Արամ Սաթյան
Արամ Արամի Սաթյան (մայիսի 23, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, երգահան։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2011)։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։
Արամ Սաթյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժիշտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Երեխաներ | Դավիթ Սաթյան |
Aram Satian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱրամ Սաթյանը ծնվել է 1947 թվականի մայիսի 23-ին, Երևանում։ 1961 թվականին ավարտել է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը և առաջին պրոֆեսիոնալ քայլերն արել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1970 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, որից հետո կատարելագործվել է Մոսկվայում։ 1969 թվականին Մոսկվայի երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական ստուգատեսում «Սիմֆոնիկ վարիացիաներ» ստեղծագործության համար ստացել է առաջին մրցանակը։ 1970 թվականից եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ։
1973-1980 թվականներին աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում՝ որպես երաժշտական խմբագիր, 1980-1986 թվականներին՝ Երևանի Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում որպես երաժշտության տեսության բաժնի վարիչ։ 1981-1984 թվականներին սովորել է Երևանի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում և հրավիրվել դասավանդելու ստեղծագործական բաժնում։ 1990-1994 թվականներին եղել է Երևանի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, 1994-1997 թվականներին՝ Հայաստանի հեռուստառադիո պետական վարչության երաժշտական ծրագրերի և խմբերի տնօրենը ու գեղարվեստական ղեկավարը։ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ 2013 թվականին ընտրվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։
Արժանացել է բազմաթիվ մրցանակների տարբեր հանրապետական մրցույթներում․ 1981 թվականին՝ ՀԽՍՀ կոմերիտմիության Պետական մրցանակ, 1976 թվականին՝ «Առաջին սիրո հեքիաթն իմ», 1985 թվականին՝ «Արդյոք հիշում ես», 1991 թվականին՝ «Հուսո աղոթք» երգերը՝ «Լավագույն երգ»։ Գրել է «Լիլիթ», «Փոքրիկ Ցախեսը», «Մանեկեն» փոփ օպերաները, «Մենք դաշնամուր ենք նվագում» բալետը, 3 սիմֆոնիա, մի շարք կոնցերտներ, բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ավելի քան 300 երգեր և ռոմանսներ, երաժշտություններ կինոյի և թատրոնի համար։ «Լիլիթը» գրվել է 1983 թվականին և համարվում է այդ ժանրում գրված առաջին հայկական ստեղծագործությունը[1]։
Արամ Սաթյանը թողարկել է բազմաթիվ ձայնապնակներ, ձայներիզներ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, ունի ֆոնդային ձայնագրություններ։
Սաթյան երաժշտական տոհմ
խմբագրելՀայրը՝ Արամ Սաթունցը, և հորեղբայրը՝ Աշոտ Սաթյանը, ևս նշանավոր կոմպոզիտորներ են եղել։
- Աշոտ Սաթյան (1906-1958)
- Արամ Սաթունց (Սաթյան, 1913-1990)
- Արամ Սաթյան (1947)
- Աշոտ Սաթյան կրտսեր (1965)
- Արթուր Սաթյան (1973)
- Դավիթ Սաթյան (1979)
- Լիլիթ Սաթյան (1981)
- Ռուբեն Սաթյան (1982)
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Մովսես Խորենացու մեդալ, 2022[2]։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2017)[3]։
- Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2011)[4]։
- Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2007)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Petrossian (7 January 2006)
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Սաթյան» հոդվածին։ |