Բուսական պաշարներ
Բուսական պաշարներ, աշխարհագրական որոշակի տարածքում առկա բուսատեսակների և համակեցությունների՝ օգտագործման ենթակա քանակություն։ Ըստ նշանակության՝ բուսական պաշարները լինում են արդյունագործական, բնապահպանական, գեղազարդիչ, գիտական և մշակութային։

Արդյունագործական բուսական պաշարներ
խմբագրելԱրդյունագործական բույսերը հավաքվում, մթերվում և օգտագործվում են ժողտնտեսության տարբեր բնագավառներում։ Ըստ օգտագործման նշանակության՝ բաժանվում են հետևյալ խմբերի՝
- բնափայտային․ ՀՀ ծառատեսակների գերակշռող մասը (կաղնի, հաճարենի, սոճի, լորենի, բարդի, բոխի, կեչի, սոսի, թխկի, կենի և այլն) տալիս է արժեքավոր բնափայտ,
- վայրի պտղատուներ, ընկուզապտղավորներ (ընկուզենի, տխլենի, շագանակենի, հաճարենի և այլն), հնդավորներ (խնձորենի, տանձենի, արոսենի, զկեռենի, սզնի, սերկևիլենի և այլն), կորիզավորներ (նշենի, ծիրանենի, բալենի, կեռասենի, փշատենի, չիչխան, ծորենի), հատապտուղներ (կոկռոշենի, հաղարջենի, մոշենի, մոռենի, թթենի, մասրենի, խաղող և այլն), չոր մերձարևադարձային մշակաբույսեր (նռնենի, թզենի, կովկասյան խուրմա և այլն),
- ուտելի և համեմունքային. մանդակ, սիբեխ, փիփերթ, թելուկ, բոխի, շրեշ, շուշան, սնկեր, սխտոր, անիսոն, սամիթ, մանանեխ, քեմոն, կծվիչ և այլն,
- մեղրատու, ըստ մեղրատվության՝ տարբերում են
- դեղատու, բազմաթիվ բուսատեսակների (առյուծագի, դաղձ, սովորական գայլուկ, գիհի, բանգի, կատվախոտ, հովվամաղախ, եղերդակ, անթառամ, եզան լեզու, եղինջ, լոշտակ, լորենի, կռատուկ, կուժկոտրուկ, ծխաբույս, եղեսպակ, հազարատերևուկ և այլն) պտուղները, տերևները, ծաղիկներն օգտագործվում են որպես դեղամիջոցներ,
- վիտամինատու. վիտամիններով հարուստ են ոչ միայն կանաչեղենն ու բանջարեղենը, այլև ծառերի ու թփերի տարբեր օրգաններ (ծիրանենու, ծորենու, մասրենու, լորենու, ընկուզենու պտուղները, կեչու, սոճու, կաղամախու, փշատենու, հացենու տերևները, սոճու սերմերը ևն), 7. յուղատու. ՀՀ բուսաշխարհի որոշ տեսակներ (կեչու, տերևատի, հաճարենու, արոսենու, շլորենու, խաղողի, հաղարջենու, կենու, սոճու, տխլենու, ընկուզենու և այլնի սերմերը) պարունակում են ձեթայուղեր,
- խեժատու, ամենաարժեքավոր խեժը տալիս են բնափայտավոր գազերը, սոճու խեժից ստանում են բևեկնայուղ, բևեկնախեժ,
- աղաղանյութատու. աղաղանյութերով հարուստ են դրախտածառի, կաղնու, բոխու տերևները, կեչու, տխլենու, ուռենու ցողունի կեղևը, կաղնու պտուղները, բնափայտը և այլն,
- ներկատու, ներկանյութերը ստացվում են բույսերի տարբեր օրգաններից, դեղին գույնը՝ սրատերև թխկու, կեչու, գերիմաստու, օրոճի, ոջլախոտի, իշակաթնուկի, կանճրակի տերևներից, ծորենու արմատների կեղևից և այլն, կարմիրը՝ աղտորի և սրնգենու պտուղներից, սզնու, սպանդի, տորոնի, նռնենու, մակարդախոտի կեղևից, տերևներից, կանաչը՝ կեչու, կտտկենու, եղինջի տերևներից, սրնգենու, գիհու պտուղներից, թթենու ծաղկաբույլերից և այլն։
Բնապահպանական և գեղազարդիչ բուսական պաշարներ
խմբագրելԲնապահպանական և գեղազարդիչ բույսերը դիմացկուն են, ունեն հողապաշտպան, ջրապաշտպան, կլիմայակարգավորիչ, առողջապահական, ռեկրեացիոն նշանակություն։
Գիտական և մշակութային բուսական պաշարներ
խմբագրելԳիտական և մշակութային արժեք ունեցող բուսական հավաքածուները գտնվում են բուսաբանական այգիներում, դենդրոպարկերում, գիտահետազոտական նպատակներով օգտագործվում են ուսումնական հաստատություններում, ԳՀԻ-ներում։
Հիմնական խնդիրներ
խմբագրելՉկարգավորված օգտագործման և միջավայրի էկոլոգիական պայմանների վատթարացման հետևանքով բուսական պաշարները նվազել են, որոշ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին և գրանցվել ՀՀ Կարմիր գրքում։
Բուսական պաշարների պահպանության և պաշտպանության հիմնական խնդիրներն են բուսաշխարհի տեսակային բազմազանության ամբողջության ապահովումը, բուսական աշխարհի օբյեկտների ապօրինի օգտագործման կանխումը, բուսատեսակների աճելավայրերի շահագործումը (տնտեսական նպատակներով) ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն՝ բուսածածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների անխաթարության պահպանումը, բուսաշխարհի օբյեկտների պաշտպանումը վնասատուներից, հիվանդություններից և բնական աղետներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |