Ծիրանենի (լատին․՝ Prunus Armeniaca), վարդազգիների ընտանիքի պտղատու ծառ է։ Հայրենիքը Հայաստանն է։ Ծիրանենու մշակության հնագույն օջախներ են նաև Չինաստանը և Միջին Ասիան։ Հայտնի են ծիրանենու 8 վայրի տեսակներ։ Ըստ նորագույն դասակարգման՝ մշակության մեջ հայտնի ծիրանենիները բաժանվում են Հայկական, Հյուսիսկովկասյան, Միջինասիական, Չինական և Եվրոպական խմբերի։
Մշակության մեջ հայտնի են 300-ից ավելի սորտեր, որոնք առաջացել են սովորական ծիրանենուց։
Ծիրանենին միատուն բույս է։ Բարձրությունը 6-12 մ է։ Տերևները խոշոր են, կլորավուն կամ լայն էլիպսաձև, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ կամ բաց վարդագույն, փոշոտումը՝ խաչաձև։ Պտուղը մսոտ, հյութալի կորիզապտուղ է՝ տարբեր ձևերի և մեծության, զանգվածը՝ 20-120 գ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված. պատրաստում են չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ, ջեմ, պովիդլո, օղի և այլն։ Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, վիտամիններ, բուրավետ և կենսաբանորեն ակտիվ նյութեր։ Մշակովի տեսակների մեծ մասի կորիզի միջուկը քաղցր է։ Հայաստանի պայմաններում պտուղները հասունանում են հունիսի 15-ից օգոստոսի 20-ը։
Ծիրանենին ՀՀ-ում մշակվող հիմնական և առաջատար պտղատու տեսակն է (մշակվում է 50 տեսակ)։ Այգիները հիմնականում կենտրոնացված են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում։ Փոքր այգիներ կան նաև Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում։ Առավել տարածված են Նախիջևանի կարմիր, Երևանի, Սաթենի, Խոսրովենի, Որդուարի, Համբան, Ղևոնդի տեսակները։ Ընտրասերման միջոցով ստեղծվել են Արագածի, Արարատի, Նաիրիի, Վասպուրականի, Օշականի, Ոսկի, Մասիս, Վաղահասվարդագույն նոր տեսակները։4տարեկան ծառը արդեն պտուղ է տալիս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 127)։