Սիսիանի շրջան
Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Սյունիքի մարզի հյուսիսում։ Գտնվել է ՀԽՍՀ հարավ-արևելքում։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Զանգեզուրի գավառի լուծարմամբ։ Սահմանակից է Ադրբեջանական ԽՍՀ-ին և Նախիջևանի Ինքնավար ԽՍՀ-ին։ Տարածությունը 1719 քառ. կմ էր, բնակչությունը՝ 34 600 մարդ (1987), խտությունը՝ ավելի քան 20,1 մարդ քառ.կմ։
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Վարչկենտրոն | Սիսիան |
Խոշորագույն քաղաք | Սիսիան |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (1989) | 29 768[1] |
Խտություն | 20 |
Ազգային կազմ | Հայեր, ադրբեջանցիներ |
Տարածք | 1 719 (5.8 %) |
Հիմնադրված է | 1930-1995 թ. |
Պատմական շրջան(ներ) | Սյունիք |
zengezur.com/index.php?option=com_content&view=article&id=7&Itemid=10 |
Բնակավայրեր
խմբագրելՎարչական կենտրոնն էր միակ քաղաք Սիսիանը։ Ուներ նաև մեկ քաղաքատիպ ավան՝ Դաստակերտը, 1 քաղաքային, 1 ավանային և 16 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝
- Ալիշար - լքված գյուղ
- Ախլաթյան
- Ախլար
- Աղիտու (մինչև 1991 թ.` Աղուդի)
- Անգեղակոթ
- Աշոտավան (մինչև 1948 թ.` Աղքենդ)
- Արիքլու - ավերակ գյուղ
- Արևիս (մինչև 1968 թ.` Արավուս)
- Գորայք (մինչև 1964 թ.` Բազարչայ)
- Բալաք
- Բնունիս
- Բռնակոթ
- Գետաթաղ
- Դարբաս
- Զաբազադուր - լքված գյուղ (1918-1920)
- Թանահատ (նախկինում՝ Ջոմարդլու)
- Թասիկ (մինչև 1968 թ.` Թազաքենդ)
- Իշխանասար (նախկինում՝ Ղզըլջուղ)
- Լծեն
- Լոր
- Ծղուկ (մինչև 1964 թ.` Բորիսովկա)
- Կվրախ - լքված գյուղ (1940)
- Հացավան (մինչև 1940 թ.` Սիսիան)
- Մուցք (մինչև 1946 թ.` Մազրա, մինչև 1990 թ.` Բարձրավան)
- Նժդեհ (նախկինում՝ Սոֆլու)
- Նորավան
- Շաղաթ
- Շամբ
- Շաքի
- Շենաթաղ (մինչև 1991 թ.` Լեռնաշեն)
- Որոտնավան (մինչև 2017 թ.` Որոտան)
- Սալվարդ (մինչև 1935 թ.` Ալիլու)
- Սառնակունք (մինչև 1946 թ.` Սայբալու)
- Սպանդարյան
- Վաղատին (մինչև 1991 թ.` Վաղուդի)
- Տոլորս
- Տորունիք (մինչև 1991 թ.` Ղզլշաֆակ)
- Ցղունի (մինչվ 1991 թ.` Մուրխուզ)
- Ույծ (մինչև 1991 թ.` Ուզ)
Պատմություն
խմբագրելՍիսիանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Սիսիանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառը, որը կոչվել է նաև Սիսական, ապա՝ Սիսիան։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, 987-1170 թվականը՝ Սյունիքի թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։
Պարսկական տիրապետության ժամանակ եղել է Երևանի կուսակալության, ապա՝ Նախիջևանի ու Ղարաբաղի խանությունների կազմում։ 1720-ական թվականներին տարածքի բնակչությունը մասնակցել է Դավիթ Բեկի և Մխիթար սպարապետի ղեկավարությամբ Սյունիքի ազգային-ազատագրական շարժումներին։
Գյուլիստանի պայմանագրով (1813) Զանգեզուրը, ինչպես նաև շրջանի տարածքը անցել է Ռուսաստանին և կազմել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի Ղարաքիլիսա մասը։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորումը, կազմել է Զանգեզուրի գավառի Սիսիան գավառամասը։
Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Սիսավանի եկեղեցին (7-րդ դար), Թանահատի վանքը (8-րդ դար), Որոտնավանքը (10-11-րդ դարեր)։
Շրջանի կուսակցական կազմակերպությունը ստեղծվել էր 1930 թվականին։ 1987 թվականին կար 98 սկզբնական կուսակցական, 125 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնամ «Որոտան» շրջանային թերթը։
Ռելիեֆ և կլիմա
խմբագրելՍիսիանի շրջանը գտնվում է Զանգեզուր բնամարզի հյուսիսային մասում։ Ունի լեռնային մակերևույթ, մինչև 3552 մ (Իշխանասար) բարձրություն։ Տարածքում են Զանգեզուրի լեռնաշղթայի կենտրոնական և Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակի արևմտյան մասերը։ Կան մոլիբդենի, պղնձի, շինանյութերի, դիատոմիտի հանքավայրեր, հանքային ջրեր։ Տարածված են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։
Ունի չափավոր ցամաքային կլիմա։ Հունվարի միջին ջերմաստիճանը -3°С-ից մինչև -12°С է, հուլիսինը՝ 10-18°С, տարեկան տեղումները՝ 400-800 մմ, վեգետացիայի շրջանը՝ 20-160 օր։ Տարածքով հոսում է Որոտանը՝ Արագլիջուր, Շաղաթ, Սիսիան, Այրի, Շաքի, Լորաձոր վտակներով։
Գործում են Շամբի, Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանները, Տոլորսի, Շամբի, Անգեղակոթի և Սպանդարյանի ջրամբարները, Սիսիանի ջրանցքը։
Տնտեսություն
խմբագրելՏնտեսության առաջատար ճյուղերն էին սննդի, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, բժշկական տեխնիկայի սարքավորումների, շինանյութերի արտադրությունը, գյուղատնտեսությունը։ Կար 14 արդյունաբերական, 2 միջտնտեսային ձեռնարկություն, 13 կոլեկտիվ, 12 խորհրդային տնտեսություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ էին «Լույս» արտադրական միավորման մասնաճյուղը, Դաստակերտի բժշկական տեխնիկայի գործարանը, գլխավորող պանրագործարանը, Ավտոտեխնիկական սպասարկման Զանգեզուրի միավորումը, տրիկոտաժի ֆաբրիկան, գյուղշինտրեստը։
Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են եղել և մնում անասնապահությունն ու դաշտավարությունը։ Մշակում էին հացահատիկային և տեխնիկական կուլտուրաներ, ծխախոտ և այլն։ Ուներ կապի հանգույց՝ 17 բաժանմունքով, օդանավակայան։ Ավտոճանապարհների երկարությունը 286 կմ էր։
1986-87 ուսումնական տարում գործում էր 20 միջնակարգ, 15 ութամյա, 1 գիշերօթիկ, 1 երաժշտական, 1 մարզական, 1 գեղարվեստի դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին շրջանում կար 39 գրադարան, 18 մշակույթի տուն, 17 ակումբ, 1 պատկերասրահ, 4 հիվանդանոց, 2 պոլիկլինիկա, 3 ամբուլատորիա։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Всесоюзная перепись населения 1989 г. Численность населения союзных республик СССР и их территориальных единиц по полу: Армянская ССР (по переписи 1989 года) — Еженедельная демографическая газета Демоскоп Weekly». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 29-ое марта, 2015-ին..
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |