից դեպի արևելք 40 կմ հեռավորության վրա ճամբար են տեղադրում։ Այդ շրջանում ավստրիացիները թվաքանակով երկու անգամ քիչ էին։ Առաջին ընդհարումներից հետո Լեոպոլդ I կայսրը 80.000 փախստականների հետ միասին նահանջում դեպի Լինց։

Լեհաստանի թագավորը, որպես օգնություն, 1683 թվականի ամռանը ժամանում է Վիեննա՝ այդպիսով ցուցադրելով իր պարտավորությունները կատարելու պատրաստակամությունը։ Հանուն այդ քայլի, նա նույնիսկ իր երկիրը թողեց անպաշտպան։ Որպեսզի իր բացակայության ընթացքում Լեհաստանը հեռու պահի օտարների ներխուժումներից, թագավորը նույնիսկ Իմրե Տյոկյոլին սպառնաց մինչև վերջ ոչնչացնել նրա հողերը, եթե վերջինս հարձակվի լեհական տարածքների վրա։

Վիեննայի պաշարում խմբագրել

Թուրքերի հիմնական ուժերը Վիեննայի մոտ ժամանեցին հուլիսի 14-ին։ Նույն օրը Կարա Մուստաֆան քաղաք է ուղարկում այն հանձնելու վերջնագիր[1][2]։

Կոմս Էռնստ Րյուդիգեր ֆոն Շտարեմբերգը, ով իր հրամանատարության ներքո ուներ 11.000 զինվոր, 5.000 կամավորական 370 հրանոթ, կտրականապես հրաժարվեց կապիտուլացիայի ենթարկվել։ Այդ պահից մի քանի օր առաջ նա տեղեկություն էր ստացել էր Վիեննայի հարավ տեղակայված Պերխտոլդսդորֆ քաղաքում տեղի ունեցած դաժան կոտորածի մասին։ Այդ քաղաքի իշխանությունները քաղաքը հանձնելու որոշում էին ընդունել, սակայն թուրքերը վերցնելով այն՝ կոտորած էին կազմակերպել[1][2]։

Վիեննայի բնակիչները քաղաքի պարիսպներից դուրս գտնվող տները քանդել էին, որպեսզի պաշարողներին թողնեն առանց պաշտպանիչ շինությունների։ Այդ քայլը հնարավորություն տվեց ավստրիացիներին թուրքերի վրա ուղղել սարսափեցնող կրակ, եթե վերջինները հարձակվեին։ Դրան ի պատասխան Կարա Մուստաֆան իր զինվորներին կրակից պաշտպանելու նպատակով հրամայեց քաղաքի ուղղությամբ փորել երկար խրամատներ[1]։

 
Թուրքական ծանր հեծելազորը Վիեննական ճակատամարտի ժամանակ

Չնայած որ թուրքերն ունեին 300 հրանոթից բաղկացած գերազանց հրետանի՝ Վիեննայի պարիսպները, որոնք կառուցվել էին տվյալ ժամանակահատվածի պաշտպանական կառույցների վերջին լուծումներով, բավականին ամուր գտնվեցին։ Այդ իսկ պատճառով թուրքերը ստիպված էին դիմել քաղաքային վիթխարի պարիսպների ականապատման[1][2]։

Թուրքական հրամանատարությունն ուներ քաղաքը գրավելու երկու տարբերակ՝ կա՛մ ամբողջ ուժերով ներխուժել ամրոց (ինչը շատ հնարավոր է, որ հանգեցներ թուրքերի հաղթանակի, քանի որ նրանց թվաքանակը 20 անգամ մեծ էր քաղաքի պաշտպանների թվաքանակից), կա՛մ պաշարել քաղաքը։ Թուրքերը ընտրեցին երկրորդ տարբերակը[1]։

Թվում է, թե թուրքերը անտրամաբանական գործեցին, սակայն լավ ամրացված քաղաքի գրոհը կարող էր շատ թանկ նստեր թուրքերի վրա մեծաթիվ կորուստներ ունենալու իմաստով։ Պաշարումը նվազագույն կորուստներով քաղաքը վերցնելու հրաշալի տարբերակ էր, և թուրքերի մոտ այդ նպատակը գրեթե իրականացավ։ Միակ հանգամանքը, որ նրանք հաշվի չէին առել, դա ժամանակն էր։ Վիեննայի գրավման նրանց գործողությունների դանդաղկոտությունը և դեպի Ավստրիայի խորքը անշտապ շարժվող զորքերի տեղաշարժերը հանգեցրեցին այն բանին, որ քրիստոնեաների հիմնական ուժերը հասան Վիեննա ժամանակին։

Թուրքերը փակել էին քաղաքին սննդամթերք մատակարարելու բոլոր ուղիները, որի հետևանքով Վիեննայի կայազորն ու բնակիչները հայտնվել էին անելանելի իրավիճակում։ Սովածությունն ու հոգնածությունը դարձան այնքան սուր խնդիրներ, որ կոմս ֆոն Շտարեմբերգը հրամայեց մահապատժի ենթարկել յուրաքանչյուրին, ով կքնի պահակակետում։ Օգոստոսի վերջին պաշարյալների ուժերը գրեթե ամբողջությամբ սպառվել էին, բայց հենց այդ ժամանակ Լոտարինյան դուքս Կառլ V-ը Վիեննայից դեպի հյուսիս-արևելք 5 կմ հեռավորության վրա գտնվող Բիզամբերգի մոտ ջախջախեց Իմրե Տյոկյոլին։

Սեպտեմբերի 6-ին լեհական բանակը Վիեննայից դեպի հյուսիս-արևմուտք 30 կմ հեռավորության վրա գտնվող Տուլն քաղաքի մոտ անցավ Դանուբ գետը և միացավ Սրբազան լիգայի մնացյալ զորքին, որի գործողություններն արդեն օրհնել էր Հռոմի պապ Ինոկենտիոս XI-ը։ Միայն Հաբսբուրգների հակառակորդ Լյուդովիկ XIV-ը ոչ միայն հրաժարվեց օգնել դաշնակիցներին, այլև օգտվելով ստեղծված իրավիճակից, հարձակվեց Հարավային Գերմանիայի վրա։

Սեպտեմբերի սկզբին թուրքական 5.000 հմուտ ականապատողներ մեկը մյուսի հետևից պայթեցրեցին քաղաքային պարսպի նշանակալի հատվածներ՝ Բուրգսկյան բաստիոնը, Լյոբելսկյան բաստիոնը և Բուրգսկյան պարսպի ետևի պաշտպանիչ հատվածները։ Արդյունքում առաջացան 12 մետր լայնությամբ բացվածքներ։ Ավստրիացիներն իրենց հերթին փորձում էին թունելներ փորել, որպեսզի խանգարեն թուրքական ականապատողներին։ Սակայն սեպտեմբերի 8-ին թուրքերն այնուամենայնիվ գրավեցին Բորգսկյան ետնապարիսպը։ Եվ այնուհետև, պաշարյալները սկսեցին պատրաստվել հենց քաղաքի ներսում մարտական գործողություններ վարելուն։

Հակամարտող կողմերի ուժեր խմբագրել

Օսմանյան կայսրության թվաքանակը կազմում էր մոտավորապես 200.000 մարդ։ Անմիջապես պաշարմամբ զբաղվում էին 18.000 ենիչերիներ, ևս 70.000 թուրքական զինվորներ հետևում էին շրջակա տարածքին[1][2]։

Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ին, երբ Լեհաստանի թագավոր և Լիտվիայի Մեծ իշխան Յան III Սոբեսկու հրամանատարությամբ Վիեննային մոտեցան Սրբազան լիգայի միացյալ ուժերը[1]։

  • 26.000 նրա անմիջական զորքերի զինվոր՝ թևավոր գուսարների 25 մարտկոց, զրահապատների 77 մարտկոց рот, թեթև հեծելազորի, հետևակի, դրագունների 31 մարտկոց, 28 հրանոթ և 250 հրետանավոր[5],
  • 18.400 ավստրիացիներ (որոնցից 8100-ը հեծելազոր), 70 հրանոթ Կառլ Vի հրամանատարությամբ,
  • 20.000 բավարական, ֆրանկոնյան և շվաբյան զինվոր 38 հրանոթով Գեորգ Վալդեացու հրմանատարությամբմ
  • 9.000 սաքսոնացիներ (որոնցից 7000-ը հեևակային էին) 16 հրանոթով Սաքսոնիայի կյուրֆյուրստ Յոհան Գեորգ III-ի հրամանատարությամբ,
  • 3.700 զոպորոժյան կոզակներ։

Ընդհանուր 84450մարդ (որոնցից 3000-ը պահպանում էին դմբկահարներին և պատերազմին չեն մասնակցել։

Ճակատամարտի նախաշեմին խմբագրել

Դաշնակից քրիստոնեական ուժերը ստիպված էին գործել արագ։ Պետք է փրկել քաղաքը թուրքերից, հակառակ դեպքում դաշնակիցները ստիպված էին իրենց սկսել պաշարել գրավյալ Վիեննան։ Չնայած դաշնակից ուժերի ազգային բազմազանության և զորքերի տարբերությունների՝ դաշնակիցներին հաջողվեց ընդամենը վեց շաբաթում ստեղծել զորքերի ղեկավարման մարմին։ Զորքի առանցքը դարձավ Լեհաստանի թագավորի հրամանատարությամբ գործող լեհական ծանր հեծելազորը։ Զինվորների մարտական ոգին բարձր էր, քանի որ նրանք գնում էին պատերազմի ոչ թե իրենց թագավորների շահերի համար, այլ հանուն քրիստոնեական հավատքի։ Նաև էական դեր խաղաց այն, որ ի տարբերություն խաչակրաց արշավանքների, պատերազմը ընթանում էր հենց Եվրոպայի սրտում։

Կարա Մուստաֆան իր ենթակայության ներքո ունենալով իրտրամադրության տակ բավարար ժամանակ, դաշնակից ուժերին դիմակայելու անհրաժեշտ հնարավորություններ, զինվորների բարձր մարտական ոգի, չկարողացավ ինչպես հարկն է օգտվել այդպիսի հնարավորությունից։ Նա թիկունքի պաշտպանությունը վստահեց ղրիմյան խանին ու նրա հեծելազորին, որը կազմված էր 30-40 հազար հեծյալից։

 
Յան Սոբեսկին Վիեննայի պարիսպների մոտ (հեղինակ՝ Յուլիուշա Կոսակա)

Խանը թուրքական գերագույն հրամանատարի կողմից իրեն նվաստացած և վիրավորված էր զգում, այդ իսկ պատճառով հրաժարվեց իրենց մոտով դեպի լեռներ ընթացող լեհական զորքերին։ Հարկ է նշել նաև, որ բացի թաթարները չէլի ուժեր կային, որոնք չէին ենթարկվում Կարա Մուստաֆային։

Թաթարներից բացի թուրքերը չէին կարող հույս դնել նաև մոլդովացիների ու վալախների վրա, որոնք Օսմանյան կայսրությունը չսիրելու հիմնավոր պատճառներ ունեին։ Թուրքերը ոչ միայն Մոլդովիան ու Վալախիան դրել էին ծանր հարկի տակ, այլ նաև մշտապես խառնվում էին նրանց ներքին գործերին՝ գահընկեց անելով նրանց տեղական առաջնորդներին և նշանակելով իր խամաճիկներին։ Երբ Մոլդովայի և Վալախիայի իշխանները տեղեկացան սուլթանի նվաճողական արշավանքների մասին, նրանք փորձեցին այդ մասին զգուշացնել Հաբսբուրգներին։ Նրանք նաև փորձում էին պատերազմին մասնակցելուց խուսափել, սակայն թուրքերը ստիպեցին նրանց։ Առկա են բազմաթիվ առասպելներ այն մասին, որ մոլդովացի և վալախացի հրետանավորները իրենց հրանոթները լիցքավորել են ծղոտով ու այդպես կրակել պաշարված Վիեննայի ուղղությամբ։

Այդ բոլոր հակասությունների պատճառով դաշնակցային բանակը կարողացել է մոտենալ Վիեննային։ Լոտարինյան դուքս Կառլ V-ը գերմանական տարածքներից հավաքեց զորք, որը նաև համալրվեց և ուժեղացավ Սոբեսկիի բանակի ժամանումով։ Վիեննայի պաշարման վեցերորդ շաբաթն էր ընթանում, երբ դաշնակցային բանակը ժամանեց Դանուբի հյուսիսային ափ։ Սրբազան լիգայի զորքերը ժամանեցին Կալենբերգ (Ճաղատ լեռ), որը լեռներում իշխող դիրք ուներ։ Նրանք պաշարյալներին տեղեկացրեցին իրենց ժամանման մասին ազդանշանային հրթիռների միջոցով։ Դաշնակիցները ռազմական խորհրդում որոշեցին բարձրանալ Դանուբի հոսանքն ի վեր 30 կմ և անցնելով գետը՝ Վիեննական անտառների կողմից մոտենալ քաղաքին։ Սեպտեմբերի 12-ի վաղ առավոտյան՝ բուն ճակատամարտից առաջ, լեհական թագավորի ու նրա կնոջ պատվին իրականացվում է ժամերգություն։

Ճակատամարտ խմբագրել

 
Վիեննական ճակատամարտ, հեղինակ՝ Յոզեֆ Բրանդտա

Ճակատամարտը սկսվեց այն բանից հետո, երբ քրիստոնեաների բոլոր ուժերը տեղաբաշխվեցին։ Առավոտյան ժամը 4-ին թուրքերը հարձակվեցին, որպեսզի դաշնակիցներին խոչընդոտեն իրենց ուժերը լավ դասավորել։ Կառլ Լոթարիացին և ավստրիական զորքերը ձախ թևում ձեռնարկեցին հակագրոհ, իսկ գերմանացիները գրոհեցին թուրքերի կենտրոնը։

Այդ ժամանակ Կարա Մուստաֆան իր հերթին հակագրոհ ձեռնարկեց՝ թուրքական ենիչերների մի մասը թողնելով քաղաքի գրոհի համար։ Նա ցանկանում էր գրավել Վիեննան նախքան Սոբիսկու ժամանումը, սակայն արդեն ուշ էր։ Թուրքական ականապատողները արդեն վերջացրել էին քաղաքային պարիսպների պայթեցման նպատակով պայթուցիչների տեղադրում, սակայն պայթյունի ուժգնությունը մեծացնելու նպատակով տեղադրված ռումբերը դեռևս ծածկում էին հողով և ավազով։ Ավստրիացները կարողացան փորել հակառակ կողմից թունել և ժամանակին չեզոքացնել ականները[6]։

Մինչ թուրքական և ավստրիական ականապատողներն ու ականազերծողները պայքարում էին արագության գործոնով, վերևում ընթանում էր կատաղի ճակատամարտ։ Լեհական հեծելազորը հոըժկու հարված հասցրեց թուրքերի աջ թևին։ Վերջիններս շեշտը դրել էին ոչ թե դաշնակցային զորքերի ջախջախման վրա, այլ քաղաքի շուտափույթ գրավման։ Այդ սխալն էլ հենց նրանց ձախողեց։

12 ժամյա ճակատամարտից հետո լեհերը շարունակում էին ամուր դիրքավորվել աջ թևում։ Քրիստոնեական հեծելազորը ամբողջ օրը կանգնած էր բլուրների վրա՝ հետևելով ճակատամարտին, որում հիմնականում դեռևս մասնակցում էր հետևակը։ Մոտավորապես ժամը 17-ին չորս մասին բաժանված հեծելազորը անցավ հարձակման։ Այդ չորս մասերից մեկը կազմված էր ավստրո-գերմանական հեծյալներից, իսկ մնացած երեքը՝ լեհերից ու Լիտվիայի Մեծ իշխանության քաղաքացիներից։ 20.000 հեծյալից կազմված հեծելազորը (պատմության ամենախոշոր հեծելազորային գրոհներից մեկն է) Յան Սոբիսկու անմիջական հրամանատարությամբ իջնում է բլուրներից և ճեղքում թուրքերի շարքերը, որոնք առանց այդ էլ ամբողջ օրը հոգնելուց հետո բաժանվել էին երկու մասի։ Քրիստոնեական հեծյալները հարվածեցին ուղիղ թուրքական ճամբարին։ Այդ պահին Վիեննայի կայազորը դուրս եկավ քաղաքից և միացավ հակագրոհին[6]։

Օսմանյան զորքերը ոչ միայն ֆիզիկապես հյուծված էին, այլև նրանց մարտական ոգին ընկել էր այն բանից հետո, երբ Վիեննայի պարիսպները պայթեցնելու փորձը ձախողվեց, և իրենք չկարողացան ներխուժել քաղաք։ Հեծելազորի հարձակումը նրանց ստիպեց նահանջել դեպի հարավ և արևելք։ Հեծելազորի հարձակումից առնվազն երեք ժամ անց քրիստոնեաները հասան լիակատար հաղթանակի և փրկեցին Վիեննան։

Ճակատամարտից հետո Յան Սոբեսկին վերաձևակերպեց Կեսարի արտահայտած «Veni, vidi, vici» (թարգմանաբար՝ «Եկա, տեսա, հաղթեցի») արտահայտությունը՝ ասելով «Venimus, Vidimus, Deus vicit», այսինքն՝ «Մենք եկանք, մենք տեսանք, Աստված հաղթեց»[6]։

Ճակատամարտի հետևանքներ խմբագրել

 
Վերադարձ Վիեննայից, հեղինակ Յոզեֆ Բրանդտա

Թուրքերը կորուստները կազմում էին շուրջ 15.000 սպանված և վիրավոր և ավելի քան 5.000 մուսուլման գերի ընկավ։ Բացի այդ, դաշնակիցները վերցրեցին նաև օսմանյան բոլոր հրանոթները։ Դաշնակիցները կորուստները կազմեցին 4.5 հազար մարդ։ Չնայած թուրքերը շտապ կարգով նահանջեցին, այնուամենայնիվ նրանք հասցրին սպանել ավստրիացի բոլոր գերիներին՝ բացառությամբ մի քանի ազնվականի, որոնց թողեցին այն հաշվարկով, որ նրանց դիմաց փրկագին կստանան։

Քրիստոնեաների ձեռքում հայտնված ավարը հսկայական էր։ Մի քանի շաբաթ անց Յան Սոբեսկին իր կնոջն ուղղված նամակում գրում է՝

«Մենք գրավեցին չլսված քանակությամբ հարստությո... վրաններ, ոչխարներ, կովեր և մեծ քանակությամբ ուխտեր... այդ պատերազմում, որին հավասարը չի եղել, թշնամին պարտվեց և կորցրեց ամեն ինչ։ Նրանց մնում էր միայն փախչել՝ փրկելով սեփական կյանքը... Հրամանատար Շտարբերգը գրկեց և համբուրեց ինձ և կոչեց ինձ իր փրկիչ»։

Այս բուռն զգացմունքային խոսքրը չխանգարեցին Շտարեմբերգին հրամայել անմիջապես վեերականգնել Վիեննայի վնասված պարիսպները, որպեսզի պատրաստ լինեն թուրքական հնարավոր հակահարձակմանը։ Այնուամենայնիվ հարձակում այդպես էլ չեղավ։ Վիեննայի ճակատամարտի հաղթանակը Հունգարիայի և Բալկանյան մի քանի երկրների նվաճման սկիզբ հանդիսացավ։

1699 թվականի Ավստրիան Օսմանյան կայսրության հետ կնքեց թագավորական խաղաղության պայմանագիր։ Դրանից առաջ թուրքերը հաշվեհարդար տեսան խայտառակ պարտություն կրած Կարա Մուստաֆայի հետ։ 1683 թվականի դեկտեմբերի 25-ին ենիչերների հրամանատարի կարգադրությամբ Բելգրադում մահապատժի ենթարկեցին Կարա Մուստաֆային։ Նրան վերջույթներից կապել էին մետաքսյա պարաններ, որոնցից յուրաքանչյուրը ձգում էին մի քանի մարդ։

Հայերի մասնակցությունը ճակատամարտին խմբագրել

Վիեննայի ճակատամարտին հայերի մասնակցության մասին հայտնում է լեհահայ Սադոկ Բարոնչը[7], որը, խոսելով ճակատամարտին մասին, հայտնում է, որ. «Այդ գործին միացան 5.000 ալեբարդակիր հայեր և ըստ երևույթին դա վերջին անգամ էր, որ նրանք հավաքվում էին այդքան մեծ քանակությամբ»` այս խոսքերը հաստատելով «79-րդ» հղումով։ Հիշատակված հղումի տողատակում համապատասխանող տեղում էլ գրված է, որ այս տեղեկությունը նա վերցրել է մի անանուն հեղինակի նամակից, ուղղված ինչ որ մեկին Սիլեզիայում և թվագրված է՝ 1683 թվականի օգոստոսի 27-ով։ Այդ նամակում ասվում է. «Այնտեղ էին նաև 5.000 հայեր, որոնք առանձնանում էին։ Նրանք երկար, կարմիր գլխարկներ և թևնոցներ, ինչպես նաև երկար տաբատներ ունեին, կարծես վոլխովներ լինեին, իսկ զենքերից էլ նրանք կրում էին մուշկետներ և տապարներ։ Նրանք նաև վրան խաչն ու իրենց զինանշանը պատկերող դրոշներ ունեին[8]»:

Ճակատամարտի պատմական նշանակություն խմբագրել

 
Յան Սոբիսկու և Լեոպոլդ I-ի հանդիպումը
հեղինակ Արթուր Գրոտեր

Չնայած այն ժամանակ դեռևս ոչ ոք չէր կանխատեսում, բայց Վիեննայի ճակատամարտը վճռեց ամբողջ պատերազմի ելքը։ Հետագա 16 տարիների ընթացքում թուրքերը անօգուտ կռվում էին՝ կորցնելով Հունգարիան և Տրանսիլվանիան, մինչև որ վերջնականապես չընթունեցին սեփական պարտությունը։ Պատերազմի ավարտը հաստատվեց Թագավորական խաղաղության համաձայնագրով[3]։

Լյուդովիկոս XIV-ի վարած քաղաքականությունը կանխորոշեց առաջիկա մի քանի հարյուր տարվա պատմության ընթացքը. գերմանախոս երկրները ստիպված էին պատերազմել և՛ Արևմտյան, և՛ Արևելյան ճականերում։ Մինչ գերմանական զորքերը կռվում էին Սրբազան լիգայի կազմում, Լյուդովիկը օգտվեց այդ առիթից և գրավեց Լյուքսեմբուրգը, Էլզասը և Ստրասբուրգը, Գերմանիայի հարավում ոչնչացրեց հսկայական տարածքներ։ Իսկ Ավստրիան չկարողացավ որևէ օգնություն ցույց տալ գերմանացիներին Ֆրանսիայի դեմ պատերազմում, քանի դեռ ընթանում էր թուրքերի հետ պատերազմը։

 
Սոբեսկին նամակ է ուղարկում Հռոմի Պապին հաղթանակի մասին
Յան Մատեյկո

1906 թվականին Վիեննայի հյուսիսում՝ Կալենբուրգ բլրի գագաթին, ավստրիացիները Յան Սոբեսկու պատվին կառուցեցին Սուրբ Իոսիֆի եկեղեցի[9]։ Վիեննա - Վարշավա երկաթուղային գիծը նույնպես անվանվեց Յան Սոբիսկու պատվին։ Սոբեսկու վահան համաստեղությունը նույնպես անվանվել է նրա պատվին։

Պատերազմից հետո լեհ-ավստրիական բարեկամությունը երկար չտևեց, քանի որ Կառլ V Լոթարինգցին սկսեց թերագնահատել պատերազմում Յան III Սոբիսկու և նրա լեհական զորքերի դերը։ Ոչ Սոբեսկին և էլ Ռեչ Պոսպոլիտան Ավստրիայի փրկությունից ոչինչ չշահեցին։ Ընդհակառակը, նՎիեննայի ճակատամարտում ավստրիացիների հաղթանակը Ավստրիական կայսրության ստեղծման (1804-1867) և Ռեչ Պոսպոլիտանի անկման հիմք հանդիսացավ։ 1772 և 1795 թվականներին Հաբսբուրգները մասնակցեցին Ռեչ Պոսպոլիտայի առաջին և երրորդ բաժանմանը, որի արդյունքում այդ պետությունը անհետացավ Եվրոպայի քաղաքական քարտեզից։ Պատկերավոր է Ռուսաստանի կայսեր Նիկոլայ I-ի հետևյալ արտահայտությունը. - «Լեհական թագավորներից ամենահիմարը եղել է Յան Սոբիսկին, իսկ ռուսական կայսրերից ամենահիմարը եղել եմ ես։ Սոբիսկին այն բանի համար, որ 1683 թվականի փրկեց Ավստրիան, իսկ ես այն բանի համար, որ փրկեցի այն 1848 թվականին»։ Նա նկատի ուներ այն, որ Ղրիմի պատերազմում Ռուսաստանը պարտվեց առաջին հերթին Ավստրիայի ուխտադրժության պատճառով. Ռուսաստանը իր զորքերի կեսը ստիպված էր պահել Ավստրիայի հետ սահմանին, որպեսզի խուսափի թիկունքից հարվածից։

Ճակատամարտի կրոնական նշանակություն խմբագրել

Մուսուլմանների հանդեպ տարած հաղթանակի հիշատակի պատվին Հռոմի պապ Ինոկենտիոս XI-ը հաստատեց կաթոլիկ եկեղեցու տարածքում Չենստհովսկյան Աստվածածնի սրբապատկերի տոնի նշումը։ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու տոնացույցում այդ տոնը նշվում է սեպտեմբերի 12-ին։

1711 թվականին Վիեննայի Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի համար ճակատամարտի ժամանակ գրավված զենքերից ձուլվել է զանգ։

Ճակատամարտի արտացոլումը մշակույթում խմբագրել

Առասպելի համաձայն` հենց Վիեննայի ճակատամարտից հետո են սկսել քաղաքում սուրճ խմել։ Հայտնի է, որ Վիեննայի առաջին սրճարանները բացվել են հայ առևտրականների կողմից։ Առաջին սրճարանը 1685 թվականի հունվարի 17-ին գործարկել է Յոհանես Դիոդատոն (իրական անունը՝ Հովհաննես Աստվածատուր)[10][11][12], հաջորդը 1697 թվականի մարտի 23-ին բացել է ծնունդով երևանցի[13][14] Իսահակ դե Լուկան (իրական անունը՝ Սահակ Ղուկասյան)։ Հենց նա է եղել նաև «Երկնագույն տափաշշի ներքո» մեկ այլ վիեննական սրճարանի սեփականատերը, որը բացվել է 1703 թվականին[15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27]։

Ճակատամարտի արտացոլումը երաժշտությունում խմբագրել

  • Ավստրիացի կոմպոզիտոր Յոհան Յոզեֆ Ֆուքսը Վիեննայի ճակատամարտը անմահացրել է իր Turcaria պարտիտում, որն ունի «1863 թվականին թուրքերի կողմից Վիեննայի պաշարման երաժշտական նկար» ենթաբաժին[28]։
  • Վիեննայի ճակատամարտի և ավստրիական կողմի հաղթանակի ապահովման գործում թևավոր գուսարների ներդրմանն է նվիրված «Սաբատոն» երաժշտական խմբի «The Last Stand» ալբոմի «Winged Hussars» երգը։

Ճակատամարտի արտացոլումը կինոմատոգրաֆիայում խմբագրել

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Առաջին պաշարումը տեղի է ունեցել 1529 թվականին:
  2. Օսմանյան կայսրությունը մի քանի տարիների ընթացքում մանրակրկիտ պատրաստվել է պատերազմին։ Թուրքերը վերանորոգում էին դեպի Ավստրիա տանող ճանապարհներն ու կամուրջները, ինչպես նաև այն ուղիները, որոնք տանում էին դեպի սեփական զորքերին մատակարարող ռազմակայաններ, որտեղ տեղափոխում էին զինամթերք, զինվորական հանդերձանք և հրետանի։
  3. Ժամանակակից արևելյան Սլովակիա և հյուսիս-արևելյան Հունգարիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Bruce, George (1981). Harbottle's Dictionary of Battles. Van Nostrand Reinhold. ISBN 0-246-11103-8(անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Stoye, John (2007). The Siege of Vienna: The Last Great Trial between Cross & Crescent. Pegasus Books. s. 175.(անգլ.)
  3. 3,0 3,1 Top 10 Most Important Battles in History.(անգլ.)
  4. Tucker, Spencer C. (2011). Battles That Changed History: An Encyclopedia of World Conflict. ABC-CLIO. s. 216. ISBN 978-1-59884-429-0.(անգլ.)
  5. Павел Кузнецов. Лев Лехистана против Чёрного Мустафы // Вокруг света, 2008.(ռուս.)
  6. 6,0 6,1 6,2 Е. П. Карнович. Очерки и рассказы из старинного быта Польши. Ян Собеский под Веною.(ռուս.)
  7. «Rys dziejów ormiańskich», Barącz S., Tarnopol, 1869․ («Հայոց պատմության ուրվագծեր», Բարոնչ Ս., (լեհերեն), Տեռնոպոլ, 1869․)
  8. «Zbieracz literacki Kraków», 1838 T. IV. str. 94 (Կրակովի գրական հավաքածու, 4-րդ հատոր, 94-րդ էջ.)
  9. Witold Gostyński. Wiedeń — przewodnik. — Варшава : Wydawnictwo Sport i turystyka, 1985.(լեհ.)
  10. Rudolf Vierhaus Kraatz - Menge. Том 6, 2006, стр. 576
  11. Iveta Kasalová Kaffeehauskultur in Wien – im Wandel Вена, 2012, стр. 17(գերմ.)
  12. «Թաքնված Հայաստան։ Պասկալ և Դիոդատո | Hidden Armenia: Pascal & Diodato». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  13. Rudolf Vierhaus Kraatz - Menge. Том 6, 2006, стр. 576.(գերմ.)
  14. Iveta Kasalová Kaffeehauskultur in Wien – im Wandel Вена, 2012, р. 17.(գերմ.)
  15. Peter Noever, Global Lab, Distributed Art Pub Incorporated, 2009, р. 9.(գերմ.)
  16. Éva R. Bajkay, Zeit des Aufbruchs: Budapest und Wien zwischen Historismus und Avantgarde : eine Ausstellung des Kunsthistorischen Museums Wien in Zusammenarbeit mit dem Collegium Hungaricum, Kunsthistorisches Museum, 2003, р. 226.(գերմ.)
  17. Paul Hofmann, The Viennese: Splendor, Twilight, and Exile, Doubleday, 1989, стр. 62.(գերմ.)
  18. Lillian Schacherl, Vienna, Prestel, 1993, р. 20.(գերմ.)
  19. Ina Baghdiantz McCabe, Orientalism in Early Modern France: Eurasian Trade, Exoticism, and the Ancien Régime, Berg, 2008, р. 195—196.(գերմ.)
  20. Harold B. Segel, The Vienna Coffeehouse Wits, 1890-1938, Purdue University Press, 1993, р. 8.(գերմ.)
  21. Johannes Ebert, Knut Görich, Die große Chronik Weltgeschichte: Absolutismus, Aufklärung und Revolution : 1648 - 1793, Wissenmedia Verlag, 2008, р. 103.(գերմ.)
  22. Mark Pendergrast, Uncommon Grounds: The History of Coffee and How It Transformed Our World, Basic Books, 2010, р. 10.(անգլ.)
  23. Brigitte Beier, Neue Chronik der Weltgeschichte, Wissenmedia Verlag, 2007, р. 425.(գերմ.)
  24. Mădălina Diaconu, Sensorisches Labor Wien: urbane Haptik- und Geruchsforschung, LIT Verlag Münster, 2011, р. 180.(գերմ.)
  25. Peter Csendes, Ferdinand Opll, Karl Vocelka, Wien: Die frühneuzeitliche Residenz (16. bis 18. Jahrhundert), Böhlau Verlag Wien, 2003, р. 442.(գերմ.)
  26. Hans Jürgen Teuteberg, Die Revolution am Esstisch: neue Studien zur Nahrungskultur im 19.-20. Jahrhundert, Franz Steiner Verlag, 2004, р. 180.(գերմ.)
  27. Ursula M. Becker, Kaffee-Konzentration: zur Entwicklung und Organisation des hanseatischen Kaffehandels, Franz Steiner Verlag, 2002, р. 37.(գերմ.)
  28. «Fux — Alla turca». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.(անգլ.)

Օգտագործված գրականություն խմբագրել

  • Мональди Р., Сорти Ф. Imprimatur: В печать. — (Серия: Исторический детектив). — М: АСТ; АСТ Москва; Транзиткнига, 2006. — ISBN 5-17-033234-3 ; 5-9713-1419-X ; 5-9578-2806-8
  • Малик, Владимир Кириллович Шёлковый шнурок. — М.: Детская литература, 1985.
  • Новичев, Арон Давидович История Турции. Т. 1. — Л: Изд-во ЛГУ, 1963.
  • Подхородецкий Л. Вена, 1683. — Пер. с польск. — М: АСТ, 2002. — ISBN 5-17-014474-1
  • Эмиддио Дортелли Д'Асколи Описание Чёрного моря и Татарии. / Пер. Н. Пименова. Предисл. А. Л. Бертье-Делагарда. — Записки Одесского общества истории и древностей. Т. 24. — Одесса: «Экономическая» тип. и лит., 1902.
  • Тарас Васильевич Чухлиб Вена 1683: Украина-Русь в битве за «золотое яблоко» Европы. — Киев: Клио, 2013. — ISBN 978-617-7023-03-5