Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլ

Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլ, Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի պետական վաստակավոր անսամբլ, ստեղծվել է 1938 թվականին, ռադիոկոմիտեի ժողողովրդական գործիքների անսամբլի հիման վրա, Շարա Տալյանի ղեկավարությամբ։ 1939 թվականին անսամբլի երգիչներն էին Հ․ Տալյանը, Վ․ Սահակյանը, Հ․ Քոչարյանը։ 1942 թվականից անսամբլը, ղեկավարել է Սահակյանը։ 1943 թվականից՝ Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլ, 1946 թվականից՝ վաստակավոր։ Համերգներ է արվել հանրապետության շրջաններում Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլը, ՀՀ քաղաքներում, մասնակցել Մոսկվայում հայ արվեստի և գրականության տասնօրյակներին (1939, 1956)։ Անսամբլի շնորհիվ հայ աշուղների բազմաթիվ ստեղծագործություններ մոռացումից փրկվել և շրջանառության մեջ են դրվել։ Անսամբլը մշակել է սեփական կատարողական ոճ, մեներգեցողությանը զուգորդել է միաձայն խմբական երգով ու նվագով, որոշակի տեղ է հատկացվել մեղեդիացված արտասանությանը։

Երգացանկն ընդգրկել է Բաղդասար Դպիրի, Սայաթ-Նովայի, Միսկին-Բուրջիի, Ջիվանու, Շերամի, Հավասու, Աշոտի և այլ աշուղների, սովետահայ կոմպոզիտորների (Ա․ Հարությունյան, Ա․ Բաբայան, Ա․ Քոչարյան), ինչպես և տարբեր ժողովուրդների ժողովրդական երգեր։ Առանձնակի տեղ են գրավել գուսան Դյուլգազյանի «Սմբատ և Սոֆիա», գուսան Աշոտի «Աստղատուր և Աստղանուշ» երգախառն հեքիաթները։ Գոյատևել է մինչև 1969 թվականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 165 CC-BY-SA-icon-80x15.png