Առյուծագի
Առյուծագի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Խուլեղինջայիններ (Lamioideae) |
Ցեղ | Առյուծագի (Leonurus) L., 1753 |
Առյուծագի, առյուծատունկ, առյուծոտն, սպիտափառ և սրտախոտ (լատին․՝ Leonotis), խուլեղինջազգիների կամ շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայաստանում՝ 2 տեսակ։
Բույսի նկարագրություն
խմբագրելՑողունն ուղիղ է, վերին մասում՝ ճյուղավորվող, խավոտ, քառանիստ, սնամեջ, բարձրությունը՝ 100-150 սմ։ Տերևները հակադիր են, կոթունավոր, հիմքում՝ սրտաձև, ատամնաեզր, ցողունի ներքևի մասինը՝ թաթաձև մասնատված, վերևինները՝ եռաբաժան կամ եռթիականի։ Ծաղկաբույլը հասկանման Է, ծաղիկները՝ մանր, վարդագույն։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը քառընկուզիկ է։ Աճում է աղբուտներում, տնամերձ հողամասերում, այգիներում, բանջարանոցներում։ Բազմանում է սերմերով՝ ինքնացան կամ ցանովի։
Տարածվածությունը Հայաստանում
խմբագրելՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ առյուծագի սովորական (L. cardiaca) և առյուծագի մեղրածուծային (L. marrubiastrum)։ Առաջինը տարածված է բոլոր մարզերում, երկրորդը՝ Գեղարքունիքի մարզում։ Աճում է անտառներում, բացատներում, թփուտներում, գետափերին, ճամփեզրերին և այլն։
Քիմիական բաղադրությունը
խմբագրելԱռյուծագու քիմիական կազմը լրիվ ուսումնասիրված չէ։ Սակայն հայտնի է, որ այն պարունակում է ալկալոիդներ (մինչև 0, 4%), դաբաղանյութեր (5-9%), դառը նյութեր, շաքար, եթերայուղ, ֆլավոնոիդներ, ձյութ, և վիտամիններ, սապոնիններ, խնձորաթթու, կիտրոնաթթու, գինեթթու, ֆոսֆորաթթու։ Բույսի հիմնական ազդող նյութերը համարվում են սապոնինները, ալկալոիդները, ֆլավոնոիդները և այլն։
Կիրառական նշանակություն
խմբագրելԴեղաբույս է. օգտագործվում է սիրտանոթային նևրոզների, կարդիոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության բուժման նպատակով։ Ցողունների վերին մասերը, ծաղիկները, տերևները պարունակում են ֆլավոնոիդներ, աղաղանյութեր, սապոնիններ, եթերայուղեր, սերմերը՝ ճարպայուղ (օգտագործում են բարձրորակ լաքերի ստացման, թուղթն ու հյուսվածքները տոգորելու համար), բույսի վերգետնյա մասը՝ մուգ կանաչ ներկանյութ։ Բույսից կարելի է ստանալ նաև մանրաթել։ Մեղրատու է։
Բուժական նշանակություն
խմբագրելԲուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և գլխամասերը, որոնք կտրում են մկրատով՝ 30-40սմ երկարությամբ, ծաղկման ժամանակ, չոր եղանակին։ Չորացնում են կախած վիճակում, ստվերոտ տեղում։ Պատրաստի հումքի պիտանելիությունը 3 տարի է։
Հնդկական բժշկության մեջ առյուծագին օգտագործվում է ստամոքսային հիվանդությունների բուժման ժամանակ և որպես քրտնամուղ, ռուսական ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է սրտխփոցների, ստամոքսային խանգարումների, շնչուղիների կատառի, Ռումինիայում՝ սրտային հիվանդությունների, թիրեոտոքսիկոզի և ընկնավորության (էպիլեպսիայի), Անգլիայում՝ հիսթերիայի, նևրալգիայի, սրտային թուլության և շնչարգելության ժամանակ։
Հայկական ժողովրդական բժշկության մեջ առյուծագին հայտնի է որպես լավ միջոց սրտային, նյարդային և կանացի որոշ հիվանդությունների բուժման բնագավառներում։ Այն կիրառվել է նաև վախի, շնչարգելության դեպքերում։
Ն. Վ. Վերշինինի և Դ. Դ. Յաբլուկովի տվյալներով, բույսի մզվածքը կլինիկական պայմաններում արդյունավետ է ներգործում սրտանոթային նևրոզների, կրծքային հեղձուկի, հիպերտոնիկ հիվանդության, կարդիոսկլերոզի, միոկարդիտների, սրտային արատների, միոկարդիոդիստրոֆիայի և բազեդովյան հիվանդության ժամանակ։ Հեղինակները առյուծագու կիրառումից 69% դեպքերում ստացել են դրական արդյունք։ Կլինիկական տվյալներով առյուծագու տևական կիրառումից դրական արդյունք արձանագրվել է նաև Մենյերի սինդրոմի (ականջների խշշոց, գլխապտույտ, նողկանք և այլն) և նյարդային ցնցումների ժամանակ։ Բույսի ջրիկ մզվածքը լավ է ներգործում ընդհանուր գրգռվածության, նիկոտինիզմի հողի վրա առաջ եկած մկանային թուլության, հևոցի և արյան ճնշման բարձրացման դեպքում։
Հարկավոր է նշել, որ անգամ տևական կիրառման դեպքում առյուծագու պատրաստուկները չեն տալիս կողմնակի, անցանկալի երևույթներ։ Առյուծագին իր հանգստացնող ազդեցությամբ 3-4 անգամ գերազանցում է ինչպես կատվախոտին, այնպես էլ գարնանային շողավարդին։ Բույսի հետևողական օգտագործումը լավ է ներգործում նաև այնպիսի հիվանդությունների բուժման ընթացքի վրա, ինչպիսիք են՝ աթերոսկլերոզը, կլիմակտերիկ նևրոզը, գլաուկոման, մաշկային որոշ հիվանդություններ, իմպոտենցիան և այլն։ Առյուծագին օժտված է նաև լեղամուղ հատկությամբ, կանոնավորում է լեղու արտահոսը, ստամոքսաաղիքային տրակտի ֆունկցիոնալ գործունեությանը (սպազմի և կոլիտների դեպքերում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առյուծագի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առյուծագի» հոդվածին։ |