Արխետիպ (հունարեն՝ archetypon «նախակերպար, մոդել»)

Նախակերպար տերմինը դիցաբանության տեսական վերլուծության մեջ առաջին անգամ Կ. Գ. Յունգի կողմից կիրառված հասկացություն է։ Վերջինիս մոտ նշանակում էր կերպարների նախնական սխեմայի ենթագիտակցական վերարտադրում, որոնք ապրիորի ձևավորում են երևակայության ակտիվությունը, հետևաբար և դրսևորվում են առասպելների ու հավատալիքների, գրական երկերի ու արվեստի ստեղծագործությունների, քնի ու ֆանտաստիկ զառանցանքների մեջ։ Իրենց բնույթով նույնական արխետիպային կերպարները (օրինակ՝ ջրհեղեղի տարածված առասպելը) նկատվում են իրար հետ աղերսներ, շփումներ չունեցող դիցապատումներում և արվեստի ոլորտներում, որը բացառում է դրանց՝ փոխառնությամբ ծագումը։ Արխետիպերն իրենք կերպարներ չեն, այլ կերպարների սխեմաներ, կերպարների հոգևոր նախադրյալներ, դրանց հնարավորությունը։ Կ. Գ. Յունգի բառերով՝ արխետիպերն ունեն ոչ թե բովանդակային, այլ բացառապես ձևային բնույթ, այն էլ՝ սահմանափակ տեսքով։ Նախակերպարը բովանդակություն է ստանում միայն այնժամ, երբ թափանցում է գիտակցության մեջ և այդ ընթացքում լցվում է գիտակցական փորձի նյութերով։ Առասպելաստեղծման ընթացքը արխետիպի ձևափոխվելն է կերպարի, անգիտակցական հոգևոր իրադարձությունների ակամա արտահայտությունը արտաքին օբյեկտիվ աշխարհի լեզվով։ Արվեստի ազդեցության գաղտնիքը, ըստ Կ. Գ. Յունգի, արվեստագետի՝ արխետիպերի ձևերը զգալու և դրանք ճշգրտորեն իր ստեղծագործության մեջ իրականացնելու հատուկ ունակության մեջ է։

«Նա, ով խոսում է արխետիպերով, բարբառում է կարծեք հազարավոր ձայներով, նա իր պատկերածը բարձրացնում է միաչափ աշխարհից և անցում է կատարում դեպի անմահի ոլորտը, անգամ և իր անձնական ճակատագիրը նա բարձրացնում է մինչև համամարդկային ճակատագրի աստիճանին»։

Յունգը ենթադրում էր, որ արխետիպն ընդհանրապես հատուկ է մարդկությանը. երևի այն ժառանգվում է։ Որպես տարողունակ հոգևոր տարածք՝ հանդես է գալիս կոլեկտիվ անգիտակցականը։ Կ. Գ. Յունգը փորձեց համակարգել արխետիպերը. օրինակ՝ որպես «ստվեր» (հոգևոր անգիտակցական՝ մինչմարդկային մասը, որի գրական դրսևորումը Յունգը համարում է Մեֆիստոֆելին Գյոթեի «Ֆաուստում», Հագենին «Նիբելունգների երգում», Լոկին «Էդդայում» կամ ցանկացած ուրշ հնարամիտ-չարաճճիի, խաբեբայի կերպար), որպես «անիմա» (լատին․՝ anima - հոգի) մարդու մեջ, հակառակ սեռի ենթագիտակցական սկիզբը՝ արտահայտված երկսեռ էակների կերպարներով (նախնադարյան առասպելներում, չինական ին և յան հասկացություներում)։ Մոր առասպելաբանական-արխետիպային մեկնությունն իր տարբերակներով (աստվածուհի և վհուկ, մոյրաներ, Դեմետրա, Կիբելա, Աստվածամայր և այլն) հանգեցնում է կանացի բարձրագույն արխետիպի դրսևորմանը։ Գրականության մեջ արխետիպ տերմինը կիրառվում է՝ բնութագրելու համար առավել ընդհանուր, հիմնարար և համամարդկային առասպելաբանական մոտիվներ, որոնք ընկած են գեղարվեստական գործերի հիմքում։

Գրականություն խմբագրել