Որոտնաբերդը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում (այժմ՝ Սյունիքի մարզի Որոտան (Ուռուտ) գյուղի մոտ), Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա։ Գտնվում է Սիսիան քաղաքից 20 կմ արևելք։

Coa Illustration Elements Building Castle.svg
Որոտնաբերդ
Vorotnaberd 3.jpg
Տեսակամրոց և մշակութային արժեք
Վարչական միավորՈրոտան (Սիսիանի տարածաշրջան)
Գտնվում է ափինՈրոտան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Կառուցված5-րդ դար
Vorotnaberd Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Եղիշեն (V դ. պատմիչ) Որոտնաբերդը հիշատակում է պարսկական բռնակալներից 450 թվականին Վարդանանց ազատագրած բերդերի ու ավանների թվում։ Ստեփանոս Օրբելյանը (XIIIդ.) Որոտնաբերդը դասել է Սյունիքի նշանավոր բերդերի շարքը, որը 1075-1094 թվականներին պատկանել է Սյունյաց (Կապանի) թագավոր Սենեքերիմ Ա-ին։ 1104 թվականին Որոտնաբերդը գրավել են սելջուկ թուրքերը, 1219 թվականին Իվանե Զաքարյանը ազատագրելով այն հանձնել է Լիպարիտ Օրբելյանին։ 1386 թվականին Լենկթեմուրի հորդաները ասպատակելով Սյունիքը, գրավել են նաև Որոտնաբերդը, որտեղ ամրացած Բուրթել և Սմբատ Օրբելյան իշխաններին գերեվարել են Սամարղանդ (որոշ ժամանակ անց նրանք վերադարձել և կրկին տիրել են հայրենի բերդը)։ 1407 թվականին Սմբատ իշխանից բերդը գրավել է Կարա-Յուսուֆ թեմուրյան բռնակալը։ 1724 թվականին ուրացած Մելիք Բաղրից Որոտնաբերդը ազատագրել է Դավիթ Բեկը։

ՆկարագրությունԽմբագրել

Որոտնբերդը տեղադրված Է Լորաձորի գետաբերանի և Վաղատին գյուղի միջև գտնվող հսկայական ժայռազանգվածի վրա։ Գահավեժ, բնական ժայռապարիսպները բերդի երեք կողմերից իջնում են դեպի Որոտանի կիրճը։ Բերդի տարածքը կազմող հարթակը հավասարասրուն եռանկյան տեսք ունի, որի հյուսիսային անկյունում վեր Է բարձրանում մի խոշոր ժայռազանգված,հարավում, մոտ 5Օ մետր բարձրության վրա միջնաբերդն Է, իսկ հարթակի մյուս կողմերը զառիվայր են, բացի արևմտյան հատվածից։ Այս մասի ստորոտը զուրկ Է ժայռերից և, կորագծով իջնելով, կազմում Է մի նեղ, երկար պարանոց, որը միանում Է կիրճի հակառակ կողմում առաջացած բնական սարաոստի։ Բերդի ընդհանուր տարածքի այս հատվածը, ուր մինչ օրս նկատվում են շինությունների ու պարսպապատերի հետքեր, շատ ավելի մեծ Է, քան բերդի բուն եռանկյունի հարթակը։ Պարանոցի հատվածում ևս նկատվում են ավերակ շինությունների հետքեր և երկարությամբ ձգվող ոլորապտույտ պարսպապատի ստորին հատվածի մնացորդներ։ Բերդի հերթական վերակառուցման ժամանակ երկու բարձունքները կապող նեղ պարանոցը փակելու անհրաժեշտություն Է առաջացել, և լրացուցիչ պատնեշ Է ստեղծվել ոչ միայն բերդին մոտենալու միակ ճանապարհին, այլև փակվել Է Որոտան գյուղին մոտենալու հարմար ուղղությանը։

Որոտն բերդի արևմտյան և արևելյան հատվածներում պահպանվել են պարսպապատեր՝ կառուցված բազալտե, միջին չափերի կոպտատաշ քարերից, կրաշաղախի միջնաշերտով։ Քարերը շարված են ըստ հորիզոնական շովերի, ուղղահայաց և թեքադիր։ Արևմտյան պարսպապատը երկշերտ է՝ կազմված առաջնապարսպից և ներքնապարսպից։ Առաջնապարիսպը սկիզբ է առնում հյուսիսային ժայռազանգվածի ստորոտից և, իր մեջ առնելով մի խոշոր ժայռաբեկոր, շարունակվում է մինչև բերդի գլխավոր մուտքը։ Ներքնապարիսպը նույնպես սկիզբ է առնում հյուսիսային ժայռազանգվածից, որի միայն ստորին հատվածի մի մասն է պահպանվել, այնուհետև, ընդհատվելով, կորագծեր կազմելով, շարունակվում է անմիջապես մուտքի մոտից և փակում է արևմտյան մասի ողջ երկարությունը մինչև հարավային կողմի զառիթափ հատվածը։ Բերդի գլխավոր մուտքը ավերակ է, առաջնապարիսպը ավարտվում է ժայռից ոչ հեռու։ Սրա ետևում պարսպապատի երկրորդ գոտին է՝ ներքնապարիսպը, որը ևս ունի ավերակ դարպաս։ Այս երկու դարպասները միևնույն առանցքի վրա չեն գտնվում, որի պատճառով ստեղծվում է կրկնակի դարպասներով, անցախուցով մուտք։

Առաջնապարսպի միջին հատվածում, դրա ամբողջ բարձրությամբ կա մի ուղղանկյուն խորշ (4.14 մետր x 0.70 մետր), որն առաջացել է պարիսպը տեղանքի հետ հարմարեցնելու հետևանքով։ Պարսպապատերի այս խորշերը, որոնց հանդիպում ենք հնագույն շրջանում, կրկնվում են ողջ երկարությամբ։ Պարսպի միջին բարձրությունը 5.5 մետր է, նկատվում են վերանորոգումների հետքեր։ Առաջնապարսպի միջնամասում, ներսի կողմից պահպանվել ես ուղղանկյուն շինության (6․40 x 5․40 մ) պատերի ստորին հատվածները։ Կառույցի պատը նույնպես եռաշերտ է՝ կառուցված բազալտե միջին չափերի կոպտատաշ քարերից։ Կառույցի արևմտյան պատի մոտ կեսը ագուցված է պարսպապատի մեջ, որը ենթադրել է տալիս, որ այն կառուցվել է ավելի ուշ։ Հնարավոր է նաև, որ շինությունը օգտագործվել է որպես զինանոց։

Բերդի եռանկյունաձև հարթակի հարավային կողմը՝ ուր միջնաբերդն է, ավելի բարձր է։ Այստեղ խմբավորված են առանց շաղախի, անկանոն քարերից կառուցված բազմաթիվ ուղղանկյուն սենյակներ։

Պարսպի մեկ այլ գոտի կառուցվել Է արևելյան կողմում։ Այն նույնպես սկիզր Է առնում հյուսիսային ժայռազանգվածի ստորոտից, անմիջապես հպվելով նրան։ Պարսպապատն ունի երկու աշտարակ՝ մեկը շրշանաձև, մյուսը՝ կիսաշրջանաձև։ Երկուսն Էլ սնամեջ են՝ կառուցված բազալտե կոպտատաշ միջին չափերի քարերից, կրաշաղախի միջնաշերտով։ Այս հատվածում պատի միջին բարձրությունը 3 մետր Է, հաստությունը՝ 0․80 մետր։ Սնամեջ, շրջանաձև աշտարակի պատի ստորին մասում պահպանվել է կիր-ավազային սվաղի երկշերտ ծածկույթ, յուրաքանչյուր շերտի հաստությունը՝ 0․02 մետր։ Աշտարակները ծառայել են որպես դիտակետ և պահակակետ, քանի որ դրանք տեղադրված են զառիվայր, բարձրադիր ժայռերի վրա, որտեղից երևում Է ամբողջ գետահովիտը։ Շրջանաձև աշտարակին և հյուսիսային ժայռազանգվածին հպված, պարսպապատին ուղղահայաց պատի միջև եղած տարածությունը անպարիսպ Է։ Այս հատվածը նստում Է բնական ժայռի վրա և ծածկված Է փլատակներով։ Այս հատվածում Է եղել բերդի երկրորդ մուտքը։ Չնայած այն գահավեժ իջնում Է դեպի Որոտան գետը, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր Էր օգտագործել նաև որպես կապի միջոց։ Պատմական Որոտն (Ուռուտ) գյուղի ավերակները մինչև օրս նկատվում են բերդի արևելյան պարսպապատի տակ։ Այս մուտքից են օգտվել Որոտն գյուղի բնակիչները թշնամու հարձակումներից բերդը պաշտպանելու ժամանակ, քանի որ գլխավոր մուտքը գտնվում Էր բերդի հակառակ կողմում, իսկ դրա ստորոտը ամբողջ հարավային կողմով շրջանցելը ժամանակի մեծ կորուստ կլիներ։

Արևելյան պարսպապատի հարավ-արևելյան հատվածում պահպանվել են ուղղանկյուն, միաթաղ կառույցի պատերը (2․5 մ միջին բարձրությամբ)՝ շարված բազալտե կոպտատաշ, միջին չափերի քարերից՝ կրաշաղախի միջնաշերտով։ Այս շինությունը օգտագործված է որպես ջրամբար։ Ի դեպ, Ե. Լալայանը իր աշխատություններից մեկում հիշատակում Է, որ բերդի բաց կողմում փորված Է եղել մի ստորերկրյա անցք՝ ջուր բերելու համար[1]։ Ջրամբարի հարավային կողմում կան պատին հպված մի քանի փոքր, ուղղանկյուն շինությունների հետքեր, որոնց պատերը շարված են բազալտե կոպտատաշ քարերից, առանց շաղախի։ Բերդի հարավային կողմն անպարիսպ Է, քանի որ բնական ժայռապարիսպներն արդեն անառիկ են դարձնում այս հատվածը։

Այլ տեղեկատվությունԽմբագրել

 
Մելիք-Թանգու միաթռիչք կամարակապ կամուրջ (1855)

Որոտնաբերդից 3կմ հյուսիս-արևմուտք Որոտնավանքն է, իսկ արևելյան մասում, միջնաբերդի զառիթափի ստորոտին, Որոտան գետի վրա՝ Մելիք-Թանգու կառուցած միաթռիչք կամարակապ կամուրջը (1855 թ.)[2]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ե. Լալայան, Զանգեզուրի գավառ, հ. Ա, Թիֆլիս, 1898 թվական, Էջ 54
  2. Սյունիքի մարզպետարան, պատմամշակութային հուշարձաններ, Որոտնաբերդ