Խորհրդահայ երաժշտություն

Խորհրդային շրջանի հայկական երաժշտություն

Մինչև հեղափոխությունը Հայաստանում երաժշտական մշակույթի զարգացման հնարավորությունները սահմանափակ էին։ Համարյա բոլոր քիչ թե շատ խոշոր հայ երաժիշտները ապրում և ստեղծագործում էին հայրենիքից դուրս։ Ժամանակակից ըմբռնմամբ կազմակերպված երաժշտական կյանք մինչսովետական Հայաստանում համարյա չի եղել։ Չկային ոչ երաժշտական դպրոցներ, ոչ օպերային թատրոն և սիմֆոնիկ նվագախումբ, ոչ մշտապես գործող երաժշտական-կատարողական կոլեկտիվներ։

Ալեքսանդր Սպենդիարյան

1920-ական թվականներ

խմբագրել

Հայաստանում սովետական կարգերի հաստատումը (1920) արմատապես վերափոխեց դրությունը։ Ստեղծագործական և կատարողական լավագույն ուժերի միավորման գործում մեծ աշխատանք են տարել ՀԿԿ և Խորհրդային Հայաստանի կառավարությունը։ Նրանց կոչով տարբեր տեղերից հանրապետություն են եկել նշանավոր կոմպոզիտորներ, կատարողներ, երաժշտական գործիչներ (Ալեքսանդր Սպենդիարյան, Ռոմանոս Մելիքյան, Ս․ Մելիքյան, Ա․ Տեր–Ղևոնդյան, Ա․ Ադամյան, Ա․ Դաբրիելյան, Շարա Տալյան, Հ․ Դանիելյան և ուրիշներ)։ 1921 թվականին Երևանում բացվել է երաժշտական ստուդիա, որի հիման վրա ստեղծվել է կոնսերվատորիա (1923)։ Դրանց կազմակերպման գործում կարևոր դեր է խաղացել կոմպոզիտոր և երաժշտական–հասարակական գործիչ Ռ․ Մելիքյանը։ Շուտով կոնսերվատորիային կից ստեղծվել են սիմֆոնիկ նվագախումբ (ղեկավարներ՝ Ա․ Սպենդիարյան, Ա․ Ադամյան), երգչախումբ (կապելլա, ղեկավար՝ Ս․ Մելիքյան)։ Այդ ժամանակ էլ կազմակերպվել են ժողովրդական և գուսանական երաժշտությունը պրոպագանդող կոլեկտիվներ (այդ թվում՝ ժողովրդական գործիքների անսամբլ՝ Արամ Մերանգուլյանի ղեկավարությամբ, 1926), կամերային անսամբլներ (դրանց թվում՝ հետագայում լայն ճանաչման արժանացած Կոմիտասի անվան կվարտետը, 1925), երաժշտական հրատարակչություն, երաժշտական ռադիոհաղորդումներ։ Կազմակերպված բնույթ է ստացել համերգային կյանքը, որը ներառել է տեղացի և հյուրախաղերի ժամանած ականավոր երաժիշտ կատարողների ելույթներ։ 1925 թվականին Լենինականում բացվել է երաժշտական ստուդիա, 1929 թվականին Երևանում՝ երաժշտական դպրոց (հետագայում՝ Ա․ Սպենդիարյանի անվ․)։ Սովետահայ երաժշտությունը առաջին իսկ տարիներից հանդես է եկել որպես անցյալի ազգային երաժշտական մշակույթի դեմոկրատական և առաջադիմական ավանդույթների հավատարիմ պահապան և շարունակող։ Յուրօրինակ կապող օղակ է հանդիսացել այն կոմպոզիտորների գործունեությունը, որոնք, ստեղծագործական ասպարեզ իջնելով դեռևս նախահեղափոխական շրջանում, ակտիվորեն մասնակցել են Սովետական Հայաստանի նոր երաժշտ․ արվեստի զարգացման գործին։ Հատկապես մեծ է Ա․ Սպենդիարյանի դերը, որը 1924 թվականին տեղափոխվեց Երևան։ Սովետական շրջանում նրա ստեղծագործությունը ներառնում է տարբեր ժանրեր։ Նա կատարել է հեղափոխական երգերի, ուկրաինական և հայկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումներ, ձայնի և դաշնամուրի կամ նվագախմբի համար մշակումներ (այդ թվում՝ Սայաթ-Նովայի «Ղարիբ բլբուլ» երգը)։ Սպենդիարյանի այդ շրջանի ստեղծագործության մեջ կենտրոնական տեղ են գրավում «Երևանյան էտյուդներ»-ը սիմֆոնիկ նվագախմբի համար (1925) և «Ալմաստ» օպերան (1928)։ «Երևանյան էտյուդներ»-ի հիմքում ընկած են բուն ժողովրդական մեղեդիներ։ Գունագեղորեն և հնարամտորեն իրագործված դրանց սիմֆոնիկ մշակումը ընդգծում է ժողովրդական մեղեդիների գեղեցկությունն ու ինքնատիպությունը։ ժողովրդների մեղեդիների ոգուն և բնույթին օրգանապես համապատասխանող Սպենդիարյանի հայտնագործած երաժշտական արտահայտչամիջոցները վճռական նշանակություն են ունեցել հայկական սիմֆոնիզմի ինքնատիպ ազգային ոճի հաստատման գործում։ «Ալմաստ» օպերան (ըստ Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի) աչքի է ընկնում մոնումենտալ մասշտաբներով, նրանում զուգակցվում են էպիկական և հոգեբանական ժանրի օպերաների հատկանիշներ։ Հերոսների բնավորությունների պատկերման ռեալիստական խորությունը, երաժշտական լեզվի հարստությունը, հեղինակի անթերի վարպետությունն ապահովել են «Ալմաստ» օպերայի առանձնահատուկ տեղը հայկական երաժշտության պատմության մեջ, այն դասել XX դարի երաժշտական թատրոնի լավագույն ստեղծագործությունների շարքը։ Երևանից բացի «Ալմաստ»-ը հաջողությամբ բեմադրվել է Մոսկվայում, Թբիլիսիում, Օդեսայում, Նովոսիբիրսկում, Տաշքենդում։

Նրբին գեղեցկությամբ, ազգային ինքնատիպությամբ են առանձնանում Ռոմանոս Մելիքյանի «Զմրուխտի» (հրատարակվել է 1928 թվականին) և «Զառ–վառ» (հրտ․ 1949) վոկալ ցիկլերը, որոնք եզրափակում են հայկական դասական ռոմանսի ձևավորման շրջանը։ Խոշոր ձևի երաժշտական ստեղծագործություններ է գրել Ա․ Տեր–Ղևոնդյանը, ազգային սյուժեով ծրագրային սիմֆոնիկ առաջին երկերից մեկի՝ «Ախթամար» պոեմի (1923), «Սեդա» օպերայի (ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի) հեղինակը։ Ս․ Բարխուդարյանի նրբակերտ մանրանվագները զգալիորեն հարստացրել են հայկական դաշնամուրային երաժշտությունը, հաստատուն տեղ գրավել համերգային և, հատկապես, մանկավարժական երկացանկում։ Մուղամների սիմֆոնիզացման հաջող փորձեր է կատարել Ն․ Տիգրանյանը («Չարգյահ»)։ Աստիճանաբար հայկ․ երաժշտություն են մուտք գործել սովետական իրականության հետ կապված թեմաներ։ Հայ իրականության մեջ պրոլետարական մարտական երգերի պրոպագանդան սկսվել է 1905 թվականի հեղափոխության ժամանակներից։ 1917 թվականին հրատարակվել են Ա․ Մանուկյանի մշակած մի քանի հեղափոխական երգեր։ Սովետական իշխանության հաստատումից հետո լայն տարածում են գտել «Ինտերնացիոնալ», «Անվախ ընկեր», «Վարշավյանկա» և այլ երգեր, դարձել ժողովրդական մասսայական տոնախմբությունների և հանդիսությունների անբաժան ուղեկիցը։ Դրանց տարածմանը նպաստել են «Կարմիրբանակային երգեր» և «Պիոներական երգեր» հայերենով ժողովածուները, որոնցում Ռոմանոս Մելիքյանի մշակմամբ տեղ են գտել ռուսական և սովետական երգարվեստի շատ նմուշներ։ Միևնույն ժամանակ հաջողված մասսայական երգեր են ստեղծել Ռ. Մելիքյանը, Ա․ Տեր–Ղևոնդյանը, Կ․ Զաքարյանը, Դ․ Ղազարյանը։ Դրանցում գովերգվում են նոր, երջանիկ կյանքը, ժողովուրդների բարեկամությունը, ստեղծագործ աշխատանքի հրճվանքը։

1930-ական թվականներ

խմբագրել

1930-ական թվականներին ստեղծվել են երաժշտական մշակույթի նոր կենտրոններ։ «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ 1933 թվականին բացվել է Երևանի օպերային թատրոնը (1939 թվականից՝ Ա․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոն, 1956 թվականից՝ ակադեմիական)։ Ազգային օպերային խաղացանկի ստեղծման գործում կարևոր նշանակություն ուներ նաև նոր, ընդարձակված և վերամշակված խմբագրությամբ Ա․ Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությունը (1935)։

 
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Օպերային թատրոնի ստեղծման և նրա առաջին հաջողությունների հետ է կապված երաժշտական մշակույթի նշանավոր գործիչներ դիրիժորներ Դ․ Բուդաղյանի, Վ․ Պիրադովի, Կ․ Սարաջևի, Մ․ Թավրիզյանի (1938–57-ին՝ գլխ․ դիրիժոր), Ս․ Չարեքյանի, Ս․ Շաթիրյանի, ռեժիսորներ Ա․ Բուրջալյանի, Լ․ Քալանթարի, Ա․ Դուլակյանի, Դ․ Հովհաննիսյանի, բալետմայստեր Ի․ Արբատովի (Ցաղուբյան), նկարիչներ Ս․ Ալաջալովի, Մ․ Արուտչյանի, Պ․ Անանյանի, Մ․ Սարյանի, երգիչ–երգչուհիներ Հ․ Դանիելյանի, Շ․ Տալյանի, Լ․ Իսեցկու (Տեր–Հովհաննիսյան), Ա․ Կարատովի (Կարապետյան), Մարիաննա Սեդմարի, Թ․ Խաչատրյանի, Դ․ Դաբրիելյանի, Ե․ Ֆանարջյանի, Թ․ Շահնազարյանի, Լ․ Լագարևայի, բալետի մենապարողներ Լ․ Վոյնովա–Շիկանյանի, Պ․ Բուռնազյանի, Ռ․ Թավրիզյանի, Ս․ Սարգսյանի, Գ․ Գեորգիանի, Զ․ Մուրադյանի և այլոց գործունեությունը։ Երաժշտական կարևոր կենտրոն է դառնում հայկական ֆիլհարմոնիան (1932)։ Միստեմատիկ բնույթ են ստանում սիմֆոնիկ համերգները (դիրիժորներ՝ Կ․ Սարաջև, ի․ Խարաջանյան), ստեղծվում են երաժշտական նոր կոլեկտիվներ։ Հայկական ժողովրդական երգի–պարի անսամբլը (1938, գեղ․ ղեկավար Թ․ Ալթունյան), Հայաստանի պետական էստրադային նվագախումբը (1938, գեղ․ ղեկավար Ա․ Այվազյան), Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլը (1938, ղեկավար Շ․ Տալյան, 1942 թվականից՝ Վ․ Սահակյան)։ Համամիությունական երաժշտական մրցույթներում դափնեկրի կոչումների են արժանացել Կոմիտասի անվան կվարտետը, ջութակահար Ա․ Գաբրիելյանը, թավջութակահար Ա․ Այվազյանը, փողհար Յ․ Վարդազարյանը, կլառնետահար Զ․ Վարդանյանը և ուրիշներ։ 1930-ական թվականներին երաժշտական ստեղծագործության մեջ նոր փուլ էր՝ կապված առաջատար ժանրերում սովետական թեմատիկայի, ժամանակակից կերպարների, ժողովրդի մտքերի և զգացմունքների նոր համակարգի հաստատման հետ։ Այդ տարիներին ստեղծագործական ասպարեզ է իջել տաղանդավոր կոմպոզիտորների երիտասարդ սերունդ՝ Ա․ Խաչատրյան, Հ․ Ստեփանյան, Լ․ Խոջա–Էյնաթով, Կ․ Զաքարյան, Ա․ Սաթյան, Վ․ Տալյան, Ա, Այվազյան և ուրիշներ։ 1932-ին կազմակերպվել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

 
Արամ Խաչատրյանը 1964 թվականին

Սովետական երաժշտության խոշորագույն երևույթներից է Ա․ Խաչատրյանի արվեստը։ 1930-ական թվականներին նրա առաջին ստեղծագործությունները լայն ճանաչման արժանացան, նա դասվեց ժամանակակից խոշորագույն կոմպոզիտորների շարքը։ Խաչատրյանը հայկական երաժշտությունը հարստացրել է նոր բովանդակությամբ, նշանակալիորեն ընդլայնել ժանրերի սահմանները, ստեղծել ազգային առաջին բալետը, առաջին սիմֆոնիան, առաջին գործիքային կոնցերտները։ Համարձակ և խորապես ստեղծագործական էր կոմպոզիտորի վերաբերմունքը ժողովրդական երաժշտության նկատմամբ։ Իր ստեղծագործություններում նա չի ձգտել պահպանել ժողովրդական մեղեդիների անձեռնմխելիությունը։ Դրանք կոմպոզիտորի համար իր ստեղծագործական մտահղացումները, արդիականության հուզող գաղափարներն արտահայտելու միջոց էին։ Հատկապես ժողովրդական երաժշտության տարրերի սիմֆոնիգացման շնորհիվ Խաչատրյանին հաջողվել է ճշմարտացիորեն, գեղարվեստական մեծ ուժով արտահայտել վերածնված հայ ժողովրդի զգացմունքների խորությունը, նրա ստեղծագործական հզոր պոռթկումը։ Այդ շրջանի նրա առավել նշանակալի ստեղծագործություններն են՝ Առաջին սիմֆոնիան (1934, նվիրված Հայաստանում սովետական իշխանության հաստատման 15-ամյակին), Դաշնամուրի (1936) և Ջութակի (1940, ՍՍՀՄ պետական մրցանակ, 1941) կոնցերտները, «Երջանկություն» բալետը (բեմ․ 1939)։ Խաչատրյանի ստեղծագործությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայկական երաժշտական մշակույթի պատմության մեջ, մեծապես ազդել ոչ միայն հայկական, այլև եղբայրական հանրապետությունների երաժշտության զարգացման վրա։

Երաժշտական թատրոնի բնագավառում հաջողությամբ է ընթացել Հ․ Ստեփանյանի գործունեությունը։ Նրա «Քաջ Նազար»-ը (բեմ․ 1935) երգիծական օպերա ստեղծելու հետաքրքիր փորձ է։ «Սասունցի Դավիթ» էպիկական օպերայում (1936) ստեղծագործորեն միավորվել են հին գուսանական և հոգևոր երաժշտության տարրերը։ Առավել ճանաչման է արժանացել նրա «Լուսաբացին» օպերան (բեմ․ 1938), ժամանակակից թեմայով հայկական առաջին օպերան, որը պատկերում է սովետական իշխանության համար հայ ժողովրդի հերոսակակ պայքարի էջերը։ Նոր օպերաներից էին նաև՝ Ա․ Այվազյանի «Թափառնիկոս»-ը (բեմ․ 1937), Կ․ Զաքարյանի «Մարջան»-ը (բեմ․ 1941), Ա․ Մայիլյանի «Սաֆա»-ն (բեմ․ 1939, Բաքու), բալետներից Ս․ Բարխուդարյանի «Նարինե»-ն (1938), Ա․ Տեր–Ղևոնդյանի «Անահիտ»-ը (բեմ․ 1940)։ Մասսայական երգը հետագա զարգացում է ստացել Մ․ Միրզայանի, Կ․ Զաքարյանի, Մ․ Մազմանյանի, Վ․ Տալյանի, Է․ Կզարթմյանի, Ա․ Սաթյանի, Ա․ Այվազյանի ստեղծագործության մեջ։ Դրվել են հայրենիքին, կուսակցությանը, Լենինին, հեղափոխության մարտիկներին, նոր կենցաղին, կոլտնտեսային գյուղի կյանքին նվիրված երգեր։ Դրանցից լավագույնները աչքի են ընկնում իրենց անմիջականությամբ, մոտ են ժողովրդական երգային ակունքներին։ Նոր ռոմանսների ստեղծման հաջողությունները կապված են Հ․ Ստեփանյանի ստեղծագործության հետ (Ավետիք Իսահակյանի խոսքերով վոկալ շարքերը)։ Մեծ ուշադրություն է դարձվել ժողովրդական երգերի խմբերգային մշակումներին (Ա․ Քոչարյան, Թաթուլ Ալթունյան, Քրիստափոր Քուշնարյան, Ս․ Մելիքյան, Մ․ Աղայան, Կ․ Զաքարյան և ուրիշներ)։ Երևան են եկել կամերային անսամբլների համար գրված առաջին ստեղծագործությունները Ա․ Խաչատրյանի, Վ․ Տալյանի տրիոները, Հ․ Ստեփանյանի, Թ․ Հովհաննիսյանի, Հ․ Մելիքյանի, Ա․ Սաթյանի կվարտետները, Ս․ Ասլամազյանի կվարտետային մանրանվագները։

1940-ական թվականներ

խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ երաժիշտները ռազմաճակատային բրիգադների կազմում մասնակցել են սովետական բանակի մարտիկների գեղարվեստական սպասարկմանը։ Չնայած պատերազմական ժամանակների ծանր պայմաններին, հանրապետությունում համերգային և երաժշտաթատեր կյանքը չի ընդհատվել։ Ակտիվ գործունեություն է ունեցել օպերայի և բալետի թատրոնը, որը պատրաստել է մի շարք նշանակալից ներկայացումներ՝ Գլինկայի «Իվան Սուսանին», Հաջիբեկովի «ՔյոռՕղլի», Վերդիի «Օթելլո» (երեքն էլ՝ բեմ․ 1942), Փալիաշվիլու «Դաիսի» (բեմ․ 1943) օպերաները, Սպենդիարյանի երաժշտությամբ «Խանդութ» բալետը (բեմ․ 1945)։

 
Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն (2014 թվական)

Կարևոր իրադարձություն էր հայական առաջին օպերայի՝ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»-ի բեմադրությունը (1945)։ 1942 թվականին Երևանում բացվել է Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, որը մեծ դեր է կատարել օպերետի մասսայական ժանրի զարգացման գործում։ Սովետահայ առաջին՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմ․ 1944), «Երջանիկ օր» (բեմ․ 1945), «Քաջ Նազար» (բեմ․ 1948) և այլ օպերետների հեղինակը Ա․ Այվազյանն է։ Այդ ժանրի հետագա հաջողությունները կապված են Վ․ Տիգրանյանի («Մեծ հարսանիք», բեմ․ 1946), Վ․ Կոտոյանի, Ստեփան Ջրբաշյանի ստեղծագործության հետ։ Պատերազմի տարիներին աճել է երգային ստեղծագործության նշանակությունը։ Քաղաքացիական բարձըր պաթոսով են օժտված Արամ Մերանգուլյանի, Ա․ Այվազյանի, Մ․ Միրզայանի, Ռ․ Աթայանի, Ա․ Հարությունյանի, Էդուարդ Միրզոյանի երգերը։ Լայն ճանաչում գտավ Ա․ Սաթյանի «Մարտիկի երգը»։ 1944 թվականին ստեղծվեց Հայկական ԽՍՀ պետական հիմնը (խոսք՝ Սարմենի, երաժշտություն՝ Արամ Խաչատրյանի)։ Խոր և բազմազան մարմնավորում է գտել սովետական հայրենասիրության թեման սիմֆոնիկ ժանրի ստեղծագործություններում։ Արամ Խաչատրյանի մոնումենտալ երկրորդ սիմֆոնիան (1943, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946) պայքարի և ցասման պոեմ է։ Բացառիկ տպավորիչ են սիմֆոնիայի ողբերգական Էջերը՝ նվիրված պատերազմի զոհերին (III մասը, հիմքում ընկած է ժողովրդական «Որսկան ախպեր» երգը)։ Վառ արժանիքներով աչքի են ընկնում Հ․ ՍտեՓանյանի Էպիկական Առաջին սիմֆոնիան (1944) և Դ․ Եղիազարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը (1942)։ Ազգային օպերային արվեստի բնագավառում լայնորեն մշակվել է պատմա–հերոսական թեման՝ Հարո Ստեփանյանի «Նունե» (1947), Կ․ Զաքարյանի «Ադասի» (1954), Վ․ Արարատյանի «Դագիկ արքա» օպերա– ները։ Այդ տարիներին է ստեղծվել Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերան (բեմ․ 1950), որը հաստատուն տեղ է գրավել ազգ․ օպերային խաղացանկում։ Քնարադրամատիկ ժանրով է գրված Լ․ Խոջա-Էյնաթովի «Նամուս» օպերան (բեմ․ 1945)։ Ազգային վառ երանգով, գեղարվեստական կատարելությամբ աչքի է ընկնում ժամանակակից թեմայով սովետական լավագույն բալետներից մեկի4 Ա․ Խաչատրյանի «Գայանե» բալետի երաժշտությունը (1942, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1943)։ Հետպատերազմյան տարիներին երաժշտական կյանքը զարգացել է բարդ և բազմազան ձևերով։ Որակապես նոր աստիճանի է բարձրացել կատարողական արվեստը։ Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի վերաստեղծման գործում մեծ աշխատանք է տարել դիրիժոր Մ․ Մալունցյանը (1945–60 թվականներին և 1966–67 թվականներին գլխավոր դիրիժոր)։ Նվագախմբի գործունեության նոր վերելքին նպաստել է Դ․ Խանջյանը (1974–1981 թվականներին՝ գլխավոր դիրիժոր), որը մեծ տեղ է հատկացրել ժամանակակից երաժշտությանը (Ի․ Ստրավինսկի, Բ․ Բարտոկ, Ա․ Հոնեգեր և ուրիշներ), ազգային նվագացանկի ընդլայնմանը։ Հայաստանի պետական երգչախմբի (կապելլա) կատարողական արվեստի առաջընթացում մեծ է Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի խմբերգերի անկրկնելի մեկնաբան Ա․ Տեր–Հովհաննիսյանի (1940–1941 թվականներին և 1954–1961 թվականների՝ գեղարվեստական ղեկավար և գլխ․ խմբավար), այնուհետև Հովհաննես Չեքիջյանի (1961 թվականից՝ գեղարվեստական ղեկավար) ներդրումը, որը նոր թափ է հաղորդել երգչախմբի գործունեությանը, ընդլայնել նրա երկացանկը, այն դարձրել Սովետական Միության լավագույն կոլեկտիվներից մեկը։

20-րդ դարի երկրորդ կես

խմբագրել
 
Ջիվան Գասպարյան

Աշխարհի շատ երկրներում ունկնդիրների ճանաչմանն է արժանացել Կոմիտասի անվան կվարտետի արվեստը։ Միևնույն ժամանակ ստեղծվել են կատարողական մի շարք նոր կոլեկտիվներ․ Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը (1966, 1972–86 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար Ռ․ Մանգասարյան), Հայաստանի երգչախմբային ընկերության Ա․ Տեր–Հովհաննիսյանի անվան երգչախումբը (1966, 1969 թվականից՝ գեղարվեստական ղեկավար Է․ Ծատուրյան), որոնք նշանակալից չափով ընդլայնել են հայկ, սիմֆոնիկ և խմբերգային երաժշտության պրոպագանդման հնարավորությունները։ Կազմակերպվել են Հայֆիլհարմոնիայի կամերային անսամբլը (1964, առաջին գեղարվեստակաան ղեկավար Զ․ Սահակյանց, 1983 թվականիից՝ Ռ․ Ահարոնյան), Երևանի կամերային նվագախումբը (1979, գեղարվեստական ղեկավար Զ․ Վարդանյան)։ Դրանց ծնունդը համընկավ ժամանակին բնորոշ միտումներից մեկի՝ հնագույն (նախադասական և վաղ դասական) երաժշտության նկատմամբ կենդանի հետաքրքրության առաջացման հետ, ինչպես և խթանեց հայ կոմպոզիտորների ստեղծագործությունը նոր՝ կամերային նվագախմբի համար գրվող երաժշտության բնագավառում։ ճանաչման է արժանացել Հեռուստատեսության և ռադիոյի ջութակահարների անսամբլը (1970, գեղարվեստական ղեկավար Դ․ Աճեմյան)։ Շարունակվել է ժողովրդական արվեստը պրոպագանդող կոլեկտիվների գործունեությունը։ Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ Հայկական երգի–պարի անսամբլը (1974 թվականից՝ Թ․ Ալթունյանի անվան) հասել է գեղարվեստական բարձր մակարդակի, մշակել կատարողական ուրույն ոճ, որն աչքի է ընկնում պարզությամբ, բնականությամբ, ժողովրդական արվեստի ոգուն հարազատությամբ։ Վերակառուցման է ենթարկվել Հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը (1967 թվականից Արամ Մերանգուլյանի անվան), որտեղ ընդունվել է կատարողականության բազմաձայն սկզբունքը։ Նորաստեղծ կոլեկտիվներից առանձնակի նշանակություն ունեցավ Հայաստանի պարի պետական անսամբլը (1958, գեղարվեստական ղեկավար՝ Է․ Մանուկյան, 1968 թվականից՝ Վանուշ Խանամիրյան)։ Ժողովրդական երաժշտության ճանաչված կատարողներից են երգիչ–երգչուհիներ Արաքսի Գյուլզադյանը, Շ․ Մկրտչյանը, Օֆելյա Համբարձումյանը, Արև Բաղդասարյանը, Ա․ Տեր–Աբրահամյանը, Հ․ Բադալյանը, Ռուբեն Մաթևոսյանը, ինչպես նաև դուդուկահարներ Մ․ Մարգարյանը, Լևոն Մադոյանը, Վաչե Հովսեփյանը, Ջիվան Գասպարյանը, թառահար Ս․ Սեյրանյանը, քամանչահարներ Լ․ Կարախանը, Գ․ Միրզոյանը, քանոնահարներ Խ. Ավետիսյանը, Անժելա Աթաբեկյանը, որոնք շարունակեցին վարպետ–կատարողներ Ս․ Օգանեզաշվիլու (Օհանյան), Բալա Մելիքյանի ավանդույթները։ Սովետական իշխանության տարիներին հաջողությամբ զարգացել է գուսանների արվեստը։ Լայն տարածում են գտել Շերամի, Հավասու, Շահենի, Աշոտի և այլոց երգերը։ Նշանակալի առաջընթաց է ապրել էստրադային երաժշտությունը։ Հայաստանի էստրադային նվագախմբում (1956 2vakanից՝ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան) շարունակվում են ժամանակակից ջազի, էստրադային երաժշտության և ազգային երաժշտական նյութի օրգանական միաձուլման որոնումները։ Կազմակերպվել է նաև Հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախումբը (1966, գեղարվեստական ղեկավար Մարտին Վարդազարյան, 1972-ից՝ էստրադային–սիմֆոնիկ, գեղարվեստական ղեկավար Մելիք Մավիսակալյան, 1986 թվականից՝ Երվանդ Երզնկյան)։ Հայկական էստրադային երաժշտության նոր ոճի հաստատման մեջ վճռական նշանակություն են ունեցել Ա․ Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Է․ Բաղդասարյանի, Ա․ Աճեմյանի, Մարտին Վարդազարյանի, Մելիք Մավիսակալյանի, Մ․ Շաքարյանի, Արամ Սաթյանի, Ռ․ Գալստյանի և այլոց երգերն ու գործիքային պիեսները։

Միջազգային և համամիութենական երաժշտական մրցույթներում մեծ հաջողությունների են հասել հայ մենակատարները։ Դրանց թվում են․ դաշնակահարներ Ցու․ Հայրապետյանը, Մ․ Նավասարդյանը, ջութակահար Ռ․ Ահարոնյանը, թավջութակահարներ Մեդեա Աբրահամյանը, Վ․ Սարաջյանը և ուրիշներ։ Կամերային երգեցողության բնագավառում լայն ճանաչման է արժանացել լենինյան մրցանակի դափնեկիր Զարուհի Դոլուխանյանի համերգային գործունեությունը, աչքի են ընկել նաև Լ․ Զաքարյանը, Մ․ Աբովյանը։ Կատարողական և մանկավարժական գործունեությունը համատեղել են Կ․ Մալխասյանը, Ա․ Ամբակումյանը, Հ․ Բոգդանյանը, Դ․ Ադամյանը, Հ․ Վարդանյանը, Վ․ Ստամբոլցյանը։ Երիտասարդ կադրերի պատրաստման գործում մեծ է Ն․ Կարդյանի, Թ․ Շահնազարյանի, Կ․ Դոմբաևի, Ռ․ Անդրիասյանի, Դ․ Մարաջևի, Լ․ Գրիգորյանի, Ա․ Չաուշյանի և ուրիշների դերը։

Հետպատերազմյան շրջանում օպերայի և բալետի թատրոնի խաղացանկը հարստացել է հետաքրքիր բեմադրություններով։ Հատուկ տեղ են գրավել ազգային օպերային և բալետային նոր ներկայացումները, ժամանակակից երաժշտական ստեղծագործությունները։ Թատրոնի բեմում, ԽՍՀՄ–ում առաջին անգամ ցուցադրվեցին Ի․ Ստրավինսկու «էդիպ արքա», Զ․ Մենոտտիի «Հյուպատոսը», Լ․ Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն», Վ․ Բելլինիի «Նորմա» օպերաները։ Բարձր նվաճումներով է նշանավորվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Դ․ Դասպարյանի (սոցիալիստական աշխատանքի հերոս), Տ․ Սազանդարյանի, Պ․ Լիսիցյանի, Ն․ Հովհաննիսյանի, Մ․ Երկաթի ստեղծագործական ուղին։ Օպերային թատրոնում առաջատար տեղ են գրավել երգիչներ Ա․ Պետրոսյանը, Դ․ Պողոսյանը, Ե․ Խաչիկյանը, Դ․ Գալաչյանը, Ա․ Հարությունյանը, Է․ Մնացականյանը, Ա․ Կարապետյանը, Դ. Գրիգորյանը, բալետի մենակատարներ Վ․ Գալստյանը, Լ․ Սեմանովան, Թ․ Գրիգորյանը, Է․ Մնացականյանը, Վանուշ Խանամիրյանը, դիրիժորներ Ա․ Քաթանյանը (1964–1970 թվականներին և 1974–1982 թվականներին՝ գլխավոր դիրիժոր), Հ․ Ոսկանյանը, Յուրի Դավթյանը, ռեժիսորներ Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, Հ․ Ղաֆլանյանը, Վ․ Բագրատունին, Տիգրան Լևոնյանը, բալետմայստերներ Ե․ Չանգան, Մ․ Մարտիրոսյանը, Վ․ Գալստյանը, Ա․ Ասատրյանը, խմբավար Ռ․ Այվազյանը։

Բարձրացել է մասնագետների պատրաստման մակարդակը երաժշտական ուսումնական հաստատություններում։ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտները բազմիցս մրցանակներ են նվաճել միջազգային, համամիութենական և անդրկովկասյան մրցույթներում։ Կոնսերվատորիայում ստեղծվել է թավջութակահարների անսամբլ (ղեկավար Գ․ Թալալյան)։ Կոնսերվատորիայում սովորում և ստաժավորվում են երիտասարդ երաժիշտներ սփյուռքից, արտասահմանյան երկրներից։

1985 թվականին Հայաստանում գործել է 102 երաժշտական դպրոց։ Ընդլայնվել են ստեղծագործական կապերը ԽՍՀՄ եղբայրական ժողովուրդների և սոցիալիստական երկրների երաժշտական մշակույթների հետ։ Հայաստանի տարբեր քաղաքներում (Կիրովական, Լենինական, Սաեփանավան) կազմակերպվել են երգի մասսայական տոներ, ստեղծվել ժողովրդական ֆիլհարմոնիաներ, ժողովրդական կոնսերվատորիա, «դպրոցականի ֆիլհարմոնիա»։ Գեղարվեստական ինքնագործունեության ստուգատեսներին մասնակցել են հազարավոր կատարողներ։ Ստեղծվել են սիրողական կամերային նվագախմբեր, կվարտետներ, էստրադային անսամբլներ, ազգագրական խմբեր։ Գործարանային և ուսանողական լավագույն կոլեկտիվները հյուրախաղերով հանդես են գալիս ԽՍՀՄ–ում և նրա սահմաններից դուրս։ Ինքնագործունեության հաջողություններին նպաստել է նաև Հայաստանի երգչախմբային ընկերության ստեղծումը (1958)։ Նշանակալից իրադարձություններ էին Հայ արվեստի և գրականության տասնօրյակները Մոսկվայում (1939, 1956), «Անդրկովկասյան գարուն» Փառատոները (1958, 1965, 1975), Հայաստանի և այլ հանրապետությունների (ՌՍՖՍՀ, Ուկրաինա, էստոնիա, Ղազախստան, Մոլդավիա, Թուրքմենիա և այլն) միջև փոխադարձ տասնօրյակները, արվեստի և երաժշտության շաբաթները։ 1960–70-ական թվականներին սովետահայ երաժշտական կոլեկտիվները (դրանց թվում՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվ․ կվարտետը, Հայաստանի պետական երգչախումբը, երգի–պարի, պարի անսամբլները, էստրադային և կամերային նվագախմբերը և այլն) համերգներով հանդես են եկել աշխարհի ավելի քան 80 երկրներում։

Ժանրային բազմազանությունը

խմբագրել
 
Առնո Բաբաջանյան

Ետպատերազմյան տարիներին մեծ տեղաշարժեր են եղել երաժշտական ստեղծագործության բնագավառում։ Բազմակողմանիորեն է ներկայացվել կոմպոզիտորական ստեղծագործությունը։ Խորհրդային երաժշտության մեջ խոշորագույն ներդրում էր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը (1954, լենինյան մրցանակ, 1959), որում խորը կերպով մարմնավորվել է ազատության համար հերոսական պայքարի թեման։ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտին է նվիրված Արամ Խաչատրյանի Երրորդ սիմֆոնիան (1947)։ Նրա գրչին են պատկանում նաև թավջութակի կոնցերտը (1946), ջութակի (1961), թավջութակի (1963, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1965) և դաշնամուրի (1968) կոնցերտ–ռապսոդիաները նվագախմբի հետ (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1971), դաշնամուրի սոնատ (1961), մենանվագ թավջութակի (1974), մենանվագ ջութակի (1975) և մենանվագ ալտի (1976) սոնատներ։ Էպիկական շնչով, ազգային վառ երանգով է բնորոշվում Գրիգոր Եղիազարյանի երաժշտությունը, նրա «Սևան» (բեմ․ 1956), «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (բեմ․ 1982) բալետները, «Հրազդան» սիմֆոնիան (1960), «Արևածագին» սիմֆոնիկ պատկերը (1952)։ Լուսավոր քնարականությամբ, կենսասիրությամբ, մեղեդիականությամբ են առանձնանում Ալեքսանդր Հարությունյանի «Հայրենիք» կանտատը (1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949), «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ–սիմֆոնիկ պոեմը (1961), դաշնամուրի կոնցերտինոն (1951), շեփորի և նվագախմբի կոնցերտը (1950), «Սայաթ–Նովա» օպերան (բեմ․ 1969, ՀՍՍՀ պետական մրցանակ, 1973), մոնումենտալ Սիմֆոնիան (1957)։ Դրամատիկական երանգներ ունի Առնո Բաբաջանյանի դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադ»-ի (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), դաշնամուրային տրիոյի (1952), ջութակի և դաշնամուրի սոնատի (1959), թավջութակի կոնցերտի (1962), «Վեց պատկեր»-ի (1965, ՀՍԱՀ պետական մրցանակ, 1967), Դմիտրի Շոստակովիչի հիշատակին նվիրված կվարտետի (1976) երաժշտությունը։ Հոգեբանական խորությամբ, դրամատիկականի և քնարականի օրգանական միաձուլմամբ աչքի են ընկնում Էդվարդ Միրզոյանի կվարտետը (1947), Սիմֆոնիան (1962), թավջութակի և դաշնամուրի սոնատը (1967)։ Բազմազան ժանրերում հաջողությամբ ստեղծագործում է Էդգար Հովհաննիսյանը։ Նրա երկերին բնորոշ են թեմայի գաղափարական հագեցվածությունը, ժողովրդական երաժշտության չօգտագործված շերտերին դիմելը, ստեղծագործություններից են՝ «Հավերժական կուռք» (բեմ․ 1966, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1967), «Անտունի» (բեմ․ 1969) բալետները, «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (բեմ․ 1976, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1979), 3 սիմֆոնիա (1957, 1982, 1983), դաշնամուրային կվինտետ (1955), 4 կվարտետ, կոնցերտ–բարոկկո ջութակի և կամերային նվագախմբի համար (1983), «էրեբունի» կանտատը։ Փիլիսոփայական ուղղվածությունը, արդիականության սուր զգացողությունը ապահովեցին Ա․ Տերտերյանի ստեղծագործությունների՝ «Կրակե օղակում» օպերայի (բեմ․ 1967), 6 սիմֆոնիաների (1969–81) հաջողությունը, որոնք նոր ուղիներ բացեցին հայկական սիմֆոնիզմի զարգացման մեջ։ Ազգայինի ավանդական պատկերացումները ընդլայնել են Տիգրան Մանսուրյանի նրբագեղ և հնչյունային կոլորիտով նոր ստեղծագործությունները՝ «Նահապետ Քուչակի չորս հայրենները» վոկալ շարքը (1967), «Պրելյուդները» (1975), «Գիշերային երաժշտությունը» (1980) սիմֆոնիկ նվագախմբի համար, Կրկնակի կոնցերտը՝ ջութակի, թավջութակի և լարային նվագախմբի համար (1978), «Թովեմ»-ը (1979), կվարտետը (1984)։

Սիմֆոնիկ երաժշտություն

խմբագրել

Այդ շրջանում առաջատար տեղ է գրավում սիմֆոնիկ և կամերային–գործիքային երաժշտությունը։ Հատկապես մեծ են հայ կոմպոզիտորների նվաճումները սիմֆոնիայի ժանրում, որը վկայում է հայկական ժամանակակից երաժշտական ստեղծագործության հասունության և պրոֆեսիոնալ բարձր մակարդակի մասին։ Դրամատիկական, սուր կոնֆլիկտային են Լ․ Խոջա–Էյնաթովի (Սիմֆոնիա, 1954), Ջ․ Տեր–Թադևոսյանի (3 սիմֆոնիա, 1957, 1959, 1984), Բ․ Փարսադանյանի (8 սիմֆոնիա, 1958–81), է, Խաղագորտյանի (6 սիմֆոնիա, 1962–80), Է․ Հարությունյանի (Երրորդ սիմֆոնիա, 1976), Ղ․ Սարյանի (Սիմֆոնիա, 1980) սիմֆոնիաները։ Դրամատիկական և էպիկական սիմֆոնիզմի սկզբունքները զուգակցված են Ա․ Աճեմյանի (6 սիմֆոնիա, 1955–83), Գ․ Հախինյանի (4 սիմֆոնիա, 1969–83), Է․ Արիստակեսյանի (3 սիմֆոնիա, 1962–80), Լ․ Աստվածատրյանի (Սիմֆոնիա, 1970), Ս․ Շաքարյանի (Սիմֆոնիա, 1979), Վ․ Բաբայանի (5 սիմֆոնիա, 1964–83), Մ․ Իսրայելյանի (Սիմֆոնիա, 1984) սիմֆոնիաներում։

Հայկական սիմֆոնիզմի նվաճումներից են Ա․ Հարությունյանի «Տոնական նախերգանքը» (1949), Սիմֆոնիետը (1966), Էդուարդ Միրզոյանի «Սիմֆոնիկ պարեր»-ը (1945), «Տոնական նախերգանք»-ը (1947), Ղ․ Սարյանի «Սիմֆոնիկ պատկերներ»-ը (1955), «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն (1966), Տիգրան Մանսուրյանի «Պրելյուդներ»-ը (1975), Է. Արիստակեսյանի «Հայաստանի լեռներում» սիմֆոնիկ պատկերը (1976), Մ․ Վարդազարյանի «Նվիրում Բարտոկին» պոեմը (1976), Ս․ Շաքարյանի, Ն. Երկանյանի բալետային սյուիտները։

Հայկական ժամանակակից երաժշտության մեջ գործիքային կոնցերտի ժանրը ներկայանում է Լ․ խոջա–էյնաթովի (դաշնամուրի, 1946, 1947, 1948), Ա․ Հարությունյանի (դաշնամուրի, 1941, շեփորի, 1950, 1975, հոբոյի, 1977, ֆլեյտայի, 1981), Գ․ Արմենյանի (ֆլեյտայի, 1954), Է. Բաղդասարյանի (Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար, 1958), Գ․ Չթչյանի (ջութակի, 1976), Գ․ Հովունցի («Կոնցերտային ինվենցիաներ» դաշնամուրի համար, 1974, թավջութակի, 1976, ջութակի, 1982, կոնցերտներ), Ա․ Խուդոյանի (թավջութակի 2-րդ կոնցերտ, 1973), Յու․ Գևորգյանի (դուդուկի, 1977), Ռ․ Սարգսյանի (թավջութակի կոնցերտ–սիմֆոնիա, 1977), Լ․ Չաուշյանի (դաշնամուրի 2-րդ), Ջ․ Տեր–Թադևոսյանի (ջութակի, 1977), Գ․ Չեբոտարյանի (դաշնամուրի, 1980), Է․ Արիստակեսյանի (վալդհոռնի, 1983), Բ․ Սակկիլարիի (Պարտիտ ջութակի և նվագախմբի համար, 1983) ստեղծագործություններով։

1950–80-ական թվականներին վոկալ–սիմֆոնիկ երաժշտության մեջ արտացոլվել են արդիականության, պատմական անցյալի կարևորագույն թեմաներն ու իրադարձությունները։ Լենինի և կոմունիստական կուսակցության հավերժ կենդանի թեմային են նվիրված Ա․ Հարությունյանի «Զոն Լենինին» (1967), է․ Հովհաննիսյանի «Փառք Լենինի կուսակցությանը» պոեմը (1977, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1979), Յու․ Ղազարյանի «Հանդիպում Լենինի հետ» (1977), Վ․ Կոտոյանի «Զոն կուսակցությանը» (1981), Գ․ Արմենյանի «Կոմունիստներ» կանտատը (1976), սովետական ժողովուրդների ինտերնացիոնալ բարեկամությանը՝ Մ․ Մավիսակալյանի «Ձոն բարեկամության» (1977), Է․ Արիստակեսյանի «Երգ եղբայրության» (1982), հայրենիքին՝ Գ․ Չեբոտարյանի «Հայաստան» պոեմ–կանտատը (1947), Ռ․ Ալթունյանի «Հայաստան աշխարհ» (1972), Տիգրան Մանսուրյանի «Նաիրյան երեք երգ» (1976), Ա․ Սաթունցի «Վերածնված նաիրյան երկրի երգերը» (1979), Վ․ Կոտոյանի «Իմ հայրենի երգերը» (1981) վոկասիմֆոնիկ շարքերը։ Պատմական անցյալի մասին են պատմում Գ․ Հախինյանի «Թոնդրակեցիներ» (1966), Է․ Հայրապետյանի «1915» (1977), Մ․ Մավիսակալյանի «Ավարայրի ճակատամարտը» (1981) օրատորիաները։ Նույն թեմաները արտացոլվել են Գևորգ Արմենյանի, Յու․ Հարությունյանի, Վ․ Բալյանի, Ցոլակ Բեքարյանի, Մարտին Վարդազարյանի, Վ․ Գրիգորյանի, Ե․ Երկանյանի, Հ․ Մանվելյանի, Ռ․ Պետրոսյանի, Մ․ Հովհաննիսյանի, Ա․ Շիշյանի և ուրիշների խմբերգային ստեղծագործություններում։ Լայն մասսայականություն են վայելում Աշոտ Սաթյանի, Է․ Հովհաննիսյանի, Խ․ Ավետիսյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Վաղարշակ Կոտոյանի քնարական երգերը։ 1950–70-ական թվականներին շարունակվել է երաժշտական կերպարների հոգեբանական բովանդակության խորացման, նոր ձևերի, երաժշտական նոր արտահայտչամիջոցների որոնման պրոցեսը։ Խոշոր ձևի ստեղծագործությունների (կվարտետներ, կվինտետներ, տրիոներ, սոնատներ) ստեղծման բնագավառում առավել նշանակալից հաջողությունները կապված են Առնո Բաբաջանյանի, Է․ Միրզոյանի, Է․ Հովհաննիսյանի, Կոնստանտին Օրբելյանի, Զ․ Տեր–Թադևոսյանի, Տ․ Մանսուրյանի, Ա․ Պիրումովի (Փիրումով), Է․ Խաղագորտյանի, Լ․ Աստվածատրյանի, Ա․ Խուդոյանի, Գ․ Հախինյանի, Լ․ Չաուշյանի ստեղծագործությունների հետ։ Գործիքային մանրանվագի ժանրում բեղմնավոր են աշխատել Է. Բաղդասարյանը (դաշնամուրային 24 պրելյուդ), Հ․ Ստեփանյանը, Գ․ Չեբոտարյանը, Ս․ Նաղդյանը, Ա․ Բոյամյանը։ Վոկալ–կամերային երաժշտության մեջ առանձնանում են Գ․ Չթչյանի, Է․ Աբրահամյանի, Ա․ Ոսկանյանի, Վ․ Աճեմյանի ստեղծագործությունները։ 1970-ական թվականների կեսից զարգացել է նոր ժանր՝ երաժշտություն կամերային նվագախմբի համար։ Այդ ժանրում հաջողությունները կապված են երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործության հետ, որոնք ստեղծել են մի շարք ինքնատիպ երկեր։ Դրանցից են Մ․ Իսրայելյանի Թավջութակի կոնցերտը (1983) և «Սոնետների տետր»-ը ձայնի և կամերային նվագախմբի համար (1980), Ա․ Զոհրաբյանի «Կոնցերտ–էլեգիա»-ն (1980) և «Կոնցերտ–սիմֆոնիա»-ն (1982), Վ․ Բաբայանի «Կամերային սիմֆոնիա»-ն (1980), Է․ Հայրապետյանի «Ջութակի երրորդ կոնցերտը» (1983), Ռ․ Սարգսյանի «Զութակի երկրորդ կոնցերտը» (1983), Հ․ Մելիքյանի «Դաշնամուրի կոնցերտը» (1984)։ Ճանաչում են գտել նաև Ս․ Աղաջանյանի «Պոլիմոնոդիաները» (1975, 1977, 1978)։

Օպերաներ ու բալետներ

խմբագրել

Թեմայի նշանակալիությամբ, ժանրային և ոճական բազմազանությամբ են առանձնանում օպերային և բալետային երկերը։ Արդիականությանն են նվիրված Հ․ Ստեփանյանի «Հերոսուհին» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), Ա․ Բաբանի «Արծվաբերդ» (բեմ․ 1957, նաև Սվերդլովսկում՝ 1964, Դոնեցկում՝ 1965, Մոսկվայում՝ Կենտրոնական հեռուստատեսությամբ՝ 1966, Կազանում՝ 1973), Յու․ Ղազարյանի «Էռնեստ Հեմինգուեյ» (1983) օպերաները, Դ․ Եդիազարյանի «Անուրջների լիճը» (բեմ․ 1968, ՀՍՍՀ պետական մրցանակ), Կ․ Օրբելյանի «Անմահություն» (բեմ․ 1969) բալետները։ Պատմահեղափոխական թեման արտացոլվել է Գ․ Արմենյանի «Խորտակում» (բեմ․ 1968, նաև Պերմում 1972), Դ, Հախինյանի «Լեգենդի մարդը» (բեմ․ 1971) օպերաներում։ Հայ ռուս և արտասահմանյան դասականների ստեղծագործությունների հիման վրա են գրված Ա․ Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (բեմ․ 1950), Վ․ Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր» (բեմ․ 1957), Ա․ Այվազյանի «Պարոն Մինթոևը Փարիզում» (բեմ․ 1963), Է․ Հարությունյանի «Հեքիաթ մեծերի համար» (բեմ․ 1970, նաև Դոնեցկում՝ 1972), Յու․ Գևորգյանի «վերք Հայաստանի» (1976), Վ․ Աճեմյանի «Կիկոսի մահը» (բեմ․ 1980), Ա․ Տերտերյանի «Երկրաշարժ» (1984) օպերաները, Դ, Հախինյանի «Ախթամար», «Ուռենի», «Լոռեցի Սաքոն» (մեկ գործողությամբ բալետներ, բեմ․ 1966), Է․ Արիստակեսյանի «Պրոմեթևս» (բեմ․ 1967, նաև Խարկովում՝ 1970, Ֆրունզեում 1971, Կատովիցեում (Լեհաստան 1968)), Ա․ Խաչատրյանի «Դիմակահանդես» (երաժշտական կոմպոզիցիան Է․ Հովհաննիսյանի, բեմ․ 1982), Վ․ Բաբայանի «Պիգմալիոն» (1973), Ե․ Երկանյանի «Օրեստես» (1974) և «Էդիպ արքա» (1975), Ա․ Տերտերյանի «Ռիչարդ III» (1979) բալետները։

Մանկական երաժշտություն

խմբագրել

Ստեղծվել են մանկական երաժշտության շատ գործեր․ Ա․ Խաչատրյանի, Է․ Միրզոյանի, Տ․ Մանսուրյանի, Ռ․ Ամիրխանյանի, Լ․ Սաֆարյանի, Ս․ Սամվելյանի, Գ․ Չթչյանի, Ա․ Օհանյանի, Ա․ Լուսինյանի, Ռ․ Պետրոսյանի, Է․ Միհրանյանի գործիքային պիեսները, երգերն ու խմբերգերը, ինչպես և Մ․ Մազմանյանի «Ճուտիկ» (1974, վերջին խմբ․), Ա․ Տեր–Ղևոնդյանի «Արեգակի ցոլքերում» (բեմ․ 1949), Յու․ Գևորգյանի «Խարույկ» (բեմ․ 1959), Ս․ Ջրբաշյանի «Գիքոր» (բեմ․ 1974) օպերաները, Հ․ Մելիք–Մուրադյանի «Կարմիր գլխարկը» (բեմ․ 1962), Բ․ Սակկիլարիի «Չոփչոփիկը» (բեմ․ 1962, 2-րդ խումբ. բեմ․ 1981)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։