Իսլամական զարգացման բանկ

Իսլամական զարգացման բանկ (ԻԶԲ) (արաբ․՝ البنك الإسلامي للتنمية‎‎), ֆինանսական կազմակերպություն, որի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Սաուդյան Արաբիայի Ջիդդա նավահանգստում։ Հիմնադրվել է 1973 թվականին՝ Իսլամական խորհրդաժողովի Ֆինանսների նախարարների որոշմամբ՝ Ֆայսալ II թագավորի հովանու ներքո։ Իր գործունեությունը սկսել է 1975 թվականի հոկտեմբերի 20-ից։ Այժմ ունի 56 անդամ երկիր։

Իսլամական զարգացման բանկ
IDB Dhaka.jpg
Տեսակմիջազգային կազմակերպություն, բիզնես ձեռնարկություն և միջկառավարական կազմակերպություն
Հիմնադրված է1975
ՎայրՋիդդա, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա
ԵրկիրFlag of Saudi Arabia.svg Սաուդյան Արաբիա
Արդյունաբերությունֆինանսական ծառայություններ
Աշխատողների թիվ932 մարդ
Կայքisdb.org

ՊատմությունԽմբագրել

Միջազգային իսլամական համագործակցության և համերաշխության գաղափարը ամրագրվեց 1969 թվականին Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) ստեղծմամբ, որի շրջանակներում նոր թափ ստացավ իսլամական պետությունների համագործակցությունը քաղաքական, տնտեսական, գաղափարական, մշակութային, տեղեկատվական և կենսական այլ կարևոր բնագավառներում։ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը փորձեց համակարգել մուսուլման ժողովուրդների և պետությունների համընդհանուր հետաքրքրությունները։

Իսլամական կոնֆերանս կազմակերպության շրջանակներում իսլամական տնտեսական ինտեգրման համար առաջին հերթին անհրաժեշտ համարվեցին իսլամական բանկերի ստեղծումը։ 1970 թվականին իսլամական պետությունների արտաքին գործերի նախարարների Կարաչիի հանդիպմանը որոշում ընդունվեց Իսլամական զարգացման բանկ ստեղծելու մասին, իսկ ալ-Ազհարի համալսարանի Իսլամական հետազոտությունների ակադեմիային հանձնարարվեց մշակել Իսլամական զարգացման բանկի կանոնադրությունը։

 
Մեքքայի դարպաս. Ջիդդա

Իսլամական զարգացման բանկի մասին որոշումն ընդունվել է 1973 թվականին իսլամական պետությունների ֆինանսների նախարարների Ջիդդայի հանդիպմանը, որը վավերացվել է Իսլամական կոնֆերանս կազմակերպության կանոնադրական մարմնի կողմից։ Պաշտոնապես բանկը սկսեց գործել 1975 թվականից՝ ապացուցելով իր կենսունակությունը։ Բանկի կանոնադրական կապիտալը սկզբում սահմանվեց 1 240 միլիոն դոլար, իսկ հետո իջեցվեց 950-ի։ ԻԶԲ-ի հիմնական բաժնետերերը՝ Սաուդյան Արաբիան, Լիբիան, ԱՄԷ-ն, վերահսկում են բանկի բաժնետիրական կապիտալի 2/3-ը, որը 1977 թվականին 750 միլիոն իսլամական դինար էր։

1977 թվականի վերջին Իսլամական զարգացման բանկը անդամ պետություններին առանց տոկոսի 71 միլիոն դոլար փոխառություններ տրամադրեց։ Նրա մասնաբաժինը զարգացման ծրագրերին 53.6 միլիոն դոլար էր, իսկ ներմուծման ծախսերը փակելու համար հատկացված վարկերը 50.5 միլիոն դոլար։ 1975-1980 թվաակններին բանկը տրամադրել է 1.5 միլիարդ դոլարի փոխառություններ, որը բանկի համար բավական մեծ նվաճում է։ ԻԶԲ-ն օգնության միջազգային վարկային ինստիտուտ է, որը ֆինանսական միջոցներ է տրամադրում անդամ պետություններին և ունի այս ինստիտուտին բնորոշ գծերը։ Իր հնարավորությունների սահմաններում Իսլամական զարգացման բանկը ձգտում է Իսլամական կոնֆերանս կազմակերպություն շրջանակներում խաղալ այնպիսի դեր, ինչպիսին Համաշխարհային զարգացման բանկը՝ Արևմուտքում։ Մինչև 1922 թվականի հունիսը, բանկի կանոնադրական կապիտալը 2 միլիարդ իսլամական դինար էր։

Կառավարիչների խորհրդի 1992 թվականի որոշմամբ այն հասավ 6 միլիարդի։ Բանկի հիմնական նպատակն է՝ աջակցել Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ պետությունների, իսլամադավան ժողովուրդների և համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանը՝ համաձայն իսլամական օրենքների՝ շարիաթի։ Բանկի հիմնադրման փաստաթղթում նշված է, որ անհրաժեշտ է իսլամական երկրներում ապահովել ներդաշնակ ու հավասարակշռված զարգացում, որը կհամապատասխանի իսլամական ումմայի շահերին։ Բանկի կանոնադրության մեջ նշված է նաև, որ ԻԶԲ-ն իր գործարքներն իրականացնելիս պետք է առաջնորդվի իսլամի պատվիրաններով, որն արգելում է տոկոսներ գանձել փոխառությունների դիմաց և տոկոսներ վճարել ավանդների համար։

ԱնդամներԽմբագրել

2012 թվականի դրությամբ բանկի բաժնետոմսերը պատկանել են՝

Բանկի անդամ երկրներն են՝

  1.   Ադրբեջան
  2.   Ալբանիա
  3.   Ալժիր
  4.   ԱՄԷ
  5.   Աֆղանստան
  6.   Բահրեյն
  7.   Բանգլադեշ
  8.   Բենին
  9.   Բուրկինա Ֆասո
  10.   Բրունեյ
  11.   Գաբոն
  12.   Գամբիա
  13.   Գվինեա
  14.   Գվինեա Բիսաու
  15.   Եգիպտոս
  16.   Եմեն
  17.   Թունիս
  18.   Թուրքիա
  19.   Թուրքմենստան
  20.   Ինդոնեզիա
  21.   Իրան
  22.   Իրաք
  23.   Լիբանան
  24.   Լիբիա
  25.   Կամերուն
  26.   Կատար
  27.   Կոմորյան Կղզիներ
  28.   Կոտ դ'Իվուար
  29.   Հորդանան
  30.   Ղազախստան
  31.   Ղրղզստան
  32.   Մալայզիա
  33.   Մալդիվներ
  34.   Մալի
  35.   Մավրիտանիա
  36.   Մարոկկո
  37.   Մոզամբիկ
  38.   Նիգեր
  39.   Նիգերիա
  40.   Չադ
  41.   Պակիստան
  42.   Պաղեստին
  43.   Ջիբութի
  44.   Սաուդյան Արաբիա
  45.   Սենեգալ
  46.   Սիերա Լեոնե
  47.   Սիրիա
  48.   Սոմալի
  49.   Սուդան
  50.   Սուրինամ
  51.   Տաջիկստան
  52.   Տոգո
  53.   Ուգանդա
  54.   Ուզբեկստան
  55.   Քուվեյթ
  56.   Օման

ԳործարքներԽմբագրել

Նման գործելակերպը պայմանավորված է իսլամական այն դրույթով, որը մերժում է ռիբա’ան, այսինքն՝ վաշխառուական տոկոսը։ Իսլամական այս սկզբունքին հավատարիմ մնալու մասին հիշատակված՝ իսլամական բոլոր բանկերի համապատասխան փաստաթղթերում, բայց այս պարտավորությանը ճշգրտորեն հետևում է միայն ԻԶԲ-ն։

Շարիաթի թույլատրված բանկային գործարքների (արաբ․՝ حلال‎‎` հալալ) տեսակներից են՝ մուշարաքաթը, մուդարաբաթը, մուրաբահաթը, իջարաթը:

  • Ըստ մուշարաքաթի (արաբ․՝ مشاركة‎‎, բառացի՝ գործընկերություն կամ մասնակցություն) սկզբունքին՝ կապիտալ ներդրում է անում թե բանկը և թե գործընկերը համաձայն հատուկ պայմանագրի՝ ակդ, որով և սահմանվում են կողմերի եկամուտներն ու հնարավոր վնասները:
  • Մուդարաբաթի (արաբ․՝ مضاربة‎‎, բառացի՝ մասնակցություն եկամուտներում) սկզբունքի համաձայն՝ գործընկերներից մեկը հայթայթում է միջոցները, մյուսը դրանք շրջանառության մեջ է դնում: Շահույթը կողմերի մեջ բաշխվում է ըստ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության: Վնասի դեպքում տուժում է կապիտալ ներդնողը, իսկ այն շահագործողը որևէ պարգևատրում այլևս չի ստանում: Այս սկզբունքը կիրառվում է զարգացման ծրագրերի ֆինանսավորման և արժեթղթային գործարքներում: Արդյունքում իսլամական բանկը որևէ ծրագրի իրականացման համար ձևականորեն տրամադրում է առանց տոկոսի վարկ պայմանով, որ ստանա եկամտի հաստատագրված իր բաժինը դրա իրագործումից հետո: Այսպիսով նա դառնում է ընկերակցային պայմանագրի մասնակից չխախտելով ռիբաայի արգելքը:
  • Մուրաբահաթի (արաբ․՝ مرابحة‎‎, բառացի՝ վերավաճառում) սկզբունքի համաձայն՝ բանկը գնում է հումքը կամ սարքավորումները գործընկերոջ պատվերով և արդյունքում վերավաճառում նրան ավելի բարձր գնով:
  • Իջարաթը (արաբ․՝ إجارة‎‎, բառացի՝ վարձակալում) վարձակալման պայմանագիր է, որը հաճախ լրացվում է գնման մասին ակտով, համաձայն որի վարձակալողը, վճարելով սահմանված գումարը, դառնում է վարձակալածի սեփականատերը:
  • Իսլամական զարգացման բանկը ունի նաև ողորմածության՝ «զաքաթի» (արաբ․՝ زكاة‎‎) հավաքման գանձարան, որը գոյանում է բանկային շահույթի 2.5-5%-ից և առանձին մուսուլմանների նվիրատվություններից: Ղուրանում հաճախ է խոսվում զաքաթի մասին՝ որպես «աստվածավախության ակնհայտ նշան և փրկության միջոց»: Զաքաթի հավաքված միջոցների մի զգալի մասը տրամադրվում է կրոնաքարոզչական գործունեությանը, մզկիթների շինարարությանը, իսլամական կրթական հաստատությունների հիմնմանը, բարեգործությանը։ ԻԶԲ-ն ֆինանսավորում է զարգացման ծրագրերն ու ու արտաքին առևտուրը արտոնյալ պայմաններում։ Նա ձգտում է ընդլայնել անդամ պետությունների միջև առևտրատնտեսական կապերը։ Որպես օրինակ կարելի է բերել 1980 թվականին Սուդանի բանկին տրամադրած 17 միլիոն դոլար վարկը Բանգլադեշից պատրաստի ջուտե արտադրանք ներմուծելու համար։

Բանկի տրամադրած վարկերի հիմնական նպատակն է՝ աջակցել անդամ պետությունների վճարման հաշվեկշռին։ Այսպես. 1980 թվականին տասը պետություն բանկից նավթի ներմուծման ծախսերի ֆինանսավորման համար վարկեր ստացան։ Իսլամական զարգացման բանկը ծրագրի ֆինանսավորման համար 18-40 տարով տրամադրում է արտոնյալ վարկեր։ Առևտրի ֆինանսավորման դեպքում գանձվում է մատակարարվող արտադրանքի արժեքի 5-10%-ը սովորաբար 2.5 տարվա ընթացքում վճարելու պայմանով։ Իր կենսունակությունը բարձրացնելու և եկամուտները ընդլայնելու նպատակով բանկն իրականացնում է բանկայի այլ գործարքներ։ Կապիտալի մի զգալի մասը հատկացվում է պորտֆելային ներդրումներին։

Իսլամական զարգացման բանկն գնում է անդամ պետություններում արդյունաբերական հաստատությունների բաժնետոմսեր։ ԻԶԲ-ն զգալիորեն աջակցել է ֆինանսապես կարիքավոր իսլամական պետություններին գրեթե բոլոր անդամ պետություններում իրականացնել տարաբնույթ ծրագրեր։ Նշանակալի է բանկի գործունեությունը Աֆրիկայի զարգացման ծրագրերի իրագործման մեջ։ 1980-ական թվականներին բանկն առաջին տեղն էր զբաղեցնում տարածաշրջանային ֆինանսական կազմակերպությունների մեջ աֆրիկյան երկրներին ցույց տրված օգնության (422 միլիոն դոլար) և իրակացրած ծրագրերի (77 ծրագիր՝ 11 երկրներում) չափով։ 1973-1980 թվականներին արաբական և նավթարդյունահանող այլ երկրների ստեղծած կազմակերպությունների միջոցով Արևադարձային Աֆրիկայի ցույց տրված օգնության մեջ Իսլամական զարգացման բանկի բաժինը 28% էր։ ԻԶԲ-ին հաջողվել է իրականացնել իր որդեգրած սկզբունքները և ակտիվ գործունեություն ծավալել։ Բանկը միջազգային ֆինանսական այլ կազմակերպություններին համանման կարևորում է ենթակառուցվածքների ֆինանսավորումը, որն անհրաժեշտ նախապայման է տնտեսական զարգացման և մասնավոր կապիտալի ներհոսքի համար։ Բանկն իրականացրել է բազմաթիվ նախագծեր, որոնցից կարևորագույններից COMCEC-ի առաջարկությամբ Իսլամական կոնֆերանս կազմակերպության տեղեկատվալան ցանցի (OLCLS-NET) ստեղծումը։

Կանոնադրություն և կառավարումԽմբագրել

Կանոնադրության համաձայն՝ ԻԶԲ-ի բարձրագույն մարմիններն են՝ Կառավարիչների խորհուրդը և Գործադիր տնօրենների խորհուրդը։ Բանկն ունի նախագահ, որը ղեկավարում է Կառավարիչների խորհուրդը և մեկ կամ ավելի փոխնախագահներ։ Կառավարիչների խորհուրդը գումարվում է տարին մեկ անգամ, քննարկում է բանկի գործունեությունը, որդեգրում ընդհանուր քաղաքականություն։ Գործադիր տնօրենների խորհուրդը 11 անդամից է բաղկացած, որը համալրում են հմուտ ֆինանսիստներ ու տնտեսագետներ։ Նրանք ընտրվում են 3 տարի ժոմկետով և կարող են վերընտրվել։ Գործադիր քաղաքականությունն իրականացնող այս կառույցը պետք է նախապատրաստի Կառավարիչների խորհրդի աշխատանքը, ներկայացնի յուրաքանչյուր ֆինանսական տարվա հաշիվները, բանկի բյուջեն։

 
Ռաբատ՝ Իսլամական զարգացման բանկի առաջին մասնաճյուղի վայր

Բանկին անդամակցելու հիմնական պայմանը Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ լինելն է, անդամավճարներ կատարելը, Կառավարիչների խորհրդի որոշումներին ենթարկվելը։ Ցանկացած անդամ կարող է դուրս գալ ԻԶԲ-ից անդամագրվելուց միայն հինգ տարի անց։ Բանկը որևէ խնդրի շուրջ չի կարող որդեգրել քաղաքական դիրքորոշում, չի կարող միջամտել անդամ պետությունների քաղաքական գործերին։ Իսլամական զարգացման բանկը մշտական դիտորդի կարգավիճակ ունի Իսլամական կոնֆերանս կազմակերպության բոլոր մակարդակի ֆորումներում՝ ներառյալ հանձնաժողովները։ Այն համագործակցում է տարածաշրջանային և միջազգային տնտեսական և ֆինանսական հաստատությունների հետ։ Բանկը սերտորեն համագործակցում է Իսլամական կոնֆերանս կազմակերպության մի շարք հաստատությունների հետ։ Դրանցից են տնտեսական և առևտրական համագործակցության, Տեղեկատվության և մշակութային հարցերի, Գիտական և տեխնոլոգիական համագործակցության մշտական հանձնաժողովները. կրթություն, գիտություն և մշակույթի իսլամական կազմակերպությունը, վիճակագրական, տնտեսական, սոցիալական հետազոտությունների և իսլամական երկրների համար կադրերի պատրաստման կենտրոնը, առևտրի զարգացման իսլամական կենտրոնը։

 
Կուալա Լումպուր՝ բանկի երկրորդ մասնաճյուղ

Բանկն ունի տարածաշրջանային 3 մասնաճյուղեր՝ Ռաբատում (1994), Կուալա Լումպուրում (1996), Ալմա-Աթայում (1997)։ Ղազախստանի գրասենյակի գործունեությունը նպատակաուղղված է ԻԶԲ անդամ երկրների և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների միջև տնտեսական կապերի զարգացմանը։ Բանկի գործառույթներն են՝ մասնակցել կառուցողական ծրագրերի և նախաձեռնությունների ֆինանսավորմանը, աջակցել անդամ երկրներում էներգետիկայի և հաղորդակցությունների, նաև՝ տեխնիկական զարգացմանը, տեխնոլոգիաների փոխանակմանը։ Բանկը հիմնում է հատուկ ֆոնդեր, որոնք նախատեսված են անդամ երկրների տնտեսական, սոցիալական, ֆինանսական զարգացման համար՝ ներառյալ ոչ իսլամական երկրներում իսլամական փոքրամասնությունների օգնությունը։ Մշակվում է պարտքեր մարելու, տնտեսական վնասները կանխելու ծրագրեր, հետազոտություններ են անցկացվում անդամ երկրներում ֆինանսական և բանկային գործունեություն ծավալելու համար։ Բանկը ձգտում է նպաստել անդամ պետությունների միջև առևտրական կապերի զարգացմանը։

 
Ալմաթի՝ ԻԶԲ երրորդ մասնաճյուղ

1997 թվականից Իսլամական զարգացման բանկի գործունեության մեջ էական աճ է նկատվել։ Բանկի հիմնական խնդիրն է՝ աջակցել իսլամական աշխարհի տնտեսական և առևտրական համագործակցությանը։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ բացի կազմակերպության անդամ պետություններին տրամադրվող ծանրակշիռ օժանդակությունից, ոչ իսլամական պետություններում իրականացվում են ԻԶԲ-ի կրթական, առողջապահական և սոցիալական օգնության ծրագրեր մուսուլման համայնքների համար, որոնք ընդլայնվել են 1990-ականներից հետո։ Աշխարհագրական առումով այն ընդգրկում է Ասիա, Աֆրիկա, Ավստրալիա մայրցամաքները, ԱՄՆ-ն և Կանադան: Միայն Հնդկաստանում կրթական և ուսումնական հաստատություններ հիմնելու նպատակով բանկն իրականցրել է 152 ծրագիր։ Ասիական երկրներից ԻԶԲ-ն օգնություն է իրականացրել Շրի Լանկայում, Ֆիլիպիններում, Վիետնամում, Թաիլանդում, Սինգապուրում, Չինաստանում, Կամբոջայում, Նեպալում, Աֆրիկյան մայրցամաքում՝ Տոգոյում, Եթովպիայում, Էրիթրեայում, Ռենյոնի թերակղզում, Լիբերիայում, Մոզամբիկում, Քենիայում, Տանզանիայում, Զիմբաբվեում, Մալավիում, Ռուանդայում, Նիգերիայում:

Հաշվի առնելով Աֆրիկա մայրցամաքի տնտեսական լուրջ դժվարությունները և դրա հետևանքները ազգաբնակչության վրա՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը երբևէ չի անտեսելու տարածաշրջանը։ Չեն անտեսվել անգամ եվրոպական երկրներում՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Կիպրոսի մուսուլմանական համայնքները, որտեղ ԻԶԲ-ի օգնությամբ հիմնվել են կրթական և հասարակական հաստատություններ։ Մինչև 2000 թվականը Արևելյան Եվրոպայի երկրներում բանկը ներդրել է մոտ 25 միլիոն դոլար։ Նախկին ԽՍՀՄ-ում օգնության ծրագրեր են իրականացվել Ուզբեկիստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Տաջիկիստանում, Ղրղզստանում, Ռուսաստանում, ներառյալ՝ Թաթարստանը և Չեչնիան: Նշված հանրապետություններում յուրաքանչյուրում նորդրվել է 9 միլիոն դոլար։ ԱՄՆ-ում բազմաբնույթ միջոցառումներ են իրականացվել Նյու Մեքսիկոյի, Վիրջինիայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Նյու Ջերսիի իսլամական համայնքներում։ Ավստրալիայում օգնությունների ծրագրերն ընդգրկել են Նոր Բաբուրինիայի, Նոր Զելանդիայի, Ֆիջիի մուսուլմանական համայնքները։

Տես նաևԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Ионова А.И. Ислам и международное экономическое сотрудничество// Азия и Африка сегодня. - 1983. - № 3. - С.15
  • А.А.Максимов, Т.П.Милославская. Исламские банки в странах Ближнего и Среднего Востока, Москва, 1982. С.32
  • The Middle East and North Africa, 1978-1979, p. 155
  • Современный ислам: проблемы политики и идеологии. Вып.4, М, 1988, стр.55
  • H. Gibb, Islam, London, 1978, p. 43
  • Борисов Л.Б. Организация Исламская конференция: экономические, социальные и культурные аспекты деятельности. М., Народы Азии и Африки, 1984, стр.72