Լուի Արև արքա
Լուի XIV (Լուի XIV Մեծ, ֆր.՝ Louis XIV Le Roi Soleil, սեպտեմբերի 5, 1638[1][2][3][…], Սեն Ժերմեն պալատ, Սեն-Ժերմեն-ան-Լե[4] - սեպտեմբերի 1, 1715[2][3][5][…], Վերսալի պալատ, Վերսալ), Ֆրանսիայի և Նավառայի թագավոր 1643 թ. մայիսի 14-ից, հայտնի է նաև որպես «Արև-Արքա», պատկանում է Բուրբոնների հարստությանը։ Վերապրելով Ֆրոնդան՝ կառավարման տարիներին իր ձեռքերում է կենտրոնացրել բացարձակ իշխանությունը։ Իր իշխանության ուժեղացումը զուգակցել է առանցքային պետական պաշտոններում տաղանդավոր գործիչների հաջող նշանակումներով։ Լուիի կառավարման տարիները աչքի են ընկել Ֆրանսիայի միասնության, ռազմական հզորության, քաղաքական կշռի և մտավոր ու մշակութային զարգացման նշանակալից վերելքով։ Դրա հետ մեկտեղ, նրա կողմից վարվող պատերազմները և դրանց համար պահանջվող գումարների հայթայթման նպատակով բարձր հարկերը հյուծել են երկիրը, իսկ բողոքականության ազատ դավանելու իրավունք շնորհող 1598 թ.Նանտի հրովարտակի չեղյալ հայտարարումը (1685 թ) հանգեցրեց Ֆրանսիայից հուգենոտների զանգվածային արտագաղթի։
Լուի XIV-ի ներքին քաղաքականությունը
խմբագրելՖրանսիայում բացարձակ միապետությունը զարգանում էր երկու ուղղությամբ։ Առաջինը, երբ թագավորում էր թույլ կամ մանկահասակ արքան, սակայն իրականում երկիրը կառավարում էր առաջին մինիստրը՝ Ռիշելիեն, Մազարինին, Օլիվարեսը։ Երկրորդը, երբ թագավոր հենց ինքն էր վարում առաջին նախարարի պաշտոնը՝ Լուի 14-րդ։ 1659 թվականին ավարտվեց պատերազմը Իսպանիայի դեմ Պիրենեյան հաշտությամբ։ Երբ 1661 թվականին մահացավ Մազարինին, ով իր կառվարման ընթացքում դարձել էր Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, 22-ամյա Լուի XIV-ը հայտարարեց, որ ինքը լինելու է իր և՛ արտաքին գործերի, և' ներքին գործերի քաղաքական պատասխանատուն՝ հենվելով պետական քարտուղարների և ֆինանսների գլխավոր վերահսկիչի վրա։
Իր կառավարման հենց սկզբնական շրջանից Լուի 14-րդը պայքար տարավ խորհրդարանի դեմ՝ վախենալով, որ կստեղծվի նոր ֆրոնդա։ Նա ամեն ինչ արեց պառլամենտին ֆինանսական և քաղաքական իշխանությունից հեռացնելու համար։ 1668 թվականին նա անձամբ եկավ Փարիզյան պառլամենտ և, պահանջելով արձանագրությունների գիրքը, պատռեց այն էջերը, որոնք վերաբերում էին ֆրոնդայի գործին։ Նա ցանկանում էր վերջնականապես ջնջել ֆրոնդայի մասին բոլոր հիշողությունները և նույնիսկ դուրս եկավ Փարիզից և կառուցեց շքեղազարդ Վերսալը, որը Ֆրանսիայի վրա նստեց շուրջ 500 մլն լուիդոր և բազմաթիվ մարդկային կյանքեր։ Դա արվեց նաև ազնվականությանը մշտական հսկողության տակ պահելու և նրանց ապստամբություններից խուսափելու նպատակով։ Այդ առումով Փարիզը չափազանց մեծ էր, և ազնվականությանը հսկելը բավականին դժվար գործ էր դառնում։
Պրովինցյալ ազնվականության նկատմամբ նա երկակի քաղաքականություն էր վարում՝ մերթ թողնելով, որ ուժեղացնեին իրենց հսկողությունը գյուղացիության նկատմամբ՝ նույնիսկ կրճատելով պետական վճարումները և մերթ պայքարում էին ֆեոդալական իշխանության և սեպարատիզմի դեմ։ Լուի 14-րդը մեծ ուշադրություն էր դարձնում արդարադատության գործերին։ Նա 1661 թվականի նոյեմբերի էդիկտով ընդունեց որոշում արդարադատության պալատի մասին։ Թագավորը դադարեցրեց մինչև այդ ֆինանսիստների տրված իրավունքը, որով նրանք չէին ենթարկվում իրավական հետապնդումների։ Նոր տրիբունալը, որի բոլոր անդամները նշանակվում էին միապետի կողմից, պետք է քններ բոլոր հափշտակությունները, որոնք իրականացվել էին 1634 թվականի մարտից սկսված։ Մահացած ֆինանսիստների փոխարեն պետք է պատասխան տային նրա հետնորդները։
Արդարադատության պալատում, որը իր աշխատանքները սկսեց 1661 թվականի դեկտեմբերի 3-ին, Սեգեի գլխավորությամբ աշխատում էին 27 դատավորներ։ Կոլբերի ծրագրով, ով ֆինանսների գլխավոր կոնտրոլյորն էր, քննարկվում էր Սեգեի հարցը և նույնիսկ նրան ասվում է, որ առաջին նիստից հետո կարող է այլևս չհայտվել։ Դա նշանակում էր, որ նախագահությունը հանձնվում է Լամունոնին, ով երկրորդն էր կանցլերից հետո արդարադատության հիերրխիայում։
Լամունոնի առաջարկությամբ մի քանի հոգի ներկայացվեցին պալատի աշխատանքներին մասնակցելու համար՝ ինչպես օրինակ Օլիվյե դը Օրմեսոնը, ով ինտենդանտ էր, երիտասարդ տարիքում եղել էր պառլամենտում խորհրդական, ինչի արդյունքում էլ դարձավ Ֆուկեի գործի գլխավոր դերակատարը։ Բնականաբար Կոլբերը ձգտում էր պալատում ընդգրկել իր շրջապատին։ Պալատի պրովինցյալ անդամների ընտրությունը կատարվում էր խիստ գաղտնիության պայմաններում։ Նրանք հիմնականում իրենց տեղական պառլամենտներում խորհրդականներ էին, և հնարավոր էր, որ ընտրվում էին նրանք, ովքեր անձնապես հետաքրքրված չէին ֆինանսական գործընթացներով։
Պաշտոնապես հայտարարվեց, որ նոր արդարադատության պալատը, ի տարբերություն իր նախորդներից, լինելու է անողոք։ Հատուկ պարգևներ սահմանվեցին նրանց համար, ովքեր կձերբակալեին թաքնվածներին։
Ամբողջ երկրով մեկ պալատի արդյունավետության բարձրացման համար երկրորդական դատական գործընթացները 1665 թվականին տեղափոխվեցին երկրի ծայրամասային շրջաններ։ Միջնադարյան իշխանությունները պահպանելու իշխանների փորձերը վերջանում են մահապատրով։ Թագավորական քննությունից փախչողները ենթարկվում էին մահապատժի, նրանց տիրույթները բռնագավվում էին, քանդվում էին տները, իսկ անտառները կտրվում էին։ Հաճախ ազնվականությանը իջեցնում, նվաստացնում էին և ուղարկում էին գյուղական վայրեր աշխատանքի։ Սակայն այս ամենով հանդերձ՝ Լուի 14-րդը համարվում էր ազնվականության կողքին կանգնած և նրա շահերը պաշտպանող թագավոր։
Լուի 14-րդի օրոք փոխվեց նաև գյուղացիների նկատմամբ իրականացվող հարկային քաղաքականությունը։ Իջեցվեցին հարկերը, որը իշխանություններին ստիպեց նոր եկամուտի աղբյուրներ որոնել, որը դրվեց ֆինանսների գլխավոր վերահսկիչ Ժան Բատիստ Կոլբերի վրա (1619-1683)։ Ծագումով բուրժուա Կոլբերը ազնվականության հլու հպատակն էր։ Ֆինանսական վիճակը երկրում կայունացնելու համար ձգտում էր բարձրացնել և զարգացնել կապիտալիստական արտադրանքը և առևտուրը։ Սակայն այս բոլորը կարող էին պետությանը եկամուտներ տալ ավելի ուշ։ Դրան գումարած ավելանում էին թագավորական ծախսերը։ Մանուֆակտուրաներից շատերը ի վիճակի չէին սեփական միջոցներով գոյատևել և պետք է օգնություն ստանային պետությունից։ 1664 թվականին այս ամենի համար հատկացվում էր մեկ միլիոն լուիդոր գումար։ Լուի 14-րդի կառավարման տարիներին մի քանի անգամ շրջանառության մեջ դրվեցին նոր ոսկե և արծաթե դրամներ։
Լուի 14-րդի օրոք (ինչպես Հենրի IV-րդի և Ռիշելիեյի ժամանակ) արգելվեց Ֆրանսիայից ոսկի դուրս հանելը այն պատճառով, քանի որ այն հարստացնում էր իր թշնամական երկրները և իրենք՝ գնորդներն էլ չէին կարողանում Ֆրանսիայից ոսկի գնել, որովհետև դրանց վրա դրվեցին բավականին մեծ հարկեր։
Փողի մշտական պահանջը ձևավորեց Կոլբերի ֆինանսական քաղաքականությունը՝ մտցնելով կարճաժամկետ մերկանտելիզմի քաղաքականություն։ Մերկանտելիզմի քաղաքականության հիմնական նպատակն այն էր, որ ստեղծում էին ուժեղ պետություն և ազատում երկիրը միջազգային ֆինանսական կախվածությունից։
Մունեի կարծիքով մերկանտելիզմի քաղաքականությունը իրենից ներկայացնում էր տնտեսական բարեփոխումների էտապներ, որոնց նպատակն էր կայունացնել տնտեսական կյանքը երկրում՝ իրեն բնորոշ ուղով այն տանելու համար։ Նրա նպատակը ոչ այնքան երկրի կենսամակարդակի բարձրացումն էր, որքան պետության ամրապնդումը։
Ֆրանսիան ինֆլացիայից և շրջանառության պակասից ազատելու համար զարկ տրվեց մանուֆակտուրաների արտադրությանը։ Հոլանդացի Վան Ռոբերի մանուֆակտուրան Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբվվիլե քաղաքում մեծ եկամուտներ էր բերում՝ ապահովելով նաև մեծ թվով աշխատատեղեր։ Այստեղ աշխատում էին շուրջ 600 մարդ։ Լիոնում արտադրվող մետաքսի թելը ապահովում էր ինչպես մեծ թվով աշխատատեղեր, այլ նաև ապահովում էր Ֆրանսիայի մետաքսի պահանջարկի կեսը։ Այս բոլորը մեծապես նպաստեցին Կոլբերի իրականացրած քաղաքականությանը։
Այս ամենի հետ մեկտեղ աճում էր նաև ռազմամթերքի արտադրությունը։ Անգլիայից գաղտնի հրավիրում էին մասնագետներ, որոնք օգնում էին ֆրանսիացիներին ռազմական գործ սովորելու մեջ և Սենտ-Էտյենում սկսվեց արտադրվել զենք։
Կոլբերը զարկ տվեց նաև առևտրին։ Նրա շնորհիվ վերականգնվեցին Լևանտի հետ առևտրական հարաբերությունները, որոնք փլուզվել էին։ Այստեղ սկսվեցին կայուն առևտրական նավատորմներ մեկնել, որի իրավունքը տրվեց Մարսելի առևտրականներին։ 1684 թվականին Կոլբերի մահից հետո Լևանտի առևտրական ընկերությունը փլուզվեց, սակայն դրան փոխարինեցին այլ ընկերություններ, սակայն նրանք ևս հավերժ չէին։ 1694 թվականի առևտրական ընկերության փլուզումից հետո այլևս ոչ մի առևտրական ընկերություն չստեղծվեց։ Կոլբերին այստեղ մեծ մասամբ հետաքրքրում էր Լևանտի մահուդը, որը ներկրելու նրա ծրագրերը իրականացան միայն նրա մահից անց, երբ որևէ բան Կոլբերի համար այլևս դա չէր նշանակում։ Միայն 1700-1705 թվականին Լևանտից Մարսել է առաքվել 10 300 թոփ մահուդ, ապա 1708-1715 թվականին 21 800 թոփ, որը 1763-1773 թ թվականին հասավ 85 300 թոփի։ Կոլբեր] նպատակը Լևանտի հետ առևտրի ամրապնդման հարցում Մարսելի հզորացումն էր։ Նրա նպատակն էր Մարսե]ը դարձնել Լևանտից եկող ապրանքների կենտրոն, որը կհակակշռեր զարգացող Լիվոռնոյին։ 1685 թվականին Լևանտի առևտրում արգելվեց Ֆրանսիա տարվող բեռները կայանել այլ կայաններում, բացի Մարսելից և Ռուսնայից։ Դրանով Ֆրանսիան Լևանտի հետ կատարվող առևտրում դարձավ մոնոպոլ միջերգրածովյան ավազանում։ Այդ իրավունքները ձգտեցին կրճատել 1700 թվականին Միջերկրածովյան առևտրի խորհրդում, սակայն ոչ մի հաջողության հասնել չկարողացան։
Հյուսիսային առևտրի բնագավառում Ֆրանսիան ուներ հավակնություններ, որը հիմնականում ուղղված էր Հյուսիսգերմանական քաղաքների՝ Համբուրգի և Բրեմենի, ինչպես նաև Մերձբալթյան և Սկանդինավյան երկրների ու Ռուսաստանի հետ։ Կոլբերը հենց սկզբից էր ուշադրություն դարձնում դրա վրա։ Խոսքը կարևորագույն շուկաների մասին էր, որոնցով կատարվում էր այնպիսի ապրանքների առևտուր, որոնք հույժ անհրաժեշտ էին Ֆրանսիայի համար։ Դրանցից էր նորվեգական նավի փայտը, շվեդական ածուխն ու մեղրը, ռուսական կանեփաթելը, որոնք «ստրատեգիական ապրանքներ» էին Ֆրանսիայի համար։ Սակայն Կոլբերի այդ ձեռնարկը լիովին ձախողվեց և 1671 թվականին Բալթիկ ծով անցան միայն 18 նավեր 247-ից, որը կազմում էր ընդամենը 7%-ի, միայն 1700 թվականին հասավ 13%-ի, իսկ հետագայում տատանվում էր 1%-6%-ի շրջանում։ Դրանով Կոլբերի հյուսիսային առևտրի ծրագիրը լիովին ձախողվեց։
Սակայն այս ամենի հետ կար երկրի աշխատավոր բնակչության հանդեպ ճնշում։ Դա էր հետևանքը, որ ձգտելով պակասեցնել հարկերը՝ նոր հարկեր էին ստեղծում, որով ժողովրդին ճնշում էին ինչքան որ հնարավոր էր։ Ժողովուրդը սովահար էր լինում և այս քաղաքականությանը պատասխանում անընդհատ կրկնվող ապստամբություններով։
1650-ական թվականների վերջերից հարևան Իսպանական [[Ֆլանդրիայի վրայից հանվեցին հարկերը, սակայն 1659 թվականից, երբ կնքվեց Պիրենեյան հաշտությունը, այդ ժամանակ դրվեց մշտական հարկ։ Սակայն 1662 թվականին Բուլոնների գյուղացիությունը հավաքեց 6000 մարդ և ապստամբություն բարձրացրեց։ Կառավարությունը զորքեր ուղարկեց ապստամբությունը ճնշելու համար, որի ընթացքում գյուղացիությունը կռվեց բարկության գերագույն աստիճանով՝ տալով շուրջ 600 զոհ և 3000 գերի։ Նախօրեին Փարիզից ուղարկվել էր պատրաստի դատական վճիռ, որով անցնում էին շուրջ 1200 մարդ, որից մի մասը դատապարտվում էր մահապատժի, իսկ 400 մարդ դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 1664 թվականին ապստամբություն բարձրացրեց հարավային նահանգ Լանդը, որտեղ մտցվել էր աղի հարկ։ Փոքր ապստամբությունը շուտով վերածվեց գյուղացիական ապստամբության, որը հայտնի է «Օդիժոյի ապստամբություն» անունով։ Ապստամբությունը իր անունը ստացել է ապստամբության ղեկավար Բեռնառ Օդիժոյի անունից։ Այս ապստամբությունը իր մեջ ընդգրկեց Բեռնը և Գասկոնը։ Կառավարությանը այս ապստամբությանը հաջողվեց ճնշել միայն ահելի ուժի գնով։ Օդիժոյի գլխի համար սահմանվել էր 1200 լուիդոր, ապա նույնքան էքյու։ Գերի ընկածներին միանգամից ենթարկում էին մահապատժի՝ կախաղան բարձրացնելով։ Միայն 1665 թվականին Օդիժոն հեռացավ իր զորքերից Իսպանիա և գործողությունները անկում ապրեցին։ Օդիժոն հետագա 10 տարիների ընթացքում ապրում էր Գասկոնում։ 1675 թվականին կառավարությունը նրան համաներում շնորհեց՝ տալով գնդի հրամանատարություն։ Այսպես գլխատվեց վտանգավոր ապստամբությունը։ Նույն 1664 թվականին տեղի ունեցավ ապստամբություն Լանդերում՝ Բերրիի շրջանում՝ գինու վրա դրված հարկի համար։ Ապստամբությունը մարվեց միայն մահապատիժների իրականացնելուց հետո։
1668 թվականին ապստամբություն պայթեց Ռուսիլիոնում, համարյա նույն ժամանակ ապստամբություն սկսվեց նաև Վիվերում, որը հայտնի դարձավ «Ռուռա ապստամբություն» անունով՝ ապստամբության ղեկավար Անտուան Ռուռայի անունից։ Ապստամբությունը սկսվել էր շշուկներից այն մասին, որ ամեն մի նոր զգեստի, հացի, նոր ծնված երեխայի համար պետք է հարկ մուծեին։ Ապստամբությունը արագորեն վերաճեց, Ռուռայի բանակը արագորեն հասավ 10 000 հոգու և իշխանությունները չէին կարողանում մոբիլիզացնել իրենց ուժերը ապստամբության դեմ։ Ապստամբության ճնշումից հետո կախաղան բարձրացվեց ավելի քան 100 մարդ։
1675 թվականին միանգամից ապստամբություն է սկսվում Բորդոյում և Բրետանում։ Բորդոյի ապստամբությունը մի որոշ ժամանակ նույնիսկ պսակվում է ժողովրդի հաղթանակով։ Պառլամենտը թագավորի անունից կասեցրեց բոլոր նոր հարկերը։ Փարիզից ստիպված եղավ սա հաստատել։ Սակայն հենց իշխանությունները հավաքվեցին և իմի բերեցին իրենց ուժերը, սկսվեցին մահապատիժները։ Բրետանում սկսեցին խուսափել դրոշմակնիքներից և ծխախոտի հարկից։ Ընդունելով պահանջները՝ կառավարությունը, այնուամենայնիվ, սկսեց հարկեր հավաքել, ինչն էլ բերեց ապստամբության։ Սա դարձավ ամենահայտնի ու ամենամեծ գյուղացիական ապստամբություններից 17-րդ դարի, որն ուղղված էր ֆեոդալների դեմ։ Նրանք դրեցին մեծ պահանջներ։ Մեծ քաղաքներ Նանտը, Ռենտը և այլ քաղաքներ ևս անմասն չմնացին դրանից։ Բրետանի ապստամբությունը ճնշվեց իշխանությունների կողմից մեծ դաժանությամբ։
1675 թվականին սկսած ապստամբությունները աստիճանաբար դադարում են, ազնվականությունը հաղթանակում է և հնարավորություն է ստեղծվում զբաղվել ներքին խնդիրներով։
Կոլբերը հսկայական աշխատանք տարավ պետական ծառայողների աշխատավարձների և պաշտոնին հասնելու համար նախատեսված վճարների կրճատանը՝ մասնավորապես դատական ապարատի, պառլամենտի և այլ հաստատությունների խորհրդականների։ Այդպիսի առաջնային գործերից մեկն էր հանդիսանում նաև Լուի 14-րդի կողմից Հուգենոտների իրավունքների վերացումը, որը տրվել էր 1598 թվականի [[Նանտի էդիկտով և հաստատվել էր 1629 թվականին Ռիշելիեի կողմից։ Արդեն 1665 թվականից սկսվել էր նրանց իրավունքների ոտնահարումը։ Հուգենոտներին դրդում էին անցնել կաթոլիկության։ 1667 թվականին բացվում է «դիմումների արկղը», և յուրաքանչյուր ոք, ով անցնում էր կաթոլիկության, վճարում էր լրացուցիչ գումար։ Ազնվակններին վճարում էին 3000 լուիդոր, իսկ սովորական քաղաքացիներին՝ 6 լուիդոր։ 1685 թվականին հրապարակվեց «Էդիկտ Նանտի էդիկտը կասեցնելու մասին», որից հետո բանտերը լցվեցին 1000-ավոր հուգենոտներով։ 1660-ական թվականներին 400 000 մարդ դուրս եկավ երկրից՝ մասնավորապես Անգլիա, Հոլանդիա, Ժնև, Պրուսիա։
1681 թվականից երեխաներին թույլ էր տրվում ընդունել կաթոլիկություն 7 տարեկանից, և սկսում էին նրանց ուժով խլել ծողներից։ Հուգենոտներին արգելվում էր մասնակցել պետության կառավարմանը, զբաղվել ֆինանսական գործունեությամբ, լինել իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, վարպետներ։ Նույնիսկ արգելվում էր նրանց թաղել։ Թաղում էին միայն գիշերը և գաղտնի։
Լուի 14-րդի օրոք ընդունվեց նաև օրենք, որով առաջարկվում էր կրճատել հոգևորականության թիվը, որոնց Կոլբերը համարում էր անպետքներ։ Օրենքը ընդունվեց 1666 թվականի դեկտեմբերին։ Այդ ծրագիրը երկար ժամանակ չէր ընդունվում Լուի 14-րդի զգուշավորության և սպասողականության պատճառով, քանի որ գտնում էին, որ Վատիկանը դա չի ների, սակայն Կոլբերին կանգնեցնել դժվար էր, քանի որ այս ծրագրի իրականացմանը երկար էր սպասել։ 1666 թվականի մարտի 31-ին պառլամենտը ընդունեց այս օրենքը, իսկ այն հրապարակվեց ապրիլի 14-ին։ Հայտարարվեց, որ առանց միապետի թույլտվության հնարավոր չէ կուսանոցներ բացել։ Մինչև 30 տարի գործող կուսանոցները ևս պետք է քննություն անցնեին և նոր հաստատվեին, իսկ նրանց մեջ անդամներ կարող էին ներգրավվել միայն թագավորի համաձայնությամբ։
Այս ժամանակ ստեղծվել էր հասարակական կարծիք, որ Ֆրանսիայում գործում են աշխարհի լավագույն օրենսդրական համակարգերը, սակայն չարիքը նրանում էր, որ դրանք չէին իրականացվում։ Անհրաժեշտ էր ոչ միայն ստեղծել կատարյալ օրենքներ, այլ հետևել նախորդների իրականացմանը։ Լուի 14-րդի ժամանակ սկսվեց նաև մեծ ուշադրություն դարձվել Ֆրանսիա]]յի արտաքին քաղաքականությանը։ 1659 թվականին կնքելով Պիրենեյան հաշտությունը Իսպանիայի հետ՝ բացարձակ միապետության կարևորագույն խնդիրներից դարձավ վերակառուցել բանակը և նավատորմը։ Մինչև 1661 թ-ը Ֆրանսիան համարյա թե չուներ իր սեփական նավերը և 1661 թվականին գնեցին Հոլանդիայից 32 ֆրեգատներ՝ զինելով դրանք հրանոթներվ, որոնք ձուլվել էին հոլանդական հրանոթի գործարանի ձուլարաններում։ Սակայն արդեն 1677 թվականին Կոլբերի ջանքերով ստեղծվեց նավաշինարարական գործարան Ֆրանսիայում և Ֆրանսիան կարողացավ ծով իջեցնել իր սեփական արտադրության նավատորմը, որը բաղկացած էր ավելի քան 300 նավերից։ Ի միջայլոց XVIII դարին Ֆրանսիան նորից զրկվեց նավատորմից ֆինանսների պատճառով։ 1705 թվականին բոլոր նավերը տրվեցին կառավարման առանձին անհատների համար, որից Ֆրանսիան ստանում էր օգուտների միայն 5 տոկոսը։ Ավելի հաջող ընթացավ բանակի կազմավորումը։ Մտցվեց մի տեսակի զենք ամբողջ բանակում, ստեղծվեցին հրետանային ստորաբաժանումներ, հիմնվեցին գրեանադերական զորամասեր, որոնք բարձրահասակ զինվորներ էին ըստ հասակի ընտրված զորամասի, ձեռնարկվեցին պաշտպանական միջոցառումներ։ Բանակի թվի մեծացմանը նպաստեց նաև երկրում տարածված սովը, որը պետության համար թեև մեծ ողբերգություն էր, սակայն բանակը համալրվեց, քանի որ սովյալնեը սովից փրկվելու համար մեկնում էին կամովի բանակ ծառայելու, որը հնարավորություն էր տալիս սնունդ գտնելու։ Բանակի հրամանատարությունը ևս համալրվեց և ազնվականներին հնարավորություն տրվեց հիմնել առանձին գնդեր։ Գնդապետների և կապիտանների կոչում վաճառելը շարունակում էր մնալ պետության կայուն եկամուտներից մեկը։
30-ամյա պատերազմից հետո թուլացած հաբսբուրգյան բանակները հնարավորություն տվեցին Ֆրանսիային փորձեր ձեռնարկել և ծրագիր մշակել Եվրոպայում գերիշխանության համար։ Մյուս կողմից այս քաղաքականությունը պաշտպանվում էր ակտիվ դիվանագիտությամբ և սուբսիդիաներով, որոնք Լուի XIV-ը տալիս էր պետական պաշտոնյաներին և նույնիսկ եվրոպական պաշտոնյաներին։
Լուի XIV-ի արտաքին քաղաքականությունը
խմբագրելՄյուս կողմից XVII դարի երկրորդ կեսից սկսած Ֆրանսիայի բացարձակ միապետությունը դառնում էր ավելի ու ավելի ագրեսիվ։ Դեռ 1659 թվականին Պիրենեյան հաշտության մեջ Մազարինին մտցրել էր մի կետ, որով իսպանական արքայադուստր Մարիա Թերեզան պետք է ամուսնանար երիտասարդ Լուի XIV-ի հետ։ Դրանով Մազարինին ապահովում էր ֆրանսիական գահի հավակնությունները իսպանական գահի նկատմամբ։ Այդ պատճառով իսպանական իշխանությունները պահանջեցին, որ Մարիա Թերեզան հրաժարվի որևէ հավակնությունից իսպանական գահի հանդեպ։ Դրանով իսպանական դիվանագիտությունը թույլ տվեց սխալ և իրեն գցեց ծուղակի մեջ՝ խոստանալով որպես օժիտ Մարիա Թերեզային տալ 500 000 ոսկե էքյու, որը Իսպանիան չուներ։ Իսպանիայի պատվիրակությունը գտնում էր, որ կարելի է խոստանալ և դրանով եզրափակել։ Եթե փոխհատուցում չտրվեր Մարիա Թերեզայի, ապա Մազարինին խոստացավ պատասխանել Ֆրանսիայի զինվորական ուժով։ 1665 թվականին մահացավ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ը։ Ֆրանսիան պահանջեց չվճարված փողի դիմաց Ֆրանսիային տալ Իսպանիայի Հարավային Նիդեռլանդները։ Մերժումի դեպքում Ֆրանսիան Իսպանիային հայտարարում էր պատերազմ, որը պետք է կրեր դեվոլյուցիոն անունը՝ դեվոլյուցիոն օրենքի անունից, որը Մարիա Թերեզային ճանաչում էր ֆրանսիական հարստության կրող։ Իսպանաիան այդ պատերազմին պատրաստ չէր։ Ֆրանսիական զորքերը արագորեն օկուպացրեցին Ֆլանդրիան և Ֆրեշ-Կոնտեն։ Սակայն Լուի XIV-ի հաղթանակը հետաձգեց Եվրոպան։ Ոչ վաղանցյալի դաշակից Անգլիան, Հոլանդիան, և Շվեդիան կազմեցին հակաֆրանսիական կոալիցիա և Ֆրանսիան ստիպված եղավ հաստատել խաղաղություն և ետ վերադարձնել Իսպանիայն այնքան հեշտությամբ գրավված Ֆրեշ-Կոնտեն։ 1668 թվականի մայիսի 2-ին կնքվեց Ախենյան հաշտությունը, որով Ֆրանսիան պահպանեց միայն Ֆլանդրիայի մի մասը՝ այդ թվում և Լիլը։ Դրանից հետո մի քանի տարի պահանջվեց դիվանագիտական նախապատրաստություն տեսնելու համար։ Անգլիայի թագավոր Չարլզ II-ը գնվեց մեծաթիվ գումարներով, Շվեդական իշխանությունները նույնպես եկան Ֆրանսիայի կողմը։ Ֆրանսիայի ռազմական նախարար Ուվուան գնեց մեծ թվով զենք Հոլանդիայից և 1672 թվականի ամռանը սկսեց պատերազմ հենց Հոլանդիայի դեմ։ Ֆրանսիական բանակը արագորեն տիրացավ Ուտրեխտին, Օվերլեյսին, Հելդերնին և մոտեցավ Ամստերդամին։ Հոլանդական իշխանությունները գնացին բանակցությունների Լուի XIV-ի հետ, սակայն նա առաջադրեց այնպիսի պայմաններ, որոնք անընդունելի էին և Հոլանդական իշխանությունները բացեցին ամբարտակները և նախընտրեցին խորտակել երկրի մեծ մասը, քան ընդունել անընդունելին։ Ֆրանսիան ստիպված էր նահանջել։ Պատերազմի կենտրոն տեղափոխվեց Պֆալց՝ Գերմանիայի հարավ։ Այստեղ նրանք ոչնչացրին ամբողջ խաղաղ բնակչությունը։ Պատերազմը ընթանում էր նաև Սիցիլիայում, որը պատկանում էր Իսպանական թագավորությանը։ 1678 թվականին կնքվեց Նիմվեյան Հաշտությունը, որով Ֆրանսիան ստացավ Ֆրանշ-Կոնտեն և Իպր, Վալանսիեն, Կամբրե Մորեժ և այլ քաղաքներ հարավային Նիդեռլանդներում Հաղթանակները բավականին բարձացրին Ֆրանսիայի հեղինակությունը Եվրոպայում և Ֆրանսիան կարող էր իր կամքը թելադրեր Եվրոպային։ Նա պատվիրեց քանդակել իր արձանը ձիու վրա՝ պատկերելով Էլբա գետը, որը նա նայում էր որպես Ֆրանսիայի արևելյան սահման։ 1681 թվականի աշնանը Ֆրանսիային միացվեց Ստրասբուրգը, որը բռնակցվեց ֆրանսիական 20000-անոց զորքի կողմից։ Հենց այդ ժամանակ Լուի XIV-ը պահանջեց Ֆրանսիային տալ Ալոստ քաղաքը, որը պատկանում էր Նիդեռլանդներին՝ պատճառաբանելով, որ այն մոռացել էին մտցնել հաշտության պայմանների մեջ։ 1684 թվականին Սրբազան Հռոմեական Կայսրության կայսրը և Իսպանիայի թագավորը Ռեգենսբուրգյան համաձայնագրով ճանաչեցին Ֆրանսիայի բոլոր նվաճումները։ Սակայն Ֆրանսիայի դեմ կազմավորվեց Աբսբուրգյան լիգան, որի մեջ մտնում էին Կայսրությունը, Հոլանդիան, Շվեդիան, Իսպանիան և այլ պետություններ, որոնց սպառնում էր ֆրանսիական վտանգը։ 1688 թվականին նրանց միացավ նաև Անգլիան՝ կապված այն բանի հետ, որ Հոլանդացի Վիլհելմ III Օրանացին դարձավ անգլիական թագավոր։ Այդ ժամանակ Ֆրանսիան նորից մտավ Պֆալց, ինչպես նաև փորձեց անգլիական գահը վերադարձնել որդուն Կառլ II Յակովին։ Անգլիա-հոլանդական միացյալ բանակը ջախջախեց ֆրանսիական նավատորմը ու թեև ֆրանսիական ցամաքային զորքերը հաղթեցին Իսպանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում և Ռեյնում, այնուամենայնիվ անգլիական նավատորմը ռմբակոծում էր Դեպպը, Հավրը, Սան-Մալոն, Դյունկերկը և Կալեն։ Այդ էր պատճառը, որ 1715 թվականին Լուի XIV-ի մահը 54-ամյա կառավարումից հետո ընդունվեց հանգստությամբ։ 1697 թվականի աշնանը Լուի XIV-ը ստորագրեց Ռիսվիսյան հաշտությունը, որով Ֆրանսիան ստիպված եղավ դաշնակիցներին վերադարձնել նրանցից գրավված բոլոր տարածքները՝ բացառությամ Իսպանիայից և Ստրասբուրգից խլված մի քանի կետեր։ Դրանից բացի Լուի XIV-ն ստիպված եցավ հրաժարվել Յակով Ստյուարտին ճանաչել Անգլիայի Վիլհելմ III թագավոր։ 1700 թվականին, երբ մահացավ Իսպանիայի վերջին թագավորը՝ Հաբսբուրգների տոհմից Կառլ II-ը՝ չթոցնելով ժառանգորդ, Լուի XIV-ը դրեց պահանջ իսպանակն թագը տալ իր թոռանը՝ Ֆիլիպ Անժուացուն2։ Պահանջը հիմնավորվում էր այն նույն դեվոլյուցիոն օրենքով։ Սակայն այդպիսի պահանջ դրեց նաև Գերմանիայի կայսր Լեոպոլդ I Հաբսբուրգցին, որը ամուսնացել էր մահացած Կառլ II-ի մյուս քրոջ հետ։ Պայքարի մեջ մտան նաև Անգլիան և Հոլանդիան։ 1701 թվականին սկսվեց պատերազմ Ֆրանսիայի, որին պաշտպանում էին Բավարիան և Քյոլնը, իսկ մյուս կողմից Միացյալ կոալիցիայի, որի մեջ մտնում էին Անգլիան, Հոլանդիան, Կայսրությունը, որոնց միացան նա Դանիան, Սավոյան և Բրանդեբուրգը։ Ֆրանսիայի դեմ կռվում էին նաև երկրից վռնդված կամ փախած հուգենոտների ջոկատներ։ Պատերազմական գործողություններ միաժամանակ տեղի էին ունենում Նիդեռլանդներում, Իսպանիայում, Իտալիայում, Ռեյնի ափերին և ծովերում։ Ֆրանսիան այս պատերազմում իսպանակն թագի համար կրեց բազում ջախջախիչ պարտություններ, ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում, այնպես որ, երբ ֆրանսիական նավատորմը 1705 թվականին Մալագայի մոտ պարտվեց Լուի XIV-ը փորձեց բանակցությունների մեջ մտնել հաշտության համար։ Սակայն դաշնակիցների պահանջները հաշտություն կնքելու համար Ֆրանսիային թվացին անընդունելի և բանակցությունները դադարեցվեցին, չնայած ծանր վիճակին։ Այդ պատճառով պատերազմը շարունակվեց։ Սակայն 1708 թվականի աշնանը Լիլլի գրավումից հետո, 1709 թվականի աշնանը հայտնի զորավար Վիլլարի Մալպլակ վայրում, որը գտնվում է Ֆլանդրիայում, պարտությունից հետո Ֆրանսիան հայտնվեց անհուսալի վիճակում։ Բանակին ոչ միայն չէին կարողանում վճարել, այլ նաև սնունդ չկար։ Երկրում իշխում էր սովը և ոչնչով չէր կարելի ցորեն բերել Աֆրիկայի և Լևանտի նավահանգիստներից։ Լուի XIV-ը երկրորդ անգամ հաշտություն խնդրեց։ Հակառակորդները դրեցին բազմաթիվ պահանջներ՝ այդ թվում նաև Ֆիլիպի վռնդումը Իսպանիայից, զիջումներ Ֆլանդրիայի և Էլզասի հարցում, իսկ Ֆրանսիան պատրաստ էր դրանք ընդունել։ Սակայն միջազգային իրադրությունը փոխեց նաև պատերազմող կողմերի ուժերը։ Հակաֆրանսիական կոալիցիան թուլացավ նրանց մեջ եղած հակասությունների պատճառով և Ֆրանսիային հաջողվեց կնքել փրկող հաշտություն 1713 թվականի ապրիլին Ուտրեխտում Հոլանդիայի և Անգլիայի հետ, իսկ 1714 թվականի մարտին Ռաշտատում կկնքվեց պայմանագիր Կայսրության հետ։ Պայմանագրերի արդյունքում Իսպանական գահը պահպանվեց Ֆիլիպ V-րդ Անժուացու ձեռքում՝ հրաժարվելով իր և իր սերունդների հավակնություններից Ֆրանսիական գահի նկատմամբ։ Եվրոպայում Ֆրանսիայի հեգեմոնիայի հետ համարյա վերջ տրվեց։ Պատերազմը հաստատեց նոր հարաբերություններ ինչպես Եվրոպայում, այնպես էլ երկրի ներսում՝ Ֆրանսիայի բացարձակ միապետության մեջ։ Լուի XIV-ի ներքին քաղաքականության հետևանքով Ֆրանսիան կորցրեց 3 մլն մարդ, մեծ պետական պարտքեր՝ 2,6 մլրդ ֆրանկ, այն դեպքում երբ եկամուտները կազմում էին 117 մլն ֆրանկ։
Լուի 14-րդի գաղութային քաղաքականությունը
խմբագրելԳաղութային նվաճումների սկիզբը դրվեց աշխարհագրական մեծ նվաճումներից հետո։ Մինչ այդ եղած գաղութային նվաճումները լայն թափով սկսվեցին Լուի XIV-ի օրոք՝ Կոլբերի վարած մերկատելիզմի քաղաքականության հետևանքով։ 1664 թվականին Կոլբերը հիմնեց Վեստ-Հնդկական կազմակերպությունը Ատլանտյան օվկիանոսում և Օստ-Հնդկական ընկերությունը Հնդկական օվկիանոսում առևտուր անելու համար։ Օստ-Հնդկական ընկերության ֆոնդը սկզբնական շրջանում կազմվեց 6 մլն լուիդոր, սակայն հետագայում ավելացավ՝ հասնելով 15 մլն լուիդորի, որից թագավորը ներդրեց 3 մլն, քաղաքներն ու ազնվականությունը 4 մլն, թագավորական արքունիքը 2 մլն։ Ակտիվ գաղութային նվաճումներ տեղի էին ունենում հատկապես Հյուսիսային Ամերիկայում, որտեղ անշեղորեն աճում էր ֆրանսիական ազդեցությունը։ Այն ավելի ու ավելի շատ տարածքներ էր ձեռք բերում՝ կարողանալով իր վերահսկողությունը հաստատել այդ ահռելի տարածքների վրա։ 1671 թվականին ֆրանսիական բանակները գրավեցին Օհայոն և Իլինոյսը։ 1682 թվականին Միսիսիպի գետի ավազանը հայտարարվեց ֆրանսիական տիրապետության տակ՝ Լուիզիանա անունով։ Կանադայում Լուի XIV-ի օրոք (1666 թ) հողերի տերերը դարձան խոշոր ֆեոդալներո։ Կանադան այդ ժամանակվանից կառավարում էին թագավորական կառավարիչներն ու ինդենտանտները։ Այստեղ մեծ դերակատարություն ուներ կլաթոլիկ եկեղեցին՝ իր բազմաթիվ օրդեններով։ Նոր Ֆրանսիայի (այդպես էին անվանում Կանադան) հետ միասին Ֆրանսիան սկսեց մեծ ուշադրություն դարձնել Անտիլյան կղզիներին։ Սան-Դոմինգո կղզու գաղութի, որտեղ դեռևս 1655 թվականին նշանակվել էր գուբեռնատոր, ազդեցության տակ էր գտնվում կղզու մեծ մասը։ Կոլբերի ակտիվ ձեռնարկումների շնորհիվ աճում էր գաղութային առևտուրը։ Արդեն XVII դարի II կեսից Անտիլյան կղզիներում Ֆրանսիացիների կողմից սկսվեց աճեցվել շաքարի ճակնդեղ, ծխախոտ, ավելի ուշ սուրճ։ Պլանտացիաներում աշխատելու համար Լա-Ռոշել և Ատլանտյան օվկիանոսի այլ նավահանգստներից բերվում էին աղքատներ1։ Այնպես, որ պլանտացիաներում մահացած հնդկացիներին մեծ ուշադրություն չէին դարձնում, իսկ եկամուտներն էլ այդ պլանտացիաներից մեծ չէր։ Հետագայում այստեղ աշխատելու համար բերվեցին ստրուկ սևամորթներ, որոնք բերվում էին Աֆրիկայում գտնվող Գվինեական ծոցից՝ ֆրանսիական նավերով։ Ստրուկների առևտրով զբաղվում էին Նանտի, Բորդոյի հարուստ առևտրականները։ Ստրկավաճառությունը մեծ ծավալներ ընդունեց XVII դարի II կեսին և ամբողջ XVIII դարում։ Ֆրանսիական գաղութային էքսպանսիան տարածվեց նաև աշխարհի մյուս շրջաններում։ 1674 թվականին տեղի բնակչության ապստամբությունը Մադագասկարի Ֆորտ-Դովին կետում, բերեց նրան, որ այն լիկվիդացվեց։ Սակայն չնայած այդ ամենի 1686 թվականին Մադագասկարը հայտարարվեց ֆրանսիական տիրապետության տակ։ Կառուցվեցին նոր կետեր, որոնք Մադագասկարը պետք է կապեին Հնդկաստանի հետ (Բորբոնե, Իլ-դե-Ֆրանս)։ այստեղ հիմնվեցին շաքարի, սուրճի, կակաոյի պլանտացիաներ։ Ֆրանսիական գաղութային նվաճումները տարածվեցին նաև Հնդկաստանում, որտեղ 1668 թվականին Օստ-Հնդկական ընկերությունը հոմնեց առաջին ֆակտորիա՝ Սուրատը Բոմբեյում։ 1701 թվականին Պոնդիշարին հայտարարվեց ֆրանսիական տիրապետության կենտրոն։ Հնդկաստանից արտահանում էին մետաքս, թեյ, ներկեր։ XVII դարի կեսերի գաղութների համար պայքարը հիմնականն էր Եվրոպայի երկրների համար, որտեղ գլխավոր դերը խաղում էին Ֆրանսիան ու Անգլիան, որոնց ֆինանս Արդեն 1713 թվականին Ուտրեխտի պայմանագրով Ֆրանսիան Անգլիային զիջեց մեծ թվով գաղութներ Ամերիկայում։ Այսպիսին էր Ֆրանսիայի արտաքին և ներքին քաղաքականությունը Լուի 14-րդի ժամանակ, ով հսկայական դեր խաղաց այս ժամանակաշրջանում Ֆրանսիայի ներքին կյանքը կայունացնելու և արտաքին քաղաքականությունը ամրապնդելու գործում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopédie Larousse en ligne (ֆր.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Erlanger P. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.chateauversailles.fr/decouvrir/histoire/grands-personnages/louis-xiv
- ↑ 5,0 5,1 5,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 6,0 6,1 6,2 Kindred Britain
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Lundy D. R. The Peerage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Արև արքա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 643)։ |