Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ

Հայաստանի Ալթունյան պետական անսամբլ,, ստեղծվել է 1938 թվականին[1], Երևանում (կազմը՝ գործիքային և պարային խմբեր, երգչախումբ, մենակատարներ, սկզբում՝ 85-90 հոգի)։

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գործունեություն1938
Կայքfolkmusicdance.am

Պատմություն

խմբագրել

Հիմնադրվել է 1938 թվականի մարտի 5-ին խմբավար Թաթուլ Ալթունյանի կողմից։ Համահիմնադիր են եղել կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրյանը և բալետմայստեր Էդվարդ Մանուկյանը։ Անսամբլն ի սկզբանե կոչվել է Ժողովրդական երգի-պարի անսամբլ։ Անսամբլը կազմված էր ժողովրդական արվեստը ներկայացնող երաժիշտներից, երգիչներից և պարողներից և միակն էր իր տեսակով ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Խորհրդային Միությունում։

Թաթուլ Ալթունյանը Հայաստանի տարբեր շրջաններից հավաքելով ժողովրդական երգն ու պարը` մաքրելով, զտելով դրանք օտարամուտ տարրերից, հղկել, բազմաձայնել, համերգային, բեմական կյանք է պարգևել և վերադարձրել ժողովրդին։ Ստեղծագործական երկար տարիների ընթացքում համույթի ղեկավարությունը ստանձնեցին մարդիկ, ովքեր հանձն առան երգի-պարի անսամբլի նորացմանը, բարեփոխումներին` պահպանելով ալթունյանական մշակութային ժառանգությունը, անսամբլի ազգային դիմագիծը` ներգրավելով համերգային ծրագրի մեջ երաժշտական թատերականացված, էպիկական շնչով համարներ։

1970 թվականին անսամբլի գեղարվեստական ղեկավար է դարձել կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, ում ղեկավարման օրոք անսամբլի խաղացանկը համալրվեց երաժշտական թատերականացված համարներով։ 1974թ. անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակվել է կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը, իսկ անսամբլն անվանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի անվան։ Այդ տարիներին անսամբլի ծրագիրը հարստացել է հեղինակային, ժողովրդական ոգով գրված բազմաթիվ ստեղծագործություններով։

1977թ-ից անսամբլի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել է խմբավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Էմմա Ծատուրյանը, ով անսամբլի ազգային դիմագիծը պահպանելով, կատարել է ստեղծագործական նոր քայլեր` բխող արդիականության պահանջներից։ 1987թ. անսամբլի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Թաթուլ Ալթունյանի որդին՝ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը։ Անսամբլի ծրագրում տեղ են գտել ալթունյանական ոճին հոգեհարազատ, բայց և ինքնատիպ մշակումներ։

1991 - 1997 թվականներին անսամբլի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել է կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանը։ Այդ տարիներին անսամբլի երկացանկում ընդգրկվել են ժամանակի կողմից թելադրված, հայրենասիրական, ազգային-ազատագրական թեմաներով երգեր և պարեր։

1998թ. անսամբլի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել է դիրիժոր-խմբավար Հենրի Մանգասարյանը։ Լինելով ինքնատիպ մտածողության արվեստագետ` հեղինակել է Հայաստանի տարբեր շրջանների երգեր և պարեր, նվագախմբային ստեղծագործություններ, մշակումներ։ 2004 - 2020 թվակններին անսամբլի գեղարվեստական ղեկավարն է եղել Թաթուլ Ալթունյանի մյուս որդին՝ դիրիժոր Ժիրայր Ալթունյանը, ով աշխատել է պահպանել և կատարել նախորդ ղեկավարների կողմից ստեղծած լավագույն ծրագրերը և նոր ոճի մեջ ներկայացնել այսօրվա անսամբլի համերգային երկացանկը։ [[2020 թվականից համույթի գեղարվեստական մասի պատասխանատվությունը ստանձնել է դիրիժոր Գրիգոր Ոսկանյանը, ում ջանքերով անսամբլը շարունակել է ծավալել իր ստեղծագործական լայն գործունեությունը՝ ծրագրում ընդգրկելով ժանրային փոփոխված համարներ։

Տարբեր տարիների անսամբլի գլխավոր բալետմայստերներն են եղել Էդվարդ Մանուկյանը, Ազատ Ղարիբյանը, Վիլեն Գալստյանը, Հովհաննես Դիվանյանը, Աշոտ Ասատրյանը, Արտյուշա Կարապետյանը, Վարդգես Ռաշիդյանը, Ռաֆայել Պողոսյանը, Փայլակ Սարգսյանը։ 2000 թվականից պարուսույց, Հայաստանի ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը հրավիրվել է անսամբլ որպես պարային խորհրդատու, ով իր բազմաթիվ բեմադրություններով հարստացրել է անսամբլի երկացանկը։ 2008 - 2021 թվականներին անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանը, 2021 - 2023 թվականներին՝ Գարիկ Խաչիկյանը։

Տարիներ շարունակ անսամբլի գործիքային մասի ղեկավարներն էին ՀՀ ժողովրդական արտիստներ Ալեքսանդր Ալեքսանդրյանը, Հակոբ Ոսկանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մանվել Բեգլարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Ալթունյանը, կոմպոզիտորներ Գևորգ Մանասյանը, Հայկ Գրիգորյանը, Հայկազ Հակոբյանը։

Անսամբլի կազմում հանդես են եկել այնպիսի հանրաճանաչ արտիստներ, ինչպիսիք են` Լուսիկ Քոշյանը, Աստղիկ Քամալյանը, Վարդուհի Խաչատրյանը, Անժելա Շահնաբաթյանը, Պավլինե Բուռնազյանը, Թովմաս Պողոսյանը, Ալբերտ Սարգսյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը և այլք։

Անսամբլի պատմության ընթացքում ներկայացվել են հետևյալ ստեղծագործությունները՝ ժողովրդական «Յաման յար», «Քոչարի», «Կենաց երգ», «Հայոց աղջիկներ», «Թամզարա», «Վաղարշապատ», «Դարձյալ փայլեց», «Գյուլում ջան», «Հոյ իմ նազանի յարը», «Հոյ նար», «Մոկաց հարսներ», «Շուշան ջան», «Ղափամա», հայրենասիրական «Զարթի՛ր լաո», ազգային երգ ու պարի շարան «Նավասարդ», Գ.Մանասյանի «Տոնական», Կ.Պետրոսյանի «Հայաստան», Սայաթ-Նովայի «Յիս քու ղիմեթըն չիմ գիդի», Գուսան Աշոտի «Զով արեք», «Ով սուրբ մայրեր», Արամ Խաչատրյանի «Լեռնցիների պարը», «Սուսերով պար», Առնո Բաբաջանյանի «Սերենադ», «Էլեգիա», Խաչատուր Ավետիսյանի «Կռունկներ», «Հովվի երգը և հոտաղների պարը», «Իմ եղեգն», Հովհաննես Բադալյանի «Սարերի հովին մեռնեմ», Ռ.Աբրահամյանի «Ելեք հայկազունք», Վաղարշակ Կոտոյանի «Սևանի ձկնորսների պարը», Արմեն Տիգրանյանի «Լոռվա պատկերներ», Արմեն Սմբատյանի «Հայաստան», Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ», Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ», Թաթուլ Ալթունյանի «Հոպինա», Ալեքսանդր Հարությունյանի «Սասունցիների պար», Գաբրիել Երանյանի «Կիլիկիա», Աշուղ Շերամի «Պարտեզում վարդ է բացվել» և այլն։

Անսամբլը հարուստ է նաև իր տարազների բազմազանությամբ և յուրօրինակությամբ` շնորհիվ հանրաճանաչ նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Խաչատուր Եսայանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Ֆլորա Գրիգորյանի, Աշոտ Համբարձումյանի, Ռուբինէ Հովհաննիսյանի և այլոց։

Անսամբլը հյուրախաղերով 1944թ. հանդես է եկել Իրանում, 1957թ.՝ Ալբանիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, 1959թ., 1964թ.՝ Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, 1971թ.՝ Հարավսլավիայում, 1974թ.՝ Սենեգալում, Լիբերիայում, 1978թ.՝ [[Ֆրանսիայում, [[Գերմանիայում, [[Բելգիայում, 1984թ.՝ [[Կանադայում, 1985թ.՝ [[Անգլիայում, [[Պորտուգալիայում, 1987թ.՝ Ավստրիայում, Շվեդիայում, 1988թ.՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Սիրիայում, 2003թ.՝ Իրաքում, Չինաստանում, 2014թ.՝ Հոլանդիայում, Դանիայում, Հարավային Կորեայում, 2016թ.՝ Իտալիայում, 2018թ.՝ Թուրքիայում, Իրանում, 2022թ.՝ Վրաստանում, 2024թ.՝ Ֆրանսիայում։

1950 թվականի նոյեմբերի 28-ին անսամբլն արժանացել է «Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ» կոչման, 2011թ. և 2018թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն ժողովրդական համույթ» կոչման։ 2022 թվականին անսամբլը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում։ 2023 - 2024 թվականներին անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել պարուսույց Հարություն Կարապետյանը։

2023 թվականից անսամբլի երաժշտական մասը ղեկավարում է Գարեգին Առաքելյանը, 2024 թվականից գլխավոր բալետմայստերն է Նունե Գրիգորյանը[1]։

Պարգևներ

խմբագրել
  • Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ կոչում, 1950
  • Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2011, 2018
  • «Տարվա լավագույն ժողովրդական համույթ» - 2018 թվական Ազգային երաժշտական մրցանակաբաշխության

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Zarkfoundation - Հայաստանի Ալթունյան պետական անսամբլ». zarkfoundation.com.

Արտաքին հղումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Խանջյան Հ., Հայկական ժողովրդական երգի պարի պետական վաստակավոր անսամբլ, Ե., 1973։ Բալյան Վ., Թաթուլ Ալթունյան, Ե., 1977։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 177