Ալեքսանդր Հարությունյան (կոմպոզիտոր)

հայ դաշնակահար, կոմպոզիտոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Հարությունյան (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Գրիգորի Հարությունյան (սեպտեմբերի 23, 1920(1920-09-23)[1][2][3][…], Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1][4][3][…] - մարտի 28, 2012(2012-03-28)[5][2], Երևան, Հայաստան), Խորհրդային և հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1977), աշխարհահռչակ հատկապես իր շեփորի կոնցերտով, որը Նյու Յորք Թայմսը նկարագրել է որպես հնչեղ[6]։

Ալեքսանդր Հարությունյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 23, 1920(1920-09-23)[1][2][3][…]
Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1][4][3][…]
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էմարտի 28, 2012(2012-03-28)[5][2] (91 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Ժանրերօպերա և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՀայֆիլհարմոնիա[3] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[3]
ԿրթությունԱլեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1941)[4]
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն, Հայաստանի կոմպոզիտորների միություն և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն
Պարգևներ
Կայքalexanderarutiunian.com
 Alexander Harutyunyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հարությունյանը ծնվել է Երևանում Գրիգոր և Էլեոնորա Հարությունյանների ընտանիքում։ Նրա հայրը զինվորական էր։ Վաղ հասակում Ալեքսանդրը հանդիպում է հռչակավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հետ։

1927 թվականին Հարությունյանը դառնում է Երևանի պետական կոնսերվատորիայի մանկական խմբի անդամ, ապա, տասնչորս տարեկանում նրան թույլատրում են ուսանել կոնսերվատորիայի ստուդիայում՝ Օ. Բաբասյան (դաշնամուր) և Ս. Բարխուդարյան և Վ Տալյան (կոմպոզիցիա)։ Նա ավարտում է Երևանի կոնսերվատորիան Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին։

Ալեքսանդր Հարությունյանը 1941 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական և դաշնամուրի բաժինները, 1946-1948 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան ստուդիայում։ 1954-1991 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար։ 1970-2008 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1977 թվականից՝ պրոֆեսոր)։

Ալեքսանդր Հարությունյանը Խորհրդային Միության և Հայաստանի կոմպոզիտորների միությունների անդամ էր։

1948 թ. Հայրենիք կանտատի համար նա պարգևատրվել է Ստալինյան մրցանակով, որի վերջին հատվածը գրել էր դեռ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող եղած ժամանակ։ Առաջին անգամ այն կատարեց ԽՍՀՄ Ռադիոյի երգչախումբը և նվագախումբը 1948 թվականի նոյեմբերին։

1949 թ. Հարությունյանը գրում է «Տոնական նախերգանք»-ը, որն առաջին անգամ կատարվում է Լենինգրադի ֆիլհարմոնիկի մեծ դահլիճում, Եվգենի Մռավինսկու ղեկավարությամբ։ Մոսկվայի երաժշտական կոնգրեսի ընթացքում Արամ Խաչատրյանը ներկայացնում է նրան որպես խոստումնալից խորհրդային կոմպոզիտոր։

Նա շարունակում է իր ստեղծագործությունների հաղթական երթը հայրենիքում և արտերկրում, որոնցից շատերի համար ոգեշնչման աղբյուր էին հանդիսանում հայկական երաժշտության ազգագարական ավանդույթները[7]։

Հարությունյանի առաջին ծավալուն երկերից են «Հանդիսավոր ձոն և քայլերգ»-ը սիմֆոնիկ նվագախմբի համար և Դաշնամուրի կոնցերտը։ 1940-50-ական թվականներին նրա ստեղծած խոշոր կտավի ստեղծագործություններից են «Հայրենիք» կանտատը, որտեղ սերտորեն միահյուսված են ազգային դասական երաժշտությունը և գեղջկական ու գուսանական երգը, «Տոնական նախերգանքը»՝ նվագախմբի, Կոնցերտը՝ շեփորի և նվագախմբի, «Հայկական ռապսոդիան» (համահեղինակ՝ Առնո Բաբաջանյան)՝ երկու դաշնամուրի, «Մեր հին երգերը» ռապսոդիան՝ դաշնամուրի և նվագախմբի համար, «Հայաստանի պարերը» սիմֆոնիկ սյուիտը և այլն։ Դրամատիզմով հագեցած «Ասք հայ ժողովրդի մասին» քառամաս վոկալ-սիմֆոնիկ պոեմը ժամանակակից հայ երաժշտության արժեքավոր ձեռքբերումներից է։ Հայկական սիմֆոնիզմի զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել Հարությունյանի մոնումենտալ և դրամատիզմով հագեցած Սիմֆոնիան։ Նրա գործերը կատարել են Եվգենի Մռավինսկին, Վալերի Գերգիևը, Օհան Դուրյանը և այլք։

«Սայաթ-Նովա» քնարական-դրամատիկական օպերայում հեղինակն ստեղծագործաբար օգտագործել է մեծ աշուղի մի քանի երգ։ Օպերային բնորոշ են գունագեղ զանգվածային տեսարանները, երաժշտական լեզվի պարզությունը։ Փոքր կտավի երկերից են «Հայրենիքիս հետ» (ըստ Հովհաննես Թումանյանի) երգ-կանտատը, «Հուշարձան մայրիկիս» (ըստ Հովհաննես Շիրազի) վոկալ շարքը, դաշնամուրային մանրանվագներ և այլն։ Հարությունյանի ստեղծագործության մեջ առանձնանում են կոնցերտները. գրել է 13 կոնցերտ՝ տարբեր գործիքների (դաշնամուր, գալարափող, տուբա, տրոմբոն, ֆլեյտա և այլն) համար։ Լավագույն գործերից են նաև Սիմֆոնիան՝ երգչախմբի և հարվածային գործիքների, Սիմֆոնիետը՝ լարային նվագախմբի, Թեմա և վարիացիաները՝ շեփորի ու նվագախմբի, Պոեմ՝ թավջութակի և նվագախմբի, Սյուիտը՝ ջութակի, կլառնետի և դաշնամուրի, «Քարավան» պիեսը՝ կլառնետի և էստրադային նվագախմբի համար, գործիքային սոնատները և այլն։ Գրել է նաև խմբերգեր, երգեր։ 1988 թվականին կոմպոզիտորն ստեղծել է հանրահայտ Ջութակի կոնցերտը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժին։ Նրա ստեղծագործություններին բնորոշ են մեղեդայնությունը, ճկուն և յուրահատուկ ռիթմը, ազգային վառ կոլորիտը, կառուցվածքի հստակությունը, ինքնատիպ արտահայտչամիջոցները։

Հարությունյանը գրել է երաժշտություն թատրոնի և կինոյի [«Ուրվականները հեռանում են լեռներից» (1955), «Սիրտն է երգում» (համահեղինակ՝ Կոնստանտին Օրբելյան, 1956), «Իմ ընկերոջ մասին» (1958), «Նահապետ» (1977), բոլորը՝ Հայֆիլմ] համար։

Հարությունյանն արժանացել է ԽՍՀՄ (1949 թ.), ՀՀ (1973), Պետական, ՀԽՍՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան (1986) մրցանակների, Ալեքսանդր Ալեքսանդրովի անվան Ոսկե մեդալի (1977, Ռուսաստան), «Օրփեոս» դիպլոմի (1983, ԱՄՆ), ՀՀ Մովսես Խորենացու մեդալի (1998) և ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (2001), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպի (2004) շքանշանների, «Կոմիտաս» հուշամեդալի (2008)։

Գրել է «Հուշեր» (2000) գիրքը։

 
Ալեքսանդր Հարությունյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Ստեղծագործություններ խմբագրել

  • 1948 թ «Հայրենիք» կանտատ
  • 1949 թ «Տոնական նախերգանք»
  • 1950 թ «Շեփորի կոնցերտ»
  • 1950 թ «Հայկական ռապսոդիա»
  • 1951 թ Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտ
  • 1957 թ Սիմֆոնիա
  • 1961 թ «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆ. պոեմ
  • 1966 թ Սիմֆոնիետ
  • 1968 թ «Սայաթ-Նովա» օպերա
  • 1969 թ «Հայրենիքիս հետ» երգ-կանտատ (Հ. Թումանյանի տեքստերով)
  • 1969 թ «Հուշարձան մայրիկիս» վոկալ շարք (Հ. Շիրազի տեքստերով)
  • 1974 թ «Թեմա և վարիացիաներ շեփորի և նվագախմբի համար»
  • 1974 թ Թավջութակի և նվագախմբի պոեմ
  • 1977 թ. Ձոն Լենինին
  • 1986 թ «Սասունցիների պարը»
  • 1989 թ Ջութակի և կամերային նվագախմբի կոնցերտ
  • 1990 թ Շեփորի և նվագախմբի ռապսոդիա
  • 1991 թ Տրոմբոնի և նվագախմբի կոնցերտ
  • 1992 թ Տուբայի և նվագախմբի կոնցերտ
  • 1998 թ Սյուիտ հոբոյի, եղջերափողի և դաշնամուրի համար

Պարգևներ խմբագրել

 
Ալեքսանդր Հարությունյանի հուշատախտակը Երևանում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Арутюнян Александр Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Երաժշտություն (ֆր.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  5. 5,0 5,1 5,2 Armenian composer Alexander Harutyunyan dies at 92
  6. CLASSICAL MUSIC AND DANCE GUIDE, The New York Times, August 4, 2000
  7. Moscow Music Congress Արխիվացված 2013-08-11 Wayback Machine, Time (magazine), April 15, 1957
  8. Arutiunian, Alexander(չաշխատող հղում), The International Who's Who, Europa Publications, 2004, p. 69
  9. Alexander Arutiunian, by Svetlana Sarkisyan,1997
  10. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  11. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Հարությունյան (կոմպոզիտոր)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Հարությունյան (կոմպոզիտոր)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 315