Վիեննայի պաշարում (1529)
Վիեննայի 1529 թվականի պաշարում, Օսմանյան կայսրության՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան գրավելու առաջին փորձ։ Պաշարման ձախողված փորձը հանգեցրեց թուրքերի դեպի Կենտրոնական Եվրոպա արշավանքների ժամանակավորապես դադարի, այնուամենայնիվ, դեռևս 150 տարի ընդհարումներ և բախումներ տեղի ունեցան, որոնք ավարտվեցին իրենց գագաթնակետին հասան 1683 թվականին, երբ տեղի ունեցավ Վիեննայի ճակատամարտը[1][2]։
Թվական | 1529 թվականի 27-ից - 14-ը |
---|---|
Մասն է | Ավստրո-թուրքական պատերազմ (1529-1533) |
Վայր | Վիեննա, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Արդյունք | Քրիստոնեական դաշինքի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Սրբազան Հռոմեական կայսրություն բոհեմյան, գերմանական և իսպանական վարձկաններ | Օսմանյան կայսրություն Մոլդովական իշխանություն |
Հրամանատարներ | |
Վիլհեյմ ֆոն Ռոգենդորֆ Զալմի կոմս Նիկլաս | Սուլեյման I Փարախլի Իբրահիմ փաշա |
Կողմերի ուժեր | |
Մոտ 16.000-17.000 զինվոր | Մինչև 120.000 զինվոր |
Ռազմական կորուստներ | |
Անհայտ (քաղաքացիական շրջանում մեծ կորուտներ) | Մոտ 15.000 զինվոր |
Ընդհանուր կորուստներ |
Նախաբան
խմբագրել1526 թվականի օգոստոսին սուլթան Սուլեյման I-ը Մոհաքսի ճակատամարտում ջախջախեց հունգարական թագավոր Լյուդովիկ II Յագելոնին։ Դրանից հետո թուրքերի իշխանության տակ է հայտնվում Հունգարիայի հարավային մասը։ Սակայն Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ V-ի եղբայրը՝ Ավստրիայի էրցհերցոգ Ֆերդինանդ I Հաբսբուրգը, հունգարական գահի նկատմամբ իր հավակնություններն է ներկայացնում։ Նրա կինը՝ Աննան, հանդիսանում էր սպանված անժառանգ Լյուդովիկ II-ի հարազատ քույրը[3]։ Այնուամենայնիվ, Ֆերդինանդին հաջողվեց ճանաչում ստանալ միայն Հունգարիայի արևմտյան մասի նկատմամբ։ Երկրի հյուսիս-արևելքում Ֆերդինանդին հակառակորդ հայտնվեց՝ Յանոս Զապոլիան, ում Սուլեյման I սուլթանը ճանաչեց Հունգարիայի թագավոր և իր վասալ։ Ֆերդինանդ I-ը նույնպես հռչակվեց Հունգարիայի թագավոր, և գրավեց Բուդուն, հետագա երկու տարիների ընթացքում թուրքերը ետ գրավեցին նրա կողմից գրավված հունգարական բոլոր տարածքները[1][3]։
Սուլթանի նվաճողական պատրաստությունները
խմբագրել1529 թվականի գարնանը Սուլեյմանը Բուլղարիայում կազմավորում է հզոր բանակ։ Նա մտադրված էր Հունգարիան վերցնել իր լիակատար վերահսկողության տակ և թուլացնել Հաբսբուրգ եղբայրների ուժերը։ Նրա զորքերի թվաքանակը կազմում էր մոտավորապես 120.000: Բացի ենիչերական գնդերից, օսմանյան բանակի կազմում ընդգրկվեցին նաև մոլդովական և սերբական զորամասերը։ Սուլեյման առաջինի բանակի հրամանատարությունն իր վրա վերցրեց անձամբ սուլթանը, իսկ ապրիլին իր վեզիր, նախկին հունական ստրուկ Իբրահիմ փաշային նշանակեց թուրքական բանակի հրամանատար (սերասկյար) և սուլթանի անունից հրամաններ արձակելու լիազորություններ տվեց[1][4][5][6]։
1529 թվականի մայիսի 19-ին թուրքական զորքերը դուրս եկան արշավանքի, սակայն հենց ամենասկզբից իրադրությունը իրենց դեմ էր։ Այդ գարնանը առավել հորդառատ անձրևներ էին գալիս։ Բուլղարիայում սկսվեց ջրհեղեղ, և ջուրը փակեց ճանապարհները։ Ցեղի մեջ թաղվեցին բազմաթիվ հրանոթներ և ուխտեր, որոնք ստիպված թողեցին նույն տեղում[3][4][5][6][7]։
Օգոստոսի 6-ին թուրքերը մտան հունգարական տարածք։ Օգոստոսի 18-ին սուլթանի մոտ է գալիս Յանոս Զապոլիան։ Նա հաստատեց իր ենթակայությունը սուլթանին և օգնեց նրան ավստրիացիներից վերցնել մի քանի ամրոց։ Արդեն սեպտեմբերի 8-ին թուրքերը գրավեցին Բուդուն[3][4][5][6][7]։
Ավստրիացիների պաշտպանվողական պատրաստությունները
խմբագրելԹուրքական զորքերի առաջխաղացմանը զուգահեռ Վիեննայի կայազորը պատրաստվում էր պաշարման։ Ավստրիացիները գիտեին, որ թուրքերն իրենց չեն խնայի։ Նրանք այդ համոզմունքին էին հանգել այն բանից հետո, երբ թուրքերը կոտորել էին Բուդայի ամբողջ ավստրիական կայազորը։ Ֆերդինանդ I-ը շտապ կարգով մեկնեց Բոհեմիա և օգնության խնդրանքով դիմեց իր եղբորը՝ Կառլ V-ն։ Սակայն վերջինը Ֆրանսիայի դեմ վարում էր ծանր պատերազմ և չէր կարող Ֆերդինանդին էական օգնություն ցուցաբերել։ Կառլ հինգերորդը եղբորը տրամադրեց մի քանի իսպանական հեծելազորային զորամասեր[1][1]։
Ավստրիայի մարշալ Վիլհեյմ ֆոն Ռոգենդորֆը իր վրա է վերցնում Վիեննայի պաշտպանությունը։ Նա իր տեղակալ է նշանակում 70-ամյա գերմանական վարձկան Զալմի կոմս Նիկլասին, ով դրականորեն աչքի էր ընկել 1525 թվականին տեղի ունեցած Պավիայի ճակատամարտում։ Զալմը Վիեննա ժամանեց գերմանական անդսկնեխտների և իսպանական հրացանակիրների գնդերի ուղեկցությամբ և անմիջապես սկսեց Վիեննայի քաղաքային պարիսպների ամրացման աշխատանքներ։ Նա կարգադրեց զմրսել քաղաքային բոլոր չորս դարպասները և ամրացնել պատերը, որոնց հաստությունը որոշ տեղերում հազիվ 2 մետր էր։ Նա նաև հրամայեց կառուցել հողե բաստիոն և քանդել բոլոր տները, որոնք կխանգարեն շինարարությանը[1]։
Պաշարում
խմբագրելՍեպտեմբերի վերջին օսմանյան բանակը մոտեցավ Վիեննայի պարիսպներին։ Սակայն թուրքերի դրությունը այնքան էլ լավ չէր։ Եվրոպական բնությունը նրանց դեմ էր։ Բալկանյան թերակղզով դեպի Ավստրա տանող ճանապարհին թուրքերը կորցրեցին մեծ քանակությամբ ծանր հրետանի, որոնք նախատեսված էին Վիեննայի պարիսպների ոչնչացման համար։ Բազմաթիվ գետեր դուրս էին եկել հունից, և ճանապարհները ողողվել էին ջրով։ Սպառազինությունը խրվում էր ցեղերի մեջ և խորտակվում ճահիճներում։ Սատկեցին հարյուրավոր ուխտեր, որոնք տեղափոխում էին զենք, զինամթերք և սպառազինություն[6][7]։
արդյունքում, թուրքական բանակը Վիեննա հասավ զգալիորեն թուլացած։ Թուրքերի շրջանում տարածված էին հիվանդություններ, և բազմաթիվ զինվորներ ի վիճակի չէին կռվել։ Եվ այնուամենայնիվ, Իբրահիմ փաշան, կանգնելով Վիեննայի մոտ, պաշարյալների մոտ ուղարկեց ճոխ հագնված երեք եվրոպացու, որպեսզի նրանց համոզեն քաղաքը հանձնել։ Որպես պատասխան՝ Զալմի կոմս Նիկլասը փաշային ուղարկեց երեք ճոխ հագնված մուսուլման առանց որևէ առաջարկի, ինչն արդեն պատասխան էր հանդիսանում[6][7]։
Փոխադարձ առաջարկներից հետո պաշարումը սկսվեց։ Թուրքական հրետանին սկսեց փորձել քանդել պարիսպները, սակայն թուրքական հրետանավորները այդպես էլ չկարողացան որևէ էական վնաս հասցնել ավստրիական հողե ամրություններին։ Նույնիսկ թուրքերի նետաձիգները չկարողացան որևէ լուրջ վնաս հասցնել ավստրիացիներին։ Դեպի քաղաք տանող ուղիներ բացելու կամ ստորգետնյա ականապատ թունելներ փորելու փորձերընույնպես ունեցան լիակատար ձախողում։ Պաշարյալնեերը մշտապես կազմակերպում էին հանկարծակի գրոհներ և փլուզում էին փորված խրամատներն ու թունելները։ Այդպիսի գրոհներից մեկի ժամանակ ավստրիացիներին քիչ էր մնում գերևարել Իբրահիմ փաշային։ Նրանք նաև հայտնաբերեցին և ոչնչացրեցին մի քանի ականապատ երթուղիներ, իսկ հոկտեմբերի 6-ին շուրջ 8.000 եվրոպացիներ քաղաքից դուրս իրականացրեցին հանկարծակի գրոհ և ոչնչացրեցին թուրքերի բազմաթիվ ստորգետնյա ուիներ։ Սակայն նահանջի ժամանակ նրանք նույնպես ունեցան մեծ կորուստներ[6][7]։
Հոկտեմբերի 11-ին սկսվեց ուժեղ հեղեղ։ Քաղաքային պարիսպները պայթեցնելու թուրքերի պլանները ամբողջությամբ ձախողվեցին, և նրանց հաղթանակ տանելու շանսերը էականորեն նվազեց։ Սպառվեցին թուրքերի սննդամթերքի պաշարները, աճեց դասալիքների, ինչպես նաև մահացածների և հիվանդների թիվը։ Ծանր վիճակի մեջ հայտնվեցին նույնիսկ ենիչերների զորամասերը[6][7]։
Ստեղծված իրավիճակում Իբրահիմ փաշային այլ բան չէր մնում անել, քան նահանջելը։ Հոկտեմբերի 12-ին նա հրավիրեց ռազմական խորհրդի նիստ, որտեղ առաջարկեց կատարել գրոհի վերջին փորձը։ Նա խոստացավ զինվորներին հաջողություն ունենալու դեպքում բարձրացնել նրանց պարգևավճարները։ Սակայն այդ գրոհն էլ հետ շպրտվեց։ Եվրոպական արկեբուզերները (պատրույգավոր չախմախավոր հրացանակիրներ) և պիկինյորները (երկարասուսերավորներ) հեշտությամբ ետ մղեցին գրոհը։ Հոկտեմբերի 14-ի գիշերը պաշարյալներին լսելի դարձան ահասարսուռ ձայներ. թուրքերը նահանջից առաջ կոտորում էին գերիներին[6][7]։
Թուրքերի հեռացումը պաշարյալները ընդունեցին որպես հրաշք։ Երբ թուրքերն արդեն նահանջում էին, սկսվեց ձյուն տեղալ, ինչը այդ տեղանքի համար տվյալ ժամանակահատվածում հազվադեպ էր լինում։ Նրանք ստիպված ռազմի դաշտում թողեցին մեծ քանակությամբ հրանոթներ և սպառազինություն։ Դանուբի վրա գտնվող թուրքական նավատորմը նույնպես հարձակման ենթարկվեց։ Բազմաթիվ թուրքեր զոհվեցին նահանջի ճանապարհին առաջացած փոքր ընդհարումների ժամանակ[6]։
Խաղաղության հաստատում
խմբագրելԱյն բանից հետո, երբ Ֆերդինանդը համաձայնվեց օսմաններին հանձնել ռազմավարական նշանակություն ունեցող Էստերգոմ ամրոցը, հունիսի 22-ին Սրբազան Հռոմեական կայսրության և Օսմանյան կայսրության միջև կնքվեց խաղաղության համաձայնագիր։ Պայմանագրով Ֆերդինանդը հրաժարվում էր հունգարական թագից՝ պահպանելով միայն Հունգարիայի այն հատվածը, որը գտնվում էր Հաբսբուրգների վերահսկողության ներքո։ Ֆերդինանդը այդ տարածքի համար պարտավոր էր տարեկան 30.000 դուկատ հարկ վճարել։ Ֆերդինանդի և Զապոլիանի տիրույթների շփման գիծը (սահմանը) վերահսկվում էր օսմանների կողմից։ Ավստրիացիների համար հատկապես վիրավորական էր Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ V-ին Մեծ վեզիր Իբրահիմ փաշայի հետ նույն հարթույթունում ներկայացնելը, այլ ոչ թե Օսմանյան պետության ղեկավարի հետ[6]։
Հետևանքներ
խմբագրել1532 թվականին Սուլեյման I սուլթանը ձեռնարկեց նոր արշավանք։ Սակայն 200.000-անոց օսմանական բանակը շուրջ չորս շաբաթ ծախսեց Կյոսեգ ամրոցի պաշարման համար։ Արշավանքը շարունակելու հնարավորությունը նվազեց, քանի որ շուտով սկսվելու էին ցուրտ եղանակները, և կրկին Վիեննան գրավելու փորձ ձեռնարկելն արդեն անիմաստ էր։ Կայսերական բանակը հավաքվեց Ռեգենսբուրգում, և Կառլ V-ը վերջապես օգնության եկավ եղբորը՝ տրամադրելով 80.000-անոց զորք։ Թուրքերը ստիպված պետք է նահանջեին, բայց այդ ընթացքում նրանք լուրջ ավերածություններ իրականացրեցին Շտիրիայում։
Այդ երկու արշավների փորձը ցույց տվեց, որ թուրքերը չեն կարող գրավել Ավստրիայի մայրաքաղաքը։ Օսմանյան բանակը ստիպված վերադարձավ Ստամբուլ ձմեռելու համար, որպեսզի սպաները ձմռան ընթացքում կարողանային հավաքեին նոր զինվորներ։
Սուլեյման առաջինի զորքերի նահանջը դեռևս չէր նշանակում նրանց վերջնական պարտություն։ Օսմանյան կայսրությունը պահպանեց վերահսկողությունը Հարավային Հունգարիայում։ Բացի այդ, թուրքերը միտումնավոր մասսայական ավերածություններ իրականացրեցին Հունգարիայի ավստրիական հատվածում և հենց բուն Ավստրիայում, Սլովենիայում և Խորվաթիայում, որպեսզի թուլացնեն այդ տարածքների ռեսուրսները, և որպեսզի Ֆերդինանդ առաջինին ավելի դժվար լիներ ետ մղել նոր գրոհները։ Թուրքերին հաջողվեց նաև ստեղծել բուֆերային, խամաճիկ հունգարական պետություն, որը գլխավորեց Յանոշ Զապոլյան։
Ֆերդինանդ I-ը կարգադրեց Զալմի կոմս Նիկլասի գերեզմանին տեղադրել հուշարձան։ Նիկլասը վիրավորվել էր թուրքական վերջին գրոհի ժամանակ և 1530 թվականի մայիսի 30-ին մահացել։
Եվրոպայի համար ծանր հետևանքներ ունեցավ թուրքական արշավանքը։ Զոհվեցին տասնյակ հազարավոր զինվորներ և բազմաթիվ խաղաղ բնակիչներ, հազարավոր մարդիկ թուրքերի կողմից գերևարվեցին և վաճառվեցին ստրկության։ Սակայն վերածննդի ժամանակաշրջանը նպատակասլացորեն առաջ էր ընթանում, եվրոպական երկրների հզորությունը մեծացավ, և թուրքերը արդեն չէին կարող դեպի Կենտրոնական Եվրոպայի խորքը շարժվել։
Այնուամենայնիվ, Հաբսբուրգները ստիպված էին 1547 թվականին Օսմանիան Թուրքիայի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, որով Կառլ V-ին «թույլատրվում էր» ղեկավարել Սրբազան Հռոմեական կայսրությունը սուլթան Սուլեյմանի «թույլտվությամբ»։ Բացի այդ, Հաբսբուրգները ստիպված էին որոշ ժամանակ հարկ վճարել թուրքերին։
Տես նաև
խմբագրելՕգտագործված գրականություն
խմբագրել- Walton, Mark W.; Nafziger, George. F.; Mbanda, Laurent W. (2003). Islam at War: A History. Praeger/Greenwood. ISBN 0-275-98101-0.(անգլ.)
- Wheatcroft, Andrew (2009). The Enemy at the Gate: Habsburgs, Ottomans, and the Battle for Europe. Basic Books. ISBN 9780465013746.(անգլ.)
- Lyber, Albert Howe (1913). The Government of the Ottoman Empire in the Time of Suleiman the Magnificent. Harvard University Press.(անգլ.)
- Riley-Smith, Jonathan (2002). The Oxford History of the Crusades. Oxford University Press. ISBN 0-19-280312-3.(անգլ.)
- Şahin, Kaya (2013). Empire and Power in the Reign of Süleyman: Narrating the Sixteenth-Century Ottoman World. Cambridge University Press. ISBN 978-1-107-03442-6.(անգլ.)
- Chirot, Daniel (1980). The Origins of Backwardness in Eastern Europe. ISBN 0-520-07640-0.
- Dupuy, Trevor N.; Johnson, Curt; Bongard, David. L. (1992). The Encyclopedia of Military Biography. I.B.Tauris & Co. ISBN 1-85043-569-3.(անգլ.)
- Louthan, Howard (1997). The Quest for Compromise: Peacemakers in Counter-Reformation Vienna. Cambridge University Press. ISBN 0-521-58082-X.(անգլ.)
- Shaw, Stanford Jay; Shaw, Ezel Kural (1977). History of the Ottoman Empire and Modern Turkey. Cambridge University Press. ISBN 0-521-29163-1.(անգլ.)
- Sicker, Martin (2000). The Islamic World in Decline: from the Treaty of Karlowitz to the Disintegration of the Ottoman Empire. Praeger/Greenwood. ISBN 0-275-96891-X.(անգլ.)
- Spielman, John Philip (1993). The City and the Crown: Vienna and the Imperial Court. Purdue University Press. ISBN 1-55753-021-1.(անգլ.)
- Fisher, Sydney Nettleton (1979). The Middle East: A History (3rd ed.). Knopf. ISBN 0-394-32098-0.(անգլ.)
- Kann, Robert Adolf (1980). A History of the Habsburg Empire: 1526–1918. University of California Press. ISBN 0-520-04206-9.(անգլ.)
- Keegan, John; Wheatcroft, Andrew (1996). Who's Who in Military History: From 1453 to the Present Day. Routledge. ISBN 0-415-12722-X.(անգլ.)
- Tracy, James D. (2006). Europe's Reformations: 1450–1650. Rowman and Littlefield. ISBN 0-7425-3789-7.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Reston, James Jr, Defenders of the Faith: Charles V, Suleyman the Magnificent, and the Battle for Europe, 1520–1536, Marshall Cavendish, 2009, pg. 288 ISBN 1-59420-225-7, ISBN 978-1-59420-225-4(անգլ.)
- ↑ Toynbee, Arnold (1987). A Study of History. Oxford University Press. ISBN 0-19-505080-0.(անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Turnbull, Stephen (2003). The Ottoman Empire: 1326–1699. Osprey Publishing. ISBN 1-84176-569-4.(անգլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 E. Liptai: Magyarország hadtörténete I. Zrínyi Military Publisher 1984. ISBN 963-326-320-4 p. 165.(հունգարերեն)
- ↑ 5,0 5,1 5,2 Murphey, Rhoads (1999). Ottoman Warfare 1500–1700. Rutgers University Press. ISBN 0-8135-2685-X.(անգլ.)
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Şahin, Kaya (2013). Empire and Power in the Reign of Süleyman: Narrating the Sixteenth-Century Ottoman World. Cambridge University Press. ISBN 978-1-107-03442-6.(անգլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Stavrianos, pp. 77-78.(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիեննայի պաշարում (1529) կատեգորիայում։ |