Կտտկենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Viburnaceae
Ցեղ Կտտկենի (Sambucus)
L., 1753

Կտտկենի, թանթրվենի (լատին․՝ Sambucus)[1], այծատերևազգիների (Caprifoliaceae) ընտանիքի տերևաթափ թփերի կամ ցածրաճ ծառերի, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված 2 կիսագնդի բարեխառն և մերձարևադարձային շրջաններում։

Ոչ բարձր թուփ է կամ փոքր ծառ, ծաղիկները մանր են, դեղնասպիտակավուն։ Պտուղը սև է, մուգ մանուշակագույն, հատապտղանման կորիզապտուղ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են բույսի բոլոր մասերը՝ արմատները, տերևները, ծաղիկներն ու պտուղները։ Վերջիններս ունեն քրտնաբեր և միզամուղ հատկություն։

Հայաստանում տարածված է 3 տեսակ` Լոռու և Տավուշի մարզի անտառներում։ Առավել տարածված է սև կտտենին (S. niger)

Կտտկենին Հայաստանում

խմբագրել
 
Պտուղները

Հայաստանում՝ 3 տեսակ՝

  • Կտտկենի խոտային (S. edulus),
  • Կտտկենի սև (S. nigra)
  • թանթրվենի Տիգրանի (S. tigranii

Հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիների խոնավ և ստվերոտ վայրերում, կիրճերում, գետերի և գետակների ափերին։

Կենսաբանական նկարագիր

խմբագրել

Այծատերևազգիների ընտանիքին պատկանող թուփ։ Բարձրությունը մինչև 6 մ հասնող լայնասաղարթ ծառ է։ Տերևները բարդ են, բնորոշ տհաճ հոտով։ Ծաղիկները սպիտակ են, հոտավետ։ Ծաղկաբույլը խոշոր է, վահանանման կամ հովանոցանման, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, մանր։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղները սև են, այստեղից էլ ծագել է անունը։ Մանր, կլորավուն, հյութալի հատապտղանման կորիզապտուղ է։ Բույսի արմատը հողի մեջ խոր չի թափանցում։ Նախընտրում է բերրի և բերովի հողերը։ Բավականաչափ ջրասեր է, լավ է դիմանում երաշտին, սակայն ցրտի նկատմամբ զգայուն է։ Պտղակալում է ոչ կանոնավոր։ Բազմանում է սերմերով։ Գտնում են, որ անունը ծագել է Իրանում տարածված եռալար երաժշտական գործիք սամբուկից, որը պատրաստում են թանթրվենու փայտից։

Նշանակություն և կիրառում

խմբագրել

Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդներ, աղաղանյութեր, թթուներ, եթերայուղեր, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին), շաքարներ, ներկանյութ և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են բույսի բոլոր մասերը։ Ունեն քրտնաբեր և միզամուղ հատկություններ։ Մեղրատու է։ Ծաղիկները հավաքում են չոր եղանակին՝ լրիվ բացվելուց հետո։ Դանակով կամ մկրատով կտրում են ամբողջ ծաղկաբույլը․ քանի որ վերջինս շուտ փչանում է, արագ չորացնում են ստվերում, լավ քամհարվող տեղում, թղթի վրա, միաշերտ փռված վիճակում։ Ծաղկաբույլերը հավաքելիս երբեք չպետք է կտրել ճյուղերը, որ չպակասի բույսի հաջորդ տարվա բերքատվությունը։ Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո, չորացնում են 30—35 աստիճանի պայմաններում։ Չոր հումքը պահում են տուփերի մեջ՝ 6 ամիս ժամկետով։ Դալար տերևները հավաքում են գարնանը, կեղևը՝ ամռանը։ Որպես դեղաբույս թանթրվենու մասին տվյալներ կան Պլինիոսի գործերում։ Մարդկությանը վաղուց են հայտնի ծաղիկների, պտուղների, տերևների և կեղևի միզամուղ, քրտնամուղ հատկությունները․ դրանք թուրմի և եփուկի ձևով կիրառվել են բրոնխիտի, ռևատիզմի, պոդագրայի, երիկամային քարային դիաթեզի, փորկապության և փորի շրջանի ցավերի ժամանակ, իսկ արտաքին՝ ողողումների կամ թրջոցների ձևով, անգինայի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, աչքերի և ականջների մի շարք հիվանդությունների դեպքում։ Թութքի բուժման նպատակով թարմ տերևը դրվել է ախտահարված տեղին՝ կոմպրեսի ձևով։ Պտուղները և արմատները, որպես միզամուղ և ընդհանուր կազդուրիչ, օգտագործվում են ջրգողության, շաքարախտի, դիզենտերիայի և այլ հիվանդությունների ժամանակ։ Տերևահյութը, ներքին ընդունման ձևով, օգնում է կոտրվածքին և սալջարդին։ Հայկական ժողովրդական բժշկարանների տվյալներով՝ թանթրվենու ծաղիկները, որպես քրտնամուղ և միզամուզ միջոց, օգտակար են ուրեմիայի ժամանակ, դրական ազդեցություն ունի նաև ձայնի խզման և խռպոտման դեպքում։ Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներին վերագրում են «արյունը մաքրող» հատկություն։ Ծաղիկների եփուկը թրջոցալաթի ձևով դնում են ցավող ականջին, ռևմատիկ և պոդագրիկ բնույթի ախտահարված հոդերի վրա։ Կարմիր քամով ախտահարված մաշկին դնում են քերված կեղևի ջրաթուրմը, որը պատրաստում են կանեփի սերմերի կաթնահյութով։ Մատղաշ տերևները կաթի մեջ թեթևակի խաշելուց հետո դնում են պառկելախոցի, բորբոքական օջախների, հատկապես թութքահանգույցների վրա։ Ծաղիկներից, կապույտ տերեփուկի, ակնախոտի և արջընկույզի սերմերի հետ, պատրաստում են ջրաթուրմ և օգտագործում աչքի հիվանդությունների ժամանակ։ Չեխական ժողովրդական բժշկության մեջ պտուղների հյութը օգտագործում են եռորյակ և գոտկասրբանային նյարդերի բորբոքումների ժամանակ։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներից պատրաստված թեյը լայն կիրառում ունի ջրգողության և ճարպակալման ժամանակ, իսկ պտուղներից պատված մարմելադը հայտնի է որպես միզամուղ և լուծողական միջոց։ Տերևներից պատրաստված եփուկը՝ լոգանքի ձևով, օգտագործվում է ռևատիզմի, պոդագրիայի, թութքի և մաշկային ցանավորումների ժամանակ։ Բացի քրտնամուղ և միզամուղ լինելուց, ծաղիկներն ունեն նաև պատող, թեթևակի ախտահանող, ջերմ իջեցնող և հակաբորբոքիչ հատկություն։ Օգտագործում են նաև լյարդի ախտահարումների դեպքում՝ որպես լեղամուղ։ Հիմնավորված է, որ ծաղիկների պատրաստուկները նպաստում են բրոնխներում կուտակված թանձր խորխի ջրիկացմանը և նրա արտազատմանը։ Դեղաբույսի պատրաստուկները ինհալացիայի ձևով օգտագործում են շնչառական օրգանների հիվանդությունների, հատկապես բրոնխէկտազիաների ժամանակ։ Բազմամյա կլինիկական հետազոտությունները պարզել են, որ բույսի ծաղիկներն ու պտուղներն օժտված են որոշակի բուժական ազդեցությամբ՝ սուր գրիպային վիճակի, սուր և խրոնիկական պիելոցիստիտների, հատկապես գաստրիտների և փորկապությունների ժամանակ[2]։

Տիգրանի կտտկենին Հայաստանի բնաշխարհիկ է, հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերի ստորին և միջին լեռն, գոտիների չոր, քարքարոտ վայրերում, գետերի կիրճերում։ Չորա- և ցրտադիմացկուն է, գեղազարդիչ։ Տերևները խիտ են, մուգ կանաչ, պտուղները՝ վառ կարմիր, ողկույզներով, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Տեսակներ

խմբագրել
 
Sambucus canadensis showing the complex branching of the inflorescence
 
Elderberry cultivation in Austria
 
 
 
Կտտկենու ծաղկաբույլը.
Ձախից աջ։ Sambucus ebulus, Sambucus racemosa, Sambucus nigra

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. О происхождении слова см. Буковый аргумент.
  2. Ա․ Թորոսյան, Հայաստանի դեղաբույսերը, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1983
  3. Бузина Արխիվացված 2015-10-18 Wayback Machine на agbina.com

Գրականություն

խմբագրել
  • Бурмистров А. Н., Никитина В. А. Медоносные растения и их пыльца։ Справочник. — М.։ Росагропромиздат, 1990. — 192 с. — ISBN 5-260-00145-1.
  • Гладкова В. Н. Семейство жимолостные (Caprifoliaceae) // Жизнь растений. В 6-ти т. / под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1981. — Т. 5. Ч. 2. Цветковые растения. — С. 375—378. — 512 с. — 300 000 экз.
  • Vedel, H., & Lange, J. (1960). Trees and Bushes in Wood and Hedgerow. Methuen & Co Ltd.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 670  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտտկենի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտտկենի» հոդվածին։